Մինսկի խմբի արձագանքը հրադադարի հաստատմանը

4 ր.   |  2020-11-30

Ղ արաբաղյան պատերազմը, որn ավարտվեց նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարով, կրկին ցույց տվեց, որ Ռուսաստանը տարածաշրջանում հիմնական դերակատարն է։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամբողջ ընթացքում փորձում էին դադարեցնել պատերազմը, սակայն բոլորը տապալվեցին։ Երկու երկրները դուրս մնացին նաև նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրից, որն արևմտյան մամուլում մեկնաբանվեց որպես Մինսկի խմբի «մահ»։ Գործընթացից դուրս մնալը ԱՄՆ-ի դեպքում կապվեց երկրում ընթացող նախագահական ընտրություններով, իսկ Ֆրանսիային դեպքում` հարցի լուծման համար ոչ բավարար  քաղաքական կամք դրսևորելով։ Կարծիք կար, որ պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խումբը սպառել է իրեն, սրա մասին էր խոսում նաև   պաշտոնական Ադրբեջանը, սակայն հրադադարից հետո բազմիցս հաստատվեց, որ բանակցությունները շարունակվելու են Մինսկի խմբի ձևաչափով։ Բաքուն ամեն կերպ փորձում էր համանախագահների կազմում ներգրավել Թուրքիային, սակայն ռուսական կողմը հայտնեց, որ չեն պատրաստվում ընդլայնել «եռյակը»։

Հրադադարի ստորագրումից հետո ԱՄՆ-ն ցույց տվեց, որ առանձնապես դեմ չէր առանց իրեն հարցի լուծումանը.  ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը, հանդես գալով Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա համաձայնության վերաբերյալ հայտարարությամբ, ողջունել է այն` հաստատելով, որ Մինսկի խումբը պատրաստ է մասնակցել կայուն և հարատև խաղաղության հաստատմանը։ Նա կոչ է արել  զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տեւական խաղաղություն կերտելու նպատակով։ Հրադադարի հաստատման մասին խոսեց նաև Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն։ Նա շեշտեց, որ այն պարունակում է Մինսկի խմբի կողմից մշակված բազմաթիվ դրույթներ, որոնք հեռու չեն ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումից, և միակ բանը, որ տարբերվում է ռուս խաղաղապահների տեղակայումն է։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայտարարությունը պարունակում էր որոշ երանգներ։ Երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը առաջին հերթին պահանջել էր պարզաբանում հրադադարի մասին պայմանավորվածությունը վերլուծելու համար, ինչպես նաև խոսել էր Թուրքիայի մասին` կոչ անելով Անկարային ոչնչի չխառնվել։  Հայտարարությունում նախարարը հաստատել է Ֆարանսիայի աջակցությունը հայ ժողովրդին։ Ֆրանսիական կողմը շեշտել է նաև, որ կատարել է իր լիարժեք դերը է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Այս հայտարարությունը, ինչպես այս համատեքստում Ֆրանսիայի բոլոր հայտարությունները, Բաքուն ընդունում է շատ ցավագին։ Անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է , որ Ֆրանսիան որևէ դերակատարություն չունի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունն ընդունելու հարցում, ուստի նախանձում է Ռուսաստանի դերին այս հարցում: Ըստ Հաջիևի` Ֆրանսիան այժմ փորձում է ավելի շատ հայ դառնալ, քան հենց հայերը:

Ընդհանրապես` Ադրբեջանը բազմիցս խոսել է Ֆրանսիայի կողմնակալության մասին` փորձելով առաջ բերել Թուրքիային։  Իրավիճակը հատկապես լարվեց, երբ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվեց «Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության» մասին բանաձև, որի արդյունքում Բաքուն կոչ արեց ԵԱՀԿ-ին Ֆրանսիային վռնդել Մինսկի խմբից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան շեշտել է, որ ոչ մի կերպ չի ցանկացել հեռացնել երկու համանախագահներին։ Արդեն նոյեմբերի 18-ի երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ամերիկացի Էնդրյու Շոֆերի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի միջև: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Հանդիպումից հետո Ռուսական կողմը տրամադրել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին համաձայնագրի մասին ամբողջ տեղեկատվությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին են խոսել նաև հակամարտող կողմերը։ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը հրապարակել է անհրաժեշտ գործողությունների «ճանապարհային քարտեզը», որի առաջին կետում եղել է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Բացի այդ ՀՀ ԱԳ նախարարները մի քանի անգամ հեռախոսազրույցներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ալիևը, անդրադառնալով Մինսկի խմբին, նշել է, որ Ադրբեջանը ուրախ է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, չնայած ուշացած, սակայն դրական հայտարությունների համար։