Տարածաշրջանային համակեցության փնտրտուքները

6 ր.   |  2023-06-26

«Պրոմեթևս» շարժման արտաքին քաղաքական բաղադրիչը

«Պրոմեթևս» շարժման մանրամասները պատկերացնելու համար կարևոր է ուշադրություն դարձնել արտաքին կողմնորոշման ու արտաքին քաղաքականությանը։ Այդ հարցի հստակեցումը ենթադրում էր հարաբերությունների կառուցում այն դերակատարների հետ, որոնք դիտարկվելու էին որպես դաշնակիցներ։ Նախորդ հոդվածում անդրադարձել էինք շարժման հակաբոլշևիկյան-հակառուսաստանյան գաղափարական բնույթին։ Ի թիվս այլ պատճառների՝ դա բխում էր այն իրողությունից, որ հարավկովկասյան երեք հանրապետությունների անկախության կորուստը պայմանավորված էր բոլշևիկյան Ռուսաստանի հարավային էքսպանսիայով։ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և հյուսիսկովկասյան տարածաշրջանում բոլշևիկյան կարգերի հաստատումն էր ստիպել այդ երկրների իշխող կուսակցական, քաղաքական վերնախավերին արտագաղթել Եվրոպա։ Կովկասյան կոնֆեդերացիայի կազմավորման գաղափարը լուսանցքային էլ կմնար, եթե չգտներ համապատասխան ընդունելություն և աջակցություն եվրոպական միջավայրում։

Ա յդ գաղափարն աջակցություն գտավ հատկապես Լեհաստանում։ 1920-ական թվականների սկզբին Ռուսաստանի հետ հարաբերություններն անչափ զգայուն էին նորաստեղծ Լեհաստանի համար։ Խնդիրը ավելի խորը պատմական արմատներ ուներ։ Մինչև 1917թ. հեղափոխությունը Լեհաստանը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, իսկ 1918թ. ազգերի ինքնորոշման սկզբունքի բոլշևիկյան հանրահռչակման հետևանքով Լեհաստանն անջատվեց Ռուսաստանից և հռչակեց իր անկախությունը։ Լեհական ազգային ինքնագիտակցության մեջ մշտապես արթուն էր Ռեչ-Պոսպոլիտայի՝ Լեհ-լիտվական թագավորության հիշողությունը, որը 16-18-րդ դարերում Եվրոպայի խոշոր պետություններից էր, իսկ 1795թ. Ռուսաստանը, Ավստրիան և Պրուսիան այն բաժանեցին։ Լեհերը 1830-1831թթ. ապստամբել էին ընդդեմ Ռուսական կայսրության, սակայն, պարտություն կրել։ Լեհական ապստամբության ժամանակ Հյուսիսային Կովկասում ծավալվել էր Շամիլի ապստամբությունը։ Դեռևս 1830թ. լեհական ապստամբության ճնշումից հետո Փարիզում Ադամ Չարտորիյսկու կողմից ստեղծվել էր Լեհաստանի վտարանդի կառավարութուն, և Հյուսիսային ու Կենտրոնական Կովկասում իմամ Շամիլի ապստամբության ժամանակ լեհերը ակտիվ կապ էին պահպանում կովկասյան լեռնականների հետ։

Կովկասյան տարածաշրջանին լեհական ծանոթությունը չէր սահմանափակվում 1930-1831թթ. ապստամբության պարտությունից հետո Հյուսիսային Կովկաս փախած և ապստամբ լեռնականների մոտ ծառայության անցած լեհ փախստականներով։ Դեռևս 17-18-րդ դարերում լեհ կաթոլիկ միսիոներական առաքելություններ էին հաստատվել Կովկասում։ Իսկ որ հոգևոր միսիոներական կազմակերպությունները հանդիսանում էին նոր տարածքներում եվրոպական պետությունների համար յուրատեսակ «հետախուզական» առաքելություն իրականացնող կազմակերպություններ, քաջ հայտնի է Ամերիկայի յուրացման պատմական փորձից։

1830-31թթ. ապստամբության մասնակիցները որոշակի պատկերացում ունեին Կովկասի մասին։ Լեհական հեղափոխականների պլանները հեռուն գնացող նպատակներ ունեին, որը պարզապես Շամիլին օգնություն ցուցաբերելով չէր սահմանափակվում։ Լեհական ուժերը պետք է լայն կոալիցիա ձևավորեին կազակների տարբեր խմբերի, հարավային սլավոնների և կովկասյան լեռնականների հետ, որի վերջնանպատակը Ռեչ-պոսպոլիտայի վերականգնումն էր 1772թ. սահմաններով։ Կովկասում էլ պետք է ստեղծվեին բուֆերային պետություններ՝ ի դեմս տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների, Վրաստանի և Հայաստանի։ Ասվածը վկայում է, որ «պրոմեթեիզմի» լեհական գաղափարները ի հայտ չեն եկել 1920-ականներին, այլ, ինչպես տեսանք, ավելի վաղ։

«Պրոմեթեիզմի» գաղափարական որոշ տարրեր իր մեջ կրում էր Ռուսական կայսրության դումայի «Ֆեդերալիստ-ավտոնոմիստների միություն» պառլամենտական խմբակցությունը։ Իսկ 1920-ական թվականներին կովկասյան քաղաքական էմիգրանտական էլիտայի շրջանում ծավալված այդ գաղափարախոսությունը աջակցություն գտավ Լեհաստանում։ Էմիգրացիայի համար գաղափարական որոնումներից հետո հրամայական էր կազմակերպվելը։ Քաղաքական կազմակերպության քայլերից մեկն արվեց 1926թ., երբ ստեղծվեց «Կովկասին անկախության» կոմիտեն։ Լեհաստանը շահագրգռված էր կովկասյան էմիգրացիայի քաղաքական կազմակերպմամբ, քանզի նա ուներ անմիջական ցամաքային սահման ԽՍՀՄ-ի հետ և շարունակական հնարավոր վտանգն այդ թևից հարկադրում էր լեհերին անվտանգության մեխանիզմների որոնումներում համագործակցել տարբեր ազգային միջավայրերի հետ։ Տվյալ ժամանակահատվածում այդ վտանգի զգացողությունն առավել քան առարկայական էր՝ պայմանավորված 1919-1921թթ. խորհրդա-լեհական պատերազմով, որն ավարտվեց Խորհրդային Ռուսաստանի պարտությամբ, և արևմտյան Բելառուսիան և Արևմտյան Ուկրաինան անցան Լեհաստանին։ Չնայած այս հաջողությանը՝ լեհական վերնախավը լավ գիտակցում էր, որ դա չի չեզոքացրել ԽՍՀՄ կողմից առկա սպառնալիքները. Լեհական կողմն օգտագործում էր միջազգային մեկուսացման մեջ գտնվող խորհրդային երկրի դեմ պայքարի տարբեր մեթոդները, միջոցները և դեմքերը։

Ը ստ էության, լեհերի մտահոգություններն անհիմն չէին։ Ռուսաստանը, անկախ կառավարման ռեժիմից, շարունակելու էր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար ծավալման քաղաքականությունը՝ փորձելով վերականգնել ազդեցությունը Ռոմանովների երբեմնի կայսրության սահմաններում, իսկ հնարավորության դեպքում՝ էլ ավելի ընդարձակվելով։ Պետք չէ մոռանալ բոլշևիկների փայփայած համաշխարհային հեղափոխության գաղափարը, որի իրագործման ուղղություններից էր Արևմուտքը, որի դեպքում առաջինը վտանգվելու էր Լեհաստանի պետականությունը։ Այս վտանգը չափազանցված չի թվա, եթե չմոռանանք Գերմանիայի իրադարձությունները։ 1918թ. առաջին աշխարհամարտում պարտությունից հետո Գերմանիայում ծավալված հեղափոխական իրադարձությունների պատճառով կայսր Վիլհելմ 2-րդը փախավ Նիդեռլանդներ, երկրում տիրապետող դիրքերում հայտնվեցին սոցիալ-դեմոկրատներ և կոմունիստները։ Լեհական էլիտայի համար այս շարժընթացները լավ տեսանելի էին և անհանգստացնող։ Հենց նման բնութագրական միջավայրում էր, որ լեհական էլիտան աջակցությամբ հայտնեց Կովկասյան կոնֆեդերացիայի գաղափարին։

Լեհաստանն առավել ակտիվ օժանդակություն ցույց տվեց Կովկասյան կոնֆեդերացիայի գաղափարին 1926թ. սկսած, երբ իշխանության եկավ Յուզեֆ Պիլսուդսկին։ Նա նպատակ ուներ Կովկասյան ֆեդերացիայից բացի՝ ստեղծել նաև արևելաեվրոպական երկրները համախմբող ֆեդերացիա, որի մեջ էին մտնելու Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ուկրաինան և Բելառուսը։ Սա ցույց էր տալիս, որ Լեհաստանի ղեկավարը լավ գիտակցում էր, որ Ռուսաստանի համար ավանդականորեն նախապատվելի ուղղություններ են արևմտյան և կովկասյան-հարավային տարածաշրջանները։ Կովկասյան քաղաքական էմիգրանտների միավորումը լեհական վերնախավը տեսնում էր երկու ուղղություններով՝ արևմտյան՝ Փարիզ կենտրոնով, և արևելյան՝ Կոստանդնուպոլիս կենտրոնով։ Փարիզի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդտեղ ընթանում էր խաղաղության վեհաժողովը, և քաղաքում էին նախկին կովկասյան հանրապետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչները՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Իսկ Կ. Պոլսի ընտրությունը կարևոր էր նրանով, որ Թուրքիան ավանդականորեն նկրտումներ ուներ Կովկասի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի աշխարհագրական դիրքը և հարևանությունը Կովկասին։ Այդտեղ էին անցել նաև խորհրդայնացումից հետո խորհրդային իշխանություններին ոչ լոյալ բազմաթիվ գործիչներ, որոնք ևս հակաբոլշևիկյան դիրքավորում ունենալով՝ նպաստելու էին «պրոմեթեիզմի» գաղափարների իրագործմանը։

Արևելաեվրոպական մեկ այլ երկիր՝ Չեխոսլովակիան, ճիշտ է, բացահայտորեն չէր վարում ազգային շարժումներին անմիջականորեն աջակցելու քաղաքականություն, այդուհանդերձ, օժանդակում էր հակաբոլշևիկյան տրամադրություններով գործիչներին։ Չեխոսլովակիան ավելի շատ աջակցում էր էմիգրանտների մշակութային գործունեությանը, անգամ Պրահայում բացվեց ուկրաինական համալսարան։ 1926թ. Պրահայում գործող հյուսիսկովկասյան ընկերակցությունները վերածվեցին հակաբոլշևիկյան շարժման, որում մեծ ներդրում ուներ իմամ Շամիլի թոռ Սայիդ բեյ Շամիլը։ Դրանով հանդերձ, Լեհաստանի և Չեխոսլովակիայի մոտեցումների տարբերությունն այն էր, որ Չեխոսլովակիան աջակցում էր հակաբոլշևիկյան գործունեությանը, բայց ոչ նրանց այն գործունեությանը, որը միտված էր անկախ պետականությունների վերականգնմանը, այնինչ, Լեհաստանի գործողությունները հենց այդ նպատակն էին հետապնդում։

Ինչպես նշեցինք, 1926թ. առանց հայկական պատվիրակների մասնակցության փորձ արվեց գործնական քայլեր կատարել՝ այս անգամ լեհական և թուրքական ծառայությունների հովանավորության ներքո։ Հետագայում այդ ծրագիրը հետզհետե դադարեց կարևորություն ունենալ։ Դա պայմանավորված էր առաջին հերթին միջազգային իրադրությամբ։ Արևմտյան երկրներն աստիճանաբար փորձում էին շփման եզրեր գտնել ԽՍՀՄ-ի հետ, և այդ համատեքստում որոշակիորեն զերծ էին մնում բացահայտ հակախորհրդային քայլերից։
1930-ական թթ. Գերմանիայում նացիստական կուսակցության իշխանության գլուխ գալով՝ եվրոպական քաղաքականությունը փոխեց և վերախմբագրման ենթարկեց շեշտադրումները և դիվանագիտական առաջնահերթությունները։ 1939թ. գերմանական զորքերի՝ Լեհաստան ներխուժումից հետո կովկասյան քաղաքական էմիգրանտների մի մասը հեռացավ Լեհաստանից։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ «պրոմեթեիզմի» գործիչների և նացիստական ռեժիմի միջև պետք է համագործակցություն հաստատվեր։ Բայց գերմանական ազգի բացառիկության մասին նացիստական գաղափարախոսությունը, ինչպես նաև Հիտլերի արևելյան քաղաքականության էությունը բացառում էր անկախ պետությունների գոյությունը, իսկ ստեղծվող պետություններն էլ լինելու էին նացիստական Գերմանիայի համար մարիոնետային կազմավորումներ։

Կոկվասյան էմիգրանտները կապ էին պահպանում լեհական վտարանդի կառավարության հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո «պրոմեթևս» շարժումը չվերացավ։ Վերահաս սառը պատերազմը վերախմբագրեց իրողությունները։ Կովկասյան քաղաքական էմիգրանտները շարունակել են համագործակցությունը Արևմուտքի հետ նաև 1950-1960-ական թթ.։ Դրանք ավելի շատ անհատական կամ ոչ մեծ խմբով համագործակցություն էր, քանի որ սոցիալիստական ճամբարում Լեհաստանի հայտնվելուց հետո սկսվեցին հետապնդումներ շարժման անդամների նկատմամբ, իսկ փրկված և Լեհաստանից հեռացած որոշ գործիչներ արդեն աշխատել սկսեցին այլ նախագծերի ուղղությամբ։
Սառը պատերազմը երկրորդական պլան մղեց կովկասյան կոնֆեդերացիայի ուղղությամբ աշխատանքները՝ այն թողնելով պատմությանը՝ որպես կովկասյան բազմէթնիկ տարածաշրջանում համակեցությանը միտված ձեռնարկներից։