Վրաստանը Իրանի հարավկովկասյան քաղաքականության տիրույթում

13 ր.   |  2019-10-31

Թեհրանի և Թբիլիսիի հարաբերությունների դինամիկան

Հ արավային Կովկասը պատմության տարբեր շրջափուլերում Իրանի համար ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել: Տարածաշրջանի դերակատարությունն ավելի մեծացավ հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հարավային Կովկասի հանրապետություններից յուրաքանչյուրը սկսեց անկախ քաղաքականություն վարել:

Հարավային Կովկասում հաստատված նոր իրողություններն Իրանի շահերի տեսանկյունից ինչպես նոր հնարավորություններ ընձեռեցին, այնպես էլ իրանական դիվանագիտությանը կանգնեցրին նոր մարտահրավերների առջև: Բացի այն, որ հետխորհրդային շրջանում Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտում էր իր ազդեցության գոտի, իսկ Թուրքիան փորձում էր մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, նորանկախ հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատում Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները:

Վերջին շրջանում Իրանի առաջատար ուղեղային կենտրոններում պաշտոնաթող դեսպանների նախաձեռնությամբ մշակվում է Իրանի հարևանության քաղաքականության հայեցակարգը:

Թեև ԽՍՀՄ փլուզումից հետո անցել է շուրջ երեք տասնամյակ, Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը գնահատելիս փորձագետները հաճախ դիտարկում են այն գործոնները, որոնցով Իրանն առաջնորդվում էր հետխորհրդային շրջափուլում:

Անցնող տարիներին ԻԻՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները որոշակի փոփոխություն են կրել, և ներկա իրողությունը գնահատելիս, մեր կարծիքով, սխալ է վկայակոչել 25 տարի առաջ Իրանի՝ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ որդեգրած սկզբունքները, քանի որ դրանք փոխվել են ինչպես Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին քաղաքական վերափոխումների, այնպես էլ տարածաշրջանում գերտերությունների շահերի վերադասավորումներով պատճառով:

Իրանի և նրա հարևանների փոխհարաբերությունները դիտարկելիս պետք է հաշվի առնել երկու հանգամանք.

  • Իրանը սահմանազատման, անվտանգության, ջրային ռեսուրսների, բնապահպանության, մշակութային ժառանգության, կրոնական և բազում այլ խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ:
  • Մի կողմից Իրանն իր որևէ հարևանի հետ հարաբերություն կառուցելիս կաշկանդվում է երրորդ հարևանի հետ ունեցած հարաբերություններով, մյուս կողմից՝ հարևանների մի մասը Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար ճնշումների է ենթարկվում (հիմնականում ԱՄՆ-ի կողմից):

Այդ իրողություններն Իրանի համար հավելյալ ռիսկեր են պարունակում, որոնք, համապատասխան պայմաններում կարող են Իրանի համար ոչ ցանկալի իրավիճակ ստեղծել: Ուստի հարևանության քաղաքականության հայեցակարգը կոչված է կառավարելու վերոնշյալ ռիսկերը, արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումներ ցուցաբերելու: Օրինակ՝ իրանցի փորձագետների կողմից առաջարկվում է արտաքին քաղաքականությունը մշակելիս որպես հարևան երկիր դիտարկել ոչ թե 15, այլ 25 երկիր[1]. Թուրքիայի հետ հարաբերությունները մշակելիս պետք է հաշվի առնել Կիպրոսի գործոնը, Պակիստանի հետ՝ Հնդկաստանի գործոնը, իսկ Հայաստանի հետ՝ Վրաստանի գործոնը և այլն:

Իրանի և Վրաստանի հարաբերությունների դինամիկան ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է գնահատել երկկողմ հարաբերությունների վրա ազդող գործոնները:

Եթե հետխորհրդային շրջանում Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը մշակելիս Իրանն առավելապես հաշվի էր առնում Ռուսաստանի գործոնը, ապա 2003թ. Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված նոր որակի հարաբերություններով, Վրաստանի եվրաինտեգրման քաղաքականությամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ պայմանավորված Վրաստանի դերն Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ ավելի կարևորվեց:

Բացի աշխարհաքաղաքական գործոնից՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունները կառուցելիս Իրանն առաջնահերթությունը տալիս է տնտեսական համագործակցությանը, քանի որ, անկախ Վրաստանի վարած արտաքին քաղաքականությունից, Իրանի համար կարևոր նշանակություն ունեն Վրաստանի տարանցիկ հնարավորությունները:

Վրաստանի և Իրանի հարաբերությունների դինամիկան

Ք աղաքական և տնտեսական հարաբերությունների դինամիկայի տեսանկյունից հետխորհրդային շրջանից սկսած Իրանի և Վրաստանի հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի՝

Առաջին փուլն ընդգրկում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչև «Վարդերի հեղափոխությունը»,

Երկրորդ փուլն ընդգրկում է «Վարդերի հեղափոխությունից» մինչև միջուկային համաձայնությունը,

Երրորդ փուլն ընդգրկում է 2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունից հետո ընկած ժամանակահատվածը, երբ երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ ակտիվությունը աստիճանաբար նվազեց:

Առաջին փուլ

Հաշվի առնելով 1990-ականների վրաց-օսական, վրաց-աբխազական հակամարտությունները, ինչպես նաև Վրաստանում պարբերաբար առաջացող քաղաքական անկայունությունը, 1990-2000թթ. ընկած ժամանակահատվածն Իրանի և Վրաստանի հարաբերություններում բացի պաշտոնական փոխայցերից, առանձնապես այլ նշանակալի իրադարձություններով աչքի չի ընկել: Իհարկե, պետք է նշել, որ Վրաստանի՝ Իրանի հետ ցամաքային սահման չունենալու հանգմանքն էլ իր դերն է ունեցել:

Իրանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ Թբիլիսիում Իրանի դեսպանությունը բացվել է 1993թ., մեկ տարի անց էլ Թեհրանում բացվում է Վրաստանի դեսպանությունը։ 1993թ. հունվարի 19-ին Իրան է այցելում Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, որն ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հետ հանդիպման ժամանակ, այլ հարցերի թվում, քննարկել է նաև Արցախի հարցը՝ կարևորելով հակամարտության լուծմանն ուղղված պաշտոնական Թեհրանի ջանքերը[2]:


Էդուարդ Շևարդնաձեի և Հաշեմի Ռաֆսանջանիի հանդիպումը

1995թ. ապրիլի 20-ին պատասխան այցով Վրաստան է այցելում Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին: Ռաֆսանջանի-Շևարդնաձե հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր: Մասնավորապես, վրացական կողմն Իրանից Վրաստանի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում աջակցություն էր ակնկալում:

Վրաստան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահն այցելում է նաև Բաթում և Փոթի, որտեղ հանդիպում է տեղի մուսուլմանական համայնքների հետ[3]:

Առաջին փուլում փոխադարձաբար Իրան և Վրաստան են այցելում նաև երկու երկրների խորհրդարանների նախագահներն ու ԱԳ նախարարները:

Նկատենք, որ Է. Շևարդնաձեն ԽՍՀՄ ԱԳ նախարարի պաշտոնում Իրան էր այցելել նաև 1989թ.՝ Մ. Գորբաչյովի ուղերձը փոխանցելու Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիին[4]:


ԽՍՀՄ-ի ԱԳ նախարար Էդուարդ Շևարդնաձեի և Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի հանդիպումը: 1989թ., Թեհրան:

Ուսումնասիրելով այդ շրջանում Իրանի և Վրաստանի իրավապայմանագրային դաշտը, նկատում ենք, որ երկկողմ համագործակցությունն ավելի շատ առնչվել է զբոսաշրջության, գիտակրթական և գյուղատնտեսության ոլորտներին[5]

Բարձր մակարդակի փոխայցելությունների տեսանկյունից ամենանշանակալիցն առաջին փուլն էր, մյուս երկու փուլերում քաղաքական հարաբերություններն աստիճանաբար նվազում են: Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի առաջին ղեկավարն էր, որը, 1993թ. ի վեր, 2004թ. այցելել  էր Իրան, որից հետո առ այսօր նախագահների հանդիպում տեղի չի ունեցել: Իհարկե, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների հանդիպումներ կազմակերպվել են:

Երկրորդ փուլ

2000-ական թվականների վերջից Իրանի և Վրաստանի փոխհարաբերությունների դինամիկայի վրա գնալով մեծացավ երրորդ երկրի՝ ԱՄՆ-ի ազդեցությունը: «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքականությամբ պայմանավորված պաշտոնական Թեհրանը Թբիլիսիի հետ հարաբերություններում թեև զգուշավորություն էր ցուցաբերում, սակայն վրաց-իրանական հարաբերություններում ակտիվություն նկատվում էր տնտեսական ոլորտում:

Տևական ընդմիջումից հետո աշխատանքներն է վերսկսում Իրան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովը: Հատկանշական է, որ հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացվել է 1993թ., 4-րդը՝ 2005, իսկ 5-րդը՝ 2015թ., ինչը վկայում է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների և չհամակարգված աշխատանքի մասին:

Վրաստանի նախագահ Սահակաշվիլիու նախագահության տարիներին երկկողմ քաղաքական հարաբերություններում ևս ակտիվություն է նկատվում:  2004թ. հուլիսի 7-ին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Իրան: Սահակաշվիլին ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ հանդիպմանը քննարկել էր ինչպես Հարավային Կովկասի անվտանգությանը, այնպես էլ իրանական գազը Եվրոպա արտահանելու հնարավորության հարցերը[6]: Նկատենք, որ Սահակաշվիլին Հարավային Օսիայում իրադրության սրման պատճառով պաշտոնական այցն ընդհատելով, մեկ օր շուտ էր վերադարձել Վրաստան:


Միխեիլ Սահակաշվիլիի և Մոհամմադ Խաթամիի հանդիպումը: 2004թ., Թեհրան:

Իրանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի աշխուժացմանը հատկապես նպաստեց 2011թ. երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը: Ընդամենը երկու տարում Վրաստանում գրանցված իրանական ընկերությունների թիվը զգալիորեն ավելացավ՝ 2013թ. հասնելով 1500-ի: 2011թ. Բաթումում բացված Իրանի գլխավոր հյուպատոսությունը նույնպես տնտեսական ակտիվությամբ էր պայմանավորված: Իրանի նկատմամբ պատժամիջոցների շրջանում Թեհրանը հատկապես կարևորում էր Վրաստանի նավահանգիստներից օգտվելու հանգմանքը:

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմանդինեժադի նախագահության շրջանում (2005-2013թթ.) Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումից հետո, չնայած Իրանից ստացված ահռելի տնտեսական օգուտին, վրացական կողմն արտաքին ճնշման պատճառով գնաց Իրանի հետ տնտեսական համագործակցությունը սահմանափակելու ճանապարհով:

2013թ. հուլիսի 1-ից Վրաստանն ԻԻՀ քաղաքացիների համար միակողմանիորեն վերականգնեց վիզային ռեժիմը, որը պաշտոնական Թբիլիսին բացատրել էր նրանով, թե Վրաստանի կառավարությունն մտավախություն է ունեցել, որ առևտրային հարաբերությունների ընդլայնման դեպքում Իրանը կարող է, Վրաստանի ֆինանսական համակարգն օգտագործելով, շրջանցել տնտեսական պատժամիջոցները:

Ընդհանուր առմամբ՝ Իրանի և Վրաստանի տնտեսական հարաբերություններն ուսումնասիրելիս նկատում ենք, որ դրանք ավելի շատ իրավիճակային զարգացում են ունեցել, քան երկարաժամկետ ծրագրված:

Իրանի և Վրաստանի հարաբերություններն արդի փուլում

2 013թ. Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը հայտարարվեց որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն: Ռոհանիի նախագահության առաջին շրջանում Իրան-Արևմուտք հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժի համատեքստում Իրանի և Վրաստանի հարաբերություններում նշանակալի աշխուժություն նկատվեց: Թեհրանը կարևորում էր տարածաշրջանային տնտեսական նախագծերում Իրանի և Վրաստանի համագործակցությունը:

2014թ. ապրիլի 22-ին Ռոհանին ԻԻՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Իոսեբ Չախվաշվիլիի հետ հանդիպմանը, ընդգծելով Իրան-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտությունը, մասնավորապես նշել է. «Սև ծովի, այդ թվում՝ Բաթումի նավահանգիստների հետ կապն Իրանի համար չափազանց կարևոր է. Մենք ցանկանում ենք մեր երկաթգիծն Ադրբեջանի տարածքով կապել Վրաստանին»[7]:

2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունից հետո  Իրանի և Վրաստանի հարաբերություններում աննախադեպ աշխուժություն նկատվեց, և երկու երկրները հատկապես շահագրգռված էին համագործակցել գազի ոլորտում:

Վրաստանը փորձում էր դիվերսիֆիկացնել էներգետիկ հոսքերը, իսկ իրանական գազի արտահանումը Վրաստան, կարող էր էականորեն նվազեցնել Իրանի կախվածությունը Թուրքիայից: Այսօր Թուրքիան իրանական գազի միակ գնորդն է, և Իրանի շուրջ ձևավորված անբարենպաստ իրադրության պայմաններում Թուրքիան իրանական գազի գնի հարցում փորձում է Իրանից զիջումներ կորզել:

2016թ. փետրվարի 16-ին Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն իրանական կողմի հետ գազի և էլեկտրաէներգիայի ներմուծմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով մեկնել էր Իրան, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել 7 ամսվա ընթացքում 200 մլն. խմ. գազ արտահանել Վրաստան[8]:

2017թ. ապրիլի 22-ին մեկօրյա այցով Իրան էր մեկնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը, անդրադառնալով իրանական գազը Վրաստան արտահանելու հնարավորությանը, մասնավորապես ասել էր. «Իրանը պատրաստ է Վրաստանին ապահովել գազի անհրաժեշտ պահանջարկով: Մենք կարող ենք Վրաստանին անհրաժեշտ գազը տրամադրել Ադրբեջանի կամ Հայաստանի սահմանին: Վերջերս չորսամսյա ժամկետով 4 միլիոն խմ. գազի խմբաքանակի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Այդ գործն ի կատար ածելու համար անհրաժեշտ է լուծել բանկային որոշ հարցեր»[9]:


Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը: 2017թ., Թեհրան:

Իհարկե, գազի ոլորտում համագործակցության առաջին փորձը չէր. դեռ 90-ականների սկզբին Իրանի և Վրաստանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել «գազ-հանքանյութի» դիմաց ձևաչափով գործարք իրականացնել: 2006թ., երբ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով Ռուսաստանը կասեցրել էր գազի առաքումը Վրաստան, Իրանը մի կարճ ժամանակահատված Ադրբեջանի տարածքով օրական 4 մլն. խմ. գազ էր արտահանում Վրաստան[10]: Ի դեպ, Իրանն այդ քայլը համարում է Վրաստանի ժողովրդի հանդեպ բարի կամքի դրսևորում:

Միջուկային համաձայնությունից հետո գազի շուրջ Թբիլիսիի և Թեհրանի ակտիվ շփումները, մի շարք գործոններով պայմանավորված, շարունակական չդարձան: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը՝ ապա, Իրանի պաշտոնական տվյալներով, միջուկային համաձայնությունից հետո երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն աճել են[11]:

Օրինակ, եթե 2010թ. Իրանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 50 մլն., իսկ 2015թ.՝ 100 մլն. դոլար, ապա 2017թ. արձանագրվել է 157 մլն., իսկ 2018թ.՝ 210 մլն. ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն:

Վրաստանն Իրանի հետ տնտեսական ակտիվության, համագործակցության ոլորտների բազմազանության առումով շահեկան դիրքում է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի դեպքում Իրանի տնտեսական համագործակցությունը հիմնականում զարգանում է պետական կազմակերպությունների մասնակցությամբ, ապա Վրաստանի դեպքում հիմնականում երկկողմ տնտեսական կապերը խորանում են Իրանի մասնավոր հատվածի միջոցով:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին Վրաստանն իրանցիներին գրավում է ոչ միայն զբոսաշրջության տեսանկյունից. բազմաթիվ իրանցիներ բնակարան են գնում Վրաստանում՝ մշտական բնակություն հաստատելով այդ երկրում: Իրանցիների՝ Վրաստանում հաստատվելու շարժառիթն առաջին հերթին պայմանավորված է Վրաստան-Եվրամիություն հարաբերություններով: Իրանցիների շրջանում կա համոզմունք, որ Վրաստանը 2020թ. կանդամակցի ԵՄ-ին:

Ըստ վրացական օրենքների՝ նվազագույնը 35 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան գնելու դեպքում տրվում է կեցության իրավունք (1 տարի ժամկետով), այնուհետև մի քանի անգամ երկարացնելուց հետո 6 տարի անց մշտական բնակության իրավունք է տրվում: Վրաստանում բնակություն հաստատող իրանցիները հույս ունեն, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուց հետո հնարավորություն կունենան ազատ տեղաշարժվել Եվրոպայում: ------- quote

Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ վերջին տարիներին բազմաթիվ իրանցիներ բնակարաններ են գնել Վրաստանում, ինչն ակտիվորեն քննարկվում է իրանական մամուլում: Հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները՝ կառավարությանը կոչ անելով իրանական կապիտալի արտահոսքը կանխելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում շուրջ 40 հազար ԻԻՀ քաղաքացի է բնակվում, որից 10 հազարը կեցության իրավունք է ստացել[12]:

Եթե միջուկային համաձայնությունից հետո Թբիլիսին անկաշկանդ տնտեսական համագործակցություն էր ծավալում Իրանի հետ և տարատեսակ արտոնություններով իրանցի ներդրողներին գրավվում Վրաստան, ապա 2018թ. մայիսին ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանի հետ տնտեսական փոխգործակցության հարցում Թբիլիսին կրկին սկսեց որոշակի զգուշավորություն ցուցաբերել:

2018թ. մայիսին, ԱՄՆ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալու որոշումից անմիջապես հետո, վրացական բանկերը Վրաստանում բնակվող իրանցիների բանկային հաշիվները սառեցրին, որը Վրաստանում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրանցիներ մտահոգության պատճառ դարձավ: Այս առնչությամբ ուշագրավ պարզաբանում էր տվել Իրանում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլին՝ նշելով, որ «եթե Եվրոպան շարունակի Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, ապա Վրաստանն էլ կշարունակի»[13]:

Կարճ ժամանակում Վրաստանում գործունեություն ծավալող Իրանի քաղաքացիների նկատմամբ Վրաստանի վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց՝ 2018թ. վերջին և 2019թ. սկզբին Վրաստանն Իրանի երկու հարյուրից ավել քաղաքացու արտաքսեց:

Ըստ իրանական կողմի պարզաբանումների՝ այդ ընթացքում արտաքսվել են նաև զբոսաշրջային ընկերությունների միջոցով Վրաստան մեկնած զբոսաշրջիկները, որոնք փաստաթղթերի որևէ խնդիր չէին ունեցել: Ոմանց արտաքսել են թմրանյութներ տեղափոխելու պատճառաբանությամբ: Արտաքսվածների թվում էին նաև Վրաստանում կրթություն ստացող իրանցիներ: Թեև վրացական կողմն արտաքսման պատճառների վերաբերյալ հստակ պարզաբանում չէր ներկայացնում, սակայն իրանական լրատվամիջոցների գնահատմամբ այն իրականացվում էր Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հականերգաղթային քաղաքականության շրջանակներում[14]:

Ինչ վերաբերում է պաշտոնական Թեհրանի արձագանքին, ապա Վրաստանի գործողությունների վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին[15]: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Վրաստանում Իրանի դեսպանությունը[16], իսկ 2018թ. դեկտեմբերի 5-ին «վրացի սահմանապահների՝ իրանցիների նկատմամբ ցուցաբերած ոչ բարեկամական մոտեցումների» համար պարզաբանումներ տալու նպատակով Իրանում Վրաստանի դեսպանը հրավիրվեց արտգործնախարարություն, որտեղ իրանական կողմը բողոք ներկայացրեց պաշտոնական Թբիլիսիին:

Այդ շրջանում Իրանի և Վրաստանի միջև հարաբերություններն այն աստիճանի էին լարվել, որ կողմերը նույնիսկ խոսում էին վիզային ռեժիմը կրկին վերականգնելու մասին: Ի վերջո, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացված խորհրդակցությունների արդյունքում Թբիլիսիին և Թեհրանին հաջողվեց հարթել լարվածությունը[17], սակայն Վրաստանում իրանցիների բիզնես գործունությունը գնալով սահմանափակվեց:

Ինչպես ներքին քաղաքական գործընթացներով, այնպես էլ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումներով և  Եվրամիության առջև Վրաստանի ստանձնած պարտավորություններով պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները վերանայեցին Իրանի հետ համագործակցության ծրագրերը[18]:

Վ րաստանը, տարածաշրջանում ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնելով, Իրանի համար չափազանց մեծ նշանակություն ունի քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից[19]: Եթե հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա հարևանության քաղաքականության համատեքստում Իրանը Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը մշակելիս հաշվի է առնում վրաց-ռուսական հարաբերությունների վերափոխումները, Վրաստանի՝ Թուրքիայից և Ադրբեջանից կախվածությունը թուլացնելուն ուղղված քայլերը, ինչպես նաև Եվրամիությանն ինտեգրվելուն ուղղված գործընթացները:

Անվտանգության տեսանկյունից Իրանն անշուշտ ուշադրության կենտրոնում է պահում (հատկապես Իրանի շուրջ անվտանգության ոչ բարենպաստ միջավայր ձևավորվելու ընթացքում) Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ընթացքը, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները, Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմական համագործակցությունը, ինչպես նաև Իսրայել-Վրաստան փոխհարաբերությունները:

Ինչ վերաբերում է տնտեսական գործոնին, ապա Իրանը Վրաստանից լուրջ ակնկալիքներ ունի ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Իրանը շահագրգռված է օգտվել Վրաստանի բանկային համակարգից և Վրաստանի տարանցիկ հնարավորություններից: Այդ նպատակով վերջին տարիներին Իրանը լուրջ ջանքեր է գործադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարանցիկ ուղիներին զուգահեռ գործարկել նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, որն Իրանը Հայաստանի միջոցով կկապի Վրաստանին:

Նկատենք, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում ակտիվացնել Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցությունը: Հայաստանը 2020թ. կշարունակի Վրաստանին և Իրանին կապող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, և այդ համատեքստում պետք է հավելենք, որ Իրանում էլ Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցման գործում գործնական քայլեր են ձեռնարկվում: ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նահանգում պղնձի արդյունահանմամբ զբաղվող «Mes Sungun» ընկերության հարկերի մի մասը (120-130 մլրդ. թուման) կուղղվի Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցմանը[20]:

Տարածաշրջանի տարանցիկ ծրագրերից դուրս չմնալու նպատակով Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության հարցը մշտապես պետք է պահի օրակարգում. և՛ վրացական, և՛ իրանական կողմի հետ հանդիպումներում ոչ միայն պետք է ներկայացնի ծրագրի նկատմամբ իր հետաքրքրվածությունը, այլև հանդես գա արդյունավետ համագործակցությանն ուղղված նախաձեռնություններով:


[1] http://irdiplomacy.ir/fa/news/1971125/

[2] «Ալիք» օրաթերթ, 1993թ., 20 հունվարի, թիվ 15980, էջ 1

[3] «Ալիք» օրաթերթ, 1995թ., 22 ապրիլի, թիվ 16604, էջ 1

[4] https://www.mashreghnews.ir/news

[5] http://www.tbilisi.mfa.ir/index.aspx

[6] «Ալիք» օրաթերթ, 2004թ., 8 հուլիսի, թիվ 19199, էջ 1

[7] http://www.president.ir/fa/76820

[8] https://bit.ly/31IjaOJ

[9] http://www.fvpresident.ir/fa/news/5263/

[10] http://www.iras.ir/fa/doc/note/1440/

[11] http://www.tpo.ir/uploads/europe

[12] https://www.farsnews.com/news

[13] https://bit.ly/2Jh65pl

[14] https://www.isna.ir/news/97091

[15] https://www.irna.ir/news/83129666/

[16] https://www.isna.ir/news/970920

[17] https://www.asriran.com/fa/news

[18] Տե՛ս՝ Իրանը միջուկային համաձայնությունից չորս տարի անց

[19] https://foreignpolicy.com/2012/03

[20] https://www.tasnimnews.com/fa