Իսրայելի չինական վեկտորը

12 ր.   |  2019-09-19

Իսրայելի ու Չինաստանի համագործակցությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներից և գլխավորապես ընթացել ռազմական, մասնավորապես՝ Պեկինին իսրայելական ռազմական տեխնոլոգիաների մատակարարման ուղղությամբ [1]։ Կողմերի միջև առաջին գործարքը, որը տեղի է ունեցել 1979-ին, կապվում է հրեա գործարար Սոուլ Էյզենբերգի (Saul Eisenberg) անվան հետ։ Վերջինս կազմակերպել էր գաղտնի հանդիպում, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Չինաստանին իսրայելական ռազմական տեխնոլոգիաների մատակարարման շուրջ։ 1968-ին Իսրայելի կառավարության հետ համատեղ գործարարը հիմնադրում է Իսրայել կորպորացիան (Israel corporation), որը զգալի դեր ունեցավ նախորդ դարի 60-ականներից Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Հեռավոր Արևելքի տարբեր երկրների հետ Իսրայելի տնտեսական կապերի զարգացման գործում [2],[3],[4]։  

1980-90-ականներին Իսրայելի ու Չինաստանի միջև իրականացվել է ռազմական տեխնոլոգիաների մատակարարման ավելի քան 60 գործարք՝ 1-2 մրդ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով [5]։ Երկկողմ ռազմական համագործակցությունը չէր կարող չմտահոգել Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմավարական դաշնակցին՝ Վաշինգտոնին, որը ձախողեց 1999-ին Իսրայելի կողմից Չինաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի Phalcon տեսակի ռադիոտեղորոշիչ համակարգերի (airborne radar system) մատակարարման գործարքը [6],[7]։ Համակարգերը նախատեսված էին Չինաստանի զինված ուժերի հետախուզական ինթնաթիռների համար։

Չնայած Իսրայելի կառավարության հավաստիացումներին՝ Վաշինգտոնում անհանգստացած էին, որ իսրայելական կողմն այդ գործարքով կարող էր Պեկինին տրամադրել նաև տեխնոլոգիաներ, որոնք ժամանակին ամերիկյան կողմը մատակարարել էր Թել-Ավիվին։ Պենտագոնում հայտնել էին, որ «Իսրայելին ԱՄՆ սպառազինությունների ու ռազմական տեխնոլոգիաների մատակարարումների արդյունքում դժվար է տարբերակել, որն է ամերիկյան, որը՝ իսրայելական։ Ունենալով երկկողմ սերտ հարաբերություններ՝ հավանականություն կա, որ այդ տեխնոլոգիաների մի մասը կարող է Իսրայելից անցնել Չինաստանին» [8]։

Գործարքի առիթով, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեյմս Ռուբինը մանրամասնել էր. «Չկա որևէ պայմանագիր, որն արգելում է Չինաստանին մատակարարել սպառազինություն  (հեղ.՝ Conventional Arms Transfer, CAT), և մեր օրենսդրությունը նույնպես չի արգելում այդ մատակարարումները, եթե դրանք ամերիկյան տեխնոլոգիաներ չեն» [9]։

Վաշինգտոնի ճնշումների հետևանքով Իսրայելը ստիպված էր չեղարկել 2005-ին Պեկինին Harpy տեսակի ԱԹՍ-երի մատակարարման գործարքը [10],[11]։ Որոշ տվյալներով, մինչ 1999-ը Թել-Ավիվը Պեկինին մատակարարել է այդ տեսակի շուրջ 100 միավոր ԱԹՍ-եր՝ 55-70 մլն. ընդհանուր արժեքով [12]։

Ամերիկյան Rand վերլուծական կենտրոնի 2019-ին հրապարակած «The evolving Israel-China relationship» խորագրով զեկույցի գնահատականներով, «Իսրայել-Չինաստան համագործակցությունն ունի մարտահրավերներ. Իսրայելն անվտանգության, տնտեսական համագործակցության և միջազգային հարաբերություններում աջակցության հարցերում մեծապես հիմնվում է Միացյալ Նահանգների վրա, այն դեպքում, երբ լարվածությունն աճում է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում [13]։ Մտահոգություն կա, որ ամերիկյան կամ որևէ այլ երկրի տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ Չինաստանին, ինչը կարող է վերջինիս տալ ռազմական առավելություն։ Իսրայելը երկրի տնտեսական աճի ապահովման հարցում հիմնվում է տեխնոլոգիական առաջընթացի վրա, իսկ Չինաստանը կարող է հեշտությամբ յուրացնել տեխնոլոգիաները՝  չպահպանելով մտավոր սեփականության իրավական նորմերը» [14]։ 

Ի սրայելի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992-ի հունվարին [15],[16]։ 2018-ի վերջին Իսրայելը Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնում է Չինաստանում գործող 4 դիվանագիտական առաքելությունների միջոցով՝ դեսպանությունը Պեկինում, հյուպատոսություններ՝ Շանհայում, Գուանժու (Guangzhou) և Չենգդու (Chengdu) քաղաքներում [17]։ Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Իսրայելը գլխավոր հյուպատոսություն էր բացել Հոնկոնգում [18]։

Երկկողմ հարաբերություններն ակտիվացան հատկապես 2000-ականներից։ Համագործակցությունն ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ՝ առևտուր և ներդրումներ, նորարարություն ու բարձր տեխնոլոգիաներ, մշակույթ ու զբոսաշրջություն: Վերջին տարիներին երկխոսությունը հասավ որակապես նոր՝ անհամեմատ ավելի բարձր մակարդակի։

Թել-Ավիվը Պեկինին հետաքրքրում է նախևառաջ երկու հիմնական ուղղություններով. առաջին՝ կողմերը կարող են զարգացնել համագործակցությունը նորարարությունների, start-up-երի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Իսրայելն արձանագրել է խոշոր առաջընթաց և կարող է Պեկինի հետ կիսվել իր լուրջ փորձով [19]։ Դա վերաբերում է ինչպես անվտանգային, պաշտպանական, այնպես էլ գյուղատնտեսական, առողջապահության, ջրային և այլ ոլորտների տեխնոլոգիական կարողություններին։ Երկրորդ՝ Պեկինը դիտարկում է մերձավորարևելյան այդ երկիրը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնությունում [20]։

Rand-ի զեկույցում մասնավորապես նշվում է, որ «Իսրայելը Չինաստանին հետաքրքրում է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից. Չինաստանն իր մերձավորարևելյան արտաքին քաղաքականությունում Իսրայելը դիտարկում է որպես գործընկեր՝ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների հետ։ Ընդ որում, զեկույցի փորձագիտական գնահատականների համաձայն, «Պեկինը կարող է օգտագործել իսրայելական գործոնը ԱՄՆ համաշխարհային դաշնակցային և գործընկերային ցանցերը կազմալուծելու նպատակով» [21],[22]։

Իսրայելի համար Չինաստանը տնտեսական խոշոր շուկա է, որտեղ լայն հնարավորություններ կան նորարարական ու բարձր տեխնոլոգիական ոլորտ մուտք գործելու համար [23]։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Չինաստանի հետ համագործակցության խորացմամբ Իսրայելը կկարողանա դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, առևտրատնտեսական կապերը՝ նվազեցնելով կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Դա առանձնացվում է նաև Rand-ի գնահատականներում.

«Իսրայելը տնտեսական և դիվանագիտական նկատառումներով՝ աշխատում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական հարաբերությունները ավանդական գործընկերներից՝ Միացյալ Նահանգներից ու Եվրոպայից» [24]։

Այսօր առավել մեծ ուշադրություն է դարձվում երկկողմ համագործակցության հատկապես տնտեսական բաղադրիչին. եթե 1992-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը 50 մլն ԱՄՆ դոլար էր, ապա 2017-ին այդ ցուցանիշը հատեց 13.1 մլրդ ԱՄՆ դոլարը (ավելի քան 260 անգամ) [25]։ 2018-ին Չինաստանը դարձավ Իսրայելի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Միացյալ Նահանգներից հետո (առաջ անցնելով ԵՄ-ից) [26],[27], Ասիայում՝ առաջինը [28]։ 1992-ին Չինաստանն Իսրայել է արտահանել 12.8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալի ապրանքներ, 2016-ին այդ ցուցանիշը հատեց 8 մլրդ ԱՄՆ դոլարը [29]։ 2017-ին Չինաստանն Իսրայելից ներմուծել է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալի ապրանք, արտահանել՝ 8.9 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։

2018-ի առաջին կիսամյակում, Իսրայելից Չինաստան արտահանումը կազմել է 2.8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 73%-ով [30]։

2018-ի տարեվերջի դրությամբ, Իսրայելում Չինաստանի իրականացրած ոչ ֆինանսական ուղիղ ներդրումները կազմել են ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար։ IVC հետազոտական կենտրոնի (IVC research center) [31],[32] տվյալներով, 2013-2017թթ. Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտում չինական ներդրումներն աճել են 2.5 անգամ՝ 2013-ին կազմելով 232 մլն., 2017-ին՝ 596 մլն. ԱՄՆ դոլար [33]։ 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Իսրայելի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունում իրականացված գործարքների 12%-ում մասնակցություն են ունեցել չինացի ներդրողները [34]։ Որոշ փորձագիտական գնահատականներով, այժմ չինական կողմն ուղիղ կառավարում է կամ ազդեցություն ունի Իսրայելի տեխնոլոգիական արդյունաբերության շուրջ 25%-ի նկատմամբ։

Մեծ է չինական ընկերությունների ներգրավվածությունը Իսրայելի շինարարարության ոլորտում։ 2007-2017թթ. Իսրայելում չինական ընկերությունների մասնակցությամբ իրականացվել են ավելի քան 69 ներդրումային ու շինարարական նախագիծ։

2018-ի առաջին կիսամյակում իսրայելական ընկերությունների մասնակցությամբ այդ երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացված ներդրումները կազմել են ընդհանուր ներդրումների 32%-ը, օտարերկրյա ներդրումները՝ 68%-ը։ 2018-ի երրորդ եռամսյակում տեղական ներդրումները նվազել են՝ կազմելով ընդհանուրի 23%-ը, օտարերկրյա ներդրումների ծավալը հաշվվել է 77%։

Վերջին 5 տարիներին Իսրայելում իրականացրած ներդրումների ծավալով առաջատար 5 երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ արձանագրելով ընդհանուր ներդրումների 35% ցուցանիշ (Միացյալ Նահանգներին հաջորդում է տեղական՝ իսրայելական ընկերությունների կողմից իրականացված ներդրումային ցուցանիշը՝ 30%): Այդ ցուցանիշով երկրորդ օտարերկրյա խոշոր ներդրողը Չինաստանն է՝ 4% արդյունքով։  

Վերջին 5 տարում Իսրայելում իրականացրած ներդրումների ծավալով առաջատար 5 երկրները

ԱՄՆ

35%

Տեղական (Իսրայել)

30%

Չինաստան

4%

Գերմանիա

3%

Մեծ Բրիտանիա

3%

Ճապոնիա

2%

Այլ երկրներ

22%

https://www.ivc-online.com

            Վերջին 5 տարում իսրայելական (տեղական)՝ օտարերկրյա ընկերությունների հետ միավորման կամ ձեռքբերման (Mergers and acquisitions-M&A) վիճակագրությամբ առաջատար են ամերիկյան ընկերությունները՝ կազմելով նման գործարքների 53%-ը։ Այդ ցուցանիշով Միացյալ Նահանգներին անմիջապես հաջորդում է Մեծ Բրիտանիան (6%) և Չինաստանը (3%)։

Վերջին 5 տարում իսրայելական և օտարերկրյա ընկերությունների միավորման կամ վերջիններիս կողմից ձեռքբերման վիճակագրություն

ԱՄՆ

53%

Մեծ Բրիտանիա

6%

Չինաստան

3%

Գերմանիա

3%

Կանադա

2%

Այլ երկրներ

33%

https://www.ivc-online.com

2 014-ին չինական պետական Bright Food Group ընկերությունը (state-owned company) 2.5 մլրդ ԱՄՆ դոլարով ձեռք բերեց իսրայելական սննդարդյունաբերական ոլորտի խոշոր ընկերություններից մեկի՝ Tnuva-ի [35] վերահսկիչ փաթեթը [36]։ Փաթեթը 2007-ից ձեռք էր բերել անգլիական Apax Partners ներդրումային ընկերությունը։ Գործարքով չինական կողմը փաստացի ստացավ Tnuva ընկերության բաժնետոսմերի 56%-ը, որն իր հերթին վերահսկում էր Իսրայելի կաթնամթերքի շուկայի ավելի քան 70%-ը [37]։ Նշենք, որ Bright Food Group-ը Չինաստանի սննդի շուկայում երկրորդ խոշոր ընկերությունն է։  

2015-ին չինական Fosun International [38] խոշորագույն ընկերություններից մեկը ձեռք բերեց իսրայելական կոսմետիկ Hahava ընկերությունը՝ 77 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ [39]։  

2010-ին Իսրայելի և Չինաստանի կառավարությունները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (China-Israel Industrial R&D Cooperation Framework), որով նախատեսում էր աջակցել արդյունաբերության ոլորտում գիտահետազոտությունների ու զարգացման համատեղ նախագծերին [40]։

2013-ին կողմերը սկսեցին բանակցել Չինաստանի Չանջոու քաղաքում համատեղ նորարարական պարկի՝ The China-Israel Changzhou Innovation Park Initiative (CIP) ստեղծման շուրջ։ Նախաձեռնության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց 2018-ի վերջին, որով Չինաստանի շուկա մուտք գործելու համար աջակցություն էր ցուցաբերվում իսրայելական նորարարական ընկերություններին [41],[42],[43]։

2 019 մայիսին գործարկվեց Շանհայում (Taopu Smart City) [44] հիմնադրված չին-իսրայելական նորարարության կենտրոնը՝ The China-Israel Innovation Hub։ Նորարարական կենտրոնն աջակցում է համատեղ տեխնոլոգիական, գիտահետազոտական ու զարգացման (R&D) նախագծերին [45],[46]։ Կենտրոնն իր առջև խնդիր է դրել նաև գիտատեխնոլոգիական ու զարգացման նախագծերի մշակման, իրագործման համար ստեղծել գրավիչ պայմաններ՝ ոլորտում ներգրավելու Իսրայելի բուհական, հետազոտական ինստիտուտներին ու ձեռնարկություններին։ Նախնական կապիտալը կազմում է 145 մլն ԱՄՆ դոլար [47]։


China-Israel Innovation Hub in Shanghai

            2017-ի օգոստոսին Պեկինում (Haidian district) ստորագրվեց չին-իսրայելական նորարարական կենտրոն (China-Israel innovation center-CIIC) [48] ստեղծելու համաձայնագիրը [49], որով ձևավորելու է երկխոսության հարթակ, որտեղ կմշակվեն և կիրականացվեն համատեղ նորարակական, տեխնոլոգիական նախագծեր։ Համաձայնագրի ստորագրման արարողությունն իրականացնում էր տեխնոլոգիական ոլորտում առաջատար Compass ventured group  ներդրումային խումբը, որի առաքելություններից է Իսրայելի նորարարական ոլորտը չինական շուկայի հետ փոխկապակցելը [51]։ Համաձայնագրով ներդրումային այս խմբում ընդգրկված իսրայելական նորարարական ընկերությունները հնարավորություն կստանան ներգրավվել չինական շուկայի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խելացի և անվտանգ քաղաք սկզբունքի զարգացումը, գյուղատնտեսությունը, բիոտեխնոլոգիան և այլն։


Չին-իսրայելական նորարարական կենտրոնի հիմնադրման համաձայնագրի ստորագրման արարողությունը

Չին-իսրայելական նորարարական կենտրոնի ծրագրերում ակտիվորեն ներգրավված է Իսրայելի Հերցլիա քաղաքն իր նորարարական, տեխնոլոգիական մեծ պոտենցիալով, որը հայտնի է Իսրայելի սիլիկոնյան հովիտ (Israeli Silicon Valley) անվանումով [52]։ Այդ գործակցությունը խթանելու նպատակով Պեկինի Հաիդիան շրջանի և Հերցլիա քաղաքի միջև 2018-ի նոյեմբերին ստորագրվեց Բարեկամության համաձայնագիր (Friendship City Agreement) [53]։  

Ի սրայելի նորարարությունների գործակալության (Israel innovation authority) 2018-2019թթ. զեկույցում (2018-2019 Innovation report) ասվում է, որ «համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերությունն անցնում է նոր աշխարհակարգի, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև Իսրայելի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա: Տեխնոլոգիական արդյունաբերությունն այսօր համաշխարհային է: 2018-ի համաշխարհային տնտեսությունում արձանագրված դրամատիկ զարգացումները վերափոխում են խաղաթղթերը, այն է՝ գլոբալացման միտումներից Միացյալ Նահանգների նահանջը և զարգացած երկրներում տեխնոլոգիական ընկերությունների գործունեության նկատմամբ սահմանված կանոնակարգերի խստացումները» [54]։

Զեկույցում նաև ասված է, որ 2017-ի դեկտեմբերին Թրամփի ստորագրած «Հարկերի նվազեցման և աշխատատեղերի» մասին օրենքի (US Tax Cuts and Jobs Act of 2017) ընդունմամբ և հարկային բարեփոխումների հետևանքով, ամերիկյան որոշ հիմնադրամներ խնդիրներ են ունեցել ոչ ամերիկյան  (Non-US companies), այդ թվում՝ իսրայելական ընկերություններում ներդրումներ անելիս...» [55]։

Իսրայելական կողմը հնարավորություններ է տեսնում Պեկինի հետ համագործակցելու արհեստական բանականության (artificial intelligence) տեխնոլոգիական արդյունաբերության ասպարեզում, որտեղ Չինաստանը ձգտում է դառնալ առաջատար։ Պեկինն արդեն շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում է արել այդ տեխնոլոգիաների զարգացման և չինական ընկերություններում կիրառման ուղղությամբ [56]։

Չինաստանի 2017-ին ընդունած A Next Generation Artificial Intelligence Development Plan [57],[58] ռազմավարության համաձայն, 2020-ին ոլորտում Չինաստանը կհավասարվի Արևմուտքին, 2025-ին կարձանագրի շեշտակի առաջընթաց, իսկ 2030-ին կդառնա ոլորտի առաջատարը [59]։  

2015թ. չինական  Shanghai International Port Group-ը (SIPG) ընկերությունն Իսրայելի կառավարությունից ձեռք բերեց Հայֆա քաղաքի նավահանգստի 25 տարվա շահագործման իրավունք, որի ընթացքում մինչև 2020-ը կառուցվելու է նոր նավահանգիստ [60]։  


Հայֆա քաղաքի նավահանգիստը

2014-ին չինական մեկ այլ ընկերություն՝ China Harbour Engineering-ը շահեց իսրայելական Աշդոդ քաղաքի նոր նավահանգիստի կառուցման մրցույթը, որը Իսրայելի ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկն է՝ 930 մլն ԱՄՆ դոլար [61]։ Նախատեսվում է նախագիծն ավարտել 2022-ին։  


Աշդոդ քաղաքի նավահանգիստը

Ն շենք նաև իսրայելա-չինական հայտնի Water-city համատեղ նախագծի կարևորությունը, որը հնարավորություն էր տալիս Չինաստանում ներդնել ջրային ռեսուրսների կառավարման, ջրային տեխնոլոգիաների կիրառման իսրայելական փորձը։ Միայն 2012թ. չինական կողմն Իսրայելին հատկացրեց շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար՝ ջրի մաքրման տեխնոլոգիաների ձեռքբերման համար։

Վերջին տարիներին երկու երկրների միջև զարգանում է նաև զբոսաշրջությունը։ Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալներով՝ 2014-ին Չինաստանից Իսրայել է այցելել 32.4 հազ. զբոսաշրջիկ, 2017-ի տարեվերջին՝ 123.9 հազ. [62]։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել 2019թ. ստորագրել համատեղ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիր։


[1] https://www.rand.org/content

[2] https://apnews.com

[3] https://www.rand.org/content

[4] https://www.nytimes.com/1997

[5] https://www.rand.org/content

[6] https://www.nytimes.com

[7] https://www.rand.org/content

[8] https://www.nytimes.com

[9] https://www.nytimes.com

[10] https://www.theguardian.com

[11] https://jamestown.org/program

[12] https://jamestown.org/program

[13] https://www.rand.org/content

[14] https://www.rand.org/content

[15] https://mfa.gov.il/MFA/PressRoom

[16] https://www.jpost.com/Opinion

[17] https://mfa.gov.il/MFA/PressRoom

[18] https://www.tandfonline.com

[19] https://www.tandfonline.com

[20] https://www.rand.org/content

[21] https://www.rand.org/content

[22] https://www.tandfonline.com

[23] https://www.rand.org/content

[24] https://www.rand.org/content

[25] https://www.jpost.com/Special

[26] https://www.jpost.com/Israel-News

[27] https://www.inss.org.il/publication

[28] https://www.jpost.com/Special

[29] https://www.rand.org/content

[30] https://www.inss.org.il/publication

[31] Կենտրոնը մասնագիտացած է Իսրայելի բարձր տեխնոլոգիական ոլորտի տեղեկատվության մշակման ու վերլուծման ոլորտում։

[32] https://www.ivc-online.com

[33] https://www.inss.org.il/publication

[34] https://www.scmp.com/news

[35] http://en.tnuva.co.il/

[36] https://www.timesofisrael.com

[37] https://www.timesofisrael.com

[38] https://www.fosun.com/language

[39] https://jewishbusinessnews.com

[40] https://innovationisrael.org.il

[41] https://mfa.gov.il/MFA/InnovativeIsrael

[42] https://innovationisrael.org.il/en

[43] https://www.trendlines.com/partners

[44] http://www.tpsmartcity.com/tpzcc/en/

[45] http://www.chinadaily.com.cn/a

[46] https://en.businesstimes.cn/articles

[47] http://www.chinadaily.com.cn/a

[48] http://ciicenter.com/

[49] http://ciicenter.com/china-israel

[50] http://compassvgg.com/

[51] http://ciicenter.com/china-israel-innovation

[52] http://ciicenter.com/about/#ciic

[53] http://ciicenter.com/beijings-haidian

[54] https://innovationisrael.org.il/en/

[55] https://innovationisrael.org.il/en

[56] https://innovationisrael.org.il/en

[57] http://www.jaist.ac.jp/~bao/AI/

[58] http://www.gov.cn/zhengce/content

[59] https://innovationisrael.org.il/en

[60] https://www.tandfonline.com/doi

[61] https://www.tandfonline.com/doi

[62] https://www.rand.org/content/dam