Ներքաղաքական վերադասավորումներ Թուրքիայում

17 ր.   |  2025-08-08
ՔԲԿ-ի զինաթափումից մինչև սահմանադրության փոփոխության հարցեր

2023թ․-ի երկփուլ նախագահական և խորհրդարանական, 2024թ․-ի ՏԻՄ ընտրություններից հետո հաջորդ «քննությանն» ընդառաջ Թուրքիայում ներքաղաքական վերադասավորումների նոր, ակտիվ շրջափուլ է սկսվել։ 2024թ․ վերջից դրանք ծավալվում են պայմանականորեն մի քանի հարցերի առանցքում․

  • Պետություն–«Քրդստանի բանվորական» կուսակցություն հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը հաճախ նաև ներկայացվում է որպես Քրդական հարցի լուծման հայտ,
  • Ընդդիմության դեմ պայքար,
  • Սահմանադրության փոփոխություն:

Նշված հարցերը, որոնցից առաջինն ունի նաև արտաքին քաղաքական և տարածաշրջանային կարևոր նշանակություն, ձևավորում են նաև երկրի ներքաղաքական հիմնական օրակարգը։

Մեկնարկում է պետություն–ՔԲԿ կարգավորման գործընթացը

Հուլիսի 11-ին Իրաքի Սուլեյմանիե նահանգում Թուրքիայի և մի շարք այլ երկրների ու կառույցների կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ) թվով երեսուն անդամներ խորհրդանշական արարողությամբ զենքը վայր դրեցին։ Դա թուրքական քաղաքական դաշտում շուրջ 9 ամիս շարունակվող ակտիվ զարգացումների առաջին հանգրվանն էր, որը իշխանությունը բնորոշում է «առանց ահաբեկչության Թուրքիայի» միտված գործընթաց, իսկ քրդական կողմը՝ «խաղաղ և ժողովրդավարական հասարակության» կերտում։ Երբեմն փորձ է արվում այն ներկայացվել նաև որպես հայտ՝ ուղղված Թուրքիայում Քրդական հարցի լուծմանը, ինչը, եթե ընդհանրական սահմանենք, հանրապետության հիմնադրումից ի վեր քրդերի ինքնության ժխտման բոլոր հետևանքների ամբողջությունն է։

Գործընթացի ծիլերը երևացին 2024թ․-ի աշնանը։ Նախաձեռնողը և գլխավոր դերակատարն իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին էր, որը, չնայած նաև առկա հակառակ թեզերին, պետք է որ չդիմեր այդ քայլին առանց իր կոալիցիոն գործընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության կամ հորդորի։ 

Բահչելին առաջին լուրջ քայլն արեց 2024թ․ հոկտեմբերի 22-ին՝ երկրի խորհրդարանի ամբիոնից դիմելով Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման պատիժ կրող ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Վերջինս հերթական անգամ ցույց էր տալու, որ շարունակում է պահպանել ոչ միան ՔԲԿ-ի, այլև քրդական լայն զանգվածների վրա իր ազդեցությունը։ Բահչելին կոչ էր արել Օջալանին գալ Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ), հայտարարել ահաբեկչության ավարտի, ՔԲԿ-ի լուծարման մասին՝ խոստանալով «հույսի իրավունքի» կիրառմանն ուղղված օրենսդրական կարգավորման հարցի դիտարկում, այլ խոսքով՝ «ազատության մշուշոտ հավանականություն»։  

Կոչից հետո սկսվեցին «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԺՀԺԿ) անդամներից կազմված պատվիրակության այցերն Իմրալը։ ԺՀԺԿ-ն, որ գործում է երկրի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դիրքերից, քրդական շարժման հերթական քաղաքական կուսակցությունն է՝ ներկայացված ԹԱՄԺ-ում։ Փետրվարին, Օջալանի հետ երրորդ հանդիպումից հետո, ԺՀԺԿ պատվիրակությունն ընթերցեց նրա «Խաղաղության և ժողովրդավար հասարակության կոչը», որտեղ նշվում էր, որ ՔԲԿ-ն պետք է ինքնալուծարվի, և նրա բոլոր խմբերը պետք է զենքը վայր դնեն։ Օջալանը շեշտում էր, որ «1990-ական թթ․ ռեալ-սոցիալիզմի ներքին պատճառներով փլուզումը, երկրում ինքնության ժխտման հարցի լուծումը, խոսքի ազատության հարցում զարգացումները ՔԲԿ-ն իմաստազուրկ են դարձրել»։ Այն պատմության ընթացքում «ուժ և աջակցություն է գտել այն պատճառով, որ փակ են եղել ժողովրդավարական քաղաքականության խողովակները», մինչդեռ այժմ «համակարգի փնտրտուքների համար ժողովրդավարությունից դուրս այլ ճանապարհ չկա»։ Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Օջալանի կոչը որոշակիորեն նաև «օգնություն» էր ՔԲԿ-ին (որը տարիների պայքարի մեջ զգալիորեն սպառվել է) գործընթացները և պահանջներն առանց «տանուլ տվողի» պիտակի քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Մարտին, անսալով Օջալանին, ՔԲԿ-ն հայտարարեց հրադադարի մասին, իսկ հուլիսին կայացավ զենքը վայր դնելու առաջին խորհրդանշական գործողությունը, որ ակնկալվում է, որ պետք է ամբողջացվի առաջիկա ամիսներին։

Հարկ է նշել, որ Թուրքիայում պետություն-ՔԲԿ հակամարտության կարգավորմանն ուղղված երկարատև մեկ այլ գործընթաց անհաջողության էր դատապարտվել 2013-2015թթ․։ ՔԲԿ-ն 2015թ․ ամռանը վերսկսել էր հարձակումները։ Էրդողանը հայտարարել էր, որ «շարունակելու են պայքարը քանի դեռ չեն թաղվել իրենց պետությանն ու ազգին ուղղված զենքերը, քանի դեռ իրենց սահմաններում չի վերացվել վերջին ահաբեկիչը»։ Զուգահեռաբար քրդական շարժման այն ժամանակվա քաղաքական առանցքի՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների և ադամների ձերբակալություններ էին սկսվել. կալանավորվել էին ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ովքեր առ այսօր պատիժ են կրում: 2013-2015թթ․-ին տեղի ունեցածի նման մեկ այլ գործընթաց մինչ այժմ չէր եղել, իսկ պետությունը շարունակել էր ՔԲԿ-ի դեմ պայքարը՝ այդ թվում երկրի սահմաններից այն կողմ՝ Իրաքում և Սիրիայում։

Նոր գործընթացը, որ հաճախ, հաշվի առնելով նախորդ նշվածը, թուրքական մեդիայում բնութագրվում է «նոր կարգավորման գործընթաց» անունով, ըստ պաշտոնական Անկարայի մոտեցման, հինգ փուլով է իրականացվելու։ Առաջինը Բահչելիի կոչն էր, երկրորդը՝ Օջալանի կոչը, երրորդը՝ ՔԲԿ-ի ինքնալուծարումն ու զենքը վայր դնելը։ Հաջորդ քայլերն են լինելու զինաթափված ՔԲԿ-ականների «օրինական վերադարձի» մեխանիզմների ձևավորումն ու նրանց սոցիալ-հոգեբանական ինտեգրացիան հասարակությանը։ Ըստ այդմ՝ ԹԱՄԺ-ում օգոստոսին մեկնարկել են կարգավորման հանձնաժողովի աշխատանքները, որը պետք է զբաղվի վերջին երկու փուլերին առնչվող իրավական գործընթացներով։ Կարևոր է, որ ՔԲԿ-ն ևս սկզբնապես ունի պահանջներ և գործընթացը չպետք է միակողմանի ընթանա․ դրանցից են Օջալանի ազատ արձակումը, իշխանության կողմից քայլերը ժողովրդավարական քաղաքականության համար։ Այդ մասին հիշեցնող հայտարարությամբ է հանդես եկել նաև «Քրդստանի համայնքների միությունը» (KCK), որը «հովանոցային» մարմին է համարվում ՔԲԿ-ի համար։

Էրդողանն ստանձնում է գործընթացի պատասխանատվությունը

Զենքը վայր դնելու արարողության հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին, նախագահ Էրդողանն իր ելույթում առաջին անգամ հստակ ստանձնելով գործընթացը շարունակելու քաղաքական պատասխանատվությունը՝ նշեց, որ հանձնաժողով կձևավորվի և գործընթացի իրավական կարիքները խորհրդարանում կքննարկվեն։ Նա շեշտեց, որ «գործընթացն ապագա են տեղափոխելու» իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուակցությունն (ԱԶԿ) ու ԱՇԿ-ն՝ որպես «Ժողովուրդ» դաշինք և ԺՀԺԿ-ն։ Իշխող աջակողմյա այս ուժերի և ձախակողմյա ուժի համագործակցության ներքաղաքական այլ դրվագներին կանդրադառնանք հաջորդիվ։ Այստեղ նշենք, որ Էրդողանն իր խոսքում հիշեց 1984թ․ Սղերդում ՔԲԿ-ի առաջին գործողությունից հետո 47 տարիների ընթացքում պետության, ինչպես ողջ հասարակության, այնպես էլ քրդերի կրած տառապանքների, վնասների մասին, կառավարությունների սխալների մասին։ Շեշտեց, որ, 2002թ․-ին իշխանության գալով, իրենք ձեռնարկել են մի շարք միջոցներ որպեսզի կանխեն, որ «ահաբեկչական կազմակերպությունը կարողանա ծուղակը գցել իրենց քուրդ եղբայրներին, հեռացնի պետությունից և ազգից»։ Նա ընդգծեց, որ, այսպիսով, «ահաբեկչության ավարտով հաղթում է Թուրքիան, ազգը, թուրք, քուրդ, արաբ, 86 միլիոն իրենց քաղաքացիներից յուրաքանչյուրը»։

Էրդողանն իր ելույթում կարմիր թելի նման զարգացրեց թուրքերի, քրդերի, արաբների միասնության կարևորության գաղափարը, անգամ փորձեց բերել պատմական օրինակներ․

«Երբ սելջուկյան բանակները Բաղդադ, Դամասկոս և Մանազկերտ հասան, այնտեղ ձուլվեցին իրենց քուրդ եղբայրներին, արաբ եղբայրներին։ Մանազկերտի հաղթանակը, Երուսաղեմի նվաճումը, Ստամբուլի նվաճումը, Չանաքքալեի պաշտպանությունը, Անկախության պատերազմը թուրքերի, քրդերի, արաբների և բազում մուսուլման ժողովուրդների համատեղ պատերազմներն են, համատեղ հաղթնակներն են։ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների Բաղդադը թուրքը, քուրդն ու արաբն են կառուցել։ Երուսաղեմը Սելահադդին Էյուբիի հրամանատարությամբ թուրքը, քուրդն ու արաբն են նվաճել։ Դամասկոսը մեր ընդհանուր քաղաքն է։ Դիարբեքիրը մեր ընդհանուր քաղաքն է։ Մարդինը, Մոսուլը, Քիրքուքը, Սուլեյմանիեն, Էրբիլը, Հալեպը, Հաթայը, Ստամբուլն ու Անկարան մեր ընդհանուր քաղաքներն են»,- հայտարարեց նա: Այս խոսքերը լայն արձագանք գտան երկրի ներսում. որոշ պատմաբաններ, փորձագետներ անգամ բերեցին հակափաստարկներ, երբ պատմության ընթացքում երեք ազգերը գործել են նաև մեկը մյուսի դեմ (օր․՝ Հալաբջայում)։ Այդուհանդերձ, էականն այն էր, որ Էրդողանի շեշտադրումը մտածված էր և ուներ քաղաքական ուղերձ։

Թուրքիայում արաբ քաղաքացիները մեծ թիվ չեն կազմում։ Այդուհանդերձ Էրդողանի հայտարարությունը ներքաղաքական առումով մերձիշխանական շրջանակներում դիտարկվեց որպես «համատեղ ժառանգության շեշտով հասարակական համերաշխությունն ամրապնդելու, սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհը բացելու, թուրք, քուրդ և արաբ ժողովուրդների պատմական միասնությունը վերահաստատելու ուղերձ»։ Ակնհայտ էր, սակայն, որ Էրդողանի խոսքը ոչ միայն ներքին, այլ առավելապես արտաքին՝ մերձավորարևելյան քաղաքականության նպատակների շրջանակում էր։ Hürriyet-ի սյունակագիրներից, իշխանության հետ ունեցած սերտ կապերով հայտնի Աբդուլքադիր Սելվիի կարծիքով, Էրդողանը պարզապես նկատի ուներ, որ ՔԲԿ-ն Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքներում է, և դրա վերացման համար Անկարան աշխատում է Իրաքի, Սիրիայի հետ, որոնք հենց արաբական պետություններ են։ Մինչդեռ մեր ընկալմամբ, դրանում միանշանակ էին նրա նեոօսմանսիտական ձգտումները։ Այդ ձգտումները, սակայն, այս փուլում ոչ այնքան ֆիզիկական և առարկայական դրսևորումներ կարող են ունենալ, որքան վերացական։ Էրդողանի խոսքը Թուրքիա պետության, նրա հասարակության հետ խնդիրներ չունեցող հարևանության ձևավորման ու ամրապնդման նպատակի արտացոլումն էր, որ քաղաքական առումով միանշանակ Անկարայի ազդեցության գոտում պետք է լինի։ Պատմաբան Թաներ Աքչամը, սակայն, որ Էրդողանի այդ ելույթը, ի թիվ շատերի, բնութագրեց «ռազմավարական տեսլականի» մանիֆեստ, չբացառեց անգամ Սիրիայի արաբներին և քրդերին, Իրաքի քրդերին և Թուրքիայի թուրքերին, քրդերին և արաբներին միավորող որևէ նոր քաղաքական միավորման ձևավորման հավանականությունը, ինչպես, օրինակ, համադաշնությունը։ Իրականում ակնհայտ է, որ գործընթացի վերջնական հաջողությունը, որ դեռևս շատ մշուշոտ է, մեծ ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Այն միաժամանակ մեծապես կախված է ոչ միայն ներքին, այլև արտաքին շատ գործոններից, ինչպիսիք են Սիրիայի, Իրաքի քրդերի դիրքորոշումը, աշխարհաքաղաքական ուժերի (ԱՄՆ, Իսրայել և այլն) քրդական քաղաքականությունը, որոնք, սակայն, դեռևս խմորման փուլում են։ Ներքին առումով, ըստ Աքչամի, խոսքը թերևս 1923-ի թուրքական էթնիկ հենքով ստեղծված աշխարհիկ հանրապետության փոխարեն իսլամական հենքով, քրդերի գոյությունը ճանաչող նոր հանրապետության հեռանկարի մասին էր։ Ինչևէ, Աքչամի և այլ վերլուծաբանների կարծիքով՝ դա միայն տեսլականի պարզ շրջանակն էր, իսկ թե ինչով այն կլցվի, որոշվելու է մեջլիսի հանձնաժողովի քննարկումների ընթացքում։

Մեջլիսում ձևավորվում է հանձնաժողովը

Հուլիսի երկրորդ կեսին թուրքական քաղաքական դաշտում բուռն քննարկումներ էին սկսվել ինչպես հանձնաժողովում քննարկվող հարցերի, որոշումների կայացման մեխանիզմի, այնպես էլ կազմի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Էրդողանը հայտարարել էր, որ գործընթացն առաջ են տանելու ԱՇԿ-ն, ԱԶԿ-ն և ԺՀԺԿ-ն միասին, առանցքային էր դրանում գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալական «Հանրապետական ժողովրդական» կուսակցության (ՀԺԿ) ներկայացվածության հարցը։

Հուլիսի 28-ի կառավարության նիստից հետո Էրդողանը հայտարարել էր, որ «առանց ահաբեկչության Թուրքիայի գործընթացը միայն իշխող «Ժողովուրդ» դաշինքի նախագիծը չէ, այլ ազգինն է», ինչպես նաև բոլոր կուսակցություններին համագործակցության կոչ էր արել՝ նշելով, որ «գործընթացի խոչընդոտումը ներում չի կարող ունենալ»։ Ավելին՝ այն ներկայացրել էր որպես ՀԺԿ-ի համար «անցյալի մեղքերը քավելու հազվագյուտ հնարավորություն»՝ մարտահրավերի և բարդ որոշման առջև կանգնեցնելով կուսակցության ղեկավարությանը։

Հայտնի է, որ մարտի 19-ից Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների դեմ կոռուպցիոն գործով հետաքննության շրջանակում կալանավորվել և ազատազրկման է դատապարտվել նաև Ստամբուլի ՀԺԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն արդեն ՀԺԿ-ի նախագահի թեկնածուն է։ 2024թ․-ի վերջից տարբեր գործերի շրջանակներում ձերբակալված ՀԺԿ-ական քաղաքապետերի (Ստամբուլ, Անթալիա, Ադանա) և թաղապետերի թիվը հասնում է 15-ի։ Նրանցից ոմանց փոխարեն նշանակվել է պետության ներկայացուցիչ՝ քայյում, որն արդեն հայտնի պրակտիկա է և բազմիցս կիրառվել և կիրառվում է երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում՝ չնայած քննադատությանը, որ ոտնահարում է մարդկանց կամքը, որ արտահատվել է ընտրություններում։ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսած հանրահավաքներին և բողոքի գործողություններին զուգընթաց չափազանց լարվել են իշխանության և ՀԺԿ-ի միջև հարաբերությունները։ Նրանց ընտրազանգվածների շրջանում խորացել է բևեռացվածությունը, իսկ հանրային, քաղաքական փորձագիտական խոսույթի առանցքում գերազանցապես իրավունքի գերակայությանը, դատական մարմնի անկախությանն ու ժողովրդավարությանը վերաբերող խնդիրներն են։ Այս լարված մթնոլորտում ՀԺԿ-ն հայտարարում էր, որ հանձնաժողովում որոշումները որակական մեծամասնությամբ պետք է կայացվեն (ձայների երեք հինգերորդով)։ Բացի այդ, պնդում էր, որ հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի ժողովրդավարացման հարցերին, քանի որ չի կարող «Դիարբեքիրում դեմոկրատիա, Ստամբուլում ավտոկրատիա», կամ «արևելքում խաղաղություն, Ստամբուլում՝ պատերազմ» լինել։ Ընդհանուր առմամբ՝ ՀԺԿ-ն ակնկալում է, որ հանձնաժողովի օրակարգում լինի նաև քաղաքական գործերով առանց կալանքի դատավարության հարցը։ ՀԺԿ-ն խստիվ դեմ է, որ քննարկվի սահմանադրության փոփոխության հարցը։ 

Հուլիսի 30-ին հանձնաժողովի ձևավորման վերջնաժամկետն էր։ Մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշն ի վերջո հայտարարեց, որ ռազմավարական որոշումները կայացվելու են որակական մեծամասնությամբ։ Հանձնաժողովը մշակելու է օրենսդրական առաջարկներ, որ ներկայացվելու են ԹԱՄԺ-ի քվեարկությանը։ ՀԺԿ-ն ի վերջո որոշեց ընդգրկվել հանձնաժողովում՝ չդառնալով տասնյակ տարիներ ժողովրդավարական ճանապարհով լուծման սպասող Քրդական հարցի շուրջ դրական գործընթացի խոչընդոտողը։ Աշխատանքները սկսվեցին օգոստոսի 5-ին, բայց դեռևս անորոշ է թե՛ հանձնաժողովի, թե՛ բուն կարգավորման գործընթացի ապագան։ Նաև անկանխատեսելի են այն հարցերը, որոնք դրվելու է այդ թվում  ՀԺԿ-ի առջև հանձնաժողովի աշխատանքների ընթացում։

Քննարկվում է Սահմանադրության փոփոխման հարցը

Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Էրդողանի օրակարգում առաջնային է նոր սահմանադրության ընդունման հարցը։ Թուրքիայի մայր օրենքը 1980թ․-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո է ռազմական ղեկավարության հրամանով պատրաստվել և հանրաքվեով ընդունվել 1982թ․-ին։ Անցած 42 տարում այն 19 անգամ փոփոխվել է։ Առավել կարևոր էր 2017թ․-ի փոփոխությունը, որով անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի։ Ընդհանուր առմամբ՝ նոր սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորվում է մի քանի հիմնական դրույթով․ գործող սահմանադրությունը «հեղաշրջման արտադրանք է» և չի արտացոլում ազգային կամքը, ուստի անհրաժեշտ է նոր «քաղաքացիական սահմանադրություն»: Բացի այդ, տարիների ընթացքում կատարված այս փոփոխություններով «խախտվել է սահմանադրության ամբողջականությունը»։ Այս տարվա մայիսին Էրդողանն արդեն հայտարարել է նոր սահմանադրության նախագիծ կազմելու նպատակով հանձնաժողովի ստեղծման մասին, որը բաղկացած է ԱԶԿ կենտրոնական գրասենյակի բարձրաստիճան և մեջլիսում կուսակցության խմբակցության ղեկավարներից։ ԱՇԿ-ն արդեն պատրաստել է նախագծի իր տարբերակը։ Չանդրադառնալով սահմանադրության բովանդակության շուրջ թեժ քննարկումներին՝ նշենք, որ ԹԱՄԺ-ում առանց հանրաքվեի սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է 400 պատգամավորի կողմ քվե, իսկ հանրաքվեով փոփոխության համար՝ 360։ Սակայն իշխող «Ժողովուրդ» դաշինքի հանրային աջակցությունը բավականին նվազել է, ուստի հանրաքվեն ռիսկային է։ «Ժողովուրդ» դաշինքը նաև իր հնարավոր աջակիցներով ունի 325-328 մանդատ, քրդամետ ԺՀԺԿ-ն, որի հետ տարվում է կարգավորման գործընթացը, ունի 56 մանդատ։ ԺՀԺԿ-ի հետ սահմանադրության փոփոխության հարցում համագործակցության հասնելու դեպքում նվազագույնը ստացվելու է փոփոխության նախագիծը դնել հանրաքվեի։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված աղմուկը, որ բարձրացավ Էրդողանի նշված ելույթում հնչած հայտարարությունից հետո, թե ԱԶԿ-ն, ԱՇԿ-ն և ԺՀԺԿ-ն կարգավորման գործընթացը «միասին են ապագա տեղափոխելու» և վճռական են «այդ ճանապարհը միասին անցնել»։ ԺՀԺԿ ղեկավարությունը հարկ համարեց արձագանքել, որ երեք կուսակցությունների դաշինքը միայն ՔԲԿ-ի հետ կարգավորման գործընթացի, Քրդական հարցի լուծման շրջանակում է։

Պետք է նշել, որ ԺՀԺԿ-ն իրականում դեմ չէ սահմանադրության փոփոխությանը, և ունի այն տեսակետը, որ ՔԲԿ-ի զենքը վայր դնելուց հետո արդեն նոր սահմանադրությունը պետք է ծառայի Թուրքիայի «ժողովրդավարացմանը»։ Կարծում է, որ սահմանադրությունը մեջլիսով պետք է անցնի հնարավոր լայն կոնսենսուսով, հետևաբար անհրաժեշտ է, որ գործընթացում ներգրավվի նաև քեմալական ՀԺԿ-ն։ Լուրջ քաղաքական ճնշումների տակ գտնվող, նոր սահմանադրության՝ «ժողովրդավարացմանը» ծառայեցվելու հարցում խիստ կասկածներ ունեցող ՀԺԿ-ն էլ, իր հերթին, պնդում է, որ գործընթացի նպատակն է Էրդողանի քաղաքական կյանքի երկարաձգումը և Էրդողանին կոչ է անում սկզբում ենթարկվել գործող սահմանադրությանը։ 

«Ինձ մոտ սահմանադրության քննարկում բացողներին սա եմ ասում․ Սահմանադրությանը չենթարկվողների հետ ինչպե՞ս է սահմանադրություն գրվելու։ Սահմանադրության մեջ շեշտ կա միջազգային պայմանագրերին, և ՄԻԵԴ-ի վճիռներն այդպիսով պարտավոր եք ճանաչել։ Եթե դու չես ենթարկվում ՄԻԵԴ-ի վճռին, չես ենթարկվում Թուրքիայի ՍԴ-ի վճիռներին, դատական վճիռներին, ասում ես՝ «չեմ ճանաչում», նշանակում է չես ենթարկվում Սահմանադրությանը։ Սահմանադրությանը չենթարկվող մեկն ասում է «նոր սահմանադրություն»։ Մարդու վրա շապիկ են կարել 2017-ին, շապիկը չի հագնում, մերկ է ման գալիս երկրում կամ ման է գալիս ինչպես գիտի։ Հիմա ասում է՝ «նոր շապիկ կարեք ինձ համար»։ Մենք Էրդողանին այսուհետ հագուստ չենք կարելու։ Եթե Էրդողանին հագուստ էլ կարելու լինենք, դա ոչ թե Էրդողանի հետ, այլ մեր ազգի ձևավորելիք նոր խորհրդարանի հետ ենք անելու»,- հայտարարել է ՀԺԿ նախագահ Օզգյուր Օզելը, որի թեմատիկ խոսքն այս մտքի շրջանակում է ծավալվում վերջին ամիսներին։

Էրդողանն, իր հերթին, նման պնդումներին արձագանքել է, որ «նոր սահմանադրությունն ուզում են ոչ թե իրենց, այլ՝ երկրի համար», և ինքը «վերընտրվելու կամ նորից թեկնածու առաջադրվելու խնդիր/հոգս չունի»։ Իրականում նա 2024թ․-ի մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ևս հայտարարել էր, որ դա իր եզրափակիչ և վերջին ընտրությունն է լինելու։ Այդուհանդերձ հարցի շուրջ քննարկումները բուռն կերպով շարունակվում են։ Ըստ գործող Սահմանադրության՝ Էրդողանի երրորդ անգամ վերընտրվելու համար երկու ճանապարհ կա․ Առաջինը՝ պետք է Սահմանադրության 101-րդ հոդվածը փոխվի, որում նշվում է, որ «մեկ անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ ընտրվել»։ Երկրորդը՝ խորհրդարանը, ըստ 116-րդ հոդվածի, պետք է նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում ընտրությունները թարմացնելու որոշում կայացնի, այն է՝ մեջլիսի որոշմամբ լինեն արտահերթ ընտրություններ։

Ու՞ր է տանելու նոր կարգավորման գործընթացը

Չնայած ՔԲԿ-ի հետ կարգավորման գործընթացը տեսանելի դարձավ նախորդ տարեվերջին՝ դրա նախապատրաստական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ էին սկսվել։ Թուրքական մեդիայում և վերլուծական դաշտում մինչ օրս տարաբնույթ տեսակետներ են հնչում այն հարցի առնչությամբ, թե ահաբեկչությանը վերջ տալու, Քրդական հարցը լուծելու շրջանակային նպատակներից անդին ինչ կոնկրետ ներքաղաքական խնդիրներ են ցանկանում լուծել այն ուժը/ուժերը, որ նախաձեռնել և ծավալում է/են գործընթացը։ 

Ակնհայտ է, որ իշխող «Ժողովուրդ» դաշինքն ունի վերարտադրվելու խնդիր։ Դաշինքի ԱԶԿ-ական թեկնածու Ռ․Թ․ Էրդողանը 2023թ․-ի նախագահական ընտրություններում միայն երկրորդ փուլով կարողացավ հաղթել։ Նույն տարվա խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն հավաքեց 35․62, իսկ ԱՇԿ-ն՝ 10,7 տոկոս քվե և հաջողություն գրանցեց, սակայն դրանում մեծ էր նաև այն գործոնը, որ ընդդիմությունը ոչ լայնորեն ընդունելի կոմբինացիայով էր գործում (խոսքը «վեցյակի սեղանի» մասին է)։ Տասն ամիս անց՝ 2024թ․-ի ՏԻՄ ընտրություններում, սակայն, ՀԺԿ-ն միայնակ առաջ անցավ ԱԶԿ-ից և 37,81 տոկոս քվեով 1977թ․-ից ի վեր առաջին անգամ դարձավ երկրի առաջին քաղաքական կուսակցությունը՝ հաղթելով խոշոր քաղաքներում։ Զուգահեռաբար ԱՇԿ-ն հավաքեց 4․99 տոկոս ձայն՝ կորցնելով ավելի քան 3 տոկոս նախորդ ընտրությունների համեմատ։ Այժմ ստացվում է մի իրավիճակ, երբ ԱԶԿ-ն ԱՇԿ-ի օգնությամբ կարող է չհաջողել հաջորդիվ պահել իշխանությունը։ Հետևաբար հավանական է, որ ԱԶԿ-ին պետք է լինելու նոր գործընկեր, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն սցենարը, երբ Էրդողանը չի առաջադրվում հաջորդ ընտրություններում, ինչն արդեն լուրջ հարված է կուսակցությանը, որ նույնացվում է նրա անձի հետ։ Բացի այդ, Էրդողանն, իր հերթին, պետք է որոշում կայացնի, թե ինչպիսի Թուրքիա է լինելու իրենից հետո։ Քաղաքագետ Բերք Էսենի գնահատմամբ՝ ԱԶԿ-ում այժմ, թվում է, որ քննարկումներ են հետևյալ հարցի շուրջ․ Արդյո՞ք հետէրդողանական Թուրքիան լինելու է մի երկիր, որը նմանվելու է Ադրբեջանին, որտեղ Հեյդար Ալիևից հետո որդին/ընտանիքի անդամը ստանձնեց իշխանությունը, թե ԱԶԿ-ն ինստիտուցիոնալ առումով ամրապնդվելու է և նորից քաղաքական շարքեր անցնի։ Միաժամանակ, 77-ամյա Բահչելիի գլխավորած ԱՇԿ-ն ունի խնդիր՝ ապահովել իր տեղը «հետէրդողանական Թուրքիայում» և դուրս չմնալ ակտիվ քաղաքականությունից։ Ստացվում է, որ իշխող երկու գլխավոր կուսակցություններն էլ ունեն երկրի բնակչության շուրջ 20 տոկոսը կազմող քրդերի և նաև ԺՀԺԿ-ի աջակցության կարիքը, որոնց վստահությունն ու աջակցությունը շահելուն էլ կարող է խորքային առումով ուղղված լինել գործընթացը։ Կարևոր է, որ ԺՀԺԿ-ն վերջին մի քանի ընտրություններին ռազմավարական համագործակցության մեջ է եղել ընդդիմադիր ՀԺԿ-ի հետ, ուստի իշխող դաշինքն այդպիսով փորձում է պառակտել նաև ընդդիմությանը։ Սակայն նշված թեզը գործընթացի բուն նպատակների վերաբերյալ միայն մի խումբ տեսակետներ է ամփոփում։ Առկա են նաև այլ, անգամ լիովին հակադիր վերլուծություններ․

Մեջբերման արժանի թեզ է զարգացնում չափազանց հետաքրքիր կենսագրությամբ քաղաքագետ, վերլուծաբան Մումթազեր Թուրքոնեն, որի ներկայացմամբ էլ ամփոփենք նյութը։ Լրիվ այլ տեսանկյունից մոտենալով զարգացումներին՝ Թուրքոնեն նախ կարծում է, որ գործընթացը Բահչելին մեկնարկել է առանց Էրդողանի։ Նա նշում է, որ գործընթացն «ազգային պետության» վերակառուցման նախագիծ է, որտեղ թուրքերն ու քրդերը «մեկ ազգ» են լինելու։ Այդ պետությունում «քրդերը կարող են լինել քուրդ, իսկ թուրքերը կարող են ընդունել քրդերի քուրդ լինելը»։ Մյուս կողմից ասում է՝ քանի որ քրդերը թվաքանակով քիչ են, չունեն միայնակ իշխանության գալու շանս, բայց կարող են լինել որևէ կոալիցիայում գործընկեր։ Հետևաբար մեծամասնության դիմաց քրդերի միակ երաշխիքը սահմանադրությանը, օրենքին և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանք տածող պետությունն է, որը հենց պետք է կառուցել։ Նա կարծում է, որ նախագիծը միակողմանի չէ, այլ դրա մյուս կողմում հենց նույն նպատակին ձգտող Օջալանն է։ Թուրքոնեն պնդում է, որ սկսված գործընթացը հանգեցնելու է ԱԶԿ-ի և Էրդողանի իշխանության ավարտին, քանի որ Քրդական հարցը հնարավոր է լուծել միայն ժողովրդավարացման ճանապարհով, իսկ ժողովորդավարությունը չի կարող թույլ տալ նման իշխանության գոյությունը։ Վերջինս այդ թեզը բացատրում է նաև նրանով, որ Էրդողանն սկզբում անմասն էր մնում գործընթացին, ներդրում չէր ապահովում դրա զարգացմանը (1

Այսպիսով՝ Թուրքիայում բարդ և բազմաշերտ, միմյանց փոխկապակցված գործընթացներ են ծավալվում, որոնք, ամենայն հավանականությամբ, փորձ է արվելու հանգուցալուծման հասցնել մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Այդ գործընթացները, որոնց մի մասն ունի Թուրքիայի ապագան տարորոշող նշանակություն, հընթացս նաև դասավորելու են նախընտրական շախմատային տախտակի խաղաքարերը։ Ստեղծված իրավիճակում ազդեցիկ են լինելու ոչ միայն իշխող դաշինքի որոշումներն ու քայլերը, այլ նաև ընդդիմադիր ուժերինը։

Տեղի ունեցող զարգացումներում առանցքային համարվող ՔԲԿ-ի ինքնալուծարման, զենքը վայր դնելու և Քրդական հարցի շուրջ դրական զարգացումներ ապահովելու այս նոր գործընթացը, հաջողության դեպքում, հավակնում է նախ՝ լուծել պետության և հասարակության համար վերջին մի քանի տասնամյակների գլխավոր խնդիրը՝ ահաբեկչության հարցը, ապա՝ քիչ հավանական է, սակայն գուցե կոտրի Քրդական հարցը կազմող խնդիրների սառույցը։ 

Գործընթացը, սակայն, չնայած դրա մեկնարկի համար աշխարհաքաղաքական իրոք նպաստավոր պայմանների ձևավորված լինելու հանգամանքին, ամեն դեպքում դժվար է դիտել մշակված միայն նշված նպատակի համար, զուտ որպես քրդերի հանդեպ «հանկարծակի բարի կամքի դրսևորում» կամ իշխող ուժի վարած տարիների քաղաքականության տրամաբանական արդյունք։

Անտեսման արժանի չեն կարծիքները, որ այն իշխող դաշինքի կողմից մտածված բարդ ռազմավարություն է՝ ուղղված իշխանությունը պահելուն և ընդդիմությանը պառակտելուն։ Ակնհայտ է, որ դրա հաջողության պարագայում, իշխող դաշինքի կուսակցությունները միասին կամ առանձին ցույց են տալու, որ արդյունքի հասնել ստացվել է իրենց գործունեության օրոք և կամքով՝ փորձելով քաղաքական կապիտալ ձեռք բերել։ Բացի դա փորձելու են հնարավորինս շատ դիվիդենտներ հավաքել բուն գործընթացի ընթացքում։ ՀԺԿ-ն, իր հերթին, դիվիդենտներ է փորձում շահել գործընթացում կառուցողականության դրսևորմամբ, որը ջանում է ցույց տալ։ Բայց միաժամանակ խնդիր ունի չհայտնվել իշխող ուժի մեկ այլ «ծուղակում», ինչպիսին կարող է լինել սահմանադրական փոփոխության հարցի քննարկման պարտադրումը։

Իրատեսական է նաև այն գնահատականը, որ կարգավորման գործընթացը պետության վերակառուցման նախագիծ է կամ հանգեցնելու է դրան։ Հաջողությամբ հանգուցալուծվելու դեպքում գործընթացի հետևանքն իրոք կարող է լինել նոր գաղափարական հենքով Թուրքիայի ձևավորումը, և դա անկախ նրանից այն մտածվել և տարվում է նեղ կուսակցական, թե՛ լայն պետական շահերին ծառայեցվելու սկզբնական նպատակով։ 

Չպետք է բացառել նաև հավանական սցենարը, որ այն կարող է ձախողվել՝ բերելով նոր զարգացումներ, գուցե անգամ արտահերթ ընտրություններ։