ՀՀ 1000 խոշոր հարկատուներ

9 ր.   |  2026-08-27
Ոլորտային բաշխվածություն, կառուցվածքային տեղաշարժեր

ՎՎերջին տասնամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկային եկամուտները, առաջին կիսամյակների կտրվածքով, ընդհանուր առմամբ, դրսևորել են կայուն աճի միտում: 2017 թ. առաջին կիսամյակում արձանագրված 378 ՀՀ մլրդ դրամից ցուցանիշը 2026 թ. նույն ժամանակահատվածում հասել է 1 տրլն 111.2 մլրդ դրամի՝ ավելանալով 2.9 անգամ: Դիտարկվող ժամանակահատվածում աճի ընդհանուր միտումից բացառություն է կազմել 2020 թ.: Առաջին կիսամյակի արդյունքներով՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները նվազել են մինչև 493 մլրդ դրամ՝ կրճատվելով ավելի քան 3.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել Covid-19 համավարակի հետևանքով տնտեսական ակտիվության անկմամբ, որն արտահայտվել է սահմանափակումների, տնտեսական գործունեության ժամանակավոր դադարների և սպառողական պահանջարկի նվազման միջոցով՝ ազդելով տնտեսության մի շարք ճյուղերի գործունեության, և, հետևաբար, պետական բյուջեի հարկային մուտքերի վրա: Հետագա տարիներին, ՀՀ-ում տնտեսական ակտիվության վերականգնմանը զուգընթաց,  խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարված վճարումները կրկին ավելացել են՝ ձևավորելով կայուն աճի միտում: Աճի առավել ընդգծված տեմպեր արձանագրվել են 2021 թ. սկսած, երբ հարկային մուտքերի ծավալը նախորդ տարվա նվազումից հետո, կրկին սկսել է զգալիորեն ընդլայնվել: Նշված դինամիկան վկայում է պետական բյուջեի ձևավորման գործում խոշոր հարկ վճարողների դերի շարունակական մեծացման մասին:

Խոշոր հարկ վճարողների առաջատար տասնյակ.
վճարումների դինամիկա, դիրքային փոփոխություններ

1000 խոշոր հարկատուների հարկային վճարումների դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում նրանց մասնակցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը զգալիորեն ընդլայնվել է: Ընդ որում՝ 2026 թ. առաջին կիսամյակում աճել է ոչ միայն վճարված հարկերի ընդհանուր ծավալը, այլև բարձր հարկային վճարումներ կատարող ընկերությունների թվաքանակը: Մասնավորապես, 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել 191 ընկերություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180-ի համեմատ, իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվելու նվազագույն շեմը բարձրացել է մինչև 208.4 մլն դրամ՝ 2025 թ. առաջին կիսամյակի 181.4 մլն դրամի համեմատ։ Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվելու շեմի բարձրացումը ցույց է տալիս, որ ցանկի ներսում հարկային մրցակցությունը որոշակիորեն ակտիվացել է:

Վերջին տարիներին խոշոր հարկատուների ցանկում նկատվել են նաև կառուցվածքային և դիրքային փոփոխություններ: Մասնավորապես, հանքարդյունաբերական ընկերությունների դիրքերի համեմատաբար նվազման ֆոնին ավելի է ամրապնդվել առևտրի, ինչպես նաև բանկային ու ֆինանսական համակարգի կազմակերպությունների ներկայությունը:

Այս փոփոխությունների համատեքստում առավել ուշագրավ է խոշոր հարկ վճարողների առաջատար տասնյակի կազմի ու դիրքային փոփոխությունների ուսումնասիրությունը: 2026 թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ խոշոր հարկատուների տասնյակի կողմից ՀՀ պետական բյուջե վճարվել է 261.1 մլրդ դրամ հարկեր, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է ավելի քան 26%-ով: Միաժամանակ, հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների 23.5%-ը բաժին է ընկել խոշոր հարկատուների տասնյակին, իսկ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին` 59.2%-ը, ձևավորվել է առաջին 100 ընկերությունների կողմից: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում ցանկի վերջին 100 ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ, որը խոշոր հարկ վճարողների կողմից ապահովված ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 2%-ն է: Այս համադրությունը ցույց է տալիս, որ 1000 խոշոր հարկ վճարողների շրջանում հարկային վճարումները զգալիորեն կենտրոնացած են ցանկի համեմատաբար փոքր թվով ու առավել բարձր դիրք զբաղեցնող ընկերությունների մոտ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամսյակի արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջե առավել մեծ հարկային վճարումներ կատարած խոշոր ընկերությունների շարքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ), «Մոբայլ Սենթր Արթ» և «Արդշինբանկ» ընկերությունները: Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակում հայտնված բոլոր ընկերությունների կողմից, բացառությամբ՝ «Գրանդ Տոբակո»-ի, վճարված հարկերի ծավալն աճել է:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ. հունվար-հունիսին առաջատար ընկերությունների դիրքերում ևս արձանագրվել են էական տեղաշարժեր: Ներկայում խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ԶՊՄԿ»-ն․ դիտարկվող ժամանակահատվածում կոմբինատի կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կրկնակի աճ է գրանցել: Հատկանշական է, որ 2025 թ. առաջին կիսամյակում  ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերի ծավալն էապես նվազել էր՝ կազմելով 20.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: Ըստ ԶՊՄԿ-ի՝ նվազումը հիմնականում պայմանավորված է եղել 2024 թ. կատարված ռոյալթիի կանխավճարների՝ 2025 թ. առաջին եռամսյակում վերադարձով և հաշվանցմամբ, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն: Հետևաբար, 2026 թ. արձանագրված բարձր աճը մեծապես պայմանավորված է նախորդ տարվա ցածր բազայի էֆեկտով, ինչպես նաև ընկերության կողմից ռոյալթիի գծով պետական բյուջե կատարված կանխավճարների ազդեցությամբ: 

2026 թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ խոշոր հարկատուների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության կողմից վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 16%-ով: Ընկերությունը հիմնականում զբաղվում է բջջային հեռախոսների ու համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով և վերջին 3 տարիներին պարբերաբար զբաղեցրել է առաջատար դիրքեր։

Դիրքային բարելավում է գրանցել նաև «Արդշինբանկ»-ը, որն ընթացիկ տարվա կիսամյակային տվյալներով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 4-րդի համեմատ: Բանկի կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ՝ 2025թ. առաջին կիսամյակի համեմատ արձանագրելով շուրջ 20% աճ: Չորրորդ հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 31.5 մլրդ դրամ հարկային վճարումներով, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է մեկ հորիզոնականով: Խոշոր հարկատուների առաջատար հնգյակը եզրափակել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի կողմից վճարված հարկերը նվազել են 5.2%-ով: Հաջորդ՝ 6-րդ հորիզոնականը զբաղեցրել է բանկային ոլորտի խոշոր ներկայացուցիչներից «Ամերիաբանկ»-ը: Չնայած նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հարկատուների ցանկում բանկի դիրքային հետընթացին, հարկային վճարումների ծավալն աճել է 3.7%-ով՝ հասնելով մինչև 22.2 մլրդ դրամի: 

Տասնյակի կազմում նկատելի է նաև տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, այդ թվում առցանց խաղային և խաղաղադրույքային ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքերի ամրապնդումը: 2026 թ. առաջին կիսամյակում «Դիջիթեյն»-ը զբաղեցրել է 7-րդ, իսկ «Սոֆթ Կոնստրակտ»-ը՝ 8-րդ հորիզոնականը: 9-րդ հորիզոնականում հայտնվել է հանքադյունաբերության ոլորտի ներկայացուցիչ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակել է առցանց առևտրի ոլորտը ներկայացնող «ԻՄՎԲԱՄ» ընկերությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29-րդ հորիզոնականի համեմատ: «ԻՄՎԲԱՄ»-ը Հայաստանում գործում է «Վայլդբերրիզ» առցանց հարթակի ներքո: 

Հարկ է նշել, որ առաջատար տասնյակի կազմը հնարավորություն է տալիս նաև դիտարկել, թե տնտեսության որ ոլորտներն են առավել մեծ դեր ունենում խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների ձևավորման գործում: 2026 թ. առաջին կիսամյակում, մեր հաշվարկների համաձայն, ըստ ոլորտային բաշխման՝ առաջատար տասնյակում գերակշռել են արդյունաբերության և էներգետիկայի ոլորտը ներկայացնող ընկերությունները՝ կազմելով տասնյակի 40%-ը: Մնացած 60%-ը հավասարապես բաշխվել է  բանկային, առևտրի և առցանց խաղային ու խաղադրույքային ծառայությունների ոլորտների միջև՝ յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմելով 20%: Այս բաշխվածությունը ցույց է տալիս, որ խոշոր հարկային վճարումների ձևավորումը չի սահմանափակվում միայն ավանդական արդյունաբերական գործունեությամբ: Այսպիսով, առաջատար տասնյակի ոլորտային կազմը կարելի է բնութագրել որպես համեմատաբար դիվերսիֆիկացված՝ արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտի գերակշռությամբ, սակայն առևտրի, բանկային ու տեխնոլոգիական ոլորտների էական մասնակցությամբ: 

Բանկային ոլորտի դերը խոշոր հարկատուների ցանկում

Բանկային ոլորտը ՀՀ տնտեսության առանցքային բաղադիրչներից է՝ կարևոր դեր ունենալով ինչպես տնտեսական ակտիվության ապահովման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում: Այս դերակատարումն արտահայտվում է նաև 1000 խոշոր հարկ վճարողների շրջանակում, որտեղ բանկային ոլորտն առանձնանում է ոչ միայն զգալի ներկայացվածությամբ, այլև հարկային վճարումների ընդհանուր ծավալում ունեցած էական ներդրմամբ. ընթացիկ տարվա ցանկում ընդգրկված ՀՀ 17 առևտրային բանկերը միասին պետական բյուջե են վճարել 116.2 մլրդ դրամ հարկ՝ ապաահովելով 1000 խոշոր հարկ վճարողների ընդհանուր հարկային վճարումների 10.5%-ը: 2025 թ. առաջին կիսամյակի համեմատ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է 10.3%-ով, մինչդեռ դրանց տեսակարար կշիռը 1000 խոշոր հարկ վճարողների ընդհանուր վճարումներում գրեթե անփոփոխ է մնացել: 

Հատկանշական է, որ ՀՀ առևտրային բանկերից «Արդշինբանկ»-ը և «Ամերիաբանկ»-ը ներառվել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 3-րդ և 6-րդ հորիզոնականները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Արդշինբանկ»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքը, մինչդեռ «Ամերիաբանկ»-ը՝ հակառակը՝ մեկ հորիզոնականով զիջել իր դիրքը: 

Հարկային վճարումների բարձր ծավալին զուգահեռ՝ 2026 թ. առաջին կիսամյակում բանկային համակարգում արձանագրվել է նաև ընդհանուր շահույթի աճ: Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 214 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 6.5% աճ։ Ընդ որում՝ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված բոլոր 17 առևտրային բանկերը շահութաբեր գործունեություն են ծավալել: 

Բանկային համակարգի շահույթի աճն արտահայտվել է նաև շահութահարկի վճարումների աճով, որն էական տեղ է զբաղեցրել բանկերի ընդհանուր հարկային վճարումների կառուցվածքում: 2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված շահութահարկը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ՝ շուրջ 11%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընդ որում՝ այդ վճարումների շուրջ 63%-ը բաժին է ընկել երեք խոշոր բանկերին՝ «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Ակբա բանկ»: Առաջատար երեք բանկերի կողմից վճարված շահութահարկը կազմել է համապատասխաբար 27.5 մլրդ դրամ, 13.1 մլրդ դրամ և 5.9 մլրդ դրամ: 

Այսպիսով, բանկային ոլորտը 1000 խոշոր հարկ վճարողների շրջանակում շարունակում է պահպանել որոշիչ դերակատարություն՝ ապահովելով ինչպես հարկային վճարումների զգալի ծավալ, այնպես էլ խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներգրավվածություն: Միաժամանակ, բանկային համակարգի շահույթի աճի և ցանկում ընդգրկված 17 առևտրային բանկերի շահութաբեր գործունեության պայմաններում արձանագրված հարկային վճարումների աճն ընդգծում է ոլորտի նշանակալի ներդրումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում:

1000 խոշոր հարկ վճարողների տարածքային բաշխվածությունը

Ոլորտային կառուցվածքից զատ՝ 1000 խոշոր հարկ վճարողների շրջանակի առանձնահատկությունները կարելի է դիտարկել նաև դրանց տարածքային բաշխվածության համատեքստում: Երևանի և ՀՀ մարզերի կտրվածքով բաշխվածության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել խոշոր հարկ վճարողների տնտեսական ակտիվության տարածքային կենտրոնացվածության աստիճանը և մարզերի ներկայացվածությունը դրանց ընդհանուր շրջանակում: Այսպես, 1000 խոշոր հարկ վճարողների տարածքային բաշխվածության դիտարկումը ցույց է տալիս դրանց բարձր կենտրոնացվածությունը Երևանում: 2026 թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ խոշոր հարկ վճարողների ընդհանուր թվի 82.6%-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, մինչդեռ մարզերի տեսակարար կշիռը կազմել է 17.4%: 

Մարզերի ներսում ևս առկա է խոշոր հարկ վճարողների բաշխվածության որոշակի անհամաչափություն: Գրանցված 174 ընկերություններից 50-ը բաժին է ընկել Կոտայքի, 26-ը՝ Արմավիրի, 25-ը՝ Արարատի մարզերին: Այս երեքում միասին կենտրոնացած է մարզերում գրանցված խոշոր հարկ վճարողների շուրջ 58%-ը, ինչը վկայում է, որ մարզերի միջև խոշոր տնտեսվարողների բաշխվածության անհամաչափության մասին: Միաժամանակ, մարզերում գրանցված 174 ընկերությունների առկայությունը ցույց է տալիս, որ խոշոր տնտեսվարողների շրջանակը ձևավորվում է նաև մայրաքաղաքից դուրս, թեև դրանց մասնաբաժինը զգալիորեն զիջում է Երևանում գրանցված ընկերությունների թվին:

Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկ վճարողների կազմի ու վճարումների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց դերը պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում ոչ միայն շարունակում է մնալ նշանակալի, այլև վերջին տարիներին դրսևորում է ընդլայնման միտում: Միաժամանակ, խոշոր հարկ վճարողների ոլորտային կառուցվածքում, հատկապես առաջատար տասնյակի մակարդակում, նկատվում է որոշակի դիվերսիֆիկացում. ներկայում առաջատարների շարքում ներառված են տնտեսության տարբեր ճյուղերն (հանքարդյունաբերություն, էներգետիկա, առևտուր, բանկային ոլորտ և այլն) ընդգրկող ընկերություններ: Այս միտումը, սակայն զուգորդվում է տնտեսական ակտիվության տարածքային բարձր կենտրոնացվածությամբ, ինչն արատահայտվում է Երևանում խոշոր հարկ վճարողների զգալի գերակշռությամբ: Ուստի, խոշոր հարկ վճարողների դինամիկան արտացոլում է հարկային ներուժի ընդլայնումը, տնտեսության ոլորտային կառուցվածքի որոշակի բազմազանեցումը և տնտեսական ակտիվության տարածքային կենտրոնացվածությունը: