Ինչպե՞ս է ԵՄ-ն պայքարում ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական միջամտության դեմ
10 ր. | 2026-11-03ՀՎերջին տասնամյակում ապատեղեկատվությունն ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI) վերածվել են ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական գործընթացների և հանրային անվտանգության դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքի։ Առցանց հարթակների ազդեցության և չարամիտ դերակատարների կողմից տեղեկատվական գործիքների կիրառման պայմաններում տեղեկատվական անվտանգության ապահովումը դարձել է ժամանակակից պետությունների և վերպետական միավորումների օրակարգային խնդիրներից մեկը: Տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի համատեքստում Եվրոպական Միության (ԵՄ) մանդատը հիմնականում և առավելապես Ռուսաստանից և Չինաստանից բխող սպառնալիքների համար է, մինչդեռ ԵՄ անդամ պետությունները զարգացնում են նաև առանձին գործիքակազմեր իրենց շահերի դեմ արտաքին տարբեր ուղղություններից տեղեկատվական գործողություններին հակազդելու ուղղությամբ։ Այս մարտահրավերներին հակազդելու համար Եվրոպական միությունը ձեռնարկել է բարդ ու համապարփակ քաղաքականություն։
ԵՄ ապատեղեկատվության հակազդման ռազմավարության էվոլյուցիան կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի՝ իրավիճակային-արձագանքման (2015-2018թթ.), համակարգման (2018-2020թթ.) ու օրենսդրական համապարփակ կարգավորման (2020թ․-ից մինչ օրս)։ Այս զարգացումն արտացոլում է ԵՄ իրավական մոտեցման փոխակերպումը, երբ «փափուկ իրավունքի» (soft law) կամավոր ինքնակարգավորման մեխանիզմներին զուգահեռ սկսեց կիրառվել «կոշտ իրավունքը» (hard law)՝ վերածվելով համակցված մոդելի։ Այս առումով կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս են զարգացել ԵՄ ապատեղեկատվության հակազդման իրավական ու քաղաքական մեխանիզմները, և որքանո՞վ է «փափուկ» ու «կոշտ» իրավունքի կիրառումն արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտների և հանրային անվտանգության պաշտպանության գործում։
Իրավիճակային-արձագանքողական փուլ
2015թ․ ռուսական ապատեղեկատվությանն ու «թրոլերի արշավներին» հակազդելու համար Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) կազմում ստեղծվեց Արևելյան ռազմավարական հաղորդակցությունների աշխատանքային խումբը (East StratCom Task Force)։ Խմբի առաջնային հանրային գործիքը դարձավ EUvsDisinfo հարթակը, որի հիմնական նպատակն էր բացահայտել, վերլուծել և հերքել ապատեղեկատվությունը։ Մանդատը ներառում էր նաև ռազմավարական հաղորդակցություն, ԵՄ քաղաքականության բացատրություն, ապատեղեկատվական նարատիվների բացահայտում և վերլուծություն։
Չնայած East StratCom Task Force-ի ստեղծումը կարևոր քայլ էր ռուսական ապատեղեկատվական նարատիվների համակարգված բացահայտման և քարտեզագրման համար, գործիքակազմը հիմնականում կենտրոնացած էր տեղեկատվության վերլուծության և հանրային հակազդման վրա՝ առանց ուղղակի կարգավորիչ ազդեցության։ Այս բացթողումներն ու նոր մարտահրավերները ցույց տվեցին փաստերի ստուգումից դեպի առավել համակարգված քաղաքականության անցնելու անհրաժեշտությունը, քանի որ գործող մոդելն էական սահմանափակումներ ուներ։
Համակարգման և ինստիտուցիոնալացման փուլ
2016թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների և Բրեքզիթի հանրաքվեի ընթացքում արձանագրված օտարերկրյա միջամտություններին ի պատասխան՝ 2018-2020թթ․ ԵՄ-ն անցում կատարեց ավելի բազմաշերտ, ինստիտուցիոնալ համակարգման։
2018թ․ Եվրոպական հանձնաժողովի և Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացված «Ապատեղեկատվության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը» (Action Plan against Disinformation) սահմանեց ԵՄ հակազդման չորս հիմնական հենասյուները՝ բացահայտման կարողությունների հզորացում, ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդում, մասնավոր հարթակների համախմբում և հասարակական դիմակայունության բարձրացում։
Այս ծրագրի առանցքային նորամուծությունը 2019թ․ Արագ արձագանքման համակարգի (Rapid Alert System - RAS) մեկնարկն էր։ RAS-ը ԵՄ անդամ երկրների միջև ապատեղեկատվության վերաբերյալ տվյալների արագ փոխանակման համակարգ է, որի նպատակն էր համակարգել երկրների գործողությունները և արագացնել հնարավոր սպառնալիքների բացահայտումը։ Թվային հարթակի ներդրումն առաջին գործնական քայլն էր ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ պայքարի ապակենտրոնացվածությունը հաղթահարելու ուղղությամբ։ Սակայն, քանի որ անդամ երկրները ոչ համաչափ էին ներգրավված համակարգում, սահմանափակում էին զգայուն հետախուզական տվյալների փոխանակումը, ինչպես նաև բացակայում էր ապատեղեկատվության միասնական իրավական սահմանումն ու չափանիշները, հետևաբար RAS-ը չապահովեց ԵՄ մակարդակով արագ և համակարգված արձագանք։
Փափուկ իրավունքի գործիքների (ոչ պարտադիր բնույթ կրող, կամավոր ուղեցույցների ու կանոնների) գլխավոր թերությունն այն էր, որ չկար տեխնոլոգիական ընկերությունների (ինչպիսիք են Meta-ն, Google-ը, X-ը) ինքնագնահատման զեկույցները ստուգող որևէ անկախ մեխանիզմ։ Այդ պատճառով ձևավորվեց թվային մեդիայի եվրոպական դիտարանը (EDMO)՝ որպես փաստերի անկախ ստուգողների, ակադեմիական հետազոտողների և մեդիագրագիտության մասնագետների միջազգային հարթակ։ Դրա հիմնական գործառույթներն էին ապատեղեկատվական միտումների անկախ վերլուծությունը, անդրսահմանային հետազոտությունների համակարգումը, առցանց հարթակներից հետազոտական տվյալներ ստանալու անվտանգ ընթացակարգերի աջակցությունը։ «Փափուկ իրավունքի» կամավոր կարգավորիչ բնույթը հարթակներին չէր պարտադրում ապահովել ալգորիթմների և ներքին տվյալների հասանելիություն, ինչի հետևանքով տվյալների տրամադրումը մնում էր նրանց հայեցողության տակ՝ սահմանափակելով անկախ վերահսկողությունը։
2020թ․ ընդունված Եվրոպական ժողովրդավարության գործողությունների ծրագիրն (EDAP) ապատեղեկատվության դեմ պայքարը դիտարկում է որպես ազատ և արդար ընտրությունների խթանման, լրատվամիջոցների ազատության և բազմակարծության ամրապնդմանն ուղղված հետագա ջանքերի առանցքային ուղղություն։ Այդ համատեքստում ԵԱԳԾ-ն ձևավորեց «Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն» (Foreign Information Manipulation and Interference - FIMI) հայեցակարգը։ FIMI հասկացությունը սահմանվում է որպես օտարերկրյա դերակատարների չարամիտ, կազմակերպված վարքագիծ, որը սպառնում է արժեքներին, քաղաքական գործընթացներին և հանրային անվտանգությանը։
ԵԱԳԾ-ի FIMI սպառնալիքների զեկույցները, հիմնվելով Disinformation Analysis and Risk Management (DISARM) դասակարգման վրա, դասակարգում են դերակատարների մարտավարությունը, տեխնիկան և ընթացակարգերը (TTPs)՝ վերլուծելով ապատեղեկատվությունը կիբեռմիջադեպերի տրամաբանությամբ ու մեթոդաբանությամբ՝ ինչը թույլ է տալիս նույնականացնել «թվային ձեռագիրն» ու կանխատեսել հաջորդ քայլերը։
FIMI հասկացության ձևակերպումն ու սահմանումը հայեցակարգային լուծում առաջարկեցին ԵՄ-ի առջև ծառացած առանցքային մարտահրավերին՝ խոսքի ազատության պաշտպանությանը։ Այսպիսով, ԵՄ-ն ստացավ օտարերկրյա միջամտությունների դեմ պայքարելու օրինական գործիքակազմ, որը հնարավորություն էր տալիս խուսափել գրաքննության հնարավոր մեղադրանքներից և կենտրոնանալ չարամիտ վարքագծի բացահայտման վրա։ Բովանդակության գնահատումից դեպի չարամիտ վարքագծի անցումը պարտադիր իրավական կարգավորումների հիմք նախապատրաստեց:
Ըստ ԵԱԳԾ-ի 4-րդ զեկույցի՝ (4th EEAS Threat Report) FIMI-ի դեմ պայքարի արդյունավետությունն այլևս չի չափվում կեղծ լուրերի հերքման քանակով, այլ անցում է կատարվել «զսպման» ռազմավարությանը, որը նպատակ ունի բարձրացնել չարամիտ դերակատարների ծախսերը և խափանել նրանց տեխնիկական, ֆինանսական ու օպերատիվ ենթակառուցվածքները:
Այսպիսով, FIMI հասկացությունը ապատեղեկատվությունը մեդիա-հաղորդակցական խնդրից վերածեց հիբրիդային սպառնալիքի, ինչն էլ իրավական հիմք հանդիսացավ վերպետական և պարտադիր կարգավորող մեխանիզմների հետագա ներդրմանը:
Համապարփակ օրենսդրական կարգավորման փուլ
ԵՄ-ի ապատեղեկատվական քաղաքականության ձևափոխումը տեղի ունեցավ իրավական կարգավորումների դաշտում՝ կամավոր պարտավորություններին զուգահեռ կիրառելով նաև պարտադիր իրավական նորմերը։ 2018թ. ընդունված Ապատեղեկատվության վերաբերյալ ինքնակարգավորման կանոնագիրքը (Code of Practice on Disinformation) առաջին փորձն էր՝ սահմանափակելու կեղծ լուրերի ֆինանսավորումը և ապահովելու քաղաքական գովազդի թափանցիկությունը: Քանի որ «փափուկ իրավունքը» չէր նախատեսում միասնական պատժամիջոցներ և տվյալների թափանցիկության պարտադիր պահանջներ, հարթակները չունեին իրենց ալգորիթմային ու տնտեսական մոդելները վերափոխելու բավարար խթան, հետևաբար ինքնակարգավորումը մնաց սահմանափակ արդյունավետությամբ, իսկ ապատեղեկատվության դեմ պայքարի վերահսկողական մեխանիզմները՝ թույլ։ Այս բացերը հաղթահարելու նպատակով 2022թ․ մեկնարկեց Պրակտիկայի ուժեղացված կանոնագիրքը (Strengthened Code of Practice), որը հետագայում դարձավ համակարգման կարևոր գործիք՝ ինտեգրվելով Թվային ծառայությունների մասին ակտի (DSA) պարտադիր իրավական համատեքստում։
Թվային ծառայությունների մասին ակտով (Digital Services Act - DSA) ԵՄ-ն ինստիտուցիոնալացրեց խոշոր առցանց հարթակների (VLOPs, օրինակ՝ Facebook, YouTube, TikTok, X, Amazon) պատասխանատվությունը և սահմանեց համակարգային ռիսկերը գնահատելու և մեղմելու պարտադիր պահանջներ։ Ընդ որում, DSA-ն հարթակներին չի պարտադրում հեռացնել ապատեղեկատվություն պարունակող ողջ բովանդակությունը, այլ պահանջում է գնահատել և նվազեցնել իրենց ծառայություններից բխող համակարգային ռիսկերը։ Եվրոպական հանձնաժողովին VLOP-ների վերահսկողության համար տարեկան շրջանառության մինչև 6%-ի չափով տուգանքներ կիրառելու իրավասության տրամադրումը ստեղծեց կարգավորիչ պահանջները կատարելու տնտեսական խթան և զսպման մեխանիզմ։ Հատկանշական է, որ DSA-ն չի վերացնում նախկինում ձևավորված կամավոր կարգավորման գործիքները, այլ դրանց կիրառման համար ստեղծում է պարտադիր իրավական շրջանակ, հատկապես՝ հարթակների համակարգային ռիսկերը գնահատելու, մեղմելու և հաշվետվողականությունն ապահովելու տեսանկյունից։ Սակայն սա ևս բախվեց իրականացման խոչընդոտների։
DSA-ի հիմնական նպատակներից մեկը հարթակների հաշվետվողականության բարձրացումն է՝ թափանցիկությունը խթանելու միջոցով: Սակայն 7 խոշորագույն առցանց հարթակների (Instagram, Facebook, LinkedIn, Pinterest, Snapchat, TikTok, X) 2024թ․ թափանցիկության զեկույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ անօրինական բովանդակության հեռացման վերաբերյալ ներկայացված տվյալները տարբեր են։ Հարթակները նույն կերպ չեն դասակարգում անօրինական բովանդակությունը, ինչի պատճառով դժվար է ճշգրիտ գնահատել, թե որքան արդյունավետ են հեռացնում նմանատիպ բովանդակությունը։ Այս խնդիրը լուծելու նպատակով ԵՄ-ն սահմանել է թափանցիկության միասնական ձևանմուշ, որով բոլոր հարթակները պետք է ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ տվյալները։ Դա հեշտացնում է տվյալների համեմատությունը, սակայն ձևանմուշն ունի նաև սահմանափակումներ, քանի որ հարթակներից չի պահանջում մանրամասն բացատրել իրենց կայացրած որոշումների պատճառները։ Արդյունքում հնարավոր չէ լիարժեք գնահատել՝ արդյոք միջամտությունները հիմնավորվա՞ծ են եղել, թե՝ ոչ։
DSA-ի արդյունավետությունն ավելի մանրամասն գնահատելու համար դիտարկենք Ռումինիայի 2024թ․ նախագահական ընտրությունների օրինակը, որը ցույց տվեց առցանց հարթակների ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա և բացահայտեց ԵՄ օրենսդրության սահմանափակումները։ 2024թ․ նոյեմբերի 24-ին Ռումինիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրությունների անսպասելի արդյունքներից էր անկախ թեկնածու Քելին Ջորջեսկուի հաղթանակը, որը նախընտրական հարցումներում առաջատար չէր։ Նրա քարոզարշավում մեծ դեր ունեին սոցիալական ցանցերը, հատկապես TikTok-ը, որտեղ նրա օգտին լայնածավալ քարոզչություն էր իրականացվել։ Ռումինիայի իշխանությունների գաղտնազերծած հետախուզական փաստաթղթերում ներկայացված էին համակարգված առցանց քարոզչության, սոցիալական ցանցերի ալգորիթմների շահարկման, չհայտարարագրված ֆինանսավորման և հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ տեղեկություններ։ Այս հանգամանքների հիման վրա Ռումինիայի Սահմանադրական դատարանը 2024թ․ դեկտեմբերի 6-ին չեղարկեց նախագահական ընտրությունների ամբողջ գործընթացը։ Դատարանի գնահատմամբ՝ ընտրական օրենսդրության խախտումները և թեկնածուներից մեկի անհամաչափ առաջխաղացումը խաթարել էին ընտրությունների ազատ և արդար բնույթը։
Այսպիսով, Ռումինիայի դեպքը ցույց տվեց DSA-ի հետ կապված երկու իրական խնդիր։ Առաջին՝ DSA-ի շրջանակներում ընտրական ռիսկերի համար նախատեսված գործիքակազմը ըստ էության չի գործել նախքան քվեարկության առաջին փուլը։ Երկրորդ՝ փորձ է արվել այդ բացը լրացվել ազգային մակարդակում ձեռնարկված ծայրահեղ միջոցներով, որոնք կարող էին ընկալվել որպես քաղաքական միջամտություն, իսկ մեկ այլ երկրի մեկ ուրիշ ընտրությունների դեպքում գուցե հենց լինեն այդպիսին։ Խնդիրն այն է, որ տեսականորեն միշտ կա ռիսկ կամ հավանականություն, որ իշխանությունները կարող են ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը շահարկելով՝ սահմանափակել իրենց քննադատող լրատվամիջոցների, քաղաքական ուժերի կամ առանձին անձանց խոսքի ազատությունը։ Բացի այդ, DSA-ն կարգավորում է միայն առցանց հարթակների գործունեությունը, մինչդեռ ընտրական սպառնալիքները բազմաշերտ են և ներառում են նաև կիբեռհարձակումներ, հասարակական պառակտումներ, մեդիագրագիտության պակաս և ընտրական համակարգի թերություններ։
2024թ․ ուժի մեջ մտած Զանգվածային լրատվության միջոցների ազատության եվրոպական ակտը (EMFA) լրացրեց DSA-ի կարգավորիչ շրջանակը՝ ամրապնդելով մեդիա բազմակարծության և խմբագրական անկախության պաշտպանությունը պետական միջամտությունից ու առցանց հարթակների կամայականություններից։ Ակտի առավել քննարկված դրույթներից դարձավ 18-րդ հոդվածը։ Ըստ դրա՝ անկախ և կարգավորվող լրատվամիջոցները կարող են հարթակներին ներկայացնել հատուկ հայտարարագիր, որով հաստատում են իրենց կարգավիճակը, խմբագրական անկախությունը, ԱԲ բովանդակության նկատմամբ մարդկային վերահսկողությունը և անձնական տվյալները: Սրանից հետո VLOP-ը չի կարող ակնթարթորեն հեռացնել կամ սահմանափակել նրանց բովանդակությունը, այլ պարտավոր է նախապես ծանուցել, նշել պատճառները և պատասխանի հնարավորություն տալ:
Այնուամենայնիվ, հոդված 18-ը վեր է հանում ԶԼՄ-ների խմբագրական անկախության պաշտպանության և ապատեղեկատվության տարածման կանխարգելման միջև հավասարակշռության խնդիրը։ Մի կողմից, այս դրույթը ստեղծում է անհրաժեշտ պաշտպանություն ԶԼՄ-ների համար և կանխում է VLOP-ների կողմից բովանդակության գրաքննությունը և կամայական հեռացումը։ Մյուս կողմից, այն առաջացնում է «իրավական բաց»․ նախնական ծանուցման պահանջը չարամիտ դերակատարներին թույլ է տալիս տարածել «վիրուսային» ապատեղեկատվություն՝ նախքան հարթակը կհասցնի արձագանքել։ Արդյունքում, մինչ DSA-ը հարթակներից պահանջում է ռիսկերի արագ չեզոքացում, հոդված 18-ը դանդաղեցնում է այդ ընթացակարգերը ԶԼՄ-ների պարագայում՝ առաջացնելով հավասարակշռության պահպանման բարդ խնդիր:
Ըստ 2024թ․ ընդունված ԵՄ 2024/900 Կանոնակարգի (Regulation on the Transparency and Targeting of Political Advertising)՝ քաղաքական գովազդը պետք է հստակ մակնշվի՝ նշելով պատվիրատուին, հատկացված բյուջեն և ֆինանսավորման աղբյուրները։ Այն բարձրացնում է ընտրական գործընթացների թափանցիկությունն ու վստահելիությունը։ Միաժամանակ, այն առաջացնում է երկու հիմնական մտահոգություն. կանոնակարգի լայն սահմանումը կարող է առաջացնել կամայական մեկնաբանության ռիսկ՝ հանգեցնելով քաղաքական ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության անհարկի սահմանափակումների։ Մյուսը՝ հարթակների զգուշավորությունն է, ինչի վառ օրինակն են Meta-ի կողմից ԵՄ տարածքում քաղաքական գովազդների սահմանափակման կամ արգելափակման քայլերը՝ իրավական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Առանցքային է նաև «կոշտ իրավունքի» արդյունավետության գնահատումը, որն ունի չորս չափանիշ՝ արձագանքի արագություն, հարթակների հաշվետվողականություն, օտարերկրյա միջամտության նվազում և մարդու իրավունքների պաշտպանություն։ Այս չափանիշները բախվում են երեք հիմնական խնդրի. արձագանքն ուշանում է և լինում է վնասից հետո, կանոնների կիրառումը դանդաղ է, իսկ յուրաքանչյուր նոր կարգավորում բախվում է անվտանգության և խոսքի ազատության միջև հավասարակշռության թակարդին։
Եզրակացություն
Թեև վերջին տասնամյակում ԵՄ-ն ապատեղեկատվության դեմ պայքարի համար ձևավորել է զարգացած իրավական համակարգ, այս նոր ձևավորվող ոլորտում հիմնական մարտահրավերը մնում է այնպիսի ինստիտուցիոնալ հավասարակշռության ապահովումը, որտեղ տեղեկատվական անվտանգության նկատառումները և ժողովրդավարական ազատությունները փոխադարձաբար կզսպեն ու կհակակշռեն միմյանց։
Վերջին տարիներին ԵՄ-ի կողմից պարտադիր իրավական կարգավորումների և կամավոր ինքնակարգավորման մեխանիզմների համակցված կիրառումն էապես ընդլայնել է թվային միջավայրի, տեխնոլոգիական հարթակների նկատմամբ իրավական վերահսկողության և հաշվետվողականության հնարավորությունները։ Այնուամենայնիվ, այս զարգացումը դեռևս չի ապահովել տեղեկատվական միջամտությունների կանխարգելման և չեզոքացման լիարժեք արդյունավետություն և ընդհանրական առումով մոդելը գործնականում շարունակում է բախվել իրականացման, միջպետական համակարգման, և հիմնարար իրավունքների պաշտպանության սահմանափակումների։ Ձևավորված տեղեկատվական անվտանգության բազմաշերտ մոդելը թեև լիովին չի չեզոքացնում ապատեղեկատվությունը, սակայն էապես փոխում է «խաղի կանոնները»։
Արդեն իսկ կանխատեսելի է, որ ապագայում ապատեղեկատվություն տարածող սուբյեկտներն անցնեն ավելի բարդ, ապակենտրոնացված և արհեստական բանականության վրա հիմնված գործիքների, ինչը պարբերաբար փորձության կենթարկի գործող օրենսդրության և իրավական կարգավորումների, ձևավորված մեխանիզմների ճկունությունը։ Այդ զարգացումները կստիպեն ԵՄ-ին և անդամ պետություններին փնտրել լրացուցիչ լուծումներ՝ պետական վերահսկողության, մասնավոր հատվածի պատասխանատվության և քաղաքացիական հասարակության մշտադիտարկման համադրմամբ։
