Կոոպերացիա՞ թե մրցակցություն

16 ր.   |  2019-02-18

Ինչի կհանգեցնի ԵԱՏՄ երկրների միասնական արդյունաբերական քաղաքականությունը

  • Միասնական արդյունաբերական քաղաքականության էությունը
  • ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի ընդհանուր բնութագիրը և արդյունաբերական ներուժ

  • Արտադրության մասնագիտացման և կոոպերացման հեռանկարները ԵԱՏՄ երկրներում

Միասնական արդյունաբերական քաղաքականության էությունը։ ԵԱՏՄ երկրները, ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից, նախաձեռնել են արդյունաբերական քաղաքականության իրականացման մոտեցումներ, որոնք միտված են արտահանության մեծացմանը և արտահանման ներուժի բացահայտմանը: ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի նպատակը անդամ երկրների արդյունաբերական ներուժի արդյունավետ և փոխշահավետ օգտագործումն է, ինչը միտված է համատեղ հաղթահարելու համաշխարհային տնտեսության մարտահրավերները, խոչընդոտները և ապահովելու առաջանցիկ ու կայուն արդյունաբերական զարգացում, բարելավելու մրցունակությունը և անդամ պետությունների արդյունաբերական համալիրների նորարարական գործունեությունը։

Արդյունաբերական քաղաքականության ձևավորման ու նյութականացման գործում ԵԱՏՄ-ում իրականացվել են որոշակի գործընթացներ, որոնց արդյունքում հիմնական շեշտը դրվել է արդյունաբերական համալիրների արդիականացման, համաշխարհային շուկայում պահանջարկ ունեցող գիտատար արդյունաբերական արտադրանքի նոր կոոպերացիոն շղթաների ձևավորման վրա։

Ընդհանուր առմամբ, արդյունաբերական քաղաքականությունը սահմանվում է որպես տնտեսության առանձին ճյուղերի կամ ենթաճյուղերի հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունների հատուկ քաղաքականություն կամ արդյունաբերության կառուցվածքի ձևավորմանն միտված քաղաքականություն։

Միասնական արդյունաբերական քաղաքականության իրավական հիմքերն են 2014թ. մայիսի 29-ին ԵԱՏՄ պայմանագրի 24-րդ՝ «Արդյունաբերություն» բաժինը, 92-րդ հոդվածը՝ «Արդյունաբերական քաղաքականություն և համագործակցություն» և 27-րդ հավելվածի «Արդյունաբերական համագործակցության մասին արձանագրությունը»: ԵԱՏՄ պայմանագրի իրացման կարևորագույն իրադարձություններից է 2015թ. սեպտեմբերին ընդունված արդյունաբերական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որն ուղղված է երկրների կոոպերացիոն համագործակցության խորացմանը, գործող արտադրությունների արդիականացմանը, արդյունաբերության նոր ոլորտների ձևավորմանը և արտահանման ենթակա մրցունակ ապրանքների արտադրությանը։ 92-րդ հոդվածի գործնական կիրառման համար մշակվել է նաև ԵԱՏՄ պայմանագրի «Արդյունաբերական սուբսիդիաներ» հավելվածը և «Սուբսիդիաների տրամադրման թույլտվության միասնական կանոնների մասին արձանագրությունը»։ Երկրների միջև փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է արդյունաբերության ոլորտում սուբսիդիաներ տրամադրելու կարգն ու առաջնահերթությունները։ Այսպիսով, արդյունաբերական սուբսիդիաները տրամադրվում են Միության անդամ երկրներում արդյունաբերության կայուն և արդյունավետ զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի ընդհանուր բնութագիրը և արդյունաբերական ներուժը: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով համաշխարհային ՀՆԱ-ի մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը 2018թ. կազմել է 2.16% (2016թ.՝ 1.96%): Ինչպես գիտենք, ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ, ինչի մասին են վկայում նաև հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների տարբերությունները:

ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ և 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշները: Ինչպես երևում է աղյուսակից, եթե 2012-2014թթ. անդամ երկրներում գրանցվել է ՀՆԱ աճ, ապա 2015-2016թթ.՝ այն անկում է ապրել՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ՝ պատժամիջոցներով, այս երկրների հիմնական արտահանվող ապրանքների համաշխարհային գների նվազմամբ, դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի բացասական դինամիկայով: 2013թ. ամենաբարձր ցուցանիշի համեմատ 2016թ. 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրճատվեց 55.2%-ով՝ կազմելով 8119 դոլար: Իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է 2017-ին. ՀՆԱ-ն կազմել է 1814272 մլն ԱՄՆ դոլար, որի գերակշիռ մասը՝ 86.9%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է. 2017-ին՝ 10745 ԱՄՆ դոլար (2013թ.-ի համեմատ նվազել է 32.9%-ով): Երկրորդ տեղում է Ղազախստանը, որտեղ ցուցանիշը նվազել է 34.9%-ով` 2017թ. կազմել է 9030 ԱՄՆ դոլար: Տնտեսական զարգացման մակարդակով մոտավորապես համադրելի են Բելառուսը և Հայաստանը, թեև Բելառուսի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 1,5 անգամ մեծ է Հայաստանի ցուցանիշից: Ղրղզստանի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017թ. 1273 ԱՄՆ դոլար էր:

Քանի որ 2017թ.-ին ԵԱՏՄ ՀՆԱ-ի 24.6%-ը բաժին է ընկել արդյունաբերությանը (2010թ.-ի համեմատ կրճատվել է 0.5%-ով), ուստի այն առավել մանրամասն կդիտարկենք, և կփորձենք գնահատել միասնական արդյունաբերական քաղաքականության ազդեցությունն ու արդյունավետությունը:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. կազմել է 1 137.9 մլրդ ԱՄՆ դոլար, որի գերակշիռ մասը` 65%-ը, բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը՝ 740.6 մլրդ ԱՄՆ դոլար: Հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմել է 24%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, գազի և ջրի մասնաբաժինը` 9%:  ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության կառուցվածքը 2018 թվականի հունվար-հոկտեմբերին ըստ տնտեսական գործունեության

Բացի այդ, ընդհանուր արդյունաբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 89%, Ղազախստանին՝ 6%, Բելառուսին՝ 4%, և Հայաստանի և Ղրղզստանի մասնաբաժինը յուրաքանչյուրին ընդամենը 0.3%։ Այսպիսով, ԵԱՏՄ երկրներում մշակող արդյունաբերությունն առաջատարն է, որը Բելառուսում ամենաբարձրն է՝ 88.0%: Ղրղզստանում արդյունաբերության 76.3%-ը ձևավորում է մշակող արդյունաբերությունը, Ռուսաստանում՝ 65.3%, Հայաստանում՝ 62.6%-ը, միևնույն ժամանակ Ռուսաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ մշակող արդյունաբերության ծավալի շուրջ 90%-ը: ԵԱՏՄ մշակող արդյունաբերության մեջ նույնպես Ռուսաստանը առաջատար է՝ 89.5%, Բելառուսը՝ 5.9%, Ղազախստանը՝ 3.9%, Հայաստանը՝ 0.3% և Ղրղզստանը՝ 0.4%, ինչը վկայում է, որ Ռուսաստանից բացի ԵԱՏՄ մյուս երկրներում ոլորտը թերզարգացած է և թողարկման փոքր ծավալներ ունի։

Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի միջին ինդեքսը 2017թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ տոկոսային արտահայտությամբ Միության երկրներում կազմել է 102.7%, այդ թվում՝ Հայաստանում 112.5%, Բելառուսում՝ 106.1%, Ղազախստանում՝ 107.3%, Ղրղզստանում՝ 111.5%, Ռուսաստանում՝ 102.1%: Չնայած բոլոր երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է, այդուհանդերձ ամենաբարձր աճը եղել է Հայաստանում։ Մշակող արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալի միջին ինդեքսը 2017թ. Միության երկրներում նախորդ տարվա համեմատությամբ տոկոսային արտահայտությամբ կազմել է 102.9%, այդ թվում Հայաստանում՝ 115.5%, Բելառուսում՝ 106.9%, Ղազախստանում՝ 105.6%, Ղրղզստանում՝ 107.6%, Ռուսաստանում՝ 102.5%:  

Գնահատելով մշակող արդյունաբերության կարևորությունը և դերը, դիտարկենք միջանկյալ ապրանքների առևտրաշրջանառության ծավալները (միջանկյալ ապրանքները օգտագործվում են այս ճյուղում վերջնական ապրանքներ ստեղծելու նպատակով): Այսպիսով ԵԱՏՄ վիճակագրության տվյալներով՝ Միության շրջանակներում կոոպերատիվ մատակարարմամբ Ռուսաստանը գերակշռում է, Բելառուսը ստանում է գրեթե նույն քանակությամբ կոոպերատիվ ապրանքներ, ինչքան որ տալիս է անդամ երկրներին, Ղազախստանը հիմնականում ստանում է միջանկյալ ապրանքներ ԵԱՏՄ գործընկերներից, իսկ Հայաստանն և Ղրղզստանը հանդիսանում են միմիայն միջանկյալ ապրանքներ ներմուծողներ: Արդյունքում, միջանկյալ ապրանքների փոխադարձ առևտրի կառուցվածքում Ռուսաստանը գերակշռում է, որի բաժինը միջանկյալ ապրանքների ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 46,8% (այդ թվում արտահանման 61.7% և ներմուծման 31.8%): Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ միջանկյալ ապրանքների ապրանքաշրջանառության՝ 0,9% (արտահանման՝ 0,1% և ներմուծման 1.7%), Բելառուսին՝ 28.5%-ը (արտահանման՝ 27.3%, ներմուծման՝ 29.7%), Ղազախստանին՝ ապրանքաշրջանառության 22.1% (արտահանման 10.5%, ներմուծման` 33.7%), Ղրղզստանի ապրանքաշրջանառության 1,7%-ը (արտահանման՝ 0,4%, ներմուծման՝ 3.1%): ՀՀ-ում միջանկյալ ապրանքների 91.6% ներմուծվում են ՌԴ-ից, 8.3%-ը Բելառուսից, իսկ Ղազախստանից ընդամենը 0.1%-ը: Միևնույն ժամանակ ՀՀ-ից միջանկյալ ապրանքների արտահանման 93.6%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, 3.8%-ը Բելառուսին, 2.4%-ը Ղազախստանին և 0.3%-ը՝ Ղրղզստանին։

Ամփոփելով, նշենք, որ միջանկյալ ապրանքների փոխադարձ առևտուրը հիմնականում ուղղված է Ռուսաստան, մյուս անդամ երկրները առևտուր են անում Ռուսաստանի հետ, իսկ նրանց միջև կոոպերատիվ մատակարարումը գտնվում է ցածր մակարդակի վրա, ինչը ցույց է տալիս, արտահանման և ներմուծման խիստ կենտրոնացվածությունը մի ուղղությամբ: Երրորդ երկրների հետ միջանկյալ ապրանքների արտաքին առևտրի դինամիկան, ինչպես նաև երրորդ երկրներից միջանկյալ ապրանքների ներմուծման մեծ տեսակարար կշիռը և այդ ապրանքների փոխադարձ առևտուրը վկայում են, որ ներմուծման փոխարինման ներուժը դեռ չի օգտագործվում ամբողջությամբ: Չնայած ԵԱՏՄ միջանկյալ ապրանքների արտաքին առևտրի և փոխադարձ առևտրի մասնաբաժնի նվազմանը, մշակող արդյունաբերության ներմուծման ծավալները երրորդ երկրներից շարունակում է աճել, իսկ կոոպերատիվ մատակարարումների մասնաբաժինը Միության փոխադարձ առևտրում գրեթե աճի միտումներ չի գրանցում։

Գծապատկերում ներկայացված է 2014թ.-ի և 2017թ.-ի արտաքին և ներքին առևտրաշրջանառության ապրանքային կառուցվածքի փոփոխությունները: Ինչպես նկատում ենք, ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության կառուցվածքը, ի տարբերություն երրորդ երկրների հետ առևտրի, բավականին դիվերսիֆիկացված է, թե՛ ներմուծման թե՛ արտահանման պարագայում: Հատկանշական է, որ հանքային ապրանքների՝ այդ թվում վառելիքաէներգետիկ ապրանքների, տեսակարար կշիռը 2017թ. փոխադարձ արտահանման մեջ կազմել է 27.6%, այն դեպքում երբ այս ապրանքախմբի արտահանումը երրորդ երկրներ կազմում է 64.3%: Մնացած ապրանքախմբերը համեմատաբար ավելի համամասնական են: Փոխադարձ առևտրի բարձր դիվերսիֆիկացումը պայմանվորված է պատմականորեն ձևավորված տնտեսական կապերով:

Երկրների միջև արտաքին և ներքին առևտրի կառուցվածքը բնութագրում է մի խումբ ապրանքների կենտրոնացվածությունը: Միության անդամ երկրների փոխադարձ առևտրի կեսը գումարային արտահայտվածությամբ կազմում են 39 ապրանքային խմբեր: Երրորդ երկրներ արտահանման մեջ 2 ապրանքախմբեր զբաղեցնում են ընդհանուր ցուցանիշի գրեթե 50%-ը, իսկ երեք ապրանքային դիրքերը՝ 60%-ը: Ներմուծման պարագայում պատկերը այլ է, ընդհանուր ներմուծման կեսը բաժին է ընկնում 67 ապրանքային խմբերի:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ 2017թ. համաշխարհային տնտեսության աշխուժացումը, Միության երկրների տնտեսական աճով պայմանավորված համախառն սպառման ծավալների ավելացումը  իր դրական ազդեցությունն են ունեցել այս երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների դինամիկայի վրա: Վերջինիս խթանմանը նպաստել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթների փոխարժեքների կայունացումը, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների կրճատումը:

Չնայած Ռուսաստանի նկատմամբ շարունակ կիրառվող պատժամիջոցներին՝ Միության երկրներում հիմնականում արդյունաբերությունը աճում է։ ԵՏՀ տվյալներով՝ [1] 2018 թվականի հունվար-հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 3.3%-ով, այդ թվում՝ Բելառուսում՝ 6.4%, Հայաստանում՝ 4.5%, Ղազախստանում՝ 4.7%, Ռուսաստանում՝ 3.0%։ Արդյունքում, անդամ երկրներից միայն Ղրղզստանում է, որ արդյունաբերությունը անկում է ապրել 2018 թվականի տաս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1.4%-ով, ինչը բացասական նրբերանգներ է հաղորդում է ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի ընդհանուր բնութագրին։

Առավել առաջանցիկ տեմպերով աճում է ԵԱՏՄ մշակող արդյունաբերությունը՝ 2018թ. հունվար-հոկտեմբերին կազմելով 3.5%։ Մշակող արդյունաբերության աճ նկատվում է նաև մյուս երկրներում։ Այսպես՝ Հայաստանում մշակող արդյունաբերական արտադրանքն աճել է 10, Բելառուսում՝ 6.5, Ղազախստանում՝ 5.4, Ղրղզստանում՝ 1.2 տոկոսով։

ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն հիմնականում կենտրոնացված է Ռուսաստանում և 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 88.5։ Այդ իսկ պատճառով, արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը առաջին հերթին հենց արտացոլում են Ռուսաստանի արդյունաբերության պատկերը։

ԵԱՏՄ մշակող արդյունաբերության այլ ճյուղերում, որոշ անդամ երկրներում արտադրության անկումը փոխհատուցվում է մյուս երկրում տվյալ ճյուղի թողարկման ծավալների աճով: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ արտադրության աճ գրանցվել է մշակող արդյունաբերության 13 ճյուղերում: Այսինքն, արդյունաբերության ոլորտային կառուցվածքում, բարձր տեխնոլոգիական ճյուղերը, որոնք հանդիսանում են միասնական արդյունաբերական քաղաքականության գերակա ոլորտներ, չեն ապահովում անհրաժեշտ աճ: ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական արտադրության ճյուղային կառուցվածքը ընդհանուր առմամբ կրկնում է Ռուսաստանի արդյունաբերության միտումները, ինչը պայմանավորված է, նախ՝ ԵԱՏՄ-ում նրա գերիշխող դիրքով, ապա՝ ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համալիրներին բնորոշ նույնական զարգացման միտումներով:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ արդյունաբերության աճը կոոպերացման արդյունքում դրական դինամիկա ունի, սակայն Ղրղզստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրանքի 2018թ.-ի նվազումը, կարող է բացասական հետևանքներ թողնել ընդհանուր միության արդյունաբերական պատկերի վրա։

Հայաստանի համանման ցուցանիշները ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2009-2017թթ.-ի արդյունաբերական արտադրանքի ծավալի ինդեքսը մշտապես ունեցել է դրական աճ: 

Հայաստանի իրական ՀՆԱ (մլն ԱՄՆ դոլար), 1 շնչին ընկնող ՀՆԱ (ԱՄՆ դոլար) և արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ (%) 2017թ.[2]

2015թ.-ի անկումը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների ոլորտների ծավալների նվազումով: Անկում է արձանագրվել նաև արդյունաբերական արտադրանքի ինդեքսի հավելաճի մեջ: Ինչպես երևում է գծապատկերում, վերջինս ունի դեպի ավելանալու միտում, ինչը փաստում է արդյունաբերության ոլորտի ֆիզիկական ծավալի աճի մասին։

Ամփոփելով նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներում նկատվում է արդյունաբերական արտադրության աճ, որին նպաստում են ներմուծման փոխարինման քաղաքականությունը և կոոպերատիվ համագործակցության խորացումը: Միության շրջանակներում համագործակցության հաստատումը պետք է միտված լինի տեխնոլոգիական շղթաների ստեղծմանը:

Արտադրության մասնագիտացման և կոոպերացման հեռանկարները ԵԱՏՄ երկրներում։ ԵԱՏՄ արդյունաբերական համալիրի և արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև միասնական արդյունաբերական քաղաքականության գերակա ոլորտները, արտադրության մասնագիտացման և կոոպերացման հնարավորությունները: Միության անդամ երկրների կոոպերատիվ համագործակցության մակարդակը գնահատվում է համագործակցության և մրցունակության ցուցանիշով, ներմուծման կախվածության ինդեքսով:

  • Կոոպերատիվ համագործակցության ինդեքսը միջանկյալ ապրանքների փոխադարձ առևտրի ծավալի հարաբերությունն է թողարկված արադրանքի ծավալին՝ ըստ գործունեության տեսակի: Այս ցուցանիշը բնորոշում է, թե անդամ երկրների միջև որքանով է զարգացած կոոպերատիվ համագործակցությունը տվյալ ճյուղում, այսինքն՝ Միության անդամ երկրներից մեկում արտադրված մասերը և բաղադրիչները որքանով են օգտագործվում մյուս երկրում պատրաստի արտադրանքի արտադրության մեջ:

  • Մրցունակության ինդեքսը արտաքին առևտրում երրորդ երկրների հետ միջանկյալ ապրանքների արտահանման ծավալի հարաբերությունն է տվյալ տեսակի գործունեության թողարկված արտադրանքի ծավալին: Այս ցուցանիշը բնորոշում է, թե որքանով է անդամ երկրներում արտադրված մասերը և բաղադրիչները մրցունակ համաշխարհային շուկայում:

  • Ներմուծման կախվածության ցուցանիշը երրորդ երկրների հետ արտաքին առևտրում միջանկյալ ապրանքների ներմուծման ծավալի հարաբերությունն է տվյալ տեսակի գործունեության թողարկված արտադրանքի ծավալին: Այս ցուցանիշը բնութագրում է անդամ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների կախվածությունը երրորդ երկրներից ներմուծման բաղադրիչ ունեցող մասերից:

Առավելագույն կոոպերատիվ ներուժն ունեն այն ոլորտները, որտեղ բոլոր ցուցանիշները միջինից բարձր են մշակող արդյունաբերությունում: Ամենամեծ կոոպերացիոն ներուժն օգտագործվում է այն ոլորտներում, որտեղ ԵԱՏՄ շրջանակներում արդեն գոյություն ունեն կոոպերատիվ մատակարարումներ: Երրորդ երկրներից բաղադրիչների ներմուծման զգալի ծավալը վկայում է, որ անդամ երկրների կարիքները չեն կարող բավարարել ներքին շուկայի ռեսուրսները: ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ոլորտներն անդամ երկրների կողմից սահմանված արդյունաբերական համագործակցության գերակա ուղղություններն են, ուստի միասնական արդյունաբերական քաղաքականության գերակայությունների ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել երկրների միջև առկա ռեսուրսային  սահմանափակումները: Վերլուծության արդյունքները վկայում են, որ անդամ երկրների համագործակցության փոխշահավետ ուղղություններ հանդիսացող արդյունաբերության ճյուղերը բարձր ներուժ ունեն և կարող են օգտագործվել անդամ երկրների կողմից ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հետագա խորացման համար՝ օգտագործելով Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումները։

ԵԱՏՄ շրջանակներում կոոպերատիվ արտադրական շղթաների ստեղծման հնարավորությամբ կարել է զարգացնել մեքենաների, էլեկտրական, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ռետինե արտադրանքը և այլն:

Արտաքին և փոխադարձ առևտրի մեջ միջանկյալ ապրանքների ներմուծման, արտահանման ծավալների հարաբերությունը մշակող արդյունաբերական արտադրանքի ծավալին ըստ ճյուղերի. 2015թ. %

Միության անդամ երկրների արտադրողների ներգրավումը միջազգային արտադրական շղթաներում հնարավորություն կտա մեծացնելու կոոպերատիվ համագործակցության ներուժը: Միաժամանակ, մեքենաշինությունն ու էլեկտրոնիկան ներկայում գործում են որպես տեխնոլոգիական նորարարությունների ներդրման կենտրոններ աշխարհի առաջատար երկրների մրցակցային առավելություններին հասնելու համար: Այս առումով հատկապես կարևոր է ֆինանսավորել, սուբսիդավորել անդամ երկների մեքենաշինական ձեռնարկությունների տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը, այդ թվում՝ ներդրումային նախագծերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների արտադրության միջոցով համաշխարհային շուկա մուտք գործելու նպատակով:

Աղյուսակում նկարագրված են անդամ երկրների կողմից հաստատված կոոպերատիվ ներուժի վերլուծության արդյունքները և արդյունաբերական զարգացման գերակա ուղղությունները։ Ամենաբարձր առաջնահերթություն էր նշանակվել այն ոլորտները, որոնք առանձնացրել են 4 կամ ավելի, միջին՝ 2-3, և ցածր՝ մեկ պետություն։


Մետաղագործությունը և պատրաստի մետաղի արտադրանքի արտադրությունը բարձր կոոպերատիվ հնարավորություններ ունեն երեք երկրում (Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան):Աղյուսակից պարզ է դառնում, որ կոոպերատիվ համագործակցության առավել գերակա ուղղությունը քիմիական արդյունաբերությունն է, որտեղ բարձր համագործակցային ներուժի հետ մեկտեղ ոլորտի զարգացման համար շահագրգռված են բոլոր անդամ պետությունները, բացի Ղրղզստանից:

Ցելյուլոզայի և թղթի արդյունաբերությունն նույնպես ունի համագործակցության բարձր ներուժ, սակայն ԵԱՏՄ պետություններից որևէ մեկը այն չի սահմանում որպես զարգացման գերակա ոլորտ: Արդյունքում, այս ոլորտում համագործակցության զարգացումը նպատակահարմար է զարգացնել մասնավոր տնտեսվարող սուբյեկտների նախաձեռնությամբ և որոշակի ներդրումային նախագծերի իրականացման միջոցով: Հարկ է նշել, որ նշված ոլորտներն ունեն նաև արտահանման մեծ հնարավորություն և լավ հեռանկարներ արտադրական շղթա ձևավորելու համար: Մնացած ոլորտները կարող են դասակարգվել որպես ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման նախադրյալներ և համագործակցության հնարավորություններ: Դրանք են՝ մեքենաշինությունը, էլեկտրական, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների, թեթև արդյունաբերություն, ինչպես նաև ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակներ: Այս ոլորտներում, ներկայումս, անդամ երկրների կոոպերատիվ համագործակցությունը գտնվում է մշակող արդյունաբերության միջինից բարձր մակարդակի վրա: Բացի այդ, նրանք մեծ ներուժ ունեն, երրորդ երկրների միջանկյալ ապրանքների ներմուծման փոխարինման առումով: Ռետինե և պլատսմասայե արտադրությունները ոչ մի երկրում գերակա ոլորտ չեն, սակայն արդյունաբերական ճյուղերում ամենաբարձր կոոպերատիվ ցուցանիշն ունեն (9,5), ինչը ցույց է տալիս, որ ռետինե և պլաստմասսայե արտադրանքը ներգրավված է պետությունների արտադրական համագործակցության մեջ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մրցունակության ինդեքսի ցածր արժեքները, նպատակահարմար է զարգացնել համագործակցությունը հիմնականում ԵԱՏՄ ներքին շուկայում: Փայտի վերամշակման և փայտանյութերի արտադրության կոոպերատիվ ներուժը կարող է իրացվել արտաքին շուկա մուտք գործելով, քանի որ երրորդ երկրներից ներկրման կախվածությունը ցածր է, և այս ոլորտի արտադրանքի պահանջարկը համաշխարհային շուկայում բարձր է. ԵԱՏՄ-ում արտադրված փայտանյութի 59.7%-ը արտահանվում է երրորդ երկրներ:

ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության օրինակներից է 2018թ. Հայաստանի միացումը ԵԱՏՄ տիեզերական ծրագրին, որով նախատեսվում է միասնական արտադրական հնարավորությունները ներդնել հեռակառավարվող զոնդավորման ծառայությունների ոլորտը զարգացնելուն։ 2018թ. հոկտեմբերին հայկական Գեոկոսմոս ՓԲ ընկերությունը միացավ Եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմի՝ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներին», որի հիման վրա Միության կազմում իրականացվելու է միասնական ծրագիր: Հայաստանի համար օտարերկրյա հիմնական ներդրողը Ռուսաստանն է, որը ԵԱՏՄ կազմում գլխավոր դերակատար և ամենախոշոր շուկա ունեցող երկիրն է։ Սրա մասին է վկայում նաև այն, որ ՀՀ տարածքում գործում են 1300-ից ավելի ռուսական կազմակերպություններ, իսկ համախառն ներդրումները ՌԴ-ից կազմել են շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2018թ. ընդհանուր ներդրումների շուրջ 40%-ն էր։ Հայաստանը նաև սկսում է արդյունաբերական կոոպերատիվ համագործակցություն Բելառուսի հետ: Այսպիսով՝ նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը հայտնել էր, որ ՀՀ-ում Բելառուսը կարող է ստեղծել հավաքման արտադրություն: Բելառուսական տրակտորներ և վերելակներ թողարկող ձեռնարկությունների տեղակայման համար առավել նպատակահարմար է գործունեություն ծավալել Իրանի սահմանին մոտ գտնվող Մեղրի քաղաքում գործող ազատ տնտեսական գոտում: Որպես հիմնական խթան հայկական կողմն առաջարկում է բելառուսական կողմին նոր հնարավորություններ իրանական մեծ շուկա մուտք գործելու համար, որը կբացվի՝ Իրանի հետ  ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ:

ԵԱՏՄ անդամ երկրների կոոպերատիվ համագործակցության վերլուծության արդյունքում կազմվել են մի շարք եզրահանգումները, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրները ունենալով բարձր կոոպերատիվ համագործակցության ներուժ, այն օգտագործում են ոչ լիարժեք: Մասնավորապես, միասնական արդյունաբերական համալիրում շարունակում է գերաշիռ տեղ զբաղեցնել արդյունաբերական արտադրանքի փոխադարձ առևտրի կենտրոնացվածությունը՝ որտեղ հիմնական դերակատարումը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Արդի պայմաններում արդյունաբերության կայուն զարգացումն ապահովելու և ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է միասնական արդյունաբերական քաղաքականության նկատմամբ ցուցաբերել ռազմավարական և հեռանկարային մոտեցում, որի առաջնային քայլերից մեկը կարող է դառնալ արդյունաբեերական համալիրի թվային փոխակերպումը, որը կդառնա անդամ երկրների տնտեսության զարգացման խթաններից մեկը: Այս մոտեցումը հիմքում արդյունաբերությոնը դիտարկվում է որպես արտադրական շղթա արտադրանքի ստեղծումից մինչև դրա վաճառք և սպասարկման ծառայություններ: Արդյունաբերության թվային փոխակերպման առաջին գործիքները կարող են լինել եվրասիական տեխնոլոգիաների փոխանցման ցանցի և արդյունաբերական համագործակցության և ենթակապալառուման եվրասիական ցանցի ստեղծմամբ:

Ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ եզրահանգումները՝

  • ԵԱՏՄ երկրների արդյունաբերության զարգացման դինամիկայի վրա պետության ներգործության հիմնական գործիքը միասնական արդյունաբերական քաղաքականությունն է: Հետևաբար, անհրաժեշտ է ճիշտ մշակված գործիքակազմի, այդ թվում արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միջոցով նպաստավոր պայմաններ ապահովել արդյունաբերական մրցունակ արտադրանք ստեղծելու համար, գնային աջակցության միջոցով նվազեցնել արդյունաբերական ապրանքների ներմուծումը երրորդ երկրներից և խթանել սեփական արտադրանքի արտահանումը։ Չնայած արտադրական հզորությունների տարբերությանը՝ ԵԱՏՄ երկրներին միավորում է պատմական անցյալը և կոոպերատիվ համագործակցության ներուժը: Ինչը, նույնպես նպաստում է անդամ երկրների ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշիռը բարձրացնելուն:

  • ԵԱՏՄ երկրների կողմից միասնական արդյունաբերական քաղաքականության իրացումը և գործընկեր երկրների արդյունաբերական համագործակցության խորացումը թույլ կտա ընդլայնել նրանց տնտեսական կապերը, ինտեգրման գործընթացում կներառի մեծ թվով փոքր և միջին ձեռնարկությունների, կստեղծի նոր արտադրական շղթաներ: Անհրաժեշտ է որոշակիացնել համագործակցության համար առաջնահերթ նշանակություն արտադրություններն ու ապրանքները:

  • Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները հեռանկարներ են ստեղծում, որոնցից կարող է և պետք է օգտվի Հայաստանը, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության առումով (հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի գործող կառավարությունը հակված է մեծ ուշադրություն դրաձնել ռազմարդյունաբերության զարգացմանը)։ Այս համատեքստում,  հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը, հստակեցնելու կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները: ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են ռազմարդյունաբերական համալիրին, նախատեսում են ոչ միայն արգելել զենքի վաճառքը, այլև երկակի նշանակության ապրանքների արտահանումը, ինչն առաջացնում է բարձր տեխնոլոգիական ճյուղերի, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի վրա։ Հայաստանում արդյունաբերական-նորարարական քաղաքականության իրագործման և տնտեսական զարգացման նորարարական բազայի ձևավորման համար առավել իրատեսական է թվում այն ճանապարհը, որով ձեռնարկությունները կներառվեն ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի առավել առաջավոր ձեռնարկությունների հետ կապերի (կոոպերացիայի) գիտաարտադրական շղթայի մեջ։ Սրանով հայկական ձեռնարկությունների միջազգային համագործակցությունը կդառնա ավելի ճկուն, մանևրային, ինչը թույլ կտա արագ ներգրավվել նոր ապրանքների ստեղծման և արտադրման գործընթացում։

Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս երկրների միջև կոոպերատիվ կապերը այնքան պետք է ամրապնդվեն, որ կարողանան արդյունաբերական մրցունակ արտադրանք ստեղծել և իրացնել արտաքին շուկաներում, սակայն մինչ այդ, առաջարկում ենք, հաշվի առնելուվ ԵԱՏՄ սպառման լայն շուկան, նախ և առաջ սեփական արտադրությամբ բավարարել ներքին պահանջարկը: Այսինքն, զարգացնելով իննովացիոն ներուժը, նախ իրականացնել ներմուծման փոխարինման քաղաքականություն, ինչը տարբեր գործիքների օգտագործմամբ պետք է խրախուսի տեղական արտադրողին։ Այսպիսով, ԵԱՏՄ երկրների կողմից միասնական արդյունաբերական քաղաքականության իրացումը և գործընկեր երկրների արդյունաբերական համագործակցության խորացումը թույլ կտա ընդլայնել նրանց տնտեսական կապերը, ինտեգրման գործընթացում կներառի մեծ թվով փոքր և միջին ձեռնարկությունների, կստեղծի նոր արտադրական շղթաներ, կապահովի երրորդ երկրներում ընդհանուր փոխշահավետ մարքեթինգային ռազմավարության իրացման հնարավորությունը՝ անհիմն մրցակցության փոխարեն։

*ԵԱՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության համապարփակ վերլուծություն կատարելու համար խիստ կարևոր է ունենալ ոչ միայն որակական արդյունքեր և գնահատականներ, այլև կատարել քանակական չափումներ: Կից նյութում VAR-Vector AutoRegression մոդելի կիրառման միջոցով, բացահայտել ենք ԵԱՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության ցուցանիշների միջև կապը, որի միջոցով իրականացրել ենք արդյունաբերության ծավալների տատանումների վերլուծություն ազդակային պատասխանի ֆունկցիաների կառուցման հիման վրա:

ԵԱՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության գնահատում տնտեսամաթեմատիկական մոդելի միջոցով


[1] http://www.eurasiancommission.org

[2] http://armstat.am

Հոդվածին կից ֆայլեր՝