Հարձակումները Բաբ էլ-Մանդեբ նեղուցում

8 ր.   |  2026-04-14

Պատմական համառոտ ակնարկ

Բաբ էլ-Մանդեբ անվանումն ունի արաբական ծագում, որտեղ «բաբ» նշանակում է «դարպաս» կամ «դուռ», իսկ «մանդեբ»՝ «ողբ», «վիշտ» կամ «արցունք», այսինքն՝ Արցունքների կամ Վշտի դարպաս։ 

Նեղուցը դարեր շարունակ վտանգավոր է եղել նավարկության համար, ինչի պատճառով էլ ստացել է իր անվանումը։ Այս հատվածում կան ստորջրյա հզոր հոսանքներ, նեղ անցումներ, ծանծաղուտներ, բազմաթիվ մանր կղզիներ ու ստորջրյա խութեր, որոնց թվում կարելի է առանձնացնել աֆրիկյան ափերի մոտ գտնվող «Յոթ եղբայրներ» կղզեխումբը։ Նեղուցով անցնող նավերն այստեղ հաճախ են խորտակվել, ինչն էլ անվան բացատրություններից է։

Մյուս բացատրությունն ավելի շատ առասպելական է. ըստ արաբական ավանդույթների՝ հեռավոր անցյալում Ասիան ու Աֆրիկան կապված են եղել ցամաքային կամրջով։ Ուժգին երկրաշարժի հետևանքով ցամաքը ճեղքվել է՝ առաջացնելով նեղուցը։ Առասպելի համաձայն՝ այս աղետալի ճեղքումից շատերն են խեղդվել: Նման կերպ է մեկնաբանվում «Արցունքների դարպաս» անվանման ծագումը։

Բաբ էլ-Մանդեբի արևելյան՝ Եմենին մոտիկ հատվածում, նեղուցը երկու մասի բաժանող Պերիմ կղզին է: 3 կմ լայնություն ունեցող այս տարածքը կոչվում է Ալեքսանդրի (Իսկանդերի) նեղուց, որտեղ ջրի խորությունը 30 մետրից պակաս է, ինչը նույնպես դժվարեցնում է նավարկությունը՝ ևս մեկ անգամ հիմնավորելով Վշտի կամ Արցունքի դուռ անվանման ծագումը։ Նեղուցի արևմտյան հատվածը կոչվում է Դակտ-էլ-Մայուն, որն ավելի լայն է՝ մոտ 25 կմ, իսկ ջրի խորությունը տեղ-տեղ հասնում է 300 մետրի։

Ուշագրավ է, որ նեղուցի «ճեղքվելու» մասին լեգենդն ունի երկրաբանական հիմնավորում։ Միոցենի ժամանակաշրջանի տեկտոնիկ փոփոխությունները ստեղծել են Դանակիլի պարանոցը՝ ցամաքային մի կամուրջ, որը ժամանակին լայն կապ էր ապահովում Եմենի և Եթովպիայի միջև։ Միլիոնավոր տարիների ընթացքում տեկտոնիկ ուժերը և ծովի մակարդակի փոփոխություններն իրարից իսկապես առանձնացրել են այս ցամաքային զանգվածները։

Երևի թե անցյալի և առասպելների հիշողությունն է, որ մարդկանց դրդել է մտածելու երկու ցամաքները միավորելու մասին. 2008թ.-ին Բաբ էլ Մանդեբի նեղուցով կամուրջ կառուցելու ուշագրավ առաջարկ էր ներկայացվել, որը կոչվելու էր Եմենն ու Ջիբութին իրար կապող «Եղջյուրների կամուրջ»։ Ճարտարապետական ընկերություններին նույնիսկ հանձնարարվել էր զբաղվել նախագծային աշխատանքներով, սակայն 2010թ.-ին դրանք սառեցվել են, և մինչ այսօր այդ նախագծի մասին ոչ ոք չի խոսում։

20-րդ դարում Բաբ էլ-Մանդեբի նեղուցը հատող առևտրային նավերի վրա հարձակումներն արձանագրվել են 1971թ.-ին, երբ եգիպտական նավերից մեկը կրակ էր բացել Իսրայել ուղևորվող նավի վրա։ 

Երկու տարի անց, 1973թ. հոկտեմբերին, Յոմ Կիպպուրի պատերազմի օրերին Եգիպտոսը երկու ռազմանավ է ուղարկում Բաբ էլ-Մանդեբ՝ Իսրայել ուղևորվող նավերի մուտքը նեղուց արգելելու նպատակով։ Այս մարտավության նպատակը համաշխարհային առևտրային շղթան ամբողջությամբ կտրելը չէր. եգիպտացիները մյուս՝ «ոչ իսրայելական» նավերի մուտքը հիմնականում չէին խոչընդոտում։ Փակելով նեղուցը՝ Եգիպտոսը տնտեսական ճնշում էր գործադրում Իսրայելի վրա։ Քանի որ Յոմ Կիպպուրի պատերազմն ընթանում էր Սուեզի ջրանցքի շրջանում, Իսրայելը հասկանալի պատճառով չէր կարող օգտվել այդ ուղուց։ Հարավային միակ ծովային նավահանգիստը մնում էր Կարմիր ծովի Աքաբա ծովածոցում գտնվող Էլյաթ քաղաքը։ Փակելով Բաբ էլ-Մանդեբը՝ Եգիպտոսը գրեթե շրջափակում էր Իսրայելը, ինչպես նաև դիվանագիտական հարթությունում մեծացնում էր բանակցային հնարավորությունները։ Նեղուցի շրջափակումը վերացվում է 1973-ի նոյեմբերի վերջին, ինչը նաև ԱՄՆ պետքարտուղար Քիսինջերի դիվանագիտական ջանքերի արդյունքն էր։

2000-ականների սկզբին Բաբ էլ-Մանդեբն ու Ադենի ծոցը դառնում են ծովային չհայտարարված պատերազմների գոտի։ 2000թ. հոկտեմբերի 12-ին ամերիկյան USS Cole ականակիրը վերալիցքավորման նպատակով մտնում է Եմենի Ադեն նավահանգիստ։ Կարճ ժամանակ անց նավին մոտենում է մի մոտորանավակ, որի մեջ գտնվող 2 մահապարտ ահաբեկիչները գործարկում են շուրջ 300 կգ պայթուցիկը։ Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվում է նավի կողային մասը, որտեղ ճաշարանն էր։ Հարձակման հետևանքով զոհվում է ամերիկացի 16 նավաստի, ևս 39-ը՝ վիրավորվում։ Անձնակազմին հաջողվում է դադարեցնել ջրի հոսքը և նավը փրկել խորտակումից։

Անմիջապես դեպքից հետո սկսվում է քննությունը, և Հետախուզության Դաշնային բյուրոյի տասնյակ աշխատակիցներ գործուղվում են Եմեն։ Պարզվում է, որ հարձակումն իրականացրել էր Ալ-Քաիդան, և մինչև 2000թ. վերջը ահաբեկչական կազմակերպության մի քանի անդամներ ձերբակալվում են։

Ամերիկյան ականակրի վրա գրոհից երկու տարի անց՝ 2002թ. հոկտեմբերի 6-ին, հարձակման է ենթարկվում ֆրանսիական Euronav ընկերության «Limburg» տանկերը, որը 397,000 բարել իրանական հում նավթ էր տեղափոխում Մալայզիա։ Նավն Ադենի (Եմենի ափամերձ գոտի) ծոց էր մտել նավթի հերթական խմբաքանակը բարձելու նպատակով: Այն նավարկում էր Ֆրանսիայի դրոշի ներքո և վարձակալված էր մալայզիական «PETRONAS» նավթային ընկերության կողմից: Դեպքը տեղի է ունենում Եմենի Մուկալլա նավահանգստին մոտենալիս. երբ նավը դանդաղեցնում է ընթացքը՝ խարիսխ գցելու համար, ձկնորսական մոտորանավակը մեծ արագությամբ բախվում է տանկերին։ Պայթյունի հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվում, սկսում են այրվել նավթի պահեստարանները։

Հարձակման պահին նավի վրա կար 25 հոգանոց անձնակազմ (ֆրանսիացիներ և բուլղարացիներ)։ Պայթյունի հետևանքով զոհվում է բուլղարացի մեկ նավաստի, ևս 12-ը վնասվածքներ են ստանում։ Բացի մարդկային կորստից, հարձակումը հանգեցնում է բնապահպանական աղետի. մոտ 90,000 բարել նավթ արտահոսում է Ադենի ծոց՝ աղտոտելով ափամերձ գոտին։ Հարձակման պատասխանատվությունը կրկին ստանձնում է Ալ-Քաիդան, իսկ Բեն Լադենը այս առիթով հատուկ հայտարարություն է տարածում։

2016 թվականի հոկտեմբերի 1-ին հարձակման է ենթարկվում HSV-2 Swift արագընթաց կատամարանը, որը նախկինում օգտագործում էին ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Հարձակման պահին նավը հումանիտար և լոգիստիկ նպատակներով շահագործվում էր ԱՄԷ-ի կողմից և գտնվում էր Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտակայքում։ Եմենի ափամերձ գոտուց, որը վերահսկում էին հութիները, անսպասելի հրթիռային կրակ է բացվում նավի վրա։ Հարձակման ժամանակ օգտագործվում է հականավային հրթիռ, որը վնասում է նավի առաջնամասը։ Հետագա տարիներին ԱՄԷ-ի բազմաթիվ նավեր նույնպես ենթարկվում են հարձակման։ 

Դեպքից անմիջապես հետո տարածքում պարեկություն են սկսում անել ԱՄՆ USS Ponce և USS Mason ռազմանավերը։ 2016թ. հոկտեմբերի 9-15-ը USS Mason-ը Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտակայքում երեք անգամ հրթիռային հարձակման է ենթարկվում հութիների վերահսկողության տակ եղած տարածքից։ Նավի հակահրթիռային համակարգերը կարողանում են խոցել հրթիռները, և ռազմանավը վնասներ չի կրում։ 

2017-2018թթ. Բաբ էլ-Մանդեբի նեղուցում արձանագրվում էին նաև այլ հարձակումներ, որոնք կրում էին մարտավարական որոշ փոփոխություններ. եթե նախկինում հիմնական սպառնալիքը հականավային հրթիռներն էին, ապա այս շրջանում ավելի ու ավելի հաճախ կիրառվում էին հեռակառավարվող պայթուցիկ մոտորանավակներ և այլ՝ առավել կատարելագործված միջոցներ։ Բացի նավակներից, 2017-2018թթ. հութիները սկսում են կիրառել նաև ծովային ականներ։

2017թ. հունվարի 31-ին հեռակառավարվող 3 նավակ գրոհում են Սաուդյան Արաբիայի Արքայական ռազմածովային ուժերի նավը, և պայթյունի հետևանքով զոհվում է երկու նավաստի, մի քանիսը վիրավորվում են։ Այս հարձակումներից հետո Aramco ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է նավթի տեղափոխումը Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, ինչը նավթի համաշխարհային շուկայի վրա բացասական ազդեցություն է ունենում։

2018թ.-ի ապրիլին, ապա հուլիսին հարձակման են ենթարկվում Սաուդյան Արաբիայի տանկերները, ինչը կրկին ազդեցություն է ունենում նավթի համաշխարհային գնի վրա։

Բացի նավակներից, 2017-2018թթ. հութիները սկսում են զանգվածաբար կիրառել ծովային ականներ (հիմնականում իրանական «Sadaf» տեսակի պատճեններ)։ 

2021-2022թթ. Իրանի և Իսրայելի միջև «ծովային ստվերային փոխադարձ պատերազմի» շրջանում նավերի հարձակումները դառնում են ավելի ծավալուն։ Սա մի շրջան էր, երբ երկու կողմերը, խուսափելով բացահայտ լայնամասշտաբ պատերազմից, թիրախավորում էին միմյանց առևտրային և օժանդակ նավերը՝ կիրառելով մագնիսական ականներ (limpet mines), անօդաչու թռչող սարքեր և դիվերսիոն խմբեր։

2021թ. ապրիլի սկզբին իրանական բեռնատար MV Saviz նավը, որը մի քանի տարի խարիսխ էր նետել Կարմիր ծովում՝ Էրիթրեայի ափերի մոտ, ենթարկվում է հարձակման։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «նավը ստացել էր «թեթև վնասվածքներ»։ Չնայած MV Saviz-ը համարվում էր քաղաքացիական նավ, սակայն որոշ աղբյուրներ նշում էին, որ այն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) լողացող բազա է և ծավալում է հետախուզական գործունեություն:

Ալ-Ջազիրան, հղում անելով Նյու Յորք Թայմզին, գրում էր, որ ամերիկյան անանուն աղբյուրի համաձայն, Իսրայելը տեղյակ էր պահել Միացյալ Նահանգներին՝ նավին հարվածելու իրենց մտադրության մասին։ Ամերիկյան կողմը հերքել էր տեղեկությունը։

Դեպքից կարճ ժամանակ առաջ Միջերկրական ծովում փոքր հրդեհ էր բռնկվել իրանական Shahre Kord կոնտեյներային նավի վրա։ Անձնակազմը չէր տուժել։ Այս միջադեպին էլ նախորդել էր իսրայելական MV Helios Ray նավի վրա հարձակումը։ Չնայած ուղղակի ապացույցների բացակայությանը՝ կարծիք կար, որ միջադեպը Իսրայելի պատասխանն էր Օմանի ծոցում իսրայելական Helios Ray նավի վրա տեղի ունեցած պայթյունին։

2021թ. հունիսի 2-ին Օմանի ծոցում հրդեհ է բռնկվում իրանական Kharg ռազմանավի վրա, որը փրկել չի հաջողվում, և նավը խորտակվում է։ 400 հոգանոց անձնակազմը փրկվում է։ Իրանական կողմը պաշտոնական մեղադրանքներ չի ներկայացնում, սակայն ոչ պաշտոոնական գնահատականներով հրդեհի պատճառը Իսրայելի դիվերսիոն գործողությունն էր։

2021թ. հուլիսին Օմանի ափերի մոտ իրանական ԱԹՍ-ն հարվածում է իսրայելական Mercer Street նավթակրին, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ զոհվում է։ «MT Mercer Street» տանկերը կառավարվում էր Լոնդոնում գրանցված «Zodiac Maritime» ընկերության կողմից, որը պատկանում էր իսրայելցի նավատեր Էյալ Օֆերին:

2021թ. հունիսի սկզբին Գարդիանը գրում էր, որ իրենց ունեցած տեղեկություններով, «Սիրիայի ափամերձ գոտում նավերը նույնպես թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի կողմից: Մայիսին իրանական բեռնատար նավը, որը նավթ էր մատակարարում սիրիական Լաթաքիա նավահանգիստ, խոցվել է փոքր հրթիռով. հարվածը հասցվել էր նավապետի կամրջակին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երեք անդամ: Երկու երկրներն էլ սլաքներն ուղղեցին դեպի Իսրայելը, որ պաշտոնապես չի ընդունել իր մասնակցությունը այս «ստվերային պատերազմին»: Այս տիպի հարյուրավոր հարձակումներ են եղել։ Դրանք հիմնականում հյուծող բնույթ ունեն: Նպատակը Թեհրանին եկամտի աղբյուրներից զրկելն է»:

2026թ. մարտին, երբ Եմենի հութիները հրթիռային հարված են հասցնում Իսրայելին, կրկին ակտիվանում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցը փակելու քննարկումները։ Իհարկե, ցանկության դեպքում հութիները կարող են կասեցնել երթևեկությունը նեղուցով։ Հիմա արդեն հարյուրավոր առևտրային նավեր շրջանցում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ ընտրելով առավել երկար, հետևաբար՝ առավել թանկ «աֆրիկյան» երթուղին։ Մյուս կողմից, տեսակետ կա, որ Եմենի հութիներն ի վիճակի չեն ամբողջությամբ փակելու նեղուցը, քանի որ չունեն ամբողջական վերահսկողություն նեղուցի երկու ափերի վրա։