Վարձկանները ղարաբաղյան պատերազմում

6 ր.   |  2020-11-23

Ռ ազմագետների կարծիքով  2020թ.-ի Արցախյան պատերազմը հինգերորդ սերնդի էր, քանի որ ընթանում էր հիմնականում առանց շփման, սակայն ռազմական գործողություններում կային նաև հիբրիդային պատերազմի տարրեր՝ վարձկանների  տեսքով, որոնց  մատակարարման գործընթացը իրականացնում էր Թուրքիան՝ այսկերպ կարողանալով զերծ մնալ պատերազմի անմիջական ու բացահայտ մասնակցությունից:

Վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին միջազգային մամուլում խոսվում էր դեռ պատերազմից շաբաթներ առաջ՝  հուլիսյան մարտերի ընթացքում: Նմանատիպ տեղեկություն առաջինը հայտնվեց քրդական «Firat» լրատվական գործակալությունում, որտեղ նշված էր, որ «Թուրքիան պատրաստվում է Ադրբեջան տեղափոխել այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակից» զինյալներ, որի  նպատակով գրանցման կետեր են բացվել Ջենդերիսում, Ռաջուում և Աֆրինում»: Նույնաբովանդակ հոդված հայտնվեց  սեպտեմբերի 1-ին ռուսական «Независимая газета»-ում, ըստ որի, «Սուլթան Մուրադ» զինված կազմավորումից մոտ 500 սիրիացի գրոհայիններ մեկնել են Ադրբեջան հուլիսյան մարտերի վրեժը լուծելու և Հայաստանի դեմ կայծակնային պատերազմի վարելու համար:

Նախքան պատերազմը վարձկանների տեղափոխման մասին իր թվիթերյան էջում հրապարակում էր արել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեհաբին՝ նշելով, որ Սիրիայում Ադրբեջան տեղափոխվելու համար հավաքագրվում են վարձկաններ, որոնց առաջարկում է ամսական 2000 դոլար վարձավճար: «Twitter»-ում վարձականների զրույցի հոլովակ էր տեղադրել նաև  ամերիկացի լրագրող Լինդսի Սնելին՝ գրել էր, որ Ադրբեջան է նախատեսվում ուղարկվել մոտ 1000 վարձկան: Լրագրողի ուսումնասիրության թեման երկար ժամանակ եղել է Սիրիան, Իրաքը և Թունիսը, նրան անգամ առևանգվել են Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչները:

ՀՀ ԱԳՆ-ն վարձկանների Ադրբեջան տեղափոխվելուն անդրադարձել է  սեպտեմբերի 2-ին՝ հայտարարելով, որ ճշտվում է տեղեկությունը, քանի որ նման սպառնալիքի հավանականությունը գոյություն ունի, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի գրոհայիններին այլ շրջաններ տեղափոխելու փորձերը, իսկ արդեն սեպտեմբերի 14-ին ԱԳՆ հաղորդեց, որ տեղյակ է իսլամիստներին հավաքագրելու Թուրքիայի ծրագրերի մասին:

Այս տեղեկությունները ադրբեջանական կողմը բազմիցս հերքել է՝ զուգահեռաբար նույն բանի համար մեղադրելով Հայաստանին. «Кавказский Узел» պարբերականը սեպտեմբերի 23-ին գրել էր, որ  Հայաստանում վաղուց «Վագների», ինչպես նաև քրդական «Քրդստանի աշխատավորների կուսակցության» վարձկանները պատրաստվում են պատերազմին:

Պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև նախքան այդ, վարձկանների ներգրավման, նրանց քանակի և զոհվածների թվի մասին օպերատիվ տեղեկություններ էր տարածում Մեծ Բրիտանիայում գործող «SOHR»-ը՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, որի տրամադրած տվյալներով միջազգային մամուլը իրականցնում է սիրիական հակամարտության քաղաքացիական բնակչության զոհերի հաշվառումը:

Դեռ սեպտեմբերի 24-ին դիտարանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրին շրջանից տեղափոխում է հիմնականում «Սուլթան Մուրադ» և «Ալ-Ամշաթ» խմբավորումներից շուրջ 300 վարձկան։ SOHR-ը նշում էր, որ մարտիկները կարծում են, որ նրանց տեղափոխում են Ադրբեջան «պետական սահմանը պաշտպանելու» և պետք է վճարեն 1500-2000 ԱՄՆ դոլար։ Արդեն սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումից հետո  կազմակերպությունը ներկայացրեց զոհված 11 վարձկանների անունները:

Պատերազմի ամբողջ ընթացքում միջազգային խոշորագույն պարբերականները հաստատեցին Արցախյան պատերազմում վարձկաններ ներգրավումը՝ ներկայացնելով նրանց հետ բազմաթիվ զրույցներ: Սեպտեմբերի 28-ին «Reuters»-ը հրապարակեց զրույց վարձկաններից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի, քանի որ ծայրահեղ աղքատության մեջ են. ֆինանսական ծանր դրության մասին շեշտում են գրեթե բոլոր զինյալները:

ԶԼՄ-ներում հրապարակումներից զատ՝ վարձկանների տեղափոխման մասին հայտարարություններ եղան տարբեր երկրների կողմից, որոնցից հատկապես ակտիվ էր Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան: Նախագահ Մակրոնը հոկտեմբերի 1-ին ԵՄ գագաթնաժողովում  հայտարարեց, որ գրոհային–ջիհադիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիայնթափ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար և բացատրություն պահանջեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից: Այս հայտարարությունից հետո ջիհադիստական շարժումների ուսումնասիրող Վասսիմ Նասրին հերքեց  Մակրոնի այն դիտարկումը, որ նրանք  ջիհադիստներ են՝ շեշտելով, որ նրանք երբեք թուրքական ու ադրբեջանական դրոշի տակ չեն կռվի, ավելին նրանք խստորեն դատապարտել են Ադրբեջանում կռվող վարձկաններին՝ մեղադրելով նրանց Սիրիայում մարտերը դադարեցնելու և Արցախ մեկնելու մեջ: Նա նշել է, որ վարձկանները եղել են Անկարայի կողմից ամբողջովին վերահսկվող «Սիրիայի ազգային բանակի» կամավորականներից, ովքեր պատրաստ են ամեն տեղ կռվել, քանի որ Covid-19-ով պայմանավորված մեծ կորուստներ ունեն:

Հոկտեմբերի 1-ին վարձկաններին անդրադարձել է նաև համանախագահ երկրներից ԱՄՆ-ն. Պենտագոնի խոսնակ հաստատել է, որ տասնյակ թռիչքներ են իրականացվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՝ հարյուրավոր սիրիացի գրոհայինների հակամարտության գոտի տեղափոխելու համար:

Արդեն հոկտեմբերի 6-ին պաշտոնապես արձագանքեց նաև Մոսկվան. Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը իր մտահոգությունը հայտնեց՝ շեշտելով, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար նոր ցատկահարթակ դառնալ, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանի ու Հայաստանի հարևան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան: Նման անհանգստություն հայտնեց նաև Իրանը, սակայն ավելի կոշտ շեշտադրումներով: Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հայտնեց , որ Իրանը չի հանդուրժի վարձակններին իր տարածքի մերձակայքում: Այս առթիվ հեռախոսազրույցներ տեղի ունեցան Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները, ինչպես նաև  Պուտինը և Էրդողան, որի ընթացքում ՌԴ նախագահը իր մտահոգությունն է հայտնել ահաբեկչությունների հետ կապված:

Վարձկանների տեղափոխման մասին հետաքրքրական է ռուսական «Новая газета»-ի հրապարակումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 700-1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ նավթագազատարերը պաշտպանելու համար։ Զինյալներին հավաքում են 300 հոգանոց խմբերով, հետո նրանց ուղարկում են թուրքական սահմանային Քիլիս քաղաք։  Այնուհետ , իրենց դաշտային համազգեստի փոխարեն նրանք ստանում են քաղաքացիական հագուստ և ուղևորվում Գազիանթեփի օդանավակայան, որպեսզի թռչեն Բաքու։ Թռիչքը տեղի է ունենում Վրաստանի օդային տարածքով։ Մեկ այլ ռուսական պարբերական գործողություններին «խառնեց» ուկրաինացիներին: «Независимая газета» գրեց, որ որոշ տեղեկություններով ուկրաինացի վարձկանները 1500-2000$-ի դիմաց պատրաստվում են մեկնել Ադրբեջան:  Կայքի հետ զրույցում ուկրաինացի անկախ լրագրող Օլոգ Պավլենկոն այս առիթով նշել է, որ իր աղբյուրներից մեկը հաստատել է սա՝ ասելով, որ նման առաջարկներ «АТО» վետերանների շրջանակներում միանշանակ եղել են և որ առաջարկություն է եղել նաև Լվովում իր ծանոթ նախկին զինվորականների:

Վարձկանների ընդհանուր թվի մասին նախ նոյեմբերի 3-ին խոսեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը՝ շեշտելով, որ մոտ 2000 վարձկան է կռվել Լեռնային Ղարաբաղում և հավելել, որ բազմիցս կոչ են արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխումը: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո SOHR-ը նույնպես իր եզրակացությունը արեց վարձկանների թվի մասին, ըստ որի՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին հայկական ուժերի դեմ ընդհանուր առմամբ 2580 սիրիացի զինյալ է կռվել։ Նրանցից առնվազն 293-ը զոհվել են, ևս 342 վարձկան տարբեր պատճառներով վաղաժամ խզել է պայմանագիրը՝ պատերազմական գործողությունների կեսից վերադառնալով Սիրիա։ Ադրբեջանը այս ամենը բազմիցս հերքել է՝ անգամ հայկական կողմից սիրիացի վարձկանների գերեվարելուց հետո:

Ներկայումս սկսվել են իրարամերժ տեղեկություններ վարձկանների տեղակայման մասին. ոմանք գրում էին, որ սիրացիները հետ են գնացել, իսկ ոմանք նորերի գալու մասին են հայտնում: Հատկանշական է սիրական դիտարանի հայտարարությունը, որ Թուրքիան ուզում է սիրիացի վարձկաններ տեղակայել Արցախի այն տարածքներում, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անցել են Բաքվի վերահսկողության տակ: 

Ակնհայտ է, որ վարձկանները տարածաշրջանում մնալը վտանգ է թե՛ Անդրկովկասի, թե՛ նրան հարակից երկրների համար, քանի որ մեծանում է ահաբեկչության հնարավորությունները, ուստի այս երկրների առջև խնդիր է դրված մաքրել տարածաշրջանը  վարձկաններից: