Հայ-թուրքական հարաբերություններ

7 ր.   |  2019-01-22

2018-ն ըստ թուրքական մամուլի հրապարակումների 

2018-ին թուրքական մամուլում Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները բովանդակային փոփոխություն են կրել. նախկինում տեղ էին գտնում գլխավորապես տեղեկատվական հրապարակումներ, իսկ վերլուծական հոդվածները, գնահատականներն ու պաշտոնական արձագանքները գրեթե բացակայում էին: Այս հանգամանքը պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններով, որտեղ Հայաստանը չունի առաջնային նշանակություն: Թուրք պաշտոնյաները Հայաստանին անդրադառնում էին Ադրբեջանում արված համատեղ հայտարարություններով, հիմնականում՝ արցախյան հիմնախնդրի համատեքստում:

Պատկերը մասամբ փոխվեց 2018թ. գարնանը, երբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը գրավեց թուրքական մեդիայի ուշադրությունը. թուրք լրագրողներն արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար այցելեցին Հայաստան, թուրք վերլուծաբաններն ու փորձագետները մի շարք հոդվածներ հրապարակեցին՝ փորձելով հասկանալ, թե Հայաստանում կատարվող փոփոխություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, սակայն պաշտոնական հայտարարություններ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության կողմից չարվեցին:

2 018-ին Հայաստանի մասին լուսաբանման դինամիկան թուրքական մամուլում համընթաց չի եղել՝ տարեսկզբին թուրքական կողմի հետաքրքրությունը Հայաստանի և այստեղից հնչող հայտարարությունների նկատմամբ բավականին չեզոք էր: Ապրիլի երկրորդ կեսից միայն թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին: Անդրադարձը սկզբում դիպվածային էր և վերաբերում էր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Հատկապես շեշտվում էր, որ Սարգսյանը 10 տարի կառավարելուց հետո սահմանադրական փոփոխությունների արդյունքում կրկին ստանձնելու է երկրի կառավարումը:

Հրապարակումներն ավելի շատացան ապրիլի 22-23-ից հետո, և թուրքական մամուլի ուշադրությունը կենտրոնում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը: Պետք է նշել, որ Թուրքիայում Փաշինյանին չէին ճանաչում, և անգամ թուրքական կայքերից մեկը Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հոդվածում սխալմամբ դրել էր Սաադ Հարիրիի լուսանկարը։

Թուրքական մամուլը մայիսից սկսած հատկապես մեծ ուշադրություն էր դարձնում կոռուպցիոն բացահայտումներին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված դատական գործին (1, 2, 3, 4, 5

Եթե պետական և իշխանական լրատվամիջոցները Հայաստանի մասին հիմնականում տեղեկություններ էին հրապարակում, ապա ազատական մամուլը, հատկապես՝ Ակօսը (1, 2, 3, 4, 5, 6, 7), Gazete karınca-ն (1, 2, 3) ծավալուն հոդվածներ ունեին, և ցույցերի մասնակիցների հետ զրուցելով՝ փորձում էին ավելի համապարփակ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու հանրային սպասումները:

Ա մռան ամիսներին Հայաստանը շարունակում է մնալ թուրքական լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր ոչ միայն ներհայկական իրադարձություններով, այլև սահմանը հատած պատանու (1, 2, 3, 4, 5) և  Հայաստանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին Օքսուզի (1, 2,) գործերով։

Թուրքական մամուլը գրել էր, որ սահմանախախտ պատանուն վերադարձնելու համար նախագահ Էրդողանը զանգահարել էր վարչապետ Փաշինյանին։ Թեև այս տեղեկությունը շուտով հերքեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, դեպքն ուշագրավ էր, քանի որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո առաջին անգամ էր թուրքական մամուլը հայտնում երկու երկրների ղեկավարների զրույցի մասին: Ինչ վերաբերում է Օքսուզի գործին, ապա Ստամբուլի գլխավոր դատախազությունը նրան արտահանձնելու համար դիմել էր Հայաստանի Հանրապետության իրավապահներին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի մասին թուրքական մամուլի հրապարակումները կարելի է բաժանել մի քանի պայմանական փուլերի։
Առաջինը  մարտի սկզբին էր, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին։ Սակայն պետք է նշել, որ թուրքական կողմը որևէ կերպ չարձագանքեց նախագահ Սարգսյանի հայտարարությանը, իսկ մամուլում ընդամենը մի քանի տեղեկատվական հրապարակումներից բացի, որևէ  հոդված կամ վերլուծություն չեղավ: Պետք է նշել, որ թուրքական արձագանքը նույն էր նաև 2017թ. սեպտեմբերին, երբ Ս. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել [1] էր, թե Հայաստանը պատրաստվում է չեղարկել ցյուրիխյան արձանագրությունները:

Հայաստանից արված միակ հայտարարությունը, որին անդրադարձել էր Թուրքիայի ԱԳՆ-ն, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանգրությունները չեղարկելու Հայաստանի մտադրության վերաբերյալ 2017թ․դեկտեմբերին արած հայտարարություն էր:

2-րդ փուլը կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու առաջին օրերն ու այցելությունը Արցախ, որտեղ լրագրողների հարցերին պատասխանելիս նա անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին։

Թ ուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը անմիջապես հետևեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատասխանը․ «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով  մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես՝ մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»:

3-րդ ալիքը բարձրացավ հուլիսին վերջին, երբ Ն. Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույն խնդրին էր անդրադարձել։
Թուրքական կողմի արձագանքներում, թերևս, դրական առումով առանձնանում էր թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլի թվիթերյան էջում արած գրառումը․ «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը, դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:


Ամռան ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները՝ նախագահ Ռ. Թ. Էրդողանը (1, 2), ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն, վարչապետ Յըլդըրըմը (1, 2), Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վ. Բոզքըրը, նախագահի խոսնակ Ի. Քալընը խոսել են Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի խնդրի մասին։ Սակայն դրանք ոչ թե ուղղակի պատասխան էին Հայաստանից հնչող հայտարարություններին, այլ պարզապես վերահաստատում էին Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, որը 2009-ից անփոփոխ է. հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են արցախյան հիմնախնդրի հետ և «քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ադրբեջանի տարածքներից», իսկ խնդիրը Ադրբեջանի համար ձեռնտու հանգուցալուծում չի ստացել, սահմանը չի բացվելու և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվելու։

Թուրքական մամուլում հայ-թուրքական հարաբերությունների անդրադարձի 4-րդ փուլը պայմանավորված էր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Հրապարակումների առումով այն բազմազան էր, թեև լրատվամիջոցների մեծ մասն օգտվում էր «Անադոլու» գործակալության հաղորդագրություններից։

Հայաստան այցելած լրագրողները շուրջ 10 օր իրենց տպավորություններն էին ներկայացնում ընտրություններից, վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումներից (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

Զուգահեռաբար հրապարակվում էին թուրք վերլուծաբանների, տարածաշրջանի հարցերով մասնագետների մեկնաբանությունները (1, 2, 3, 4, 5)։ Վերլուծաբանները միակարծիք էին, որ պետք չէ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ ակնկալել, իսկ ոմանք էլ  պնդում էին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հարցում մեծ փոփոխություն չի լինելու, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ՀՀԿ-ից և Դաշնակցությունից ոչնչով չի տարբերվում (1, 2):

Ուշագրավ է, որ ակտիվացել էին նաև ադրբեջանցի վերլուծաբանները (1, 2, 3), որոնք Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի մասին մի քանի հոդված էին հրապարակել թուրքական իշխանամետ կայքերում։ Բնականաբար, դրանք կառուցված էին հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնախնդիրը միահյուսող թեզերի շուրջ։ Սակայն պետք է նշել, որ այդ հոդվածների հասցեատերը հենց Թուրքիան է, որին հիշեցնում էին Հայաստանի հետ հարաբերություններ չհաստատելու խոստումը, քանի դեռ ԼՂ խնդիրը չի լուծվել հօգուտ Ադրբեջանի։

Ուշադրության է արժանի Ադրբեջանի նախագահի հովանու ներքո գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» աշխատակից Ջավիդ Վելիևի՝ «Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանը և ԼՂ խնդիրը» հոդվածը, որը հրապարակել էր «Անադոլու» գործակալությունը: Վելիևը գրում էր, որ Թուրքիան ոչ թե նախապայմաններ ունի, այլ՝ պահանջներ․ «ԼՂ հարցում այնպիսի արդյունքի գրանցում, որին համաձայն կլինի Ադրբեջանը, և Թուրքիայից հողային պահանջներից ու ցեղասպանության պնդումներից հրաժարում»։

Թուրքիայի պետական լրատվական գործակալության կողմից նման բովանդակությամբ հոդվածի հրապարակումը ոչ թե պարզապես փորձագիտական կարծիք է, այլ արտահայտում է Թուրքիայի պետական դիրքորոշումը։

Կարելի է եզրակացնել, որ Թուրքիան հետևում է և հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Հայաստանում կատարված փոփոխություններով հատկապես տպավորված են և դրանք դրական լույսի ներքո են ներկայացնում թուրքական լիբերալ լրատվամիջոցները։ 

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է դուրս մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակից, որի վկայությունը թուրքական մամուլի արձագանքներն են։ Թուրք պաշտոնյաների հայտարարությունները, իշխանական լրատվամիջոցների և ադրբեջանցի վերլուծաբանների հոդվածները ցույց են տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան չի հրաժարվելու ԼՂ հիմնախնդրի լուծումը որպես նախապայման առաջ քաշելու մտքից։


[1] 2017թ սեպտեմբերի 20-ին Ս. Սարգսյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս հայ-թուրքական արձանագրությունների մասին հայտնել էր. «Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես ցավոք սրտի փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: