Հիբրիդային պատերազմ հասկացությունը

12 ր.   |  2026-08-25

Վերջին շրջանում ներհայկական հանրային, քաղաքական շրջանակներում ամենահաճախ հնչող բառակապակցությունը «հիբրիդային պատերազմն» էր։ Թերևս, զարմանալի չէ, որ հանրության որոշ հատվածը լավ չի պատկերացնում կամ անգամ չգիտի եզրույթի քաղաքագիտական ու մարդաբանական իմաստն ու չափումները։ Այն համեմատաբար վերջերս առաջացած և աստիճանաբար «միս ու  արյուն» ստացող հասկացություն է։ Մինչև վերջերս հանրային, քաղաքական գիտակցության մեջ գերիշխող էր պատերազմի ավանդական ընկալում, որը մինչև 20-րդ դարի սկիզբն ընթանում էր գլխավորապես բանակների միջև։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ այն հանգուցային կետը, որը հեղափոխեց պատերազմի էությունն ու ընկալումները. պատերազմներն այլևս ոչ թե բանակների միջև էին, այլ՝ պետությունների՝ ներառելով պետության գրեթե բոլոր ոլորտներն ու հիմնական ռեսուրսը։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերություններում ի հայտ եկավ նոր իրողություն՝ Սառը պատերազմը, որն ընթանում էր երկու աշխարհաքաղաքական բևեռների՝ ՆԱՏՕ-ի ու Վարշավյան պայմանագրի կազմակերպության, և ոչ թե առանձին վերցրած երկրների։ Դրա հիմնական նպատակը բևեռներից մեկի թուլացումն ու ապամոնտաժումն էր ամենատարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ՝ առանց ուղղակի ռազմական ուժի գործադրման։ «Պատերազմող» կողմերի հիմնական զենքը գաղափարական էր։ Քաղաքական մարդաբանության տեսանկյունից, նպատակադրվել էր դեմոնիզացնել, երբեմն էլ՝ ապամարդկայնացնել հակառակորդին։ Այդ նպատակի գործադրմանը լծված էին պետական քարոզչության հիմնական գործիքները՝ հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ և զանգվածային հաղորդակցության այլ միջոցներ։ Լայն տեղ էր հատկացվում գրական գեղարվեստական ստեղծագործություններին ու ֆիլմերին։ 

Քանի որ երկու աշխարհաքաղաքական բևեռները պատկանում էին տնտեսաքաղաքական առանձին մոդելների՝ կապիտալիստական և սոցիալիստական, քարոզչության մեջ կարևոր տեղ էր հատկացնում այդ համակարգերի անկենսունակությունը ցույց տալուն և դրա շուտափույթ անկումը գուժելուն։ Մեդիայում, գրականության ու ֆիլմերի մեջ խորհրդային մարդուն փորձ էր արվում ցույց տալ կապիտալիստական աշխարհի բարիքները, այն, թե ինչպես շարքային ֆերմերը կարող է իրեն թույլ տալ ճամփորդություն և հանգիստ, որի մասին Չելյաբինսկի, Կամչատկայի կամ Մայկոպի բնակիչը կարող էր միայն երազել։ Խորհրդային իրականությունում ապրող մարդու հոգեբանությունը խաթարվում էր այն իրականությունից, որ Փարիզի, Վիեննայի կամ Նյու Յորքի բնակիչը հերթի մեջ կյանքի բազմաթիվ րոպեներ չի վատնում երշիկի բաղձալի բաժինը գնելու համար։ 

Նկատելի է, որ Սառը պատերազմն իր մեջ ներառում էր գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեբանական, սոցիալական գործոնների համալիր օգտագործումն ընդդեմ հակառակորդ ճամբարի։ Սառը պատերազմն ավարտվեց բևեռներից մեկի փլուզմամբ և նոր պետությունների առաջացմամբ, որին հաջորդեց ԱՄՆ առաջնորդությամբ միաբևեռ աշխարհի կազմավորումը, ապա՝ միաբևեռ համակարգի ճաքերով և բազմաբևեռության նոր հեռանկարների ուրվագծերով։ 

Հայտնի է, որ պատերազմող կողմերի հիմնական նպատակը հակառակորդի ջախջախումն է՝ կապիտուլյացիան։ Ռազմական միջոցներով այդ նպատակին հասնելը լրացվել է այլ միջոցների գործադրմամբ։ Տեսաբանների համար պարզ ու ըմբռնելի է պետական համակարգի ամբողջական ֆունկցիոնալության կարևորությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Հետևաբար, հասարակության, պետական հաստատությունների միասնականությունն ու ֆունկցիոնալ ամբողջության շղթան «կոտրելու» համար կոնվենցիոնալ (դասական, զինված հակամարտությունը սովորական զինատեսակներով ու մարտավարությամբ) պատերազմի միջոցներին զուգահեռ գործի են դրվում ներգործության այլընտրանքային միջոցները՝ խոցելու համար հակառակորդ երկրի ենթակառուցվածքներն ու բնակչությունը։

«Հիբրիդային պատերազմ» առաջին անգամ ժամանակակից իմաստով օգտագործել  է ԱՄՆ ծովային հետևակի գեներալ-լեյտենանտ Ջեյմս Մետիսը 2005 թ. ֆորումներից մեկի ժամանակ։ Այդուհետ, նախկին զինվորական Ֆրենկ Հոֆմանի համահեղինակությամբ հրատարակեց «Ապագայի պատերազմը. Հիբրիդային պատերազմների վերելքը» (Future Warfare: The Rise of Hybrid Wars) խորագրով հոդվածը [1]։ Հոֆմանը հետագայում շարունակեց ուսումնասիրությունները տվյալ ոլորտում և զարգացրեց առկա կոնցեպցիան մի շարք հոդվածներում և գրքերում [2]։  

Ըստ Հոֆմանի՝ հիբրիդային պատերազմների դեպքում կիրառվում են կոնվենցիոնալ զինատեսակներ, պարտիզանական պայքար, ահաբեկչություն, ներքին անկարգություններ։ Տեսանելի է,  որ այս մոտեցումը որոշ դետալներով տարբերվում է հիբրիդային պատերազմների վերաբերյալ ներկա ընկալումներից, քանի որ հիբրիդայի պատերազամների հիմնական նպատակը հակառակորդի ներքին դիմադրողունակության ու պետական ինստիտուտների աշխատանքի փլուզումն է։ Անցյալի դասական պատերազմների դեպքում ռազմադաշտում հակառակորդի պարտությունը ոչ միշտ էր, որ վերջ էր դնում հակամարտության տվյալ փուլին։ Ռազմի դաշտում պարտվածը կարող էր ներքին ռեսուրսների ու պետական համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում վերականգնվել ու շարունակել պայքարը։ 20-րդ դարում այդպիսի սցենարի դասական օրինակ է Նացիստական Գերմանիան, որն առաջին համաշխարհային պատերազմում ծանր պարտությունից հետո կարողացավ մեկուկես տասնամյակի ընթացքում վերականգնվել ու սանձազերծել երկրորդը։ Իսկ ահա հիբրիդային արդի պատերազմների գործիքակազմի ընդլայնումը, ի թիվս այլ նպատակների, որոնց մասին դեռ խոսք կգնա, միտված է զրկել հակառակորդին նման նախադեպերի կրկնությունից։ Նկատելի է, որ տեղեկատվական հարձակումները դասվում են հիբրիդային պատերազմի միջոցների շարքին։ Ինչպես կարելի է ենթադրել, ապատեղեկատվական հարձակումների թիրախը հակառակորդ հասարակության հոգեբանական ապակայունացումն է, պառակտումն ու կասկածի սերմանումը, որն ուղղակիորեն անդրադառնալու է նաև բանակի մարտունակության վրա։

Կա նաև մեկ այլ մոտեցում, որի սկզբունքներն արտացոլված են, օրինակ, Եվրոպական Միության «EU Joint Framework on Countering Hybrid Threats» (2016) փաստաթղթում [3]։ Այստեղ արձանագրվում է, որ հիբրիդային հարձակումները հաճախ աննկատելի են, քանի որ դրսևորվում են ամենատարբեր ոլորտներում։ Ի վերջո, ԵՄ մոտեցումն ինստիտուցիոնալ է. հիբրիդային պատերազմը մղվում է պետական և ոչ պետական ինստիտուտների կողմից՝ թիրախավորելով ժողովրդավարական հաստատություններն ու արժեքները, տնտեսությունը, հանրային համախմբվածությունը։ ԵՄ-ն հիբրիդային պատերազմի գործիքներ է դիտարկում կիբերհարձակումները, ապատեղեկատվությունը, էներգետիկ շանտաժը, ընտրություններին միջամտելը։

Հիբրիդային պատերազմի մեկ այլ սահմանում է տվել 2015 թ. բրիտանական Ռազմավարական հետազոտությունների «Ռազմական հաշվեկշիռ» միջազգային ինստիտուտը, ըստ որի՝ հիբրիդային պատերազմը ինտեգրված ռազմական արշավում ռազմական և ոչ ռազմական գործիքակազմերի կիրարկումն է, որի նպատակը հանկարծակիություն է։ Այն օգտագործում է դիվանագիտական միջոցները և փորձում հասնել ֆիզիկական և հոգեբանական առավելության։ Ֆիզիկական առավելությունը դրսևորվում է կրիտիկական ենթակառուցվածքների (կապի միջոցներ, էներգահամակարգեր) կայծակնային կիբեր կամ դիվերսիոն արգելափակմամբ, ինչը կաթվածահար է անում հակառակորդ պետության պաշտպանական համակարգը։ Իսկ հոգեբանական առավելությունն իրացվում է տեղեկատվական տիրույթում՝ զանգվածային ապատեղեկատվության և «ռեֆլեքսիվ կառավարման» մեթոդներով հասարակության մեջ խուճապ հրահրելու և քաղաքական վերնախավի դիմադրելու կամքը կոտրելու միջոցով։ Այս համակցումը թույլ է տալիս վերցնել նախաձեռնությանը՝ նախքան թիրախ պետությունը կհասցնի գիտակցել իրական սպառնալիքը և դիմել կանոնավոր պաշտպանության։ Այն իրենից ենթադրում է նաև բարդ սխեմաներով տեղեկատվական, կիբերօպերացիաներ, ռազմահետախուզական գաղտնի գործողություններ, նաև՝ տնտեսական գործոնի ակտիվացմամբ՝ համապատասխան ճնշումը [4]։

Ավելորդ չէ նշել, որ հիբրիդային պատերազմի հասկացութենական ապարատը հիմնականում ստեղծվել և կիրառվել է արևմտյան երկրներում։ Ռուսաստանի Դաշնությունում հիբրիդային պատերազմի հանդեպ հետաքրքրությունը սկսեց դրսևորվել միջազգային լարվածության պայմաններում։ 2014 թ. նախ Ղրիմի, ապա Դոնբասի շուրջ իրադարձությունների ընթացքում արևտմյան երկրները մեղադրեցին Մոսկվային Ուկրաինայի նկատմամբ հիբրիդային պատերազմ վարելու դեմ։ Դա, ըստ էության, հարկադրեց ռուսական գիտական, ինտելեկտուալ միջավայրին արձագանքել մեղադրանքներին և ուսումնասիրել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմը [5]։ Այս հետազոտությունների արդյունքում ռուսական ռազմաքաղաքական միտքը հանգեց սկզբունքային մի եզրակացության, որը հիմնովին շրջեց արևմտյան հայեցակարգի սլաքները։ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի մակարդակով արձանագրվեց, որ «հիբրիդային պատերազմը» ոչ թե Ռուսաստանի ռազմավարությունն է, այլ Արևմուտքի (ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի) կողմից մշակված հարձակողական գործիքակազմ [6]։ Ըստ ռուսական փորձագետների փաստարկումների՝ Արևմուտքի հիբրիդային ստրատեգիայի հիմնական նպատակը թիրախ պետություններում «գունավոր հեղափոխությունների» հրահրումն է, տնտեսական ճնշումների և տեղեկատվական-հոգեբանական օպերացիաների միջոցով ներքին կայունության խաթարումը և, ի վերջո, վարչակարգի փոփոխությունը [7]։ Հետևաբար, եթե արևմտյան գրականության մեջ Ղրիմի դեպքերը դիտարկվում են որպես ռուսական հիբրիդային ագրեսիա, ապա ռուսաստանյան վերլուծությունները ցույց են տալիս, որ Մոսկվայի գործողությունները եղել են բացառապես «ակտիվ պաշտպանության» դրսևորում՝ ընդդեմ Արևմուտքի կողմից Ուկրաինայում իրականացված հիբրիդային սաբոտաժի կամ միջամտության [8]։

Ընդունված է  համարել, որ տնտեսական, էներգետիկ ճնշումը հիբրիդային պատերազմի գործիքներից է։ Որպես օրինակ բերվում են Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարումների սահմանափակումը ռուս-ուկրաինական պատերազմի սանձազերծումից հետո։ Գաղտնիք չէ, որ Եվրոպան զգալիորեն կախված էր ռուսաստանյան էներգակիրներից։ Ձմռան շեմին նման իրավիճակ ստեղծելով՝ Մոսկվան նպատակ էր հետապնդում այդ երկրներում հանրային բողոքի ակտիվացման ֆոնին ազդել քաղաքական որոշումների վրա և թուլացնել նրանց ռազմաքաղաքական աջակցությունն Ուկրաինային։

Այս մոդելով կարելի է նաև դիտարկել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Իհարկե, ՌԴ արտահանման ընթացքում նախկինում էլ եղել են սանիտարահիգիենիկ և այլ բնույթի խախտումներ, որոնք, թերևս, չեն ստացել նման հնչեղություն և չեն հանգեցրել սահմանափակումների կամ մուտքի արգելքի։ Հանրահայտ է, որ նման սահմանափակումները ակտիվացան և ավելի խստացան ՀՀ կողմից ԵՄ-ին մերձենալու հայտարարություններից և Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։ Ինչ խոսք, ԵՄ-ին մերձենալու հայտարարությունները իրական քայլերով չեն իմպլեմենտացվել։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նման քայլերը կարող են դիտվել որպես կանխարգելիչ բնույթ կրող։          

Կիբերհարձակումները համեմատաբար նոր մեթոդ են և կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների լայն տարածման հետ։ 21-րդ դարի երկրորդ տասնամյակը կարելի է համարել մարդկության պատմության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության ժամանակաշրջան, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները ներթափանցեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտները։ Այլևս դժվար է պատկերացնել ժամանակակից անհատի կյանքն առանց այդ տեխնոլոգիաների։ Հանրային կյանքի, պետական ինստիտուտների աշխատանքի տեխնոլոգիականացումն ունի նաև խոցելի կողմեր։ Ներկա դարաշրջանում տեղեկատվությունը անհատի աշխարհայացքի, աշխարհի ընկալման և այն «տեսնելու» հիմնական միջոցներից է։ Եթե հաշվի առնենք, որ տեխնոլոգիական հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում և դեռևս շարունակվում է, ուստի հասարակության որոշակի հատվածը մեդիագրագիտության պակաս ունի։ Հետևաբար, հենց այդ հատվածն է դառնում ապատեղեկատվության ամենախոցելի թիրախներից մեկը։ Հարկ է նկատել, որ այստեղ դեր է խաղում հասարակական-մշակութային միջավայրը, ուստի տարբեր հասարակություններում տարբեր են ապատեղեկատվության գործադրման դետալները։ Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ տարեց մարդիկ համեմատաբար քիչ կախում ունենալով տեխնոլոգիաներից, ավելի մեծ տեղ են տալիս կենդանի շփմանը։ Հետևաբար, ապատեղեկատվության դաշտ նետվելուց հետո այն կենդանի շփման ընթացքում էլ ավելի է խեղաթյուրվում, համեմվում «ժողովրդական բանահյուսության» լրամշակումներով և ազդում տրամադրությունների վրա։ Եթե հաշվի առնենք, որ տվյալ հասարակությունը պահպանողական է, որտեղ տարեցների դիրքը և խոսքն ազդեցիկ են, ապա պարզ է դառնում այդ ազդեցության իրական չափը։ Եթե կոնկրետանանք հայաստանյան հասարակության վրա, ապա այստեղ նկատելի են մի քանի նրբություններ։ Պատմականորեն պետականության բացակայությունը ենթադրել է քաղաքականության բացակայություն։ Խորհրդային իշխանության տարիներին քաղաքականություն, որպես այդպիսին, չկար, և հասարակության լայն զանգվածները ապաքաղաքական են եղել։ Խորհրդային ժամանակաշրջանն առանձնահատուկ է այն դիտանկյունից, որ այստեղ ապաքաղաքականացումը պետական քաղաքականություն էր։ Դասական առումով քաղաքականության գոյությունն ուղղակի իմաստով գոյաբանական սպառնալիք էր խորհրդային միակուսակցական համակարգի համար։ Ելնելով այդ իրողությունից՝ կումունիստական իշխանություններն ամեն ինչ անում էին այլակարծության ամենափոքր նշույլն անգամ բնում խեղդելու համար։ Նմանօրինակ քաղաքականությունը հասարակության շրջանում ձևավորեց և ամրապնդեց ընկալումը, որ քաղաքականությունը իրենցից «դուրս» է, ոչ իրենց համար։ Նման հարցերը որոշվում են այնտեղ՝ «վերևներում», իսկ իրենք ոչինչ որոշել չեն կարող։ Ուշադիր դիտողի համար կարող է նկատելի լինել խորհրդային շրջանի այդ ընկալման և անկախ Հայաստանում հասարակության շրջանում լայն ժողովրդականություն «վայելող» մտակաղապարի նույնականությունը, ըստ որի՝ ընտրություններին չմասնակցելը հիմնավորվում է հենց այդ կերպ։ Ապաքաղաքական հասարակությունն ամենաարգասաբեր միջավայրն է քաղաքական մանիպուլյացիաների և ապատեղեկատվության տարածման համար։ Ապատեղեկատվություն տարածողի համար կարևոր է հասարակության ապաքաղաքական լինելը, քանզի այդ պարագայում վերջինիս մոտ բացակայում է քաղաքական սուբյեկտայնության գաղափարը և հենց քաղաքական սուբյեկտայնությունն ինքնին։ Քաղաքական սուբյեկտայնությունն էլ անքակտելիորեն ներազդում է պետության դիմակայունության որակական կողմի վրա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից տարածումը լայն հնարավորություններ է ընձեռում կոգնիտիվ կամ գիտակցության մանիպուլյացիայի համար։ Գիտակցության մանիպուլյացիան զուտ ապատեղեկատվության պարզ փոխանցում չէ, այլ ենթադրում է շարունակական ներշնչանքի, համոզման միջոցով օբյեկտի վարքի ու մոտեցման փոփոխություն։ Բայց դա պետք է արվի գաղտնի, որպեսզի օբյեկտը, որին ուղղված է մանիպուլյացիան, չհասկանա այն։ Կարևոր դետալներից մեկն այն է, որ օբյեկտը պետք է մտածի, որ դա իր միտքն է կամ քայլն իր ցանկությամբ է անում [9]։ Քաղաքական առումով, այն նաև քաղաքական կողմնորոշվածության և դիրքավորման գործիք է ծառայում։ Դրանցից մեկն արդեն մատնանշվեց վերևում։ Կիբերհարձակումները նպատակ ունեն խոցել, կաթվածահար անել պետական ենթակառուցվածքները, կապի միջոցները, բանկային և այլ համակարգերը, որը քաոսի կարող է վերածել երկրի ներքին կյանքը։ 21-րդ դարի տեխնոլոգիաները թելադրեցին տեղեկատվության այլ ձևերի առաջխաղացումը, որը պետք է ազդեր մարդկանց հոգեբանության և աշխարհայացքի վրա։ Այն հատկապես ակնառու դարձավ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից և այդ համապատկերում Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից հետո։ ԱՄՆ կողմից արդեն հայտարարված արտաքին թշնամու կերպարի ամրապնդման խնդիրը իշխանությունները փորձեցին լուծել քաղաքական մարդաբանության տեսանկյունից վիդեոխաղերը և մեդիան որպես ծիսականացված գործիքներ օգտագործելով         [10]։ Դա կարևոր էր նաև այն տեսանկյունից, որ դրա սպառողը երիտասարդություն էր, որն ավանդապես հասարակության ամենամոբիլ ու փոփոխությունների հանդեպ զգայունակ շերտն է։ Ըստ այդմ, մեդիայի և խաղերի միջոցով աստիճանաբար փոխակերպման էր ենթարկվում երիտասարդների ինքնությունը՝ նրան վերածելով «վիրտուալ հերոսի», որը մասնակցում է «քաղաքակիրթ Արևմուտք»-ի քաղաքակրթական և ժողովրդավարական էքսպանսիային՝ ընդդեմ ահաբեկչության: 

Հարկ է նշել, որ տեղեկատվական հարձակումների կամ տեղեկատվա-մշակութային ֆոն ստեղծելու հետ կապված է նաև հիբրիդային պատերազմի մեկ այլ բաղադրիչ՝ «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Այն հիմնականում կրում է մշակութային էքսպանսիայի բնույթ։ Նախորդ դարում, հատկապես, Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի պատմական փորձի հաշվառմամբ, պետությունների համար պարզ էր, որ «վերևից», վարչահրամայական մեթոդներով սեփական ազդեցությունն ու արժեբանության պարտադրումը կամ տարածումը հեռանկար չունի։ Բնական է, որ արդեն շեշտը դրվելու էր հանրության լայն շերտերի կողմից լայն մասնակցայնությանը, համակրելի կամ գրավիչ ներկայացվելուն։ Այդ ասպարեզում կարևոր դերակատարություն ուներ լեզվի ուսուցումը, ֆիլմերի, հաղորդումների, գրականության, երաժշտության գովազդումը և տարածումը թիրախային երկրներում կամ տարածաշրջաններում։ «Փափուկ ուժի» ներդրած գործիքները հիմնականում աշխատում են թիրախավորված հասարակության արժեբանական կողմի վրա՝ այն փոփոխության ենթարկելու նպատակադրմամբ։ Հիմնական նպատակներից է հասարակության պառակտվածությունը, ուստի «փափուկ ուժը» դրսևորվում է ըստ միջավայրի հրամայականի։ Օրինակ՝ պատրիարխալ հասարակություններում, որտեղ ավանդականորեն կարևորվել են հեղինակությունը, առանձին ՀԿ-ների, կրթական ծրագրերի գործունեությունն ու գործարկումը դանդաղ, աստիճանաբար կասկածի տակ են առնում այն։ Առաջ է գալիս «հնի» ու «նորի» կողմնակիցների խուլ պայքար, որը հետագայում կարող է բացահայտ բնույթ ստանալ։

«Փափուկ ուժի»՝ առավել ագրեսիվ տեսակը մասնագետները հակված են անվանել «սուր ուժ» (Sharp Power)։ Եզրույթն առաջ են քաշել Քրիստոֆեր Ուոկերը և Ջեսիկա Լյուֆվիգը [11]։ Դրանց նպատակներից մեկը սեփական քաղաքական, մշակութային, տնտեսական ազդեցության տարածումն է կամ պահպանումը։ Դա կարևոր է, քանի որ նույնանման մշակութային-քաղաքական միջավայրը կանխատեսելի է այն տարածողի և շահառուի համար։ Կանխատեսելիությունն էլ ինքնանպատակ չէ, և թույլ է տալիս ավելի քիչ ծախսերով պահպանել սեփական ազդեցությունն ու կանխարգելել պոտենցիալ կամ առկա հակառակորդի նկրտումները։ Հատկանշական է, որ որևէ տարածաշրջան կամ երկիր կարող է այդ առումով ոչ թե թիրախ կամ նպատակ լինել, այլ ծառայել որպես միջոց կամ բուֆեր՝ հակառակորդին ապահով տարածության վրա պահելու համար։ Պատմական անցյալին դիմելուց՝ ակնառու է Արևելյան Եվրոպայի բուֆերային դերը ԽՍՀՄ համար ընդդեմ «կապիտալիստական աշխարհի» համար։ Տվյալ մոդելով կարելի է դիտարկել պայմանական Արևմուտքի և ՌԴ-ի հավակնությունները առանձին տարածաշրջանների նկատմամբ։

Միով բանիվ, հիբրիդային պատերազմը, որպես երևույթ, իր անընդհատական դրսևորումներն ունեցել է մարդկության պատմության տարբեր դրվագներում։ Այդուհանդերձ, 20 և հատկապես 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացն ընձեռեցին մինչ այդ աննախադեպ գործիքակազմեր և միջոցներ՝ հաղթահարելու հակառակորդի դիմադրողականությունը, հաճախ՝ առանց «տաք» զենքերի գործադրման։


[1]Mattis J., Hoffman F., Future Warfare: The Rise of Hybrid Wars, Naval Institute Proceedings, November 2005։

[2]Hoffman, F., Complex Irregular War: The Next Revolution in Military Affairs, Orbis, Summer 2006; Նույնի Preparing for Hybrid Wars, Marine Corps Gazette, March 2007։ 

[3]European Co mmission, Joint Communication to the European Parliament and the Council: Joint Framework on countering hybrid threats - a European Union response, JOIN (2016) 18 final, Brussels, 6.4.2016. https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/HTML/?uri=CELEX:52016JC0018 

[4]Wither James, Defining Hybrid Warfare. “Per Concordiam” (https://www.marshallcenter.org/sites/default/files/files/2020-05/pC_V10N1_en_Wither.pdf (վերջին մուտքը 16.05.2026):

[5]Фридман О., «Гибридная война» понятий, Вестник МГИМО-Университета, 2016, с 81.

[6]Герасимов В. В., По опыту Сирии // Военно-промышленный курьер, 2016, № 9 (624).

[7]Бартош, А. А. Конфликты ХХI века. Гибридная война и цветная революция, М., 2018.

[8]Кокошин А. А. Вопросы прикладной теории войны, Нац. исслед. ун-т «Высшая школа экономики», 2-е изд., М. : Изд. дом Высшей школы экономики, 2019.

[9]Кара-Мурза С., Манипуляция сознанием, М.: Эксмо, 2005, с. 32.

[10]Tanner Mirrlees and Taha Ibaid, “The Virtual Killing of Muslims: Digital War Games, Islamophobia, and the Global War on Terror,” Islamophobia Studies Journal 6, no. 1 (2021): 33-51, https://doi.org/10.13169/islastudj.6.1.0033. Accessed December 16, 2025.

[11]Walker Ch., Ludwig J/,, From 'Soft Power' to 'Sharp Power': Rising Authoritarian Influence in the Democratic World, 2017. https://www.ned.org/wp-content/uploads/2017/12/Introduction-Sharp-Power-Rising-Authoritarian-Influence.pdf (Վերջին մուտքը՝ 31.03.2026)։