Արևելյան Միջերկրածովի հակաթուրքական դաշինքը

7 ր.   |  2019-05-29

Շահերի վերադասավորումներ

Վ երջին տարիներին արագ փոփոխվող աշխարհակարգը պայմանավորում է պետությունների շահերի փոխակերպման դինամիկություն։ Հիմնական խաղացողների միջև շահերի «տեղայնացման» գործընթացն առանձնանում է պրագմատիզմով, իրավիճակային-կարճաժամկետ լուծումներով։ Արդյունքում, նվազում է նախկին երկկողմանի, երկարաժամկետ դաշնակցային ձևաչափերի արդյունավետությունը, որոնք կամ ինքնալուծարվում կամ վերակազմավորվում են՝ վերածվելով դաշնակցային մոդելների։  Այս փոփոխության հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկկողմ դաշինքները սահմանափակում են դաշնակիցների մանևրելու հնարավորությունը։ Դաշնակցային մոդելը, թեև ունի բացասական կողմեր, սակայն ավելի ճկուն է և թույլ է տալիս ընդլայնել շահերի ու ազդեցության սահմանները։

Այս իրավիճակը նկատվում է նաև Մերձավոր Արևելքում ու Միջերկրական ծովի ավազանում. ինքնալուծարման ճանապարհով է ընթանում Թուրքիա-Իսրայել ռազմավարական դաշինքը։ Որոշ գնահատականներով՝ 2010թ. թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հարձակումը հանգուցային էր կողմերի հարաբերությունների սառեցման հարցում։ Այդ միջադեպը երկկողմ շահերի օտարման գործընթացի դրսևորումներից էր։ Կարծում ենք, որ Անկարա-Թել-Ավիվ հակասությունները շատ ավելի խորքային են, ընդգրկում են ինչպես պաշտպանական-անվտանգային, այնպես էլ տնտեսական-էներգետիկ ոլորտները։

Պետք է նկատել, որ նշյալ գործընթացները չունեն միայն տարածաշրջանային նշանակություն։ Մեծ հաշվով, մենք գործ ունենք նաև այդ տարածաշրջաններում հիմնական խաղացողների, նախևառաջ՝ Միացյալ Նահանգների ռազմավարության վերանայման հետ։ Անշուշտ, սա չի նշանակում, որ Վաշինգտոնում սկսել են մտածել Անկարայի հետ ռազմավարական դաշնակցային առանցքի չեղարկման անհրաժեշտության մասին, սակայն Վաշինգտոնի նախաձեռնությամբ փոխվել են Վաշինգտոն-Անկարա փոխհարաբերությունների շեշտադրումները. ԱՄՆ-ն դարձել է առավել պրագմատիկ, և Վաշինգտոնում մեծ նշանակություն են տալիս այլընտրանքային ինտեգրացիոն մեխանիզմների ձևավորմանը։   

Թերևս սխալված չենք լինի ասելով, որ վերջին շրջանում նվազել է Թուրքիայի դերն ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունում. ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման բանակցությունները, ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունը, ըստ էության, կողմերի շահերի փոխդասավորման նոր տրամաբանության դրսևորումներից էին։

Այս համատեքստում ուշադրության է արժանի Հունաստան-Կիպրոս-Իսրայել նոր ձևավորվող ռազմավարական առանցքը, որին Վաշինգտոնում մեծ կարևորություն են տալիս: Ինտեգրացիոն նոր հարթակը հաճախ դիտարկվում է որպես Միջերկրական ծովի «ժողովրդավարության առանցք», իսկ փորձագիտական դաշտում ընդգծվում է դաշինքի հակաթուրքական ուղղվածությունը։

Էներգետիկ համագործակցություն

Հ ունաստան-Կիպրոս-Իսրայել եռակողմ դաշինքի ձևավորման առանցքային բաղադրիչներից է էներգետիկ ոլորտը։ 2009-2010թթ. Միջերկրական ծովի իսրայելական, ինչպես և կիպրոսական ափամերձ հատվածներում հայտնաբերվեցին բնական գազի խոշոր պաշարներ՝ շուրջ 1.2 տրլն խորանարդ մետր ծավալով, որից ավելի քան 1 տրլն-ը՝ Իսրայելի առափնյա հատվածում [1]։ Իսրայելական գազի պաշարների ավելի քան 85%-ը կենտրոնացված է երկու՝ «Լևիաֆան» (620 մլրդ խմ) և «Թամար» հանքավայրերում (280 մլրդ խմ)։ Հանքավայրերի շահագործման համար Իսրայելը պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան Nobel Energy [2] և իսրայելական Delek Group [3] ընկերությունների հետ։


Իսրայելի ափամերձ հատվածի բնական գազի հանքավայրերը,

Նոր պաշարների հայտնաբերումից հետո կրճատվեցին Ռուսաստանից ու Ադրբեջանից գազի ներմուծման ծավալները։ Արդյունքում, Իսրայելն էապես բարձրացրեց իր էներգետիկ անվտանգության մակարդակը և տարածաշրջանի էներգետիկ հանգույցներից մեկը դառնալու հայտ ներկայացրեց։

2017թ. դեկտեմբերի սկզբին Նիկոսիայում Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը և Իտալիան ստորագրեցին EastMed գազատարի կառուցման հուշագիրը, որով Իսրայելից գազը Կիպրոսի ու Հունաստանի տարածքով հասնելու է եվրոպական շուկա։

Շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ.-ին։ Ըստ նախագծի՝ այն աշխարհի ամենաերկար և ամենախորը ստորջրյա գազատարն է՝ ավելի քան 2000 կմ ընդհանուր երկարությամբ։ Նախնական հաշվարկով, գազատարի թողունակությունը գնահատվում է տարեկան 12-16 մլրդ խմ։

EastMed-ի կառուցումը բխում է նաև Եվրամիության էներգետիկ շահերից. Գազատարը կբարձրացնի ԵՄ էներգետիկ անվտանգությունը՝ դիվերսիֆիկացնելով էներգակիրների աղբյուրները և դրանց մատակարարման ուղիները։ Եվրամիությունն իր վրա է վերցնում գազատարի կառուցման ֆինանսական ծախսերի մի մասը։ Նախագծի տեխնիկական-տնտեսական նպատակահարմարության գնահատման համար ԵՄ-ն հատկացրել է €70 մլն [4]։  Գնահատման աշխատանքներն իրականացրել է IGI Poseidon ընկերությունը [5](իտալական Edison և հունական DEPA համատեղ ձեռնարկություն)։    

Վերջին տարիներին Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի կառավարությունները քննարկում են Լևանտի ավազանի գազը մատակարարել տարածաշրջանի հարևան երկրներին։ Այդ ուղղությամբ իսրայելական կողմը բանակցում է Եգիպտոսի հետ [6]։ Չնայած սառեցված հարաբերություններին՝ իսրայելական գազի մատակարարարման հարցի շուրջ Թել-Ավիվն ու Անկարան նույնպես բանակցում են [7]։ Համաձայնություն է ձեռքբերվել նաև Հորդանանի հետ [8]։ «Լևիաֆան» հանքավայրից գազի ներմուծման հարցում հետաքրքրություն է ցուցաբերում Բուլղարիան [9]։

Վերջին տարիներին իսրայելական «Քարիշ» և «Թանին» գազի հանքավայրերի ձեռքբերման հարցում հետաքրքրված էր չինական Fosun International հոլդինգը։ Սակայն ներկայում նշյալ հանքավայրերի վերամշակման իրավունքը պատկանում է հունական Energean ընկերությանը։

Անկարան, իր հերթին, քայլեր է ձեռնարկում Արևելյան Միջերկրածովի ավազանի իրավաբաժանման հարցում ներգրավել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որով կապահովագրի Լևանտի ավազանի բնական գազի պաշարների շահագործման իրավահավասարությունը։ Իրավական տեսանկյունից Թուրքիայի հնարավորությունները բավականին ցածր են. Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի կառավարություններն արդեն հստակեցրել են իրենց երկրների բացառիկ տնտեսական գոտիների (ԲՏԳ) սահմանները։ Արդյունքում, Թուրքիան փորձում է հարցը վիճարկել քաղաքական, ռազմական ճնշումներով և բազմիցս խոչընդոտել է Կիպրոսի առափնյա հատվածում գազի որոնողական աշխատանքներին։

Իսրայելական գազի մատակարարման ծավալները մեծապես կախված են «Լևիաֆան» հանքավայրի շահագործման հնարավորություններից ու ժամկետներից։ Սկզբնապես խոսվում էր, որ հանքավայրը կշահագործվի 2017-ին, սակայն հետաձգվեց մինչև 2019թ. վերջը։ Այժմ գազի թողունակությունը նախկին 16-ի փոխարեն գնահատվում է տարեկան 21 մլրդ խմ։ Հանքավայրի շահագործման համար անհրաժեշտություն առաջացավ կառուցել գազատարի երկու ճյուղավորում, որոնցից մեկը բավարարելու է Իսրայելի, Հորդանանի, Եգիպտոսի ներքին պահանջները, իսկ երկրորդն ուղղվելու է եվրոպական շուկա։


EastMed գազատարը

Փորձագետների գնահատականով EastMed-ը կարող է մրցակցել «Թուրքական հոսք» գազատարին (տարեկան թողունակությունը 31.5 մլրդ խմ), որը նախատեսում է ռուսական գազը հասցնել հարավային ու հարավարևելյան Եվրոպա, Հարավային գազատրանսպորտային միջանցքին [10] (տարեկան թողունակությունը 10 մլրդ խմ), ինչպես և «Հյուսիսային հոսք-2» գազատարին (տարեկան 55.5 մլրդ խմ թողունակությամբ)։  

Ինտեգրացիոն երկխոսություն

Հ ունաստան-Կիպրոս-Իսրայել դաշինքը համագործակցում է նաև պաշտպանության, կիբերանվտանգության, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում։ Վերջին տասնամյակում անցկացվող հայտնի Noble Dina համատեղ զորավարժություններին [11] մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Մինչ 2009թ. զորախաղերին մասնակցում էր նաև Թուրքիան։ Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցմամբ, իսրայելական կողմը կարողացավ Վաշինգտոնի հետ համաձայնեցնել զորավարժանքներից Անկարայի դուրսմղման հարցը։

2018թ. մարտի 19-ից 29-ը Noble Dina զորավարժանքներն անցկացվեցին Կրետե կղզու շրջանում և Արևելյան Միջերկրածովում, որի շրջանակներում Կրետե կղզում տեղակայված ՆԱՏՕ ռազմածովային կենտրոնում (NMIOTC – NATO Maritime Interdiction Operational Training Centre) դասընթացներ կազմակերպվեցին [12]։   


Noble Dina 2018 զորախաղերը

Արդյունավետ է նաև եռակողմ գործակցությունը սփյուռքի տարբեր համայնքների միջև։ Երեք երկրների սփյուռքի հարցերը համակարգող առաջին եռակողմ նիստը տեղի ունեցավ 2017թ. մարտի սկզբին Երուսաղեմում [13] ,որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց սփյուռքի համայնքների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի մշակման հարցերի շուրջ։

Ամփոփում

Ա րևելյան Միջերկրականում բնական գազի պաշարների հայտնաբերումն ընդգծեց իսրայելական գործոնի դերը Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարությունում։ ԱՄՆ քաղաքական աջակցությունը վայելող Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ ռազմավարական առանցքի ձևավորումը նվազեցրեց Թուրքիայի տարածաշրջանային կշիռը։ Վաշինգտոնում անգամ խոսվում էր, որ Անկարայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից սպառազինությունը տեղափոխել Հունաստան [14]։ Արդյունքում, Էրդողանի իշխանությունում աստիճանաբար մեծացավ անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ։ Ի հակակշիռ, Անկարայում սկսեցին փնտրել գործընկերային այլընտրանքային մոտեցումներ։    


[1] Լևանտի ավազանի երկրների բնական գազի պաշարները գնահատվում են 3.8-4 տրլն խմ։

[2] Eastern Mediterranean: Trailblazing Toward Energy Security

[3] East Med E&P: Our Business Environment

[4] Израиль, Кипр, Греция и Италия к 2025 году построят самый длинный подводный газопровод

[5] IGI Poseidon

[6] Nikos Tsafos. Egypt: A Market for Natural Gas from Cyprus and Israel?. The German Marshall Fund of the United States.

[7] Израиль и Турция договорились о газопроводе в Европу

[8] Израиль начал экспорт газа в Иорданию

[9] Bulgaria tries to loosen Russian grip with new gas pipeline deals

[10] Հարավային գազատրանսպորտային միջանցքի նախագծի մաս են կազմում Բաքու-Թբիլիսի-Էրզրում, անդրանատոլիական/TANAP և անդրադրիատիկ/TAP գազատարերը։

[11] Noble Dina զորավարժանքները կազմակերպվում են 2001-ից։

[12] Join the Navy to exercise Noble Dina 2018

[13] Израиль, Греция и Кипр будут дружить диаспорами

[14] US senator: We to impose sanctions on Ankara, move our weapons from Incirlik base