Գերմանական վերլուծական կենտրոններն ու դրանց գործունեությունը Հարավային Կովկասում

22 ր.   |  2019-02-05

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ» ու «քաղաքացիական հասարակություն» ծրագրի վերլուծական կենտրոնների մասին (գերմաներենում Think Tank-ին համարժեք են Denkfabrik կամ Ideenagentur հասկացությունները) Global Go To Think Tank Index 2017 զեկույցի համաձայն՝ Գերմանիայում գործում է 225 կենտրոն:

Աշխարհում ամենաշատ հետազոտական կենտրոններ ունեցող երկրների շարքում Գերմանիան հինգերորդն է՝ ԱՄՆ-ից (1872), Չինաստանից (512), Մեծ Բրիտանիայից (444) և Հնդկաստանից (293) հետո: Տարիների ընթացքում Գերմանիայում և այլ երկրներում գործող կենտրոնների թիվն ավելացել և շարունակում է ավելանալ, օրինակ՝ 2008-ին Գերմանիայում գործում էր 186 կենտրոն [1], 2009-ին՝ 190 [1], 2015-ին և 2016-ին 195 [1, 2]:

Գերմանիայում առաջին՝ «Գաղութային ինստիտուտի համբուրգյան գրասենյակ» անունով կենտրոնը հիմնադրվել է 1908թ., որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերանվանվել է «Համբուրգի համաշխարհային տնտեսության արխիվ» (Hamburgische Weltwirtschaftsarchiv (HWWA):

Կենտրոնի նպատակը արտասահմանյան երկրների մասին գրադարանի ու մամուլի քաղվածքներից արխիվի ստեղծումն էր: Կենտրոնը թերթերից, ամսագրերից, հետազոտական հաշվետվություններից գերմանական և արտասահմանյան գաղութացման մասին տեղեկատվական նյութեր էր հավաքում, գնահատում և տրամադրում Առևտրականների գաղութացման ինստիտուտի դասավանդողներին ու սովորողներին: Հետագայում կենտրոնն իրականացնում էր նաև գիտական հետազոտություններ: 2005թ. մարտին «Արխիվի» ավանդույթների հիման վրա ստեղծվում է «Համբուրգի համաշխարհային տնտեսության ինստիտուտը» (Hamburgisches Weltwirtschaftsinstitut)՝ [1, 2, 3]:

Գերմանիայի հնագույն «ուղեղային կենտրոններից» է 1925-ին հիմնադրված  «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը» հարող «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը»:  Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Գերմանիայում գործել է 7 think-tank, իսկ կենտրոնների մեծամասնությունը հիմնադրվել է պատերազմից հետո [1]:

Հետազոտողներն առանձնացնում են ակադեմիական (akademisch) ու քարոզչական ուղղվածություն ունեցող (advokatische) վերլուծական կենտրոններ: Առաջինն ուսումնասիրում է գիտական օբյեկտիվությունը, հիմնարար հետազոտություններ անում քիչ հետազոտվող ոլորտներում: Քաղաքագիտության պրոֆեսոր Վինանդ Գելներն ակադեմիական վերլուծական կենտրոններն անվանում է «առանց ուսանողների համալսարաններ» [1, 2, 3]: Ակադեմիական են համարվում, օրինակ, «Գերմանիայի միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտը» (Deutsches Institut für Internationale Politik und Sicherheit), «Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտը» (Kiel Institut für Weltwirtschaf), «Համբուրգի համաշխարհային տնտեսության ինստիտուտը» (Hamburgisches Weltwirtschaftsinstitut), «Արտաքին քաղաքականության գերմանական հասարակությունը» (Deutsche Gesellschaft für Auswärtige Politik) և այլն: Քարոզչական ուղղվածությամբ վերլուծական կենտրոնները ձևականորեն անկախ են, սակայն ստանձնում են որոշակի շրջանակների շահերի, հետաքրքրությունների, կուսակցությունների կամ քաղաքական խմբերի պաշտպանությունը: Այս շարքին են դասվում, օրինակ, «Կիրառական էկոլոգիայի ինստիտուտը» (Öko-Institut), «Շուկայական տնտեսության հիմնադրամը» (Stiftung Marktwirtschaft), ինչպես նաև քաղաքական կուսակցություններին հարող հիմնադրամները («Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ», «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ») և այլն [1, 2, 3]:

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում :

Գերմանիայում կուսակցություններին հարող քաղաքական կենտրոնները

Գ երմանիայի քաղաքական մշակույթի մաս են կազմում կուսակցություններին հարող հիմնադրամները (Parteinahe Stiftungen), որոնց աշխատանքի հիմքում կուսակցությունների հիմնարար գաղափարներն են:

1986թ. հուլիսի 14-ին Գերմանիայի Սահմանադրական դատարանի (Bundesverfassungsgericht, BVerfG) որոշումով հաստատվել է, որ քաղաքական հիմնադրամները ֆինանսապես և կազմակերպչական առումով անկախ են կուսակցություններից: Դատարանը նաև հաստատել է, որ  հիմնադրամները պետք է պետական ֆինանսավորում ստանան, քանի որ դրանց գործունեության հիմքում հանրային շահն է [1, 2, 3]: 

Հիմնադրամների գործունեության ոլորտներից են քաղաքական կրթությունը, ուսումնական դրամաշնորհները, գիտական հետազոտություններն ու արտերկրում միջազգային համագործակցության զարգացումը:

Հիմնադրամների գործունեությունն իր սահմանադրաիրավական հիմքն ունի Գերմանիայի Հիմնական օրենքի (Grundgesetz) 5-րդ հոդվածում (կարծիքի ազատություն), 9-րդ հոդվածի 1-ին (միություններ կազմելու ազատություն) և 12-րդ հոդվածի 1-ին կետերով (մասնագիտական ազատություն):  Իսկ կուսակցությունների սահմանադրաիրավական կարգավիճակը որոշող Հիմնական օրենքի 21-րդ հոդվածը ու Կուսակցությունների մասին օրենքը (Gesetz über die politischen Parteien) չեն կարգավորում հիմնադրամների գործունեությունը [1, 2]:

Քաղաքական հիմնադրամների ֆինանսավորման գերակշռող մասը (մոտ 90%) պետական միջոցներից է: Գերմանիայում հասարակական-քաղաքական և ժողովրդավարական  մասնագիտական աշխատանքի  համար միջոցներ են հատկացվում ներքին գործերի նախարարության բյուջեից՝ այսպես կոչված, Համաշխարհային դրամաշնորհների ձևով: Որոշ դեպքերում հիմնադրամներն արտաքին գործերի, կրթության և հետազոտության, տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարությունների, Բունդեսթագի բյուջեից ֆինանսավորվում են ուսումնական դրամաշնորհների կամ համագործակցության զարգացման համար: Դրամաշնորհի չափը սահմանվում է Դաշնային բյուջեի մասին բանակցություններով և որոշվում Բյուջեի մասին օրենքով [1]:

Քաղաքական հիմնադրամները 1999-ին  համատեղ պարզաբանում  են ընդունել պետության կողմից իրենց ֆինանսավորման  մասին (Rosa-Luxemburg-Stiftung-ը միացել է ավելի ուշ) [1, 2]:

Բունդեսթագում ներկայացված կուսակցություններին հարող հիմնադրամներն են.

«Ֆրիդրիխ Էբերտ  հիմնադրամ»  (Friedrich-Ebert-Stiftung, FES), Fes.de -  Հարում է «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը»  (Sozialdemokratische Partei Deutschlands, SPD): FES-ը Գերմանիայի ամենահին քաղաքական հիմնադրամն է:  Ստեղծվել է 1925-ին՝ ի պատիվ Գերմանիայի պատմության մեջ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերտի: FES-ի աշխատանքն ուղղված է  սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարներին ու արժեքներին՝ ազատությանը, արդարությանը և համերաշխությանը, ինչը նաև Հիմնադրամը կապում է սոցիալ-դեմոկրատների և ազատ արհմիությունների հետ: Որպես Think Tank FES-ը մշակում է տարբեր ռազմավարություններ` ուղղված տնտեսական, հասարակական և կրթական քաղաքականության հիմնախնդիրներին ու առանցքային հարցերին: Որպես Think tanks, ակադեմիական և քաղաքական գործիչների հանդիպման խաչմերուկում աջակցում են հանրային դիսկուրսի ձևավորմանը՝ Եվրոպայում և գլոբալ մակարդակներում արդար և կայուն տնտեսական և հասարակական կարգի կայացման նպատակով [1, 2]: 2017թ. հաշվետվության համաձայն՝ Հիմնադրամն ունի 106 արտասահմանյան գրասենյակ, և գործունեություն է ծավալում նաև Հարավային Կովկասում [1]:

FES-ի նախագահը SPD անդամ, Ռեյնլանդ Պֆալցի նախկին վարչապետ Կուրտ Բեկն է [1, 2]: 2018թ. Հիմնադրամի միավորումն ունի շուրջ 136 անդամ, որոնց թվում են Գերմանիայում քաղաքական  ու հասարակական այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանը և այլոք:

«Ֆրիդրիխ Էբերտ» hիմնադրամի նախագահ Կուրտ Բեկը:

Ըստ հաշվետվության՝ 2017-ին Հիմնադրամի բյուջեն շուրջ 176 մլն եվրո էր,  2016-ին ստացել էր 167 մլն եվրո դրամաշնորհ, որի մեծագույն մասը՝ Դաշնային նախարարություններից, 2015-ին հիմնադրամը տարբեր գերատեսչություններից ստացել էր ավելի քան 153 մլն եվրո դրամաշնորհ:

«Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ» (Konrad-Adenauer Stiftung, KAS), Kas.de -  Հարում է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությանը (Christlich Demokratischen Union, CDU): Հիմնադրվել է 1955-ին, իսկ 1964-ից կրում է Գերմանիայի առաջին կանցլեր Ադենաուերի անունը:

Հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքներն են ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը: Ինչպես ներկայացված է նկարագրության մեջ, եվրոպական և միջազգային համագործակցությամբ Հիմնադրամը ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Հիմնադրամն աշխարհում ավելի քան 100 գրասենյակներով ու 120 նախագծերով աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության ու սոցիալ-շուկայական տնտեսության օժանդակմանը: Խաղաղություն և ազատություն ապահովելու համար օժանդակում է արտաքին և անվտանգ քաղաքականության շարունակական երկխոսությանը, ինչպես նաև մշակութային ու կրոնական փոխանակմանը: Որպես վերլուծական կենտրոն ու խորհրդատվական գործակալություն Հիմնադրամը մշակում է գիտական հիմունքներ ու արդիական վերլուծություններ քաղաքական գործընթացների համար: Բեռլինում հիմնադրամի ակադեմիան քաղաքականության, տնտեսության, եկեղեցու, հասարակության ու գիտության շուրջ ապագայի վերաբերյալ հարցերի երկխոսության ֆորում է [1, 2, 3, 4]:

2018թ. հունվարից հիմնադրամի նախագահը Բունդեսթագի նախկին նախագահ Նորբերտ Լամերթն է (norbert-lammert.de) [1, 2, 3], փոխնախագահները՝ ՔԴՄ կուսակցության անդամներ Հերման Գրյոհեն, (hermann-groehe.de)  [1, 2, 3], Հիլդիգունդ Նոյբերթը [1] և Խեմնիցի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բիթ Նոյսը (Beate Neuss) [1, 2]: Հիմնադրամի պատվավոր նախագահը ՔԴՄ անդամ, Թյուրինգենի նախկին վարչապետ (1992 – 2003թթ.) Բերնհարդ Ֆոգլն է [1]:

Հիմնադրամի խորհրդի անդամներից են Անգելա Մերկելը, ՔԴՄ ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը և ուրիշներ: Հիմնադրամի և դրա խորհրդի մյուս անդամների գերակշռող մասը քաղաքական և հասարակական գործիչներ են [1]: 2016-ին Հիմնադրամը ստացել է 166 մլն դրամաշնորհ, որից 159 մլն եվրոն՝ Դաշնությունից, 2015-ին ստացել է շուրջ 154 մլն, որից 147 մլն-ն՝ Դաշնությունից:

«Հանս Զեյդել Հիմնադրամ» (Hanns-Seidel-Stiftung, HSS),  Hss.de – Հարում է Բավարիայի «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությանը  (Christlich-Soziale Union, CSU), որը համարվում  է ՔԴՄ-ի «քույր» կուսակցություն՝ միասին դաշինք են կազմում Բունդեսթագում: HSS-ն հիմնադրվել է  1967-ին և կրում է Բավարիայի Ժողովրդական կուսակցության, CSU անդամ/նախագահ, Բավարիայի վարչապետ (1957-1960թթ.) Հանս Զեյդելի անունը [1, 2]: Հիմնադրամի նպատակն է նպաստել գերմանացի ժողովրդի ժողովրդավարական ու քաղաքացիական կրթությանը՝ քրիստոնեական սկզբունքներով [1]: Հիմնադրամի նախագահը CSU անդամ Ուրսուլա Մեննլեն է, իսկ գլխավոր քարտուղարը` CSU անդամ Պետեր Վիտտերաուֆը (Peter Witterauf) [1]: 2013-ին հիմնադրամը հրապարակել է «Հայկական թեմատիկան Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության մեջ» ուսումնասիրությունը: 2017թ. հաշվետվության համաձայն՝ 2016-ին հիմնադրամը ստացել է 59 մլն եվրո դրամաշնորհ, որից  54 մլն-ն՝ Դաշնությունից:

«Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ՝ հանուն ազատության»  (Friedrich-Naumann-Stiftung für die Freiheit, FNF), Freiheit.org – Հարում է «Ազատ դեմոկրատական կուսակցությանը» (Freie Demokratische Partei, FDP):  ՖՆՀ-ն հիմնադրվել է 1958-ին, իսկ անունը ստացել ի պատիվ գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ  Ֆրիդրիխ Նաումանի: 2007-ին անվանման մեջ ավելացել է «հանուն ազատության» արտահայտությունը [1, 2, 3]: Կանոնադրության համաձայն՝ հիմնադրամի գործունեության հիմքում լիբերալիզմն է, որի նպատակներից է նաև բոլոր հետաքրքրվողներին, հատկապես՝ երիտասարդ սերնդին փոխանցել Ֆ. Նաումանի  լիբերալ, սոցիալական և ազգային հայացքները։ Հիմնադրամը փորձում է Գերմանիայում և արտերկրում տարածել լիբերալ արժեքներ, ինչպիսիք են ազատությունն ու պատասխանատվությունը [1, 2, 3]: Հիմնադրամը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 60 երկրում [1]:

ՖՆՀ-ի գործադիր ղեկավարը FDP անդամ Շտեֆեն Սաեբիշն է, իսկ նախագահը՝ FDP անդամ,  Սաքսոնիա-Անհալթի ֆինանսների նախարար (2002-2006թթ.) Կարլ-Հայնց Փաքեն (Karl-Heinz Paqué) [1]: 2017թ. հաշվետվության համաձայն՝ 2016-ին Հիմնադրամն ստացել է շուրջ 57մլն եվրո դրամաշնորհ, որից 56 մլն-ն՝  նախարարություններից:

«Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամ» (Rosa-Luxemburg-Stiftung, RLS), Rosalux.de –Հիմնադրվել է 1990թ.-ին՝ «Հասարակության վերլուծության և քաղաքական կրթության» միավորում անվանմամբ (Verein «Gesellschaftsanalyse und politische Bildung»): 1999-ից անվանակոչվել է Եվրոպայում սոցիալ-դեմոկրատական գաղափարների և գործողությունների ներկայացուցիչ, լեհ սոցիալիստ, քաղաքական և հեղափոխական գործիչ Ռոզա Լյուքսեմբուրգի անունով (1, 2): 1992-ից հարում է «Ձախեր» (Die Linke) կուսակցությանը (նախկինում՝ «Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն» (Partei des Demokratischen Sozialismus): Հիմնադրամը ժամանակակից կապիտալիզմի քննադատական վերլուծության հարթակ է, ձախ սոցիալիստական ուժերի, սոցիալական շարժումների և կազմակերպությունների, ձախ մտավորականների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆորում [1, 2]: Հիմնադրամի նախագահը Բունդեսթագի նախկին անդամ Դագման Էնքլմանն է [1]:

2016-ին RLS-ն ստացել է 57 մլն, իսկ 2017թ.-ին՝ շուրջ 62 մլն եվրո դրամաշնորհ: Ֆինանսավորող կազմակերպությունների թվում են ներքին և արտաքին գործերի, կրթության և հետազոտության, տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունները, Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական պրակտիկայի վարչությունը:

«Հայնրիխ Բյոլ հիմնադրամ» (Heinrich-Böll-Stiftung), Boell.de – Հարում է «Միություն 90/Կանաչներ» կուսակցությանը (Bündnis 90/Die Grünen): Հիմնադրվել է 1997-ին և կրում է գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի անունը [1, 2, 3]: Հիմնադրամի նպատակն է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը, գլոբալ էկոհամակարգի քայքայման դեմ պայքարը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների խթանումը, պետական և տնտեսական գերակայության դեմ անհատի ազատության պաշտպանությունը [1, 2]: Ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 60 երկրում [1], 2017թ. հաշվետվության համաձայն՝ ունի 33 գրասենյակ արտերկրում: 2017-ին Հիմնադրամը ստացել է 64 մլն եվրո դրամաշնորհ, որի 66%-ը կառավարությունից:

«Դեսիդերիուս Էրազմուս hիմնադրամ» (Desiderius-Erasmus-Stiftung, DES), Erasmus-stiftung.de – Ամենաերիտասարդ հիմնադրամներից է, ստեղծվել է 2017-ին: 2018թ. հուլիսից ճանաչվել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը (Alternative für Deutschland, AfD) հարող հիմնադրամ: DES-ը ձգտում է ժողովրդավարության ամրապնդման ու նորացման՝ դրանում ավելի շատ քաղաքացիների ուղիղ մասնակցության և ավելի քիչ ԵՄ-ի խնամակալության միջոցով [1, 2]:

Թեև դեռևս հրապարակված չեն այս հիմնադրամների 2017թ. ֆինանսական ամբողջական հաշվետվությունները, սակայն 2018թ. փետրվարին գերմանական լրատվամիջոցները հայտնել են, որ 2017-ին կուսակցություններին հարող հիմնադրամները պետությունից 27 միլիոն եվրո ավելի դրամաշնորհ են ստացել, քան նախորդ տարի [1, 2, 3]:

Այս հիմնադրամները (բացի՝ «Դեսիդերիուս Էրազմուս hիմնադրամից») Գերմանիայի խոշոր վերլուծական կենտրոններից են : Ըստ Global Go To Think Tank Index 2017 զեկույցի՝ աշխարհի լավագույն 173 Think Tank-երի ցուցակի 16-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը», 18-րդը՝ «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը», 87-րդ հորիզոնականը՝ «Հայնրիխ Բյոլլ հիմնադրամը», 156-րդը՝ «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը»:

Արևմտյան Եվրոպայի լավագույն վերլուծական 124 կենտրոնների ցանկում KAS-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, FES-ը՝ 7-րդ հորիզոնականը, HSS-ն՝ 36, HBS՝ 42, FNF՝ 46: Որոշ հիմնադրամներ ընդգրված են նաև պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտներն ուսումնասիրող լավագույն 104 կենտրոնների ցանկում՝ 42-րդ հորիզոնականում KAS-ն է,  76-ում՝ FES-ը: HBS-ն բնապահպանության ոլորտում լավագույն 95 կենտրոններից 71-րդն է:

Քաղաքական կուսակցություններին հարող հիմնադրամներից բացի, պետական ֆինանսավորում են ստանում գերմանական այլ վերլուծական կենտրոններ: Օրինակ՝ տնտեսական հետազոտություն իրականացնող «Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտը» (Deutsches Institut für Wirtschaftsforschung,  DIW Berlin, (գործում է  1925-ից), [1], «Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտը» (գործում է 1914-ից [1]), «Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ» (Մյունխեն, IFO-Institut), «Եվրոպական տնտեսական հետազոտություների կենտրոն» (Zentrum für Europäische Wirtschaftsforschung, ZEW)[1], «Մրցակցային էկոնոմիկայի Դյուսելդորֆի կետրոն» (Düsseldorf Institute for Competition Economics, DICE) կենտրոնները և այլն:

Գերմանիայում կան նաև նախարարություններին կից վերլուծական կենտրոններ: 2018թ. մարտի վերջին Համբուրգում իր գործունեության մեկնարկն է հայտարարել Պաշտպանության նախարարության «Դաշնային պաշտպանության առաջնորդության ակադեմիա» (Führungsakademie der Bundeswehr, Fueakbw.de), իսկ հոկտեմբերից՝ Աշխատանքի նախարարությանը կից «Թվային աշխատող հասարակության ուղեղային կենտրոն» (Denkfabrik Digitale Arbeitsgesellschaft, Denkfabrik-bmas.de) վերլուծական կենտրոնները:

Գերմանական «ուղեղային կենտրոնների» գործունեությունը Հարավային Կովկասում

Գ երմանական հետազոտական որոշ կենտրոններ գործում են Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Դրանց թվում են նաև վերոնշյալ քաղաքական կուսակցություններին հարող հիմնադրամները:

«Ֆրիդրիխ Էբերտ  հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը Թբիլիսիում է և համակարգում է Վրաստանում, Հայաստանում, նախկինում նաև՝ Ադրբեջանում իրականացվող ծրագրերը: Թբիլիսիում գրասենյակը գործում է 1994-ից, իսկ Հայաստանում՝ 1995-ից [1, 2]: Հարավային Կովկասում ՖԷՀ-ի ծրագրերի հիմնական ուղղություններն են ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, տնտեսությունն ու աշխատանքը, խաղաղությունն ու անվտանգությունը [1]:

Ժողովրդավարության ու քաղհասարակության կառույցների ամրապնդմանը զուգահեռ ՖԷՀ-ը Հարավային Կովկասում փորձում է ուժեղացնել տարածաշրջանային համագործակցությունն ու աջակցել հակամարտությունների խաղաղ լուծմանը [1]: Հիմնադրամը Հայաստանում համագործակցում է ինչպես Ազգային Ժողովի, այնպես էլ կառավարության հետ: Դեռևս 2013թ. հուլիսի 17-ին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի, Հիմնադրամը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն անցկացնելու էին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ համատեղ խորհրդարանական լսումներ: 2015թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունել էր ՖԷՀ-ի պատվիրակությանը և քննարկել Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային համագործակցությանը, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարներին: 2018թ. փետրվարի 25-27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը մասնակցել են ՖԷՀ-ի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Ներկայումս ՖԷՀ-ը, ինչպես նշված է վերջինիս կայքում, Ադրբեջանում ծրագրեր չի իրականացնում:

Նշենք, որ Հիմնադրամը գործունեություն է ծավալում նաև Թուրքիայում, որն աշխատում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ: 2017թ. ապրիլին որպես «Հիշողության և մոռացության քաղաքականություն. պատմաբանների և պատմության ուսուցիչների ցանցի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» ծրագրի մաս՝ Թուրքիայի և Հայաստանի պատմաբանները և պատմության ուսուցիչները պատրաստել էին զեկույց Թուրքիայի և Հայաստանի պատմության դասագրքերի վերլուծության վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն աջակցող ծրագրի շրջանակում, ինչպես նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցչությունների աջակցությամբ [1]: 2014թ. նոյեմբերին Հիմնադրամի Թուրքիայի ներկայացուցչության, Հրանտ Դինք հիմնադրամի ու Անկարայի համալսարանի քաղաքականության ֆակուլտետի համագործակցությամբ անցկացվել է «Կողպված դարպասը. խորհրդաժողով՝ Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» գիտաժողով [1, 2]:

Ք «աղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի շրջանակում երևանյան մասնաճյուղի և Թբիլիսիում տարածաշրջանային գրասենյակի միջոցով [1, 2] Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործունեություն է ծավալում նաև «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը»: Նկարագրության համաձայն՝ Հիմնադրամը Հարավային Կովկասում եկեղեցիների և կրոնական համայնքների հետ համատեղ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: ԿԱՀ-ը Հվ. Կովկասում ձգտում է նպաստել նաև բազմակարծիք կուսակցական ժողովրդավարության ամրապնդմանը: Այս նպատակով հիմնադրամը տարբեր հրապարակումներ է թարգմանում Հարավային Կովկասում կուսակցությունների և «Քրիստոնեա-դեմոկրատական միության»  միջև ծրագրային քննարկմանն աջակցելու համար, օժանդակում է ժողովրդավարական կուսակցական կառույցներին և կուսակցությունների մշակված ծրագրին [1, 2]:

Ն. Փաշինյանն ու ԿԱՀ նախագահ Նորբերթ  Լամերթը:

Հիմնադրամը 2013-ին Եվրամիության համաֆինանսավորվամբ իրականացրել է «Ժողովրդավարությունն առաջին հերթին սկսվում է Ձեզանից» քաղաքական կրթության նախագիծը: 1,88 միլիոն եվրո բյուջե կազմող ծրագիրն ընդգրկում էր Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, որն իրականացնում էին ԿԱՀ-ը, հոլանդական Էդուարդո Ֆրեյ հիմնադրամը, Քաղաքական դասընթացների Երևանի, Թբիլիսիի և Բաքվի դպրոցները [1, 2]:

Երևանում հիմնադրամի մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերի 28-ին, սակայն մինչ այդ Հայաստանն ու ԿԱՀ-ը համագործակցել են, այդ թվում՝ պաշտոնական մակարդակում: Դրա մասին են վկայում, օրինակ, 2012թ. մարտին Հիմնադրամում ՀՀ նախկին նախագահ Ս. Սարգսյանի ելույթը, ինչպես նաև մինչ օրս ՀՀ քաղաքական և պետական գործիչների և Հիմնադրամի ներկայացուցիչների միջև անցկացվող հանդիպումները [1, 2, 3, 4] և այլն: Նշենք նաև, որ 2019թ. փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ և ելույթ ունեցել։ Նրան դիմավորել էր հիմնադրամի նախագահ Ն. Լամերթը։

Հ արավային Կովկասում ակտիվ գործունեություն է ծավալում «Հայնրիխ Բյոլ հիմնադրամը», որի տարածաշրջանային գրասենյակը Թբիլիսիում է, և այն իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար [1]: ՀԲՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի գլխավոր նպատակը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ազատ, արդար և հանդուրժող հասարակությունների ձևավորումն է: Ժողովրդավարական քաղաքական մշակույթի խթանման ծրագրի շրջանակում գրասենյակն աջակցում է կանանց և սեռական փոքրամասնությունների սոցիալական և քաղաքական հզորացման նախաձեռնություններին, զբաղվում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հիմնախնդիրներով: Նշվում է նաև, որ տարածաշրջանային գրասենյակը նպաստում է քաղաքացիական հասարակության երկխոսությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը [1, 2]: ՀԲՀ-ի նպատակը հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության շփումների հաստատումն է: Տարածաշրջանային գրասենյակը սերտորեն համագործակցում է հիմնադրամի Ստամբուլի և Մոսկվայի գրասենյակների, ինչպես նաև հակամարտության փոխակերպման գործընթացում ներգրավված տարածաշրջանային  կովկասյան ՀԿ-կոալիցիաների հետ [1, 2, 3]:

Հիմնադրամը նաև Ստամբուլի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է հայ-թուրքական երկխոսություններ ոչ պաշտոնական մակարդակում [1]:

Հ վ. Կովկասում գործունեություն է ծավալում նաև «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը»՝ «Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն Հարավային Կովկասում ազատության հիմնադրամ» անվանմամբ (fnfsc.fnst.org), որի տարածաշրջանային գրասենյակը ևս Թբիլիսիում է և պատասխանատու է Հայաստանում ծրագրերի համար [1]: Հիմնադրամն աշխատում է քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների ամրապնդման միջոցով Հարավային Կովկասում տարածել ազատության և լիբերալիզմի գաղափարները [1, 2, 3]: Հայաստանում Հիմնադրամի գործընկերներն են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (2002-ից), «Կովկասի ինստիտուտը», «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» [1, 2, 3, 4, 5, 6]:

2016թ. մարտին Երևանում Հիմնադրամի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի աջակցությամբ անցկացվել է «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով քննարկում [1]:

Վրաստանում Հիմնադրամի գործընկներներն են «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետական» լիբերալ կուսակցությունները, «Վրաստանի Նոր տնտեսական դպրոցը», «Քաղաքացիական ներգրավման կենտրոնը», «Վրաստանի ուսանողներն՝ հանուն ազատության» և  Accent լրատվական գործակալությունը [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12]:

ՖՆՀ-ն Հայաստանի վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ է արել. 2018թ. դեկտեմբերի 12-ին հրապարակվել է «Բացարձակ մեծամասնությունը՝ հանուն «թավշյա հեղափոխականների» բլոկի. Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները» վերլուծությունը, 2018թ. օգոստոսին՝  «Երեք օր, երեք երկիր և հստակ հայտարարություններ. Վրաստան, Հայաստան, Ադրբեջան. Դաշնային կանցլեր Մերկելի այցի գնահատական», 2015թ. դեկտեմբերին՝ «Հանրաքվե ավելի շատ ժողովրդավարության համա՞ր. Հայաստանը նոր Սահմանադրություն է ստանում» և այլ վերլուծություններ:

Իսկ 2019թ. փետրվարի 1-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական մեկնարկը» (Demokratischer Aufbruch in der Republik Armenien) վերլուծությունը, որտեղ հեղինակներն անդրադառնում էին վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշում, որ չնայած արդիական մարտահրավերներին, ՀՀ-ում ժողովրդավարության ու իրավական պետակության ամրապնդման հույս կա, ինչպես նաև հիշատակում նույն օրը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ու կանցլեր Ա. Մերկելի հանդիպման մասին:

1999-ից հիմնադրամը գործունեություն էր ծավալում նաև Ադրբեջանում, սակայն 2015թ. մարտին դադարեցրել է իր գործունեությունը: Նշենք, որ Ադրբեջանում գործունեության ընթացքում հիմնադրամը բախվել էր խոչընդոտների, օրինակ, 2005թ. ապրիլին իշխանություններն արգելել էին հերթական սեմինարի անցկացումը: 2011թ.  հունվարին Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը Հիմնադրամի հետ կուսակցության 100-ամյակի կապակցությամբ նախատեսել էր ֆորում անցկացնել, սակայն իշխանությունների ճնշման ներքո սրահները միջոցառումից երկու օր առաջ չեղյալ էին հայտարարել ամրագրման համաձայնությունը  [1, 2]:

Ռ «ոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամ»-ը թեև Հայաստանում չունի գրասենյակ, սակայն հանդես է գալիս Հայաստանին առնչվող նախաձեռնություններով, որի հիմնական թեմաներից է Հայոց ցեղասպանությունը. 2016թ. փետրվարի 13-ին և 14-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվել են միջոցառումներ Հայոց ցեղասպանության և իսլամացված հայերի թեմաներով [1]: 2019թ. ապրիլի 13-ին Բեռլինում՝ Հիմնադրամի գրասենյակում, անցկացվելու է «Ժխտման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը Գերմանիայում պատմաքաղաքական բանավեճերում ու մշակութահիշարժան դատողություններում» խորագրով գիտաժողով:

Վերոնշյալը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ռոզա Լյուքսեմբերգն ուսումնասիրել է ազգային հարցը, հետաքրքրվել Հայկական հարցով, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարով, դատապարտել թուրքական կառավարողների կազմակերպած հայերի ցեղասպանությունը [1]:

Հիմնադրամն իր գործունեության շրջանակում տարբեր ժամանակներում անդրադարձել է նաև արցախյան ու վրաց-աբխազական հակամարտությունների թեմային: Օրինակ՝ 2017թ. օգոստոսի 3-ին հրապարակվել է «Հիվանդանոցներն ու ֆուտբոլի դաշտերը. հետխորհրդային միության կոնֆլիկտային շրջաններում մարդկանց կյանքից» հոդվածը, 2014թ. ապրիլին՝ «Կրոնն ու փոխակերպումը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում» (Religion und Transformation in Zentralasien und Südkaukasus) հետազոտությունը, 2008թ. սեպտեմբերին՝ «Հինգ օրյա պատերազմը Կովկասում որպես շրջադարձային կետ Եվրասիայի համար» (Der Fünf-Tage-Krieg im Kaukasus als Zäsur für Eurasien) ևն: 

Բացի կուսակցություններին հարող կենտրոններից, Հարավային Կովկասը նաև գերմանական այլ առաջատար և խոշոր «ուղեղային կենտրոնների» ուսումնասիրության առարկան է:

Այսպիսի կենտրոններից է  «Գիտության և քաղաքականության հիմնադրամը» (Die Stiftung Wissenschaft und Politik (SWP), որն աշխարհի լավագույն 173 կենտրոնների շարքում 20-րդն է :

SWP-ն հիմնադրվել է 1962-ին որպես քաղաքացիական իրավունքի հիմնադրամ: 1965թ. հունվարից «անկախ հետազոտական կենտրոններին» աջակցելու Բունդեսթագի միաձայն որոշմամբ SWP-ն սկսել է ֆինանսավորվել Դաշնության միջոցներից: 2001-ից SWP-ի նստավայրը Բեռլինում է, 2009-ից գրասենյակ ունի նաև Բրյուսելում [1]:

SWP-ին արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում գիտական հետազոտություններ է անցկացնում: Այս նպատակով Հիմնադրամն աջակցում է «Միջազգային քաղաքականության ու անվտանգության գերմանական ինստիտուտին» (Deutsche Institut für Internationale Politik und Sicherheit): Յուրաքանչյուր երկու տարին մեկ որոշվում է հիմնադրամի հետազոտական գործունեության շրջանակը: Հիմնադրամը Բունդեսթագին ու Դաշնային կառավարությանն է ներկայացնում SWP փորձաքննության շրջանակում ընդգրկված հետազոտական հարցերի ու թեմաների ակնարկ: 2015թ. հիմնադրամի բյուջեն 53.000 եվրո էր [1]: SWP-ն ստանում է ինստիտուցիոնալ դրամաշնորհներ, որը հաստատում է Բունդեսթագը և վճարում Դաշնային կանցլերի գրասենյակը: 2017-ին ստացել է 13,8 մլն, 2016-ին՝12,3 մլն, 2015-ին՝ 12,5 մլն, 2014-ին՝ 11,7 մլն, 2013-ին ևս՝ 11,7 մլն դրամաշնորհ [1]:

Հիմնադրամն ունի հետազոտական խմբեր, որոնք զբաղվում են ԵՄ/Եվրոպայի, անվտանգության քաղաքականության, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի, Ասիայի, համաշխարհային հարցերի ուսումնասիրությամբ, իսկ Արևելյան Եվրոպայի ու Ասիայի հարցերով հետազոտական խումբը զբաղվում է քաղաքական կառույցների, հասարակական գործընթացների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում, հատկապես՝ Ռուսաստանում, Բելառուսում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արտաքին, անվտանգության և ռազմական քաղաքական զարգացումներով [1]:

SWP-ն հանդես է գալիս նաև Հվ. Կովկասին առնչվող տարբեր ծրագրերով. 2014թ. հունվար-2016թ. դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ SWP-ն Ադրբեջանում, Վրաստանում, Շվեյցարիայում, Ռուսաստանում և Թուրքիայում իրականացրել է «Հարավային Կովկասում ներ- և միջհասարակական անկայունության աղբյուրներն ու ԵՄ արձագանքելու հնարավորությունները» միջազգային հետազոտական համատեղ ծրագիրը (Intra- and Inter-Societal Sources of Instability in the Caucasus and EU Opportunities to Respond (ISSICEU), որի  նպատակն էր առաջարկներ ներկայացնել որոշումներ կայացնողների համար: Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է Թուրքիայի դերը Հվ. Կովկասում, հատկապես թուրքական ազդեցությունը վրաց-աբխազական հակամարտության վրա [1]:

Տարբեր ժամանակներում ևս SWP-ն իր մի շարք հետազոտություններում անդրադարձել է Հարավային Կովկասին, այդ թվում՝ նաև Հայաստանին ու Արցախյան հակամարտությանը.

  • 2018թ. օգոստոսին հրապարակվել է «Ռազմականացման գործընթացներն Հարավային Կովկասում. սպառազինությունն ու պատերազմական հռետորաբանությունը չլուծված տարածքային հակամարտությունների համատեքստում» (Militarisierungsprozesse im Südkaukasus: Aufrüstung und Kriegsrhetorik im Umfeld ungelöster Territorialkonflikte) հետազոտությունը:

  • 2018թ. օգոստոս՝ «ՀԸԳՀ-ն «Նոր Հայաստանում». Հայաստանի բարեփոխումների կուրսը Ն. Փաշինյանի կառավարության և ԵՄ-ի հետ գործընկերության նոր համաձայնագրի ներքո» (CEPA im «Neuen Armenien»: Armeniens Reformkurs unter der Regierung Paschinjan und das neue Partnerschaftsabkommen mit der EU):

  • 2018թ. ապրիլ՝ «Հայաստանում «թավշյա հեղափոխության» փուլային հաղթանակը» (Etappensieg der «samtenen Revolution» in Armenien):

  • 2016թ. ապրիլ՝ «Զինադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մնում է փխրուն» (Waffenstillstand im Konflikt um Berg-Karabach bleibt brüchig):

  • 2016թ. հուլիս՝ «Չսառեցված. Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտությունները՝ Ուկրաինայում ճգնաժամի լույսի ներքո» (Die ungelösten Konflikte um Transnistrien, Abchasien, Südossetien und Berg-Karabach im Lichte der Krise um die Ukraine):

  • 2015թ. մայիսին՝ «Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տնտեսական միությանը» (Armeniens Beitritt zur EurasischenWirtschaftsunion):

  • 2013թ. փետրվարին՝ «Լեռնային Ղարաբաղի շուջ վեճը. առանձնահատկություններն ու հակամարտության կողմերը» (Der Streit um Berg-Karabach Spezifische Merkmale und die Konfliktparteien) և մի շարք այլ հետազոտություններ:

Գ երմանական առաջատար ակադեմիական վերլուծական կենտրոններից է «Արտաքին քաղաքականության գերմանական հասարակություն» կազմակերպությունը (Die Deutsche Gesellschaft für Auswärtige Politik e. V. (DGAP): Այն աշխարհի լավագույն  «ուղեղային կենտրոնների» 49-րդ հորիզոնականում է: 1955-ին հիմնադրված DGAP-ն արտաքին քաղաքականության ցանց է, որն աջակցում է Գերմանիայում արտաքին քաղաքականության կարծիքի ձևավորմանը:

Նպատակներն են՝

  • էական ներդրում ունենալ Գերմանիայում արտաքին քաղաքականության բանավեճում,

  • խորհուրդներ տալ քաղաքականության, տնտեսության և քաղհասարակության հարցերում որոշումներ  կայացնողներին,

  • տեղեկացնել հասարակությանը միջազգային քաղաքականության հարցերի վերաբերյալ,

  • ամրապնդել Գերմանիայում արտաքին քաղաքական համայնքը,

  • խթանել աշխարհում Գերմանիայի արտաքին քաղաքական դիրքորոշումը [1]:

DGAP-ն հետազոտություններ է իրականացնում քաղաքականության, տնտեսության, գիտության և մեդիայի ոլորտում, կազմակերպում է արտաքին քաղաքականության վերաբերյալ մասնագիտական գիտաժողովներ, քննարկումներ, ինչպես նաև ուսանողական և ծրագրային խմբային բանավեճեր, հրապարակում  ուսումնասիրություններ, մշակում լուծումներ [1]:

Կազմակերպությունը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և մի շարք կազմակերպությունների կողմից: 2016-2017թթ. հաշվետվության համաձայն՝ 2016-ին DGAP-ն ԱԳՆ-ից ստացել է 855 հազար, իսկ 2015-ին՝845 հազար եվրո ֆինանսավորում:

DGAP-ն իր գործունեության շրջանակում անդրադառնում է նաև Հարավային Կովկասին, Արցախյան հակամարտությանն ու Հայաստանին: Օրինակ՝ 2015թ. հունվարին հրապարակել է «Աթոռների միջև. Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Մոսկվայի և Բրյուսելի միջև են» (Zwischen den Stühlen: Die Länder des Südkaukasus – Armenien, Aserbaidschan und Georgien – sind zwischen Moskau und Brüssel gefangen) հետազոտություն-վերլուծութունը, 2012-ին՝ «ԵՄ քաղաքականությունը Կովկասում պետք է փորձաքննության ենթարկվի. Եվրոպան չափազանց քիչ է կարևորում անջատողական համակարտությունների լուծումը» (Die EU-Politik im Kaukasus muss auf den Prüfstand: Europa misst der Lösung der Sezessionskonflikte zu wenig Bedeutung bei), 2013-ին՝ «Անվտանգության քաղաքականության լճացում Հարավային Կովկասում. Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային ու միջազգային դերակատարների լարվածության դաշտում» (Sicherheitspolitische Stagnation im Südkaukasus: Berg-Karabach im Spannungsfeld regionaler und internationaler Akteure), «Հարավային Կովկասի հակամարտություն. ԵՄ-ը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի» (Südkaukasus-Konflikt: EU muss mehr Verantwortung übernehmen), «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ հաջորդող քննարկումներով» (Herausforderungen der Armenischen Außenpolitik: Rede von Edward Nalbandyan, Außenminister der Republik Armenien, mit anschließender Diskussion), 2017-ին՝ «Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ. անվտանգության հարցեր ու էթնոքաղաքական հակամարտություն» (Russlands Politik gegenüber dem Südkaukasus: Sicherheitsbedenken und ethnopolitischer Konflikt) և այլն:

Կարող ենք ասել, որ վերլուծական և հետազոտական կենտրոնները կարևոր դեր ունեն Գերմանիայի քաղաքական գործընթացներում և պետությունը կարևորում է դրանց աշխատանքը: Գերմանական խոշոր ու հեղինակավոր վերլուծական կենտրոնները գործունեություն են ծավալում նաև Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում: Քանի որ նշված գրեթե բոլոր կենտրոնները ֆինանսավորվում են պետությունից, հետևաբար կարելի է ասել, որ կուսակցություններին հարող հիմնադրամները պետական ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացնում Հայաստանում՝ փորձելով տարածել իրենց հիմնարար արժեքներն ու սկզբունքները: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում՝ որ Հարավային Կովկասում գերմանական վերլուծական կենտրոնների ուսումնասիրության առանցքային թեմաներից են Արցախյան ու վրաց-աբխազական  հակամարտությունները: