ԵՄ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը
12 ր. | 2026-09-16Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ փոփոխություններ առաջացրեց համաշխարհային քաղաքական և տնտեսական օրակարգում։ Ոչ միայն գործող աշխարհակարգը, այլև կրիտիկական ենթակառուցվածքներն ու էներգետիկ մատակարարումները սկսեցին գործել նոր մոտեցումներով ու տրամաբանությամբ։ Եվրոպական Միությունը որոշեց ամբողջությամբ ձերբազատվել տասնամյակներով գործող ռուսական գազից, և արևելք-արևմուտք մատակարարման շղթան փոխարինել հյուսի-հարավ էներգետիկ միջանցքով։ Խողովակաշարերով մղվող գազին փոխարինելու եկան հեղուկ գազի օրեցօր ավելացող կայանները։
Հեղուկ գազը (LNG) բնական գազի վերածելու տեխնոլոգիան նոր չէ։ Դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներից սառեցված հեղուկ գազը գազային վիճակի վերափոխելու տեխնոլոգիաներ էին կիրառվում։ Այդ նպատակով կառուցվում էին ցամաքային հատուկ կայաններ (տերմինալներ), որտեղ այն կրկին վերածում էին գազի։ Այսպիսի կայանների կառուցումը բավականին թանկ է, և պահանջում է երկար՝ մինչև 5-7 տարի ժամանակ։ 21-րդ դարի սկզբին սկսում են կառուցել հատուկ նավեր, որոնք այս աշխատանքներն իրականացնում էին հենց ջրի վրա և որոնք կոչվում են լողացող վերագազավորման և պահեստավորման կայաններ (Floating storage and Regasification Units, FSRU)։ 2005թ. Մեքսիկայի ծոցում շահագործման է հանձնվում այսպիսի առաջին ծովային կայանը։ Սկզբունքը բարդ չէր. ափից մի քանի կիլոմետր հեռավորությամբ խարսխվում է կայանը, որն ընդունում է հեղուկ գազի լցանավերի բեռը, ապա ծովի ջրով կամ այլ միջոցներով տաքացնում գազը և խողովակներով մղում դեպի ցամաք, որից հետո բնական գազը միանում է գազամատակարարման ցանցին։ Վերջին երկու տասնամյակում աշխարհի տարբեր անկյուններում գործում են մի քանի տասնյակ նման կայաններ, սակայն դրանց պահանջարկը կտրուկ մեծանում է 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
Նախքան պատերազմը Եվրոպայի գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանն էր։ Դեռևս խորհրդային տարիներին ձևավորված գազամուղերն ու այլ ենթակառուցվածքները ապահովում էին եվրոպական մայրցամաքի գազի պահանջարկը, և տասնամյակներով ձևավորված ենթակառուցվածքներն անխափան աշխատում էին։ 2022թ. փետրվարից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ Եվրոպական Միությունը որոշում է ամբողջությամբ ձերբազատվել ռուսական էներգակիրների կախվածությունից։ Սկսվում է արևելքից արևմուտք ձգվող գազամատակարարման շղթան հյուսիս-հարավ գազային միջանցքով փոխարինելու թանկարժեք ու դժվարին գործը, որտեղ առանցքային նշանակություն է ստանում հեղուկ գազը, հետևաբար նաև՝ վերագազավորման լողացող և ցամաքային կայանները։ Որպես օրինակ նշենք, որ Գերմանիան մինչև 2022թ. չուներ վերագազավորման ներկրման կայաններ և օգտվում էր Ռուսաստանից մատակարարվող գազից։ Հիմա արդեն զգալի ներդրումներ են արվում ոլորտում և նման կայանների թիվն ավելանում է, ինչպես Գերմանիայում, այնպես էլ եվրոպական բազմաթիվ այլ երկրներում։
Չնայած կարճ ժամանակում զգալի աշխաքանք է արվել էներգակիրների աղբյուրների բազմազանեցման և ռուսական գազից ԵՄ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն կան որոշ թույլ տեղեր։ Նոր նախագծում ներդրումներն արվում են հիմնականում Սև ծովի առափնյա շրջաններում, իսկ երկրորդական ենթաճյուղերը, որոնք նախագծին պետք է միացնեն Կենտրոնական Եվրոպան, դանդաղ են զարգանում՝ հատկապես Սլովակիայում, Հունգարիայում և Արևմտյան Բալկաններում։
Բալթիկ, Ադրիատիկ և Էգեյան ծովերի ափամերձ հատվածներում գտնվող և կառուցվող հեղուկ գազի մուտքային կենտրոնները գործող գազի ցանցերին միացնելու համար անհրաժեշտ է ձևավորել միջկապերի (interconnector) և հետադարձ հոսքով գազամուղերի համակարգ։ Այս վերակողմնորոշումը մեծ ներդրումներ է պահանջում, որի որոշումն ընդունվել էր կարճ ժամանակում և ճգնաժամային պայմաններում։ Հենց այս պատճառով էլ դեռևս չի ստեղծվել ամբողջությամբ համաձայնեցված տարածաշրջանային համակարգը։ Ֆիզիկական ենթակառուցվածքն առաջին քայլն էր, որը ձևավորում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահեռավոր Սևծովյան ավազանում՝ համակարգի զարգացումը դարձնելով անհամաչափ։ Կոշտ ենթակառուցվածքը գործող շուկայի վերածելու համար անհրաժեշտ է կարգավորումների նույնականացում, թափանցիկ մաքսային համակարգ և ընդհանուր ծավալը համաչափ բաշխելու մեխանիզմ։
Հյուսիս-հարավ գազային առանցքի հիմքում հեղուկ գազի 4 հիմնական կայաններն են, որոնք ունեն տարբեր սեփականատերեր, սպասարկման շրջաններ և կոմերցիոն կառուցվածք։ Առաջինը Լեհաստանի Շվինոյշչե տերմինալն է Բալթիկ ծովի հարավ-արևմտյան ափին, որի թողունակությունն արդեն հասել է մինչև 8.3 մլրդ մ3։ Լինելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հեղուկ գազի ամենախոշոր կայանը՝ այն Հյուսիս-հարավ միջանցքի հյուսիսային մուտքի առաջին գլխավոր հանգույցն է։ Միաժամանակ, Լեհաստանի Գդանսկ քաղաքում կառուցվում է վերագազավորման նոր լողացող կայան՝ 6.1 մլրդ մ3 թողունակությամբ, որը շահագործման է հանձնվելու 2028թ.-ին։ Այս երկու կայանները լիարժեք աշխատանքի դեպքում կկարողանան ապահովել Լեհաստանի գազի պահանջարկի մինչև ¾-ը՝ միաժամանակ երկիրը վերածելով հյուսիսային միջանցքի վերաբաշխման կենտրոնի։
.jpg)
Բալթյան երկրները նույնպես տևական ժամանակ մտածում էին էներգետիկ ինքնաբավությունն ապահովելու և Ռուսաստանից կախվածությունը վերացնելու մասին։ 2001թ.-ից Բալթյան երկրները միացած էին էլեկտրաէներգիայի մատակարարման BRELL համակարգին, որի ունունը Բելառուսի, Ռուսաստանի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի առաջին տառերն են։ Այս համակարգը գործում էր դեռևս խորհրդային տարիներից, և բոլոր երկրների էներգահամակարգերը գործում էին սինքրոնացված (50Հց)։ Թեև ռուսական ազդեցության գոտում գտնվող համակարգից դուրս գալու ցանկությունը նոր չէր, սակայն վերջնական որոշումն ընդունվում է 2025թ. փետրվարին։ Երկու օրվա ընթացքում Բալթյան երկրներն անջատում են BRELL համակարգը, և իրենց էներգետիկ ցանցը սինքրոնացնում Եվրոպական ցանցի հետ՝ օգտագործելով լիտվա-լեհական էլեկտրահաղորդման գիծը (LitPol Link): Նախագծի վրա ծախսվել էր շուրջ 1.6 մլրդ ԱՄՆ դոլար և մի քանի տարի նախապատրաստական աշխատանք։ Հարկ է նաև նշել, որ Ռուսաստանը ևս որոշակի կախվածություն ուներ BRELL-ից. Բալթյան երկրները նույն համակարգով էլեկտրականություն էին մատակարարում Կալինինգրադ։ Ռուսաստանն, իր հերթին, զգալիորեն բարձրացրել էր Կալինինգրադի էներգետիկ ինքնաբավությունը՝ 2019-2024թթ. կառուցելով մի քանի ջերմաէլեկտրակայան և վերագազավորման մեկ լողացող կայան։
Վերադառնալով Հյուսիս-հարավ գազի միջանցքին՝ նշենք, որ Բալթիկ ծովի լիտվական առափնյա հատվածը ևս վերածվել է գազի մատակարարման կարևոր հանգույցի։ Դեռևս 2014-ին Լիտվայի Կլայպեդայում գործում էր վերագազավորման լողացող կայան՝ տարեկան 3.7 մլրդ մ3 թողունակությամբ։ Բալթյան երկրներն այժմ ամբողջությամբ դադարեցրել են ռուսական գազի օգտագործումը։
Հյուսիս-հարավ գազային միջանցքի հարավային կարևոր հանգույցներից է Խորվաթիայի Քըրք (Krk) կղզին, որտեղ մեկ այլ վերագազավորման կայան է գործում՝ 6.1 մլրդ մ3 հզորությամբ։ Քըրքի հանգույցը վերաբաշխման կետ է, որտեղից գազ է մատակարարվում Հունգարիա, Սլովենիա և Բալկանյան շուկաներ։ Հանգույցն ուղղակիորեն միանում է Կենտրոնական Եվրոպայի գազամատակարարման ցանցին։
Հյուսիս-հարավ գազային միջանցքի հարավային դարպասը Թրակիական ծովի հյուսիսում գտնվող հունական Ալեքսանդրուպոլիսն է, որտեղ շահագործվող վերագազավորման կայանն ունի 5.3 մլրդ մ3 թողունակություն։ Այստեղից գազ է մատակարարվում Բուլղարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Բոսնիա-Հերցեգովինա։ Հունաստան-Բուլղարիա միջկապով միացած լինելով Բուլղարիային՝ այս հանգույցն ունի կրիտիկական նշանակություն Արևելյան Եվրոպայի գազամատակարարման և Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի համար։
Գազի ուղղահայաց միջանցք (Vertical Gas Corridor, VGS) նախագիծը
Հյուսիս-հարավ գազային միջանցքի կիրառական և գաղափարական շարունակությունը Գազի ուղղահայց միջանցք նախաձեռնությունն է։ Համաձայն գաղափարի՝ այս միջանցքը պետք է գազի մատակարարում ապահովեր հարավից՝ Հունաստանից դեպի հյուսիս՝ վերջնակետում ունենալով Ուկրաինան և Մոլդովան։ Նախաձեռնությունն ակտիվորեն սկսում է քննարկվել 2020թ.-ից, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո արդեն ձեռնարկվում են գործնական քայլերը։ Նախագծում ընդգրկվում են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան, Մոլդովան և Ուկրաինան։ Հատկապես բեկումնային է լինում Հունաստանի Ալեքսանդրուպոլիսում լողացող վերագազավորման կայանի շահագործումը (2024թ. վերջին), որը դառնում է նաև գազի ուղղահայաց մատակարարման առաջնային կետը։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ ռուսական գազի մատակարարումից կախվածությունը նվազեցնելու այս նախագծերն իրականում այնքան էլ նոր չեն և ունեն երկար տարիների նախապատմություն։ Գազի ուղղահայաց միջանցքը ևս բացառություն չէ։
Նախագծի գաղափարը 2016թ.-ին ներկայացնում է Ռումինիայի գազահաղորդման պետական համակարգի օպերատոր Transgas S. A ընկերության տնօրեն Իեն Սթերիանը։ Նույն տարվա սեպտեմբերին Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկայի նախարարները, ապա՝ Հունաստան-Բուլղարիա միջկապի (Interconnector Greece-Bulgaria, ICGB) գործադիր տնօրենները համատեղ հայտարարություն են ընդունում՝ փաստացի հիմնելով Գազի ուղղահայաց միջանցքը։ 2016-ից մինչև 2022թ.-ը գլխավորապես ստորագրվում են հուշագրեր հիմնադիր երկրների գազահաղորման համակարգերի օպերատորների միջև։ Շուտով համագործակցության հուշագրին միանում է «Գազթրեյդ» ընկերությունը, որը Ալեքսանդրուպոլիսի լողացող կայանի սեփականատերն է, ապա՝ Ուկրաինան, Մոլդովան և Սլովակիան, իսկ 2026-ի սեպտեմբերի սկզբին Թեսալոնիկեում տեղի ունեցած Հարավ-արևելյան Եվրոպայի 10-րդ էներգետիկ ֆորումի շրջանակներում նախագծին միանում է նաև Հյուսիսային Մակեդոնիան։
Գազի ուղղահայց միջանցքի գործարկման համար Ալեքսանդրուպոլիսի վերագազավորման կայանից բացի կարևոր նշանակություն ուներ Տրանսբալկանյան գազամուղը, որը նույնպես խորհրդային ենթակառուցվածք էր։ Գազամուղը սկսել է կառուցվել 20-րդ դարի 60-ական թվականներից, երբ հայտնաբերվել էին Արևմտյան Սիբիրի գազի հանքավայրերը։ 1970-ական թթ. կեսերին ռուսական գազը սկսում է առաքվել Բուլղարիա, իսկ 1988-ին գազամուղն արդեն ձգվում էր մինչև Թուրքիա։ Արևելյան Եվրոպայի գազի մատակարարումը շարունակվում է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Տրանսբալկանյան գազամուղը միակողմանի էր, այսինքն՝ գազը մղվում էր միայն Ռուսաստանից՝ հյուսիսից հարավ ուղղությամբ։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Եվրոպայում որոշում են գազամուղն օգտագործել հակառակ ուղղությամբ և Հունաստանից գազ մղել Բուլղարիա, Ռումինիա, այնուհետև՝ Ուկրաինա և Մոլդովա։ Խորհրդային տարիներին կառուցված ենթակառուցվածքը շուտով դառնում է ռուսական գազից Արևելյան Եվրոպայի կախվածություւնը նվազեցնելու կարևոր գործոններից մեկը։
Հյուսիս-հարավ գազային միջանցքի գաղափարը, սակայն, սկիզբ էր առնում է՛լ ավելի վաղ և ակունքներում ձգվում Միացյալ Նահանգներ։ Այս գաղափարը 2014թ.-ին շրջանառել էին ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը (James L. Jones) և Իեն Բժեզինսկին։ Գեներալ Ջոնսը ծառայել էր ծովային հետևակում, եղել Եվրոպայում դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարը, ապա՝ նախագահ Օբամայի ազգային անվտանգության խորհրդականը։ 2010թ.-ից նա Ատլանտիկ Քանսըլի պատվավոր ղեկավարն էր։ Իեն Բժեզինսկին թեև կադրային զինվորական չէր, սակայն եղել էր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանության քարտուղարի խորհրդականը։ Նա հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու որդին է։
2014թ.-ին նրանք երկուսով գրում են «Եվրոպայի ամբողջականացումը։ Հյուսիս-հարավ միջանցքից դեպի էներգետիկ, տրանսպորտային և հեռահաղորդակցութան միություն» հետազոտությունը, որտեղ էլ առաջ էր քաշվում Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի գաղափարը։
Հետազոտության մեջ նշվում էր, որ չնայած միլիարդավոր եվրոյի ծախսերին, Եվրոպայի, հատկապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքները ավարտուն չեն։ Այս շրջանների երկրները դեռևս կրում են անբավարար ինտեգրացիայի և Արևմտյան Եվրոպայի հետ ենթակառուցվածքային թույլ կապակցվածության բեռը։ Հատուկ նշվում էր, որ Հյուսիս-հարավ կապը թույլ է զարգանում, իսկ արևելք-արևմուտք ուղղությունը պահպանում է իր զգալի ներկայությունը։
Ըստ նրանց մոտեցման՝ ստեղծված իրավիճակը խորհրդային ժառանգության հետևանքն էր, երբ Մոսկվան խոչընդոտում էր ենթակառուցվածքային ինտեգրացիան՝ Խորհրդային Միությունից կախվածությունը պահպանելու համար։ Ինտեգրացիայի բացակայության վնասները հատկապես լավ էին երևում էներգետիկ ոլորտում։ «Հաղորդակցության ոլորտում Կենտրոնական Եվրոպայի երկրները հետ են մնում իրենց արևմտյան գործընկերներից։ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները, որոնք ԵՄ կազմում չեն, մասնավորապես՝ Մոլդովան և Ուկրաինան, կապված չեն ԵՄ հետ և տնտեսապես ու քաղաքականապես խոցելի են»,- նշված էր հետազոտության մեջ։ «Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի զարգացման երկու հիմնական պատճառ կա. ամենահրատապը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ընդլայնումն է և «էներգետիկ կղզյակների» վերացումը, որոնք միացած չեն եվրոպական գլխավոր գազամուղերին ու ցանցին։ Այս «կղզյակները» խոցելի են մեկ աղբյուրի մատակարարման պատճառով։ Սա հատկապես կարևոր է Բալթյան երկրների դեպքում, որոնց էներգետիկան կախված է ռուսական մատակարարումից։ Սա կիրառելի է նաև Բուլղարիայի դեպքում, որն ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ «Հյուսիս-հարավ միջանցք» հասկացությունը վերաբերում է Բալթյան երկրների, Լեհաստանի և Ադրիատիկ ու Սև ծովերի ափամերձ երկրների կապակցվածությանը։ Երկրորդ պատճառն այն է, որ միջանցքը կօգնի ստեղծելու արդյունավետ, միասնական էներգետիկ շուկա ԵՄ-ի համար»,- գրված էր հետազոտության մեջ։
ԱՄՆ վերլուծաբանների հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքով պատահական չէր։ Միացյալ Նահանգներն ունեին (և հիմա էլ ունեն) ուղիղ շահեր Եվրոպական մայրցամաքի էներգետիկ համակարգում։ Այս միջանցքը գրեթե ամբողջությամբ դուրս է մղում ռուսական գազը եվրոպական շուկայից, իսկ Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, հեղուկ գազի արտահանմամբ առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում, և Եվրոպա ներմուծվող հեղուկ գազի շուրջ 58%-ը Ամերիկայից է։ Հաշվի առնելով այն փաստը, որ Եվրոպայում գազի մատակարարման նոր կարգավորման համաձայն մինչև 2026թ. վերջը ռուսական գազի օգտագործումը պետք է ամբողջությամբ դադարեցվի, ԱՄՆ հեղուկ գազի մատակարարման ծավալները Եվրոպա է՛լ ավելի են մեծանալու։ Բացի այդ, էներգակիրների մատակարարման ուղղության փոփոխությունը զգալիորեն նվազեցնելու էր ռուսական ազդեցությունը Արևելյան Եվրոպայում:
Ուկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանները
Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի և գազի ուղղահայաց միջանցքի համար կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի ստորգետնյա պահեստարանները։ Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency, IEA) գնահատմամբ գազի ստորգետնյա պահեստարանները գազամատակարարման ճկունության հիմնական աղբյուրներն են թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային մակարդակում։ Դրանք օգնում են հավասարակշռելու գազի սեզոնային սպառումն ու կուտակումը։ Եվրոպայի ստորգետնյա պահեստարանների շուրջ 90%-ը օգտագործվում է, և միակ շեղումը Ուկրաինան է։ Գազի պահեստավորման հնարավորություններով Ուկրաինան զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին: Դեռևս խորհրդային տարիներին կառուցված և հետագայում զարգացած պահեստարաններն ունեն շուրջ 31 մլրդ մ3 տարողություն։
.jpeg)
Պատերազմը, վնասված ենթակառուցվածքները, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր անկայունությունը, բնականաբար, բացասաբար են անդրադառնում Ուկրաինայի գազամատակարարման համակարգի վրա։ Ուկրաինան, ըստ տարբեր տվյալների, ունի շուրջ 1.1 տրլն մ3 գազի արձանագրված պաշար, սակայն վերջին տարիներին ստիպված է լինում որոշ ծավալներ ներմուծել։ Ինչպես արդեն նշել ենք, Ուկրաինայի և Մոլդովայի գազի պահանջարկն ու ինքնաբավությունը ապահովելուն է միտված նաև գազի ուղղահայաց միջանցք նախագիծը։
2025թ.-ին Ուկրաինան ներմուծել է շուրջ 6.5 մլրդ մ3 գազ, որը 2021թ.-ից հետո ամենաշատն է։ Ուկրաինան գազ է ներմուծում մի քանի երկրից. ընդհանուր ծավալի մոտ 1/3-րդը ապահովում են Լեհաստանն ու Հունգարիան, քանի որ նրանք նախ՝ մոտ են, երկրորդ՝ գազի տեղափոխման մաքսերը համեմատաբար ցածր են։ Երկու երկրներն էլ ապահովել են հոսքի անխափանությունը, և գազի մատակարարումները չեն ընդհատվել անգամ այն ժամանակաշրջանում, երբ Կիևի, Վարշավայի և Բուխարեստի միջև քաղաքական որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Պատճառը, թերևս, Ուկրաինայի դիմադրությանը սատարելն էր և ԵՄ գազի տեղափոխման օրենսդրությունն է, որը կողմերից ոչ ոք չէր ցանկանում խախտել։
Ուկրաինական պահեստարանների մի մասը ռազմաճակատի գծին մոտ է, իսկ մյուսները, հաշվի առնելով ենթակառուցվածքներին հասցվող վնասները, դժվարությամբ են լցվում։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ուկրաինայի պահեստարանները կարող են կուտակել շուրջ 9 մլրդ մ3 գազ։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ պահեստարանների անխափան աշխատանքն ու գազի բավարար ճնշումն ապահովելու համար պահեստարանները մշտապես պետք է լցված լինեն գազի որոշակի ծավալով, որը կոչվում է «երկարաժամկետ կամ բուֆերային գազ»։ Ուկրաինայի դեպքում այս «բուֆերային գազի» ծավալը հասնում է 4.7 մլրդ մ3-ի։
Չնայած մատակարարման ու արդյունահանման դժվարություններին՝ 2026թ. օգոստոսի վերջի դրությամբ, ըստ տարբեր տվյալների և պաշտոնական հայտարարությունների, Ուկրաինայի ստորգետնյա պահեստարաններում կուտակված է 14.7 մլրդ մ3 գազ՝ ներառյալ «բուֆերային գազը»։
Ուկրաինական պահեստարանների տնտեսական և էներգետիկ արդյունավետության համար կարևոր է նաև երկրների միջև սահմանային և միջպետական կարգավորումների հարցը։ 2020թ.-ից հետո Ուկրաինան զգալիորեն լուծել է այս խնդիրը՝ կարգավորումները համապատասխանեցնելով ԵՄ չափորոշիչներին, ինչը զգալիորեն նվազեցրել է պահեստարանների վարձակալությանը գինը ԵՄ թրեյդերների համար։
Պատերազմը, սակայն զգալիորեն խաթարում է գազի պահեստների օգտագործումը, որը կարող է դառնալ պահեստային հավելյալ ռեսուրս նաև ԵՄ-ի համար։ Հենց այս պատճառով էլ 2023թ. ուկրաինական պահեստներում վարձակալության հիմքով կուտակվել է 3 մլրդ մ3 գազ, որը 2024-2025թթ. համեմատությամբ առավելագույն ցուցանիշն է։
2025թ. վերջին Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերությունն առաջարկել էր ստորգետնյա պահեստարանների մի մասն օգտագործել ԵՄ ռազմավարական պաշարները համալրելու համար։ Հիմնական բարդությունները, սակայն, վերբերում են պահեստարանների կառավարմանը, ներդրումային հնարավորություններին և մասնավոր հատվածի ընդգրկմանը։
Գազի մատակարարման աղբյուրների փոփոխությունը Կենտրոնական Եվրոպայում ընթանում է հակասական զարգացումներով. մի կողմից՝ արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռուսական գազի հոսքերը գրեթե ամբողջությամբ դադարեցված են և ԵՄ-ն կառուցում է գազամատակարարման նոր ենթակառուցվածք, մյուս կողմից՝ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան գազի գնի, երկրների միջկապերի և մաքսային կարգավորման հարցերում։ Գազամատակարարման համար հավելյալ դժվարություններ է ստեղծում Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, ինչն ազդում է ոչ միայն նավթի, այլև հեղուկ գազի համաշխարհային գնի վրա, խափանում այլընտրանքային մատակարարման շղթաները: Այս խնդիրների վերջնական կարգավորումը դեռևս երկար ժամանակ կպահանջի, և շատ հարցերի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է ռուս-ուկրաինական և մերձավորարևելյան պատերազմների ընթացքից։