Հայաստան-Պակիստան հարաբերությունները

13 ր.   |  2019-06-07

Չճանաչման հետևանքները

Պ ակիստանն այն բացառիկ երկրներից է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը [1], և երևի այս պատճառով էլ հայ-պակիստանյան հարաբերությունները բավարար ուսումնասիրված չեն։ Հայկական մեդիայի անդրադարձը մեծ մամասամբ բխում է չճանաչման [2] տրամաբանությունից։ Խնդրի վերաբերյալ տեղեկատվության պակասն ինչ-որ առումով հասկանալի է. հարավասիական  այդ երկրի կողմից Հայաստանի անկախության չճանաչման փաստը, կարծես թե, հանգեցրել է քաղաքական երկխոսության փակուղու։ Հայաստանի և Պակիստանի հարաբերությունները հայկական լրատվական դաշտը և փորձագիտական հանրությունը դիտարկում է գլխավորապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցված։

Նկատենք, որ Հայաստանը մի շարք պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել (օրինակ՝ Տոնգայի թագավորությունը կամ Պապուա Նոր Գվինեան. շարքը կարելի է շարունակել) [3], թեև նրանք ճանաչել են Հայաստանի անկախությունը։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը միգուցե պայմանավորված է կողմերի ոչ բավարարար կամ առհասարակ՝ շահերի բացակայությամբ ու քաղաքական նպատակահարմարությամբ։

Ի տարբերություն այդ երկրների՝ Պակիստանը Հարավային Կովկասում ունի հստակ շահեր։ Առավել դինամիկ է զարգանում հարավասիական այդ պետության համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իսլամաբադն աջակցում է հարավկովկասյան ուղղությամբ Թուրքիայի շահերի առաջմղմանը, փոխարենը, ակնկալելով Անկարայի աջակցությունը Պակիստանի տարածաշրջանային քաղաքականությանը։

Կարծիք կա, թե Հայաստանի հանդեպ Պակիստանի վարած քաղաքականության հիմքում իսլամական համերաշխությունն է, ինչն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Պակիստանը չի ճանաչել միայն երկու պետություն՝ Իսրայելն ու Հայաստանը [4]։ Մյուս պետությունների հետ, որոնց բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, Պակիստանն ունի կառուցողական և փոխշահավետ հարաբերություններ։ Օրինակ՝ Վրաստանը, որի բնակչության 80%-ից ավելին ուղղափառ քրիստոնյաներ են։ Կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. մայիսին (Վրաստանում Պակիստանի դեսպանի նստավայրը Բաքվում է)։ Բացի այդ, Պակիստանի բնակչության ավելի քան 1%-ը՝ շուրջ 2 մլն, քրիստոնյաներ են (մեծամասամբ՝ կաթոլիկ)։  

Ինչ-որ առումով, օրինաչափ է Իսլամաբադի հակաիսրայելական, չճանաչման դիրքորոշումը իսլամական, արաբական աշխարհի հետ համերաշխության համատեքստում, քանի որ դրա հիմքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է։ Ի դեպ, Իսրայելն առայսօր չեն ճանաչել ավելի քան 2 տասնյակ պետություններ, որոնց մեծ մասը ներկայացնում են արաբական, իսլամական աշխարհը։ Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչու են Իսրայելն ու Հայաստանը դիտարկվում նույն հարթությունում։ Ըստ Իսլամաբադի, Հայաստանի չճանաչման հիմքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Ստացվում է, որ այդ հարցում Պակիստանն իր համերաշխությունն է հայտնում Բաքվին, որն Իսրայելի ռազմավարական գործընկերն է [5]։

Կարող ենք ասել, որ Հայաստանի անկախությունը չճանաչելու Պակիստանի քաղաքականությունում կրոնը, իսլամական համերաշխության գործոնն անշուշտ կարևոր նշանակությունի ունի, սակայն, ըստ էության, չի կարող պայմանավորել փոխհարաբերությունների ներկայիս տրամաբանությունը։ Մենք գործ ունենք քաղաքական հստակ շահերի հետ, որոնց սպեկտրը անհամեմատ լայն է, քան իսլամական համերաշխությունը։

Թերևս սխալ չէ այն կարծիքը, որ հայ-պակիստանյան փոխհարաբերությունները մինչ օրս ձևավորվել են Պակիստանի չճանաչման քաղաքականության տրամաբանությամբ, ինչով էլ պայմանավորված է հայկական կողմի արձագանքող դիրքորոշումը։ Հայաստանի դեմ Պակիստանի գործողությունները չեն սահմանափակվում միայն անկախությունը չճանաչելով. Պակիստանի ղեկավարները միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը ագրեսոր են ներկայացնում՝ կոչ անելով ԼՂՀ-ից դուրս բերել հայկական զորքերը։ Փոքր չէ հարավասիական այդ պետության ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացման թուրք-ադրբեջանական ռազմավարությունում։  

Իսլամաբադ-Անկարա-Բաքու համագործակցությունը

Թ ուրքիայի և Պակիստանի համագործակցությունը զարգանում է գաղափարական, կրոնական, կրթամշակութային, քաղաքատնտեսական ու պաշտպանական ուղղություններով։ Պակիստան պետության հիմնադիր Մուհամադ Ալի Ջինան մեծապես ազդվել է Մուստաֆա Քեմալի գաղափարներից ու հայացքներից [6]։ Նրա դուստրը Ալի Ջինային անվանում էր «գորշ գայլ» [7]։ Աթաթուրքի նկատմամբ համակրանքը պահպանվում է նաև Պակիստանի ղեկավարության շրջանում. [8] վարչապետ Իմրան Խանը Աթաթուրքի դամբարանի հյուրերի հուշամատյանում մեջբերել էր Մուհամադ Ալի Ջինայի խոսքերը, որն Աթաթուրքին ներկայացրել էր որպես «աշխարհի ականավոր մարդկանցից մեկը» [9]։

Կողմերի միջև փոխվստահության մթնոլորտը խորացել է հատկապես Էրդողանի իշխանության շրջանում։ Թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում Պակիստանի նախագահ Արիֆ Ալվինն ասել էր, որ «...Անկարայի և Իսլամաբադի արտաքին քաղաքական կուրսը թևակոխել է վերածննդի փուլ» [10]։ Պակիստանում համարում են, որ իրենց երկիրը Էրդողանի «երկրորդ տունն» է [11]։

Անկարա-Իսլամաբադ հարաբերությունների ամրապնդման գործում զգալի է կրոնական՝ իսլամական համերաշխության դերը։ Երկու կողմերն էլ ձգտում են միջազգային ու տարածաշրջանային մակարդակով իրենց շուրջը համախմբել իսլամական աշխարհը, որտեղ առաջնորդության հասնելու հատկապես մեծ հավակնություններ ունի Էրդողանը։ Վերջին տարիներին Արևմուտքի հետ զգալի հակասությունները նպաստել են Պակիստանի և Թուրքիայի մերձեցմանը՝ արտաքին թշնամու կերպարի ձևավորման ու հակազդման շուրջ։

2009թ. ձևավորվեց Թուրքիայի և Պակիստանի բարձր մակարդակով համագործակցության խորհուրդը (Turkey-Pakistan High Level Cooperation Council (HLCC), որը համակարգում է տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցությունը [12]։ Կողմերը միմյանց աջակցում են նաև հակամարտությունների՝ Իսլամաբադը՝ Կիպրոսի, Անկարան՝ Քաշմիրի հարցում։

Պակիստանում մեծ տարածում ունեն թուրքական կրթական ծրագրերը, որտեղ առավել աչքի է ընկնում PakTurk Maarif միջազգային դպրոցների և քոլեջների կրթական հարթակը։ Պակիստանում գործում է շուրջ 3 տասնյակ մասնաճյուղ, որտեղ սովորում է ավելի քան 11 հազ. ուսանող [13]։ Թուրքիայում 2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Պակիստանում գործող PakTurk Maarif-ի տարբեր կենտրոնների անձնակազմը, հոգաբարձուների խորհուրդները փոխվեցին՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության կասկածանքով։ Գործում են երկկողմ բուհական կրթական ծրագրեր [14]։

Անկարան Պակիստանի հետ երկխոսությունը դիտում է որպես հնարավորություն «Չին-պակիստանյան տնտեսական միջանցք» նախագծում  (China-Pakistan Economic Corridor  – CPEC) [15] թուրքական ընկերությունների մուտքն ապահովելու համար։   

Թ ուրքիան առանցքային դեր ունի Պակիստանի կողմից Հայաստանը չճանաչելու հարցում։ Այդ հարցում Իսլամաբադը չունի ուղղակի շահեր։ Նախորդ դարի 70-80-ականներին ՄԱԿ-ում Պակիստանի ներկայացուցիչները հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մշտապես աջակցել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը [16]։ Այդ քաղաքականությունը ոչ թե ուղղված էր միայն Հայաստանի, այլ՝ ԽՍՀՄ դեմ։ Պակիստանն ու Թուրքիան դաշնակցում էին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի քաղաքական հովանու ներքո 1955թ. ձևավորված հակախորհրդային Բաղդադյան պակտում [17]։ Իրավիճակը, սակայն, փոխվում է ԽՍՀՄ փլուզումից հետո և հատկապես՝ 2000-ականներին։ Այսօր Մոսկվայում ու Իսլամաբադում խոսում են երկկողմ ռազմավարական համագործակցության մասին, իսկ Իսլամաբադի հակահայկական մոտեցումներում այլևս խորհրդային հետք չկա, փոխարենը ընդգծվում է թուրք-ադրբեջանական վեկտորը։  

Թուրքիայի ու Պակիստանի միջև քաղաքական երկխոսության բավական բարձր մակարդակը չի արտացոլում երկկողմ տնտեսական համագործակցությունը. առևտրաշրջանառությունը չի գերազանցում 1 մլրդ ԱՄՆ դոլարը (2016թ.՝ շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար)։

Համագործակցությունն առավել ակտիվ է ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ): ՄԱԿ-ում Թուրքիան և Պակիստանը արդյունավետ համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, հումանիտար, տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ոլորտներում [18]։ Այդ նպատակով կանոնավոր կազմակերպվում են երկկողմ խորհրդակցություններ [19]։

Մասնավորապես զգալի է Անկարայի աջակցությունը Պակիստանին Քաշմիրի հարցում։ ԻՀԿ-ում ձևավորված Քաշմիրի հարցով խումբը (contact group), որտեղ ընդգրկված է նաև Ադրբեջանը, ՄԱԿ-ում և միջազգային այլ ատյաններում առաջ է մղում պակիստանյան դիրքորոշումը [20]։

2016թ. ապրիլին Ստամբուլի ԻՀԿ գագաթաժողովում Թուրքիայի նախաձեռնությամբ որոշվեց ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով գործակցային խումբ (contact group) [21], որի կազմում են Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին [22]։ Չի բացառվում, որ այդ որոշումը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններով, որոնք ԻՀԿ-ում ներկայացվեցին որպես Հայաստանի կողմից ագրեսիա [23]։

Բ աքվի և Իսլամաբադի համագործակցությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո. Պակիստանը Թուրքիայից հետո երկրորդ պետությունն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. հունիսին: Մեկ տարի անց՝ 1993-ի մարտին բացվեց Պակիստանի դեսպանությունը Բաքվում, ավելի ուշ՝ 1997-ի օգոստոսին, Ադրբեջանի դեսպանությունը՝ Իսլամաբադում։ Երկու երկրների համագործակցության հիմնական ուղղություններից մեկը զարգանում է հակահայկականության շուրջ։

Հայտնի է, որ պակիստանցի վարձկան խմբեր ադրբեջանական զորքերի կազմում կռվել են արցախյան պատերազմում [24]։ 1993թ. ապրիլի 30-ին Պակիստանի նախագահությամբ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի 822-րդ բանաձևը [25], որտեղ ՄԱԿ ԱԽ-ն «մտահոգություն էր հայտնում ռազմական գործողությունների սրացման, և, մասնավորապես, Ադրբեջանական Հանրապետության Քելբաջարի շրջան տեղի հայկական ուժերի վերջին ներխուժման կապակցությամբ» [26]։

Փաստաթղթի առաջին կետով նշվում էր, որ «Անվտանգության խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական ու թշնամական գործողությունները՝ կրակի դադարեցման ամուր ռեժիմի հաստատման նպատակներով, ինչպես նաև օկուպացնող զորքերը դուրս բերել Ադրբեջանի Քելբաջարի շրջանից և վերջերս օկուպացված այլ շրջաններից» [27]։ Որոշումն 3205-րդ նստաշրջանում ընդունվեց միաձայն։

1993թ. մայիսի 3-ին հրապարակված 822-րդ բանաձևի սղագրության հաշվետվությունում նախագահող երկրի ներկայացուցիչ պրն. Մարկերն իր ելույթում հույս էր հայտնում, որ բանաձևով «հայկական բոլոր ուժերը դուրս կբերվեն Ադրբեջանական Հանրապետության տարածքներից, ներառյալ Քելբաջարի ու Լաչինի շրջաններից» [28]։

Պակիստանն իրավաքաղաքական միջազգային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին նաև Խոջալուի հարցում [29]։ Ավելին, Պակիստանի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2012թ. փետրվարին ճանաչել է Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» [30]։ ԻՀԿ-ում Պակիստանն ակտիվ մասնակցություն ունի Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելու, ԼՂ հիմնախնդիրը՝ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելու հարցերում [31]։ Կազմակերպությունում Քաշմիրի, Լեռնային Ղարաբաղի, Հյուսիսային Կիպրոսի, պաղեստինա-իսրայելական և այլ հիմնախնդիրները ներկայացվում են նույն տրամաբանությամբ [32]։ Կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականության առաջմղման ուղղությամբ [33]։

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը համագործակցում են Տնտեսական համագործակցության կազմակերպությունում (Economic cooperation organisation, ՏՀԿ) [34] [35], որտեղ չկա ընդգծված հակահայկական դիրքորոշում [36]։ Ուշագրավ է, որ կազմակերպության հայտարարություններում և որոշումներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հայաստանը քիչ է հիշատակվում, իսկ հիշատակումները, բացառությամբ ադրբեջանցի պատվիրակների [37], բավականին զուսպ են [38]։ Օրինակ՝ 2018թ. ապրիլի 17-ին Դուշանբեում կայացած ՏՀԿ Նախարարների խորհրդի գագաթաժողովում ընդունված հռչակագրի 40-րդ կետում «մտահոգություն էր հայտնվում, որ ՏՀԿ տարածաշրջանում շարունակում են պահպանվել հակամարտությունները, ներառյալ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական աճին ու տնտեսական ողջ ներուժի օգտագործմանը։ Դրանք խոչընդոտում են նաև տարածաշրջանային և առավել լայն մակարդակներում տնտեսական համագործակցության զարգացմանը, սահմանափակում են այդ հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա» [39]։  

Անկարա-Բաքու առանցքը մեծապես օգտագործում է Պակիստանի գործոնը միջազգային իրավաքաղաքական գործընթացներում Հայաստանը մեկուսացնելու, երկրի վարկանիշը նվազեցնելու նպատակներով։

2017թ. նոյեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ առաջին հանդիպումը, որտեղ կողմերը ստորագրեցին Բաքվի հռչակագիրը։ Փաստաթղթով կողմերը կարևորում էին եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Վերահաստատվում էր «փոխադարձ հարգանքն ու աջակցությունը երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերում» [40]: Կողմերը նաև պատրաստակամություն էին հայտնում համագործակցել պաշտպանության ու անվտանգության ոլորտներում [41]։

Ակտիվ է եռակողմ ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական համագործակցությունը: 2013թ. մարտին Ադրբեջանի և Պակիստանի միջև ստորագրվեց ռազմական համագործակցության հուշագիր։ Բաքվում այս տարվա մարտին կայացավ Պակիստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվեցին անվտանգության, ռազմատեխնիկական, ռազմակրթական և համագործակցության այլ հարցեր։ Պակիստանը Ադրբեջանին ռազմական տեխնիկա ու սպառազինություն մատակարարող հիմնական երկրներից մեկն է։ Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ կողմերը բանակցում են Ադրբեջանին JF-17 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարման շուրջ [42]։  

Սերտորեն զարգանում է ռազմական երկխոսությունը Անկարայի ու Իսլամաբադի միջև, որոնք միջուկային տեխնոլոգիաների մշակման և համագործակցության տասնամյակների փորձ ունեն։ Պակիստանն իր միջուկային ծրագրի մեկնարկը տվել է դեռևս նախորդ դարի 70-ականների սկզբին [43]։ Ընդ որում, Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ մուսուլմանական պետությունն է [44] և փորձարկումն արել է 1998-ին [45]։ Տարբեր գնատահականներով, հարավասիական այդ պետությունն ունի շուրջ 130-140 միջուկային մարտագլխիկ։

Տասնամյակներ շարունակ Պակիստանն աջակցում է Թուրքիայի միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը։ Մամուլը գրել է, որ Իսլամաբադի կողմից Անկարային համապատասխան ցենտրիֆուգների տրամադրման մասին [46]։ Այդ գործում զգալի մասնակցություն ունի Պակիստանի միջուկային ծրագրի հիմնադիր ու ղեկավար Աբդուլ Քադիր Խանը [47]։ Ըստ աղբյուրի, Անկարան ՆԱՏՕ շրջանակում Վաշինգտոնի հետ միջուկային զինանոցի պահպանման և տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդում պակիստանյան կողմին։ Թուրքիան աջակցում է Իսլամաբադին միջուկային ծրագրի զարգացման համար անհրաժեշտ էլեկտրոնային տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերման գործում։ Իսլամաբադն իր հերթին Անկարային է փոխանցել Պակիստանի ժամանակակից ցենտրիֆուգների հատակագծերը։ Զգալի է Պակիստանի աջակցությունը նաև գործնական միջուկային հետազոտություններում [48]։

Հակազդեցություն

Հ այկական կողմի հակազդման դիրքորոշումն ընդհանուր առմամբ կարելի է որակել որպես կոշտ ուժի (hard power) դիվանագիտություն, որը հատկապես դրսևորվում է հայ-պակիստանյան անուղղակի կամ միջնորդավորված փոխհարաբերություններում։

Ինչպես գիտենք, նախորդ մի քանի տարիներին Պակիստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ընդգրկվելու համար։ Իսլամաբադի քաղաքական օրակարգում է Պակիստան-ԵԱՏՄ երկխոսության հարցը։ Այդ երկրի ղեկավարությունը քանիցս դիմել է ԵԱՏՄ-ին՝ ազատ առևտրի գոտու (Free Trade Zone/FTZ) համաձայնագիր ստորագրելու առաջարկությամբ [49]։ Ռուսական կողմն, իր հերթին, առաջարկել է ստեղծել, այսպես կոչված, «Եվրասիական գործընկերություն»՝ մի կողմից՝ ԵԱՏՄ-ի, մյուս կողմից՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի միջև [50]։

Այս հարցում Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին աջակցել են ԵԱՏՄ բոլոր անդամ-երկրները, բացի Հայաստանից. [51] կազմակերպության հետ համագործակցելու Իսլամաբադի ջանքերն արգելափակվել են Հայաստանի կողմից [52]։

Հարցը պարզաբանել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն, ըստ որի «Եվրասիական տնտեսական միության և որևէ երկրի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կառույցի բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը [53]: Եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, ապա Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում Պակիստանի դիրքորոշմամբ» [54]։ Ենթադրում ենք, որ հայկական կողմն արգելափակել է ԵԱՏՄ-Պակիստան երկխոսության հնարավորությունը պետության ինքնիշխանության ճանաչման սկզբունքի հիմքով։  

ԵԱՏՄ պայմանագրի «Միության հիմնական սկզբունքները, նպատակները, իրավասությունը և իրավունքը» բաժնի 3-րդ հոդվածում նշված է, որ «Միությունն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետությունների կողմից սույն Պայմանագրին համապատասխան իրեն վերապահվող իրավասության շրջանակներում՝ հետևյալ սկզբունքների հիման վրա`

միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների՝ ներառյալ անդամ պետությունների ինքնիշխան հավասարության և նրանց տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքը,

կողմերի փոխշահավետ համագործակցությունը, իրավահավասարությունն ապահովելը և ազգային շահերը հաշվի առնելը» [55]։  

Նույն հիմքով հայկական կողմն իրավասու է նաև արգելափակել ԵԱՏՄ-ում Իսլամաբադի դիտորդի կարգավիճակ ստանալը։ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ փաստաթղթի 109-րդ հոդվածում նշված է. «Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացող պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնասել Միության և անդամ պետությունների շահերին, սույն Պայմանագրի առարկային և նպատակներին» [56]:

Իսլամաբադը բազմիցս դիմել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերին (ԽՎ) որպես դիտորդ մասնակցելու խնդրանքով, սակայն դիմումը չի բավարարվել՝ կրկին հայկական կողմի անհամաձայնության պատճառով։ Ենթադրում ենք, որ Հայաստանի արգելափակման իրավական հիմքը նույնպես պետության ինքնիշխանության հավասարության սկզբունքն է [57]։

Հ այաստանն ու Պակիստանն անուղղակի շփումներ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում, որի անդամ է Պակիստանը (2017թ. հունիսի 9), իսկ Հայաստանը կազմակերպությունում ունի երկխոսության գծով գործընկերության կարգավիճակ (2016թ. ապրիլի 16)։ Ընդ որում` ՇՀԿ-ն համագործակցային համաձայնագրեր ունի նաև ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ [58]։ Ի դեպ, ՇՀԿ-ին անդամակցում է  նաև Հնդկաստանը (2017թ. հունիսի 9)։ Ինչպես նկատում են տարբեր փորձագետներ, կազմակերպությանը հակամարտող երկրների անդակացությունը խորհրդանշական է այն առումով, որ ՇՀԿ-ն կարող է լինել երկխոսության հարթակ [59]։    

Ավելացնենք, որ վերջին տարիներին ԱՄՆ-Պակիստան լարված հարաբերությունների պատճառով Իսլամաբադն առավել հետևողական քայլեր է ձեռնարկում եվրասիական տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու համար։ Փորձագետների մի մասը Իսլամաբադի և Վաշինգտոնի հարաբերությունների սառեցումը պայմանավորում է Պակիստանի քաղաքականության վրա Չինաստանի ազդեցության ընդլայնմամբ։ ԱՄՆ նախագահ Թրամփը մեղադրել է Իսլամաբադին ահաբեկչությանն աջակցելու համար։ 2018թ. հունվարի սկզբին Պենտագոնը սառեցրեց Պակիստանին հատկացվող ֆինանսական աջակցությունը (Coalition support funds [60])։ Այս ամենի արդյունքում, Պակիստանի հանրությունում բավական ուժեղացել են հակաամերիկյան տրամադրությունները։

Իսլամաբադի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ընդգրկվելու փորձերը կարող են Հայաստանի ձայնը դարձնել որոշիչ, հետևաբար՝ Իսլամաբադում կարող է նվազել Հայաստանի անկախությունը չճանաչելու դիրքորոշումը՝ հօգուտ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում ներկայության ապահովման։


[1] Աշխարհում Պակիստանը չի ճանաչել նաև Իսրայելի անկախությունը։ Ըստ Իսլամաբադի, պատճառը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է։, National Assembly of Pakistan

[2] https://armenianweekly.com

[3]  Ministry of Foreign Affairs, RA

[4]  Ministry of Foreign Affairs, RA

[5] http://vestnikkavkaza.net, https://voskanapat.info

[6] https://www.quora.com 

[7] https://www.quora.com

[8] https://www.trtworld.com

[9] https://www.trtworld.com

[10] https://www.aa.com.tr

[11] https://lenta.ru

[12] http://www.mfa.gov, https://tribune.com

[13] https://www.eduvision.edu

[14] https://www.aa.com

[15] Չին-պակիստանյան տնտեսական միջանցքը հանդիսանում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բացադրիչը, միավորում է ՉԺՀ-ի Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջանը Գվադար նավահանգստի (Բելուջիստանի պակիստանյան նահանգ) հետ։

[16] https://armenianweekly.com

[17] http://www.iimes.ru

[18]  http://www.pakembassyankara.com

[19]  http://www.pakembassyankara.com

[20]  https://www.sde.org

[21]  https://www.oic-oci.org

[22]  https://blognews.am, https://www.oic-oci.org

[23]  https://www.oic-oci.org

[24]  https://www.bbc.com

[25]  http://www.parliament.am

[26]  https://undocs.org

[27] https://undocs.org 

[28] Բանաձևին կողմ քվեարկած երկրների շարքում էին ՉԺՀ-ն, Ֆրանսիան, Պակիստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Վենեսուելան և այլք։

[29] https://www.sde.org

[30] https://www.aa.com, http://www.senate.gov

[31] https://www.oic-oci.org, https://www.oic-oci.org, https://www.oic-oci.org

[32] https://www.oic-oci.org, https://www.oic-oci.org

[33]  https://www.oic-oci.org

[34] http://eco.int/parameter

[35]  http://www.eco.int

[36] http://www.eco.int

[37] http://eco.int//parameters

[38] http://eco.int//parameters, http://eco.int//parameters

[39] http://eco.int//parameters

[40]  https://www.meydan.tv

[41]  http://mfa.gov.az, https://www.aa.com

[42]  https://defence.pk

[43]  https://topwar.ru

[44]  https://www.haaretz.com, https://www.vesty.co.il

[45]  https://fas.org, https://internationalrelations.org

[46] http://24news.com, https://vestikavkaza.ru, թեմայի շուրջ մանրամասն՝ https://kavkazgeoclub.ru

[47] https://svpressa.ru

[48]  https://nationalinterest.org, https://svpressa.ru

[49] https://tribune.com, https://ria.ru

[50] https://eadaily.com

[51] https://tribune.com

[52] https://ru.armeniasputnik.am, https://jamestown.org

[53] http://www.panarmenian.net

[54] http://www.panarmenian.net

[55] https://docs.eaeunion.org

[56] https://docs.eaeunion.org

[57] Положение о статусе наблюдателя при Парламентской Ассамблее Организации Договора о коллективной безопасности, 13.10.2017

[58] http://rus.sectsco.org/cooperation/#4

[59] http://ru.valdaiclub.com

[60]  https://eadaily.com/ru/news, https://topwar.ru, https://www.reuters.com