Գերմանացի գիտնական․ Արցախում իրավիճակը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային

7 ր.   |  2023-08-10

Գերմանացի հայտնի հայագետ, ցեղասպանագետ, Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող Թեսա Հոֆմանը  հարցազրույց է տվել «Օրբելի» վերլուծական կենտրոնին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն հումանիտար իրավիճակի, ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության վերջնանպատակի, միջազգային իրավունքի տիրույթում խնդրի կարգավորման հնարավորությունների շուրջ։ 

«Արցախի Հանրապետության նախագահը կտրուկ, սակայն ցայտուն կերպով Արցախում մարդկանց իրավիճակը համեմատել է համակենտրոնացման ճամբարում ցեղասպանության հետ։ Ինչո՞ւ է Հարությունյանի գնահատականը ճշգրիտ. Նրա հայերնիքում ստեղված իրավիճակը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի «Գ» կետի սահմանմանը»,-շեշտել է Հոֆմանը։

- 2022թդեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծվել է հումանիտար ծանր ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է։ Արցախի նախագահը երկիրը հայտարարել է «աղետի գոտի»։ Այժմ 120.000 մարդ պայքարում է գոյատևելու համար սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության պարագաների բացակայության պայմաններում: Շրջափակման հետևանքով գրանցվում են մարդկային մահեր։ Ինչպե՞ս կբնորոշեք Ադրբեջանի այս քաղաքականությունը։

- Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությանը կապող միակ ցամաքային ճանապարհի շրջափակումը, որն արդեն տևում է 8 ամիս, հակասում է միջազգային իրավունքին մի քանի առումներով։ Նախ և առաջ դա խախտում է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագիրը, որն ապահովում է մուտքը՝ Լաչինի միջանցքը, դեպի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախ/Լեռնային Ղարաբաղ։ Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) 2023թ․ փետրվարի 22-ին արդեն իսկ պատվիրել է Ադրբեջանին անմիջապես վերացնել շրջափակումը։ Այդուհանդերձ, Ադրբեջանը չի կատարել այդ հրահանգը, ոչ էլ կատարել է Եվրոպական խորհրդարանի կամ առանձին պետությունների նմանօրինակ կոչերը։ Բաքվի ավտորիտար ալիևյան ռեժիմը որպես «վստահելի էներգամատակարար» (Ուրսուլա ֆոն դեր Լայեն) էներգետիկայի ոլորտում իրենց ունեցած կարևորության պատճառով կարող է վստահ լինել, որ ոչ մի պատժամիջոց չի կիրառվի։ ԱՄԴ-ի որոշման հետևանքների բացակայությունը նաև արտացոլում է միջազգային արդարադատության անօգնականությունը։ Իրավիճակը նույնն է 2005թ․ ներդրված պաշտպանելու միջազգային պատասխանատվության սկզբունքի դեպքում, որը սահմանափակվում է ազդեցության կամ միջամտության զուտ խաղաղ միջոցներով։

Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն, որ շրջափակումը տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմի ստվերում և հետևաբար միջազգային ուշադրությունը շատ սահմանափակ է կամ էլ միակողմանի կենտրոնացված։ Ասվածը հատկապես ճիշտ է Գերմանիայի դեպքում։ Արցախի շրջափակման հետ կապված տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կոչերն ուղղված արտգործնախարարին մինչև այժմ անպատասխան են մնացել։ Բայց հատկապես Գերմանիան պարտավոր է Առաջին աշխարհամարտում Թուրքիայի հետ ունեցած իր ռազմական դաշինքի պատճառով ձեռքերը ծալած չնստել և դիտել, թե ինչպես են հայերը ևս մեկ անգամ բնաջնջվում։

- Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք Բաքվի այս գործողությունները դիտարկելի են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» 2-րդ հոդվածի «Գ» կետի շրջանակում այն է՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

- Գրեթե բացառապես էթնիկ հայերով բնակեցված Արցախի շրջափակումը գոյութենական վտանգ պարունակող հետևանքներ ունի շուրջ 120 հազար բնակիչների, բայց և հատկապես շատ փոքր երեխաների, հղի կանանց, մեծահասակ և խրոնիկ հիվանդների համար։ Շրջափակումը միայն չի դադարեցրել սննդի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։ Դա նաև բազմաթիվ բնակիչների հասցրել է տնտեսական անկման, հատկապես, որ Ադրբեջանը քանիցս ընդհատել է Հայաստանից Արցախ գազի և էլեկտրականության մատակարարումը, հաճախ շաբաթներ շարունակ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կտրուկ, սակայն ցայտուն կերպով այնտեղի մարդկանց իրավիճակը համեմատել է մեծ համակենտրոնացման ճամբարում ցեղասպանության հետ։ Ինչո՞ւ է Հարությունյանի գնահատականը ճշգրիտ. Նրա հայերնիքում ստեղված իրավիճակը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի «Գ» կետի սահմանմանը։

Արդարադատության միջազգային դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր իրավական փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվել է 2023թ․ օգոստոսի 7-ին, նույնպես հաստատում է, որ շրջափակումը ցեղասպանություն է։ Նախագահ Ալիևն ունի ցեղասպանական մտադրություն․ «․․․Նա գիտակցաբար, հոժարակամ և միտումնավոր արգելափակեց Լաչինի միջանցքը, անգամ երբ ԱՄԴ-ի սկզբնական հրահանգներով տեղեկացվել էր իր գործողությունների հետևանքների մասին»։

Նույնիսկ շրջափակումից առաջ՝ 2022թ․ օգոստոսից, ցեղասպանագետների ասոցիացիաներն ու ինստիտուտները՝ ներառյալ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը՝ իր «Կարմիր դրոշի» ահազանգերում և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS), զգուշացրին «Հարավային կովկասի բնիկ հայերի» դեմ «ցեղասպանության լուրջ ռիսկի» մասին։ Վերջինս ցեղասպանագետների ամենամեծ պրոֆեսիոնալ ասոցիացիան է։ Նրանք  ցեղասպանության վտանգը մոտալուտ համարեցին, քանի որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանում մեդիան և դպրոցները համակարգված կերպով ատելություն են տարածել հայերի դեմ։ Որպես խոսուն օրինակ մեջբերում եմ Ռուսլան Նովրեսի «Հայը» բանաստեղծությունը ․ «Եթե նա քնած է իր օրորոցում, մորթի՛ր նրան արագ, մի՛ ձգձգիր, Գտի՛ր դանակ, սուր դանակ։ Հայը տականք է։ Ի՜նչ էպիկ է։ Հրեան միայնակ չէ երկրի վրա։ Զազրելի հայն այժմ գերազանցել է հրեայինՓա՛ռք Ալլահին, հրեա՛, Շեյթանը երկրորդ զավակ ունի․․․»։

Մեկ այլ օրինակ․ Այլախոհները, ինչպիսին է գրող Աքրամ Այլիսլին բախվում են քաղաքական հետապնդումների և մահվան սպառնալիքների: Այլիսլին իր «Քարե երազներ» (2012թ., գրված 2005թ.-ին) վեպում անդրադարձել էր անցյալում և ներկայում հայերի հալածանքներին։ Այս նշանակալի աշխատության տպագրության խթանը, որից սկզբում ձեռպնահ էր մնացել Այլիսլին, Ռամիլ Սաֆարովի հաղթական ընդունելությունն էր Բաքվում։ Սաֆարովը գիշերը կացնով գլխատել էր քնած հայ սպային Բուդապեշտում և իր հայրենիքում մեծարվել որպես ազգային հերոս։ Նախագահ Ալիևը կտրեց Այլիսլիի թոշակը և չեղարկեց «Ազգային գրողի» նրա պատվավոր կոչումը։ Այլիսլիի աշխատանքները հանվեցին շրջանառությունից, նրա պիեսներն այլևս չներկայացվեցին, և նրա գրքերը հրապարակավ այրվեցին։ Իշխանամետ «Müasir Müsavat» կուսակցությունը հայտարարեց, որ կվճարի 10 հազար մանաթ (մոտ 12 հազար դոլլար) նրան, ով կկտրի գրողի ականջները։ 

- Արցախի և Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Բաքվի վերջնանպատակն է հայաթափել Արցախը։ Դա նշանակելու է, որ հայ ժողովրդի մի մասը, ինչպես 1915թ հայրենազրկվելու է։ Ի՞նչ տեղ ունի «հայրենազրկում» երևույթն ու հասկացությունը ցեղասպանության հանցագործությունների շարքում։

-Ադրբեջանը ցանկանում է Արցախը, բայց Արցախ՝ առանց հայերի։ Այս նպատակն իրագործվում է սովահար անելու, թե արտաքսելու միջոցով, ի վերջո, երկրորդական է։ Հայրենիքի կորուստը չի թվարկվում որպես ցեղասպանության քրեական հանցագործություն, սակայն այն էմպիրիկ կերպով առկա է յուրաքանչյուր ցեղասպանության մեջ։ Փրկվածներն այլևս չեն կարող ապրել իրենց հայրենիքում, համենայն դեպս, տեսանելիորեն չեն կարող ապրել որպես ցեղասպանությամբ բնաջնջված խմբի անդամներ: Ինչպես ցույց է տալիս Թուրքիայի Հանրապետության օրինակը, նրանք այնտեղ լավագույն դեպքում կարող են գոյություն պահպանել որպես ծպտյալ հայեր՝ ամբողջովին կախված իրենց հարստահարողների գթասրտությունից և զրկված ցանկացած արժանապատվությունից ու մարդու իրավունքներից։

Ըստ ձեզ՝ միայնա՞կ է Բաքուն իրականացնում Արցախի և արցախահայերի դեմ իր նշյալ քաղաքականությունը։

— Բաքվին աջակցում է Թուրքիան. ներկայիս նախագահի հայրը (Հեյդար Ալիևը-խմբ․) հնարել է «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը՝ Թուրքիան հռչակելով եղբայր ազգ և Ադրբեջանին պաշտպանող ուժ։ Բայց Ադրբեջանն, անշուշտ, նաև քաջալերվում է միջազգային հանրության անտարբերությունից և անգործությունից: Բոլորը՝ Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը և Երևանը, համակարծիք են, որ Արցախն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնական արցախյան քաղաքականությանը, ապա այն հեռու է 1988-ի «Միացում, միացում» բացականչություններից։ Եվ նաև հեռու է Նիկոլ Փաշինյանի 2019-ի հայտարարությունից՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց Հայաստանը սխալվում է, եթե մտածում է փրկել իր գոյությունը՝ զոհաբերելով այն, ինչ մնացել է Արցախից։ Ադրբեջանն ամենակեր ախորժակ ունի՝ նույնիսկ Սյունիքի, նույնիսկ Երևանի նկատմամբ։ Ավելի դժվար է գնահատել ռազմական առումով թուլացած Ռուսաստանի պահվածքը, որը հաճախ սխալմամբ դիտվում է որպես հայերի ենթադրյալ պաշտպանիչ ուժ։ ՌԴ ԱԳՆ-ն իր վերջին հայտարարություններում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը 2023 թ․-ի մայիսից ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ այդպիսով հնացած դարձնելով 2020 թ․-ի հրադադարի համաձայնագրերը։ Ռուսաստանը չունի նաև միջազգային մանդատ իր խաղաղապահ ուժերի համար։

- Ինչպե՞ս կարող են միջազգային հանրությունն աջակցել այս աղետաբեր ճգնաժամի հանգուցալուծմանը։ Տեսնու՞մ եք արդյոք քաղաքական մեխանիզմներ որոնք կարող են գործարկվել արցախահայերի նկատմամբ նոր հանցագործության իրականացումը կանխելու համար։

- Այն, ինչ մենք տեսնում ենք այս պահին, ցավոք, շատ ուշացած արձագանք է որոշ արևմտյան երկրներում: Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Կանադայում խորհրդարանականները կոչ են անում վերացնել շրջափակումը։ Դա է կոչ անում նաև Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առաջարկում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքը և Արցախում տիրող իրավիճակը հասցեագրի Միջազգային քրեական դատարան: Եթե հնարավոր լինի հաջողել, ապա դա, անշուշտ, օգտակար է: Պատժամիջոցներ նույնպես կլինեն։

Հայկական սփյուռքը և նրա հաստատությունները կարող են կարևոր դեր խաղալ որոշումներ կայացնողներին մոբիլիզացնելու գործում: Եթե նրանք ցանկանում են։

Ինձ հատկապես կարևոր է թվում այն, որ մենք հաջողենք փոխել միջազգայնորեն տարածված նարատիվը․ հակամարտությունն Արցախում և դրա շուրջ չի ծագել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճից։ Այն առաջանում է մի շրջանի վրա ճնշումից, որը Խորհրդային կարգի սկզբում քմահաճորեն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ այդտեղի ժողովրդի կամքին հակառակ։ Իրավական առումով սա հակամարտություն է ազգային ինքնորոշման իրավունքի և ինքնիշխանության սկզբունքի միջև՝ չնայած հետխորհրդային Ադրբեջանի հավակնությունն Արցախի նկատմամբ, այնուամենայնիվ, իրավականորեն վիճելի է։ Ավելին՝ ինքնորոշման և ինքնիշխանության հակամարտության միջև առաջինը գերակայություն ունի։