ՇՀԿ-ին միանալու Հայաստանի հայտը ընդգծում է նրա դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը
10 ր. | 2025-08-082025 թվականի հուլիսին Հայաստանը պաշտոնապես դիմեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ լիիրավ անդամ դառնալու համար։ Սա նշանակալի քայլ էր, որը ընդգծում էր դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի հանձնառությունը։ Ինչպես հուլիսի 16-ի ասուլիսի ժամանակ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս քայլը արտացոլում է Հայաստանի կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ձգտումը, ինչը հատկապես կարևոր է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Այս քայլը համախմբում է ավելի ու ավելի բարդացող եվրասիական թատերաբեմում Հայաստանի ռազմավարական որոնումները՝ աշխարհաքաղաքական կայունության, տնտեսական գործընկերության և տարածաշրջանային նշանակության ձեռքբերման տեսանկյունից։
Պատմական համատեքստը և քաղաքական մղումը
ՇՀԿ-ի հետ Հայաստանի ներգրավվածությունը սկիզբ է առել մեկ տասնամյակ առաջ։ 2015թ. հուլիսին ՇՀԿ Ուֆայի գագաթնաժողովում Հայաստանին շնորհվեց «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ, ինչը սահմանափակ մասնակցություն էր ենթադրում ՇՀԿ գործունեությանը։ Սակայն տարիներ շարունակ փոխազդեցությունը մնաց հիմնականում խորհրդանշական մակարդակի վրա՝ գործնական նվազ արդյունքներով։ 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի հետ բախումներից հետո փոփոխվող անվտանգության ճարտարապետությունը և Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից Բաքվի ագրեսիային արձագանքելու անհաջողությունը Երևանին հարկադրեցին վերագնահատել քաղաքականությունը։ Հայաստանի ղեկավարությունը սկսեց ուսումնասիրել ավելի լայն, բազմակողմ հարթակներ, որոնք հնարավոր է ավելի լավ արտացոլեին իր անվտանգային, տնտեսական և դիվանագիտական շահերը։
Այս վերագնահատումը սկզբում հանգեցրեց Հայաստանի և արևմտյան գործընկերների միջև երկխոսության զգալի ակտիվացմանը։ 2023-2024 թվականներին Երևանը ստորագրեց ԵՄ քաղաքացիական առաքելության մասին համաձայնագիրը (ԵՔՄ), հյուրընկալեց Բրյուսելի և Վաշինգտոնի բարձր մակարդակի պատվիրակություններին և խորացրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում համագործակցությունը ԵՄ հետ։ Հենց միջազգային ներգրավվածության ընդլայնման այս համատեքստում է, որ ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության 2025 թվականի հուլիսի որոշումը պետք է ընկալել որպես հավասարակշռված արտաքին քաղաքականության լրացուցիչ քայլ։
Կազմակերպության հիմնարար սկզբունքները, ինչպիսիսք են տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը, Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ մեջբերվել են որպես սկզբունքներ, որոնք համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանել է, որ Հայաստանը ՇՀԿ-ն դիտարկում է որպես ՀԱՊԿ-ից տարբերվող կառույց՝ ընդգծելով ներգրավվածության ապառազմական, բազմակողմանի բնույթը։
Ինչո՞ւ ՇՀԿ, ինչո՞ւ հիմա
Հայաստանի որոշման դրդապատճառները բազմակողմանի են.
- Աշխարհաքաղաքական հավասարակշռություն. Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի ու ավելի է շեշտում հավասարակշռության անհրաժեշտությունը։ Հիասթափվելով ՀԱՊԿ-ի անգործությունից և զգուշանալով որևէ մեկ գործընկերոջից չափազանց մեծ կախվածությունից՝ Երևանն այժմ փնտրում է տարբեր գործընկերներ, այդ թվում՝ ավելի ամուր կապեր Արևմուտքի, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի հետ։ ՇՀԿ-ն, որտեղ այս տերությունների մեծ մասն արդեն գործում է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ միասին, առաջարկում է բազմակողմ համագործակցության եզակի ասպարեզ։
- Տնտեսական հնարավորություն. ՇՀԿ-ն ներկայացնում է ավելի քան 3.4 միլիարդ մարդու և ներառում է խոշոր համաշխարհային տնտեսություններ։ Կողպված (landlocked) երկրի համար, որը շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, տնտեսական կապերն ունեն կենսական նշանակություն։ Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցությունը համարում է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (BRI) դարպաս և Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ լոգիստիկ կենտրոնի վերածելուն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հավանական խթան։
- Անվտանգային համագործակցություն. ՇՀԿ-ի կողմից ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ պայքարի վրա կենտրոնացումը համապատասխանում է Հայաստանի անվտանգության մտահոգություններին: Թեև Հայաստանը չի կիսում սպառնալիքների վերաբերյալ ՇՀԿ առանձին անդամների որոշ ընկալումները, սակայն համատեղ վարժանքները, հետախուզական տվյալների փոխանակությունը և քաղաքականության համակարգումը կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։
- Կապերի ամրապնդում Չինաստանի հետ. Չինաստանի հետ Հայաստանի ավելի սերտ կապերի ձգտումը դարձել է նրա բալանսավորված արտաքին քաղաքականության տեսանելի և ռազմավարական չափանիշ: 2025թ. հունիսի վերջին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնեց Պեկին, որտեղ առարկայական բանակցություններ վարեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ: Այցը ընդգծեց քաղաքական, տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նույն ուղևորության ընթացքում Միրզոյանը նաև այցելեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր գրասենյակ և հանդիպեց գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ: Կարճ ժամանակ անց Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալու ձգտման մասին, մի քայլ, որը լրացնում է Հայաստանի համագործակցությունը Չինաստանի հետ: Այս զարգացումներն արտացոլում են Երևանի հանձնառությունը բարձրացնելու Պեկինի հետ հարաբերությունների մակարդակը ոչ միայն բազմակողմ մեխանիզմների միջոցով, այլև որպես եվրասիական կապերի և հավասարակշռված դիվանագիտության հիմնասյուն։
Անդամակցության ճանապարհին առկա մարտահրավերներ
Չնայած ՇՀԿ-ին միանալու ռազմավարական հիմնավորումը հստակ է՝ Հայաստանի թեկնածությունն առանց խոչընդոտների չէ։ Մարտահրավերները և՛ ներքին են և՛ արտաքին.
- Ինստիտուցիոնալ սահմանափակումներ և ներքին հակասություններ.
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) կոնսենսուսի վրա հիմնված հարթակ է, և ի տարբերություն ավելի կառուցվածքային և իրավաբանորեն պարտադիր շրջանակների, ինչպիսին է Եվրամիությունը, ՇՀԿ-ն չունի որոշումների կիրարկման ուժեղ մեխանիզմներ և ինտեգրված բյուրոկրատիա։ Որոշումները կայացվում են միաձայն, և իրականացումը հաճախ հետ է մնում հռետորաբանությունից, ինչը կարող է նվազեցնել անմիջական, շոշափելի օգուտների հավանականությունը։ Այնուամենայնիվ, ՇՀԿ-ն առաջարկում է խորհրդանշական և բարձր մակարդակի դիվանագիտական ասպարեզ, որը կարող է լինել Երևանի հավասարակշռված արտաքին քաղաքականության ռազմավարության հիմնական տարրը։
Այս կառուցվածքային թուլությունը խորանում է կազմակերպության ներքին հակասությունների աճով։ Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք երկուսն էլ ՇՀԿ-ի գերիշխող խաղացողներ են, ունեն հակասություններ, որոնք արմատավորված են չլուծված սահմանային վեճերի և տարածաշրջանային մրցակցության մեջ։ Միաժամանակ, Հնդկաստանի և Պակիստանի միջև տևական հակամարտությունը շարունակում է սահմանափակել կազմակերպության համախմբվածությունը և համակարգված գործողությունների իրականացման կարողությունը։
Բացի այդ, Չինաստանում աճում է քննարկումը կազմակերպության ընդլայնման նպատակահարմարության վերաբերյալ։ Որոշ չինացի վերլուծաբաններ պնդում են, որ նախկին ընդլայնումները, մասնավորապես՝ Հնդկաստանի անդամակցությունը, նվազեցրել են ՇՀԿ-ի արդյունավետությունը՝ հանգեցնելով քաղաքականության փակուղու և տարբերվող առաջնահերթությունների: Այս համատեքստում Հայաստանի հայտը կարող է մանրազնին քննության ենթարկվել, եթե այն հստակ չդիրքավորվի որպես կազմակերպության՝ տարածաշրջանային երկխոսության, կայունության և կապի զարգացման նպատակներին նպաստող:
Նման միջավայրում Հայաստանի արժեքը որպես չեզոք, կառուցողական խաղացող կարող է փորձության ենթարկվել: Զգուշավոր դիվանագիտությունը էական կլինի Երևանի համար առանձնակի հետաքրքրություն չներկայացրող մրցակցություններում խճճվելուց խուսափելու տեսանկյունից. միաժամանակ հնարավոր կլինի ՇՀԿ շրջանակներում ստեղծել սեփական ռազմավարական նպատակները առաջ մղելու միջավայր:
- Պակիստանի ընդդիմությունը և Հնդկաստանի ռազմավարական հաշվարկները
Պակիստանը մնում է ՄԱԿ-ի միակ անդամ պետությունը, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը և տասնամյակներ շարունակ աջակցել է Ադրբեջանի քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Պակիստանը աջակցել է Ադրբեջանին, վերջինս էլ աջակցություն ցուցաբերեց Պակիստանին՝ Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո՝ Հնդկաստանի հետ վերջերս առաջացած լարվածության ժամանակ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Իսլամաբադը կարող է փորձել խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը՝ որպես ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության մաս:
Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանը զարգացրել է բավականին ամուր դիվանագիտական և պաշտպանական կապեր Հայաստանի հետ, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, Նյու Դելին կարող է զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի անդամակցության հարցում, եթե այն ներկայացվի Ադրբեջանի դիմումին զուգահեռ: Հնդկաստանը վաղուց է մտահոգությամբ վերաբերվում Բաքվի և Իսլամաբադի սերտ գործընկերությանը՝ հաշվի առնելով երկուսի միջև խորացող ռազմական և ռազմավարական համագործակցությունը: Չնայած Հայաստանը այս մրցակցության կենտրոնում չէ՝ նրա անդամակցության հարցը կարող է խճճվել ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մեջ: Չնայած թվարկված բարդություններին՝ ՇՀԿ-ի շրջանակներում զարգացող տարածաշրջանային դինամիկան կարող է առաջընթացի ուղի բացել: Պակիստանը ակտիվորեն խթանում է Ադրբեջանի անդամակցությունը կազմակերպությանը, և եթե Իսլամաբադը և Նյու Դելին որոշեն չօգտագործել իրենց վետոյի իրավունքը, կարող է ի հայտ գալ զուգահեռ անդամակցության հնարավորություն: Այս համատեքստում Չինաստանի դերը կարևոր է: Որպես Պակիստանի մտերիմ ռազմավարական գործընկեր՝ Պեկինը կարող է օգտագործել իր ազդեցությունը՝ կառուցողական դիրքորոշում խրախուսելու համար: Հաշվի առնելով այս դինամիկան՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Հնդկաստանը կշարունակի հարցին մոտենալ պրագմատիզմով և կաջակցի Երևանի անդամակցությանը՝ հիմնվելով ժողովրդավարական ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և տարածաշրջանային համագործակցության ավելի լայն ներուժի վրա:
- Ռուսաստանի հաշվարկները և Բելառուսի հնարավոր դերը
Որպես ՇՀԿ-ի հիմնադիր անդամ և ռազմավարական հենասյուն՝ Ռուսաստանը պաշտոնապես աջակցում է կազմակերպության ընդլայնմանը և տարածաշրջանային ներգրավվածությանը: Միաժամանակ, Մոսկվայում ոմանք անհանգստությամբ են դիտարկում Չինաստանի քաղաքական և տնտեսական ներկայության աճը պատմականորեն Ռուսաստանի ազդեցության ոլորտում դիտարկվող տարածքներում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում: Հետևաբար, ՇՀԿ-ին Հայաստանի ապագա անդամակցությունը կպահանջի նուրբ դիվանագիտական մոտեցում, որը կամրապնդի նրա հավատարմությունը բալանսավորված արտաքին քաղաքականությանը՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ համագործակցային կապերը: Չնայած Մոսկվայից պաշտոնական դիմադրություն չի եղել՝ փորձագետները նշում են, որ Հայաստանի արդյունավետ ինտեգրումը ՇՀԿ-ին կարող է մասամբ կախված լինել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն պահպանելու կարողությունից:
Այս ավելի լայն հավասարակշռման գործում Բելառուսը կարող է ունենալ համեստ, բայց նշանակալից դեր: Չնայած Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները լարված են եղել, մասնավորապես՝ Բելառուսի՝ Ադրբեջանի հետ սերտ համագործակցության պատճառով, Հայաստանը կարող է Բելառուսի կառուցողական դիրքորոշումը ՇՀԿ-ին անդամակցության հարցում դիտարկել որպես դիվանագիտական վերակառուցման հնարավորություն: Մինսկի աջակցությունը կարող է նպաստել կազմակերպության ներսում ավելի ներառական փոխհամաձայնության խթանմանը: Բելառուսի համար սա հնարավորություն կլինի վերահաստատելու իր կարևորությունը տարածաշրջանային դիվանագիտության մեջ, մինչդեռ Հայաստանի համար այն կարող է ծառայել որպես փոքր, բայց խորհրդանշական քայլ՝ երկխոսությունը և երկկողմ կապերը բազմակողմ շրջանակներում վերակարգավորելու ուղղությամբ։
- ԵՄ-ի և Արևմուտքի հետ կապերի ամրապնդում. լրացուցիչ ուղի
ՇՀԿ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության ձգտումը չի նշանակում շեղում Եվրամիության և արևմտյան գործընկերների հետ խորացող ներգրավվածությունից: Ընդհակառակը՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ժողովրդավարական ինստիտուտները, դիվերսիֆիկացնել տնտեսական գործընկերությունը և համապատասխանեցվել արևմտյան հիմնական շրջանակներին՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Արևելյան գործընկերության և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության և դիմադրողականության վերաբերյալ շարունակական երկխոսությունների միջոցով։
Երևանը ՇՀԿ-ի հետ ներգրավվածությունը դիտարկում է ոչ թե որպես Արևմուտքի հետ իր կապերը փոխարինող, այլ որպես ազգային ինքնիշխանությունը, տնտեսական դիվերսիֆիկացիան և աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու լրացուցիչ ջանք։ Այս համատեքստում, արևմտյան գործընկերներին խրախուսվում է դիտարկել Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական ինստիտուտների հետ որպես արագ փոփոխվող համաշխարհային կարգի պայմաններում դիմադրողականության, երկխոսության և ներառականության ավելի լայն ռազմավարության մի մաս։
Ռազմավարական հետևանքներ Հայաստանի և տարածաշրջանի համար
ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը Արևմուտքի ներգրավվածությունից հրաժարվել կամ եվրոպական նկրտումներից հեռանալ չէ։ Հակառակը, այն հաշվարկված քայլ է՝ իր աշխարհաքաղաքական գործիքակազմը ընդլայնելու տեսանկյունից։ Երևանը ձգտում է օգտագործել բազմաթիվ վեկտորներ՝ Արևմուտք, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան և Իրան՝ իր ինքնիշխանությունն ու մանևրելու կարողությունը մեծացնելու համար։
Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համապատասխանում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքներին։ Հայաստանի կառավարության կողմից մեկնարկած նախաձեռնությունը նախատեսում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և արդիականացումը՝ հիմնվելով չորս հիմնական սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, փոխադարձություն, իրավասություն և հավասարություն։ Դրա հիմնական նպատակն է Հայաստանը վերածել Պարսից ծոցը, Սև ծովը, Կասպից ծովի տարածաշրջանը և Եվրոպան կապող լոգիստիկ և ենթակառուցվածքային կենտրոնի՝ նպաստելով տարածաշրջանային առևտրին՝ միաժամանակ ապահովելով ազգային վերահսկողություն տարանցիկ գործողությունների նկատմամբ։ Այս շրջանակներում ՇՀԿ-ին անդամակցությունը կարող է լրացուցիչ միջազգային լեգիտիմություն հաղորդել Հայաստանի տարածաշրջանային օրակարգին և հնարավորություն ստեղծել ներգրավելու ենթակառուցվածքային ներդրումներ Չինաստանից, Հնդկաստանից և ՇՀԿ-ի անդամ այլ կարևոր խաղացողներից։
Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը աշխարհաքաղաքական դասավորվածության փոփոխություն չէ, այլ բալանսավորված և պրագմատիկ արտաքին քաղաքականության արտացոլում: Այն ազդարարում է Երևանի մտադրությունը՝ դիվերսիֆիկացնել իր ռազմավարական տարբերակները, ավելի խորը ներգրավվել բազմակողմ տարածաշրջանային ձևաչափերում և կողմնորոշվել աշխարհում, որն ավելի ու ավելի է բնութագրվում մասնատվածությամբ և անկայունությամբ:
Այս քայլը տեղի է ունենում փոփոխվող գլոբալ դինամիկայի ֆոնին: Եվրոատլանտյան համախմբվածության ապագան մնում է անորոշ. բաց հարցեր են մնում Եվրասիայում Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարական ներգրավվածության վերաբերյալ: Տրանսատլանտյան հարաբերությունները լարվածության նշաններ են ցույց տվել, մասնավորապես՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև տարամիտվող առաջնահերթությունների տեսանկյունից: Միաժամանակ, Եվրամիության սեփական ռազմավարական ինքնավարությունը մնում է ավելի շատ ձգտում, քան իրականություն, որը հաճախ սահմանափակվում է ներքին բաժանումներով և արտաքին անվտանգության երաշխիքներից կախվածությամբ: Այս միջավայրում Հայաստանի նման փոքր պետությունները պետք է մտածեն երկու տարբերակների մեջև ընտրություններից անդին և զարգացնեն գործընկերություն բազմաթիվ առանցքների շուրջ:
Կարծում ենք, որ ՇՀԿ-ին անդամակցությունը առաջարկում է այնպիսի հարթակ, որտեղ երկխոսությունը հնարավոր է ինչպես կայացած, այնպես էլ զարգացող տերությունների հետ՝ առանց բացառիկ համաձայնեցվածության: Հայաստանը ձգտում է ոչ թե պրոտեկցիոնիզմի կամ բլոկային քաղաքականության, այլ՝ ներառականության և ֆունկցիոնալ համագործակցության՝ անվտանգության, առևտրի, կապի և դիվանագիտական հարցերում: Թեև մարտահրավերները բազմաթիվ են, այդ թվում՝ ՇՀԿ-ի ներսում ներքին մրցակցությունը և տարածաշրջանային լարվածության չհանգուցալուծված օջախները, մասնակցությունը ռազմավարական ազդեցության վերածելու ներուժը շոշափելի է։
Կարևոր է մնում Հայաստանի կողմից հիմնական սկզբունքներին հավատարմությունը. ինքնիշխանություն, փոխադարձ հարգանք և բալանսավորված ներգրավվածություն։ Եթե Երևանը շարունակի մոտենալ ՇՀԿ-ին ռազմավարական համբերատարությամբ, նախաձեռնողական դիվանագիտությամբ և տարածաշրջանային փոխկախվածության վրա հիմնված տեսլականով, այն կարող է իր անդամակցությունը վերածել ոչ թե ռեակտիվ քայլի, այլ ավելի դիմացկուն և առաջադեմ եվրասիական քաղաքականության անկյունաքարի։