Հանրային տրամադրությունները Եվրոպայում

10 ր.   |  2025-08-14

Սկսած XIX դարի սկզբից, երբ հասարակության լայն շրջանակները սկսեցին էական ազդեցություն գործել քաղաքական, տնտեսական և սոցիալական պրոցեսների վրա, հասարակական կարծիքի ուսումնասիրությունը վերածվեց այդ պրոցեսների ուսումնասիրության և կառավարման կարևոր բաղադրիչի։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գերակա ուղի է հայտարարել ընթացքը դեպի Եվրոպական Միություն։ Այդ պատճառով Հայաստանյան պրոցեսների կարգաբերման տեսակետից կարևոր է Եվրոպական Միությունում ընթացող տարատեսակ և տարաբնույթ պրոցեսների դիտարկումն ու ադեկվատ ընկալումը։ Այդ պրոցեսներն մի կողմից արտահայտվում են, իսկ մյուս կողմից որոշ չափով պայմանավորվում են դրանց նկատմամբ հանրային տրամադրություններով, որոնք ձևավորում են հասարակական վարքը։ 

Եվրոպական Միությունում հանրային տրամադրություններն ու կարծիքը արդեն երկար տարիներ ուսումնասիրվում են լայնածավալ սոցիոլոգիական հետազոտությունների միջոցով, որոնց շարքում են Եվրոբարոմետրը (Eurobarometer, EB) և Եվրոպական սոցիալական հետազոտությունը (European Social Survey, ESS): 

Եվրոբարոմետրը նախաձեռնել է Եվրոպական հանձնաժողովը, որն իրականացվում է 1974 թ.-ից։ Հետազոտության նպատակն է ԵՄ արդիական հարցերի վերաբերյալ ԵՄ քաղաքացիների կարծիքի ուսումնասիրությունը, այդ թվում՝ մարդկանց կարծիքը քաղաքականության, տնտեսության, էկոլոգիայի, միգրացիայի, հասարակական ինստիտուտների նկատմամբ վստահության և այլ հարցերի վերաբերյալ։ Եվրոբարոմետրը սովորաբար իրականացվում է տարեկան երկու անգամ՝ գարնանն ու աշնանը։ Հետազոտության ծածկույթը միայն Եվրամիության երկրներն են, իսկ երբեմն նաև՝ թեկնածու երկրները։ Հետազոտությունն իրականացվում է հեռախոսային կամ դեմ առ դեմ հարցազրույցներով։ Որպես կանոն յուրաքանչյուր երկրում հարցվում է 15 և ավելի տարեկան մոտ 1000 անձ։ Այս հետազոտությունների կիզակետերն են հասարակական կարծիքի կարճատև փոփոխությունները և հասարակական կարծիքի արձագանքը ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ 

Եվրոպական սոցիալական հետազոտության նախաձեռնել է Եվրոպական հետազոտական ենթակառուցվածքների կոնսորցիումը  (European Research Infrastructure Consortium), որը մասնակիորեն ֆինանսավորում է Եվրոպական Միությունը։ ESS-ի նպատակն է Եվրոպայում սոցիալական և քաղաքական երկարաժամկետ փոփոխությունների, այդ թվում՝ արժեքների, տարբեր ինստիտուտների նկատմամբ վստահություն, քաղաքական և քաղաքացիական մասնակցություն, ինքնություն և այլն ոլորտների ուսումնասիրությունը։ ESS-ն իրականացվում է երկու տարին մեկ անգամ։ Հետազոտության ծածկույթն է՝ Եվրոպական Միության և մի շարք այլ երկրները, օրինակ՝ Նորվեգիան, Շվեյցարիան, Իսրայելը և այլն։ ESS-ը ակադեմիական հետազոտություն է և կատարվում է խիստ գիտական չափանիշներով։ Տվյալները հավաքագրվում են դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով։ Ընտրանքի ծավալը յուրաքանչյուր երկրի համար կազմում է մոտ 1500 հարցվող։ Հետազոտությունների կիզակետն է՝ մարդկանց արժեքների և վարքագծի համեմատական ակադեմիական հետազոտությունները։

Հասարակական տրամադրությունները ԵՄ երկրներում

Այս հոդվածում Եվրոբարոմետր 2025 թ. ձմռան հետազոտության տվյալների կիրառմամբ ներկայացված է ԵՄ և դրա առանձին երկրների հասարակական տրամադրությունների ընդհանուր պատկերը, որն արտապատկերված է հետևյալ հարցերի միջոցով։

  • «Ներկայումս Ձեր կարծիքով [մեր երկրում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»։
  • «Ներկայումս Ձեր կարծիքով [Եվրոպական Միությունում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»։
  • «Ներկայումս Ձեր կարծիքով [ԱՄՆ-ում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»։
  • «Ներկայումս Ձեր կարծիքով [Ձեր անձնական կյանքում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»։

Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ բոլոր 27 երկրների բնակչության միայն 31%-ն է համարում, որ իրենց երկրում գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Կրկնակի ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր համարում են, որ իրենց երկրում գործերն ընթանում են սխալ ուղղությամբ (Գծապատկեր 1)։  

Գծապատկեր 1. «Ներկայումս Ձեր կարծիքով [մեր երկրում/ԵՄ-ում/ԱՄՆ-ում/Ձեր անձնական կյանքում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»։

Մի փոքր ավելի բարենպաստ է կարծիքը, թե ինչ ուղղությամբ են ընթանում գործերը ԵՄ-ում։ Այստեղ դրական գնահատականները կազմում են 35%, իսկ բացասական գնահատականները՝ 51%։ 

ԵՄ-ի բնակչության շրջանում ԱՄՆ-ում գործերի ընթացքի վերաբերյալ հանրային կարծիքի դիտարկումը կարևոր է այն պատճառով, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մրցակցում են բարձրակարգ մասնագետներ ներգրավելու հարցում։ Ընդհանուր առմամբ այդ մասնագետների համար ԱՄՆ-ն ավելի գրավիչ է, քանի որ ունի նորարարության ավելի հզոր էկոհամակարգ, ավելի բարձր աշխատավարձեր STEM (Science, Technology, Engineering, Mathematics) ոլորտներում, հատկապես՝ ՏՏ, կենսատեխնոլոգիաներ, բժշկություն և ֆինանսներ [1]։ ԱՄՆ-ն ընդունում է ամբողջ աշխարհում օտարերկրյա ուսանողների ավելի քան 20%-ին։ Եվրոպացի ուսանողների ու ասպիրանտների մի մասը ուսման ավարտից հետո մնում են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ում, քանի որ այստեղ ավելի գրավիչ են կարիերային հեռանկարներն ու կյանքի պայմանները։ Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տվել, որ Եվրոպայից բարձր որակավորմամբ միգրանտների մոտ 65%-ը որպես նպատակային երկիր է ընտրում է ԱՄՆ [2]։ 

Եթե ԱՄՆ-ում գործերի ընթացքի գնահատականը հասարակական կարծիքում էապես ավելի բարձր լինի, քան ԵՄ-ում, ապա այն կվերածվի ԵՄ-ից աշխատուժը, մասնավորապես բարձրակարգ մասնագետներին արտամղող գործոնի, իսկ ԱՄՆ համար՝ գրավչության գործոնի։ Աղյուսակ 1-ից երևում է, որ 2025 թ. հունվարին ԵՄ բնակչության միայն 24%-ն էր համարում, որ ԱՄՆ-ում գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Ի թիվս այլ գործոնների, դա հավանաբար պայմանավորված է նաև նրանով, որ ԵՄ ինֆորմացիոն դաշտում ԱՄՆ նոր նախագահ Թրամփի գործունեությունը սկսած 2015-2016 թթ.-ից որպես կանոն ուներ բացասական երանգավորում։ Իսկ վերջինս պայմանավորված էր նրանով, որ Թրամպի առաջին նախագահության շրջափուլում նրա քաղաքականության ազդեցությամբ Եվրոպայում սկսեցին ուժեղանալ եվրոսկեպտիցիզմը, «գլոբալիստների», Եվրամիության և ՆԱՏՕ-ի քննադատությունը, սկսվեց անվստահություն սերմանումը գլոբալ «մեյնսթրիմ» ԶԼՄ-ների նկատմամբ։ Արդյունքում, 2024 թ. Թրամպի հաղթանակը հասարակական կարծիքում մեծամասամբ ընկալվել է որպես «ԱՄՆ-ում գործերի ընթացքի բացասական ուղղություն»։

Հասարակական կայունության կարևոր գործոն է նաև այն, թե ինչպես են մարդիկ գնահատում իրենց անձնական գործերի ընթացքը։ Այդ տեսակետից ԵՄ-ում իրավիճակը բարենպաստ է՝ ԵՄ բնակչության 73%-ը համարում է, որ իրենց անձնական գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ 

Դիտենք այդ գնահատականները եվրոպական առանձին երկրներում։ Աղյուսակ 1-ում ներկայացված են վերոբերյալ հարցերին «Գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ» պատասխանները։ Առատ տվյալներում արագ կողմնորոշման և վիճակի գնահատականների ընդհանուր ընկալման դյուրացման նպատակով աղյուսակի վանդակները գունավորված են։ Որքան ավելի մուգ կարմիր է վանդակը, այնքան ավելի բարձր է թիվը, որքան ավելի մուգ կապույտ է վանդակը, այնքան ավելի ցածր է թիվը։ Կարևոր է նշել, որ համադրելի են միայն տվյալ սյան գունավորումները։ Աղյուսակում տվյալները դասավորված են ըստ «Իրենց երկրում» սյան արժեքների նվազման։

Աղյուսակի ԵՄ27 տողում տրված են ԵՄ բոլոր 27 երկրներում «իրենց երկրում/ԵՄ-ում/ԱՄՆ-ում/Իրենց անձնական կյանքում գործերի ճիշտ ընթացք» ընկալողների տոկոսը։ 

Նշենք նաև, որ Եվրոբարոմետր հետազոտությունում առանձին են գնահատվում Արևմտյան Գերմանիայի, Արևելյան Գերմանիայի և ամբողջ Գերմանիայի ցուցանիշները։ Չնայած Գերմանիան արդեն 35 տարի է ինչ վերամիավորվել է, սակայն Արևմտյան և Արևելյան Գերմանիաներում սոցիալական և տնտեսական վիճակները տարբերվում են, ինչը այդ հատվածներում քաղաքական պրոցեսների բովանդակության լուրջ տարբերությունների հիմք է, որն արտահայտվում է հասարակական կարծիքում և ֆեդերալ մասշտաբի ընտրություններում։

Աղյուսակ 1. «Ներկայումս Ձեր կարծիքով [մեր երկրում/ԵՄ-ում/ԱՄՆ-ում/Ձեր անձնական կյանքում] ընդհանուր առմամբ գործերն ընթանում են ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ»

ԵՄ առանձին երկրներում «իրենց երկրներում» գործերի ընթացքի վերաբերյալ դրական գնահատականների ցրվածքը շատ մեծ է և կազմել է 50% (Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի գնահատականների տարբերությունը)։ 

ԵՄ-ում գործերի ընթացքի դրական գնահատականների ցրվածքն ավելի փոքր է, սակայն այդուհանդերձ նույնպես բավական բարձր է և կազմել է 42% (Իռլանդիայի և Ֆրանսիայի գնահատականների տարբերությունը):

Իրենց երկրում ամենաբարձր գնահատականները դիտարկվել են Լյուքսեմբուրգում (61%), Իռլանդիայում (60%) և Լեհաստանում (58%), իսկ ամենացածր գնահատականները՝ Ֆրանսիայում (11%), Կիպրոսում (15%), Արևելյան Գերմանիայում  (16%) և Հունաստանում (19%)։

Իրենց երկրի ընթացքի վերաբերյալ ամենաբարձր գնահատականներով երկրների երկրորդ խմբում են Լիտվան (46%), Ավստրիան (43%), Մալթան (42%), Դանիան (42%), իսկ ամենացածր գնահատականներով երկրների երկրորդ խմբում են Նիդեռլանդները (22%), Սլովակիան (24%), Գերմանիան (25%), Ֆինլանդիան (26%), Սլովենիան (27%)։

Իրենց երկրում և ԵՄ-ում գործերի ընթացքի դրական գնահատականները միմյանց հետ շաղկապված են։ Տրամաբանությունը հուշում է, որ առաջինն ազդում է երկրորդի վրա։ Այդ կապը ներկայացված է Գծապատկեր 2-ում: Իրենց երկրում գործերի ընթացքի դրական գնահատականի 1%-ով աճի դեպքում, ԵՄ-ում գործերի ընթացքի դրական ընթացքի գնահատականն աճում է 0.53%-ով։ 

Գծապատկեր 2Իրենց երկրում և Եվրոպական Միությունում գործերի դրական ընթացքի գնահատականների միջև շաղկապվածությունը։

ԵՄ քաղաքականությունների մշակման տեսակետից կարևոր հարց է, թե ո՞ր տարածքում գործերի ընթացքն է ավելի բարենպաստ ընկալվում՝ «իրենց երկրու՞մ», թե՞ ԵՄ-ում։ Աղյուսակ 1-ի տվյալները պարունակում են այդ հարցի պատասխանը, սակայն, բոլոր երկրների դեպքում դրա ընդհանրացված ընկալումը դժվար ընկալելի է։ Այն շատ հեշտ է դիտարկել Աղյուսակ 2-ի միջոցով, որն իրենից ներկայացնում է նույն Աղյուսակ 1-ը, որտեղ վանդակների գունավորումը կատարված է այնպես, որպեսզի հեշտությամբ ընկալվեն տվյալների տարբերություններն ըստ տողերի։ Բացի դրանից, այդ աղյուսակում ավելացվել է երեք սյուն՝ «Եր.» - «ԵՄ», որտեղ տրված են «իրենց երկրի» և ԵՄ-ի գնահատականների տարբերությունը, «Եր.» - «ԱՄՆ.» սյունը, որտեղ տրված են «իրենց երկրի» և ԱՄՆ գնահատականների տարբերությունները և «Եր.» - «Անձ.» սյունը, որտեղ տրված են «իրենց երկրի» և անձնական կյանքի ընթացքների գնահատականների միջև տարբերությունները։

Աղյուսակ 2. Իրենց երկրում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում և անձնական կյանքում գործերի ընթացքների միջև տարբերությունները ԵՄ երկրներում։

Աղյուսակ 2-ի «Եր. - ԵՄ» սյունը ցույց է տալիս, որ «իրենց երկրում» գործերի ընթացքը ԵՄ-ում գործերի ընթացքից ավելի բարձր են գնահատել միայն այն երկրներում, որտեղ «իրենց երկրում» գործերի ընթացքի գնահատականներն ամենաբարձրն է՝ Լյուքսեմբուրգում («իրենց երկրում» գործերի ընթացքի գնահատականը գերազանցում է ԵՄ-ում գործերի ընթացքի գնահատականը 31%-ով), Իռլանդիայում (2%), Լեհաստանում (3%), Լիտվայում (0%) և Ավստրիայում (10%)։ 

Մնացած բոլոր երկրներում ԵՄ-ում գործերի ընթացքի գնահատականն ավելի բարձր է, քան «իրենց երկրում»։ Այդ տարբերությունն առավել ակնառու է Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրներում՝ Բուլղարիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում։ Այս երևույթը բացատրվում է մի քանի հիմնական պատճառներով։ Մարդիկ իրենց կենցաղային պրոբլեմներն ընկալում են իրենց երկրներում, իսկ ԵՄ-ն ընկալվում է որպես «ավելի հեռու և աբստրակտ» օբյեկտ։ ԵՄ-ն մարդկանց պատկերացումներում շաղկապված է խաղաղության, կայունության, ազատ տեղաշարժի և մարդու իրավունքների պաշտպանության հետ, որոնք ԵՄ նկատմամբ ձևավորում են դրական դիրքորոշումներ։

Իրենց երկրում գործերի ընթացքն ավելի բարենպաստ են գնահատել, քան ԱՄՆ-ում համարյա բոլոր երկրներում, բացի Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներից՝ Ռումինիա, Խորվաթիա, Հունգարիա, Բուլղարիա, ինչպես նաև Կիպրոսում և Ֆրանսիայում։ 

Բոլոր երկրներում իրենց անձնական կյանքում գործերի ընթացքը իրենց երկրում գործերի ընթացքից ավելի բարձր են գնահատել։ Դա հայտնի սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը տեղի ունի ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրներում։ Մարդիկ հակված են համարելու, որ իրենք ունակ են կարգավորելու իրենց կյանքը, սակայն ունակ չեն ազդելու երկրի ընթացքի վրա։ Մյուս կողմից ԶԼՄ-ները առավելապես հակված են լուսաբանելու կյանքի բացասական կողմերը՝ ճգնաժամերը, անհաջողությունները, կոնֆլիկտները, ինչը նվազեցնում է երկրում գործերի ընթացքի դրական գնահատականները։  

Նշենք նաև, որ մյուս կողմից, անձնական կյանքի ընթացքի դրական գնահատականները թույլ են շաղկապված իրենց երկրի դրական ընթացքի գնահատականների հետ (Գծապատկեր 3): Երբ անձնական կյանքի դրական գնահատականն աճում է 1%-ով, իրենց երկրում գործերի ընթացքի գնահատականն աճում է 0.27%-ով։  

Գծապատկեր 3Անձնական գործերի և իրենց երկրում գործերի ընթացքի դրական գնահատականների շաղկապվածությունը։

Փորձ է արվել դասակարգել ԵՄ 27 երկրներն հասարակական տրամադրությունների բոլոր 4 գնահատականների միասնական հաշվառմամբ [3]։ Դասակարգման ընթացքում վերլուծությունից դուրս են բերվել ԵՄ բոլոր երկրների ընդհանրացված և միավորված Գերմանիայի գնահատականները։ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների տվյալները կիրառվել են որպես առանձին երկրների տվյալներ։ Դասակարգման արդյունքում ստացվել է երկրների երեք խումբ։

Աղյուսակ 3-ում ներկայացված են այդ խմբերի կենտրոնների կոորդինատները 4-չափանի տարածությունում։ Այդ տարածություններն են՝ դրական դիրքորոշումները իրենց երկրում գործերի ընթացքի նկատմամբ, դրական դիրքորոշումները ԵՄ-ում գործերի ընթացքի նկատմամբ, դրական դիրքորոշումները ԱՄՆ-ում գործերի ընթացքի նկատմամբ և դրական դիրքորոշումները անձնական գործերի ընթացքի նկատմամբ։

Աղյուսակ 3ԵՄ երկրների կլաստերների կենտրոնների կոորդինատները

Աղյուսակ 4-ում ներկայացված է Աղյուսակ 1-ը, որտեղ երկրները դասավորված են ըստ կլաստերների պատկանելության։

Աղյուսակ 4

Առաջին կլաստերում այն 15 երկրներն են, որոնցում ամենից ցածրն են իրենց երկրում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում գործերի դրական ընթացքի նկատմամբ ընկալումները։ 

Երկրորդ կլաստերում այն 6 երկրներն են, որոնցում ամենաբարձրն են իրենց երկրում, ԵՄ-ում և իրենց անձնական ոլորտում գործերի դրական ընթացքի վերաբերյալ ընկալումները։ 

Երրորդ կլաստերում են այն 7 երկրները, որոնցում ամենաբարձրն են ԱՄՆ-ում և ԵՄ-ում գործերի դրական ընթացքի նկատմամբ ընկալումները և ամենացածրն են իրենց անձնական գործերի դրական ընթացքի նկատմամբ ընկալումները։

Նշենք նաև, որ յուրաքանչյուր կլաստերում կան երկրներ, որոնց հեռավորությունն իրենց կլաստերի կենտրոնից նշանակալիորեն ավելի մեծ է, քան այդ կլաստերի մնացած երկրներինը։ Այդպիսիք են, առաջին կլաստերում՝ Ֆրանսիան և Պորտուգալիան, երկրորդ կլաստերում՝ Իռլանդիան և երրորդ կլաստերում՝ Լեհաստանը։


[1] Влияние тенденций на рынке труда на иммиграцию по трудоустройству в 2025 году․   
[2] Международная миграция высококвалифицированных специалистов: направления, масштабы, регулирование․ 
[3] Կիրառվել է k-միջիններով կլաստերացման մեթոդը։