Խաղասեղանին է Ադրբեջանի սուբյեկտայնությունը

4 ր.   |  2020-10-14

Թ երևս երկու կարծիք չի կարող լինել այն հարցում, որ 90-ականների արցախյան պատերազմից ի վեր սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Թուրքիայի ուղիղ ներքաշումը աննախադեպ է։ Սա թույլ է տալիս ասել, որ ռազմական գործողությունները թեև սկսել է ադրբեջանական կողմը, սակայն դրանք մշակվել են Անկարայում։ Հետևաբար Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ղեկավարության ագրեսիան հարավկովկասյան ուղղությամբ Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների ընդամենը կարևոր բաղադրիչներից մեկն է, շարժիչ ուժը։

Այս միտքը վերահաստում է նաև այն, որ ձեռնարկելով լայնածավալ ռազմական գործողություններ, մեծ հաշվով Ալիևը խաղասեղանին է դնում իր բոլոր խաղաթղթերը։

Ինչպես հաստատում են միջազգային փորձագիտական գնահատականները, այս ռազմական գործողություններին Անկարայում ու Բաքվում պատրաստվել են երկար ժամանակ։ Սա իր հերթին թույլ է տալիս ասել, որ Հարավային Կովկասի ապակայունացման Թուրքիայի հեռահար սցենարում անձամբ Ալիևը խաղադրույք է կատարել Թուրքիայի զինված ուժերի խորհրդականների աջակցությամբ երկրի զինված ուժերի ողջ զինանոցի գործադրմամբ, ահաբեկչական խմբերի ներքաշմամբ՝ «բլից-կրիգով» լուծել առնվազն Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի հանդիսացող 7 շրջանների տարածքների հարցը․ այլ գնահատականներով, սեղանին դրված է եղել ընդհուպ մինչև Արցախի գրավման սցենարը։

Այս տեսանկյունից, ի սկզբանե կարող ենք հաստատել, որ հաշված օրերի ընթացքում 7 շրջանների կամ Արցախի գրավման Ալիևի ծրագիրը տապալվել է։ Եվ հիմա ստացվում է, որ Ալիևն այլևս չունի նահանջի ճանապարհ․ Բաքվի բռնապետին անհրաժեշտ է հաղթանակի իմիտացիա ստեղծել՝ սեփական ժողովրդի առջև ներկայանալու համար։

Անկարայի այս ծավալի աջակցությունը և ներքաշումը ռազմական գործողություններին թերևս միանշանակ չի ընկալվում Բաքվում․Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ու բարձրաստիճան հրամանատարական կազմի շրջանում մինչև բուն ռազմական գործողությունների մեկնարկը, արդեն կային տարաձայնություններ՝ կապված Թուրքիայի զինված ուժերի ուղիղ ներքաշման հարցերի շուրջ։

Անկարայում ակտիվորեն անցան Ադրբեջանի զինված ուժերում իրենց ոչ լոյալ բարձրաստիճան հրամանատարական կազմի զտումների․ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սադիկովի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, նրան մեղադրեցին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։  

Այդ համատեքստում կարևոր ցուցիչ էր նաև այն, որ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի քաղաքական հայտարարություններին առաջինը սկսեցին արձագանքել ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում, ինչը վկայում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զգալիորեն նվազել է Ադրբեջանի սուբյեկտայնությունը․ ռազմական գործողությունների վարման, զուգահեռաբար ուղղորդվող քաղաքական գործընթացների  գրեթե ամբողջ սպեկտրը կառավարվում ու կոորդինացվում է Անկարայից։

Արդեն պարզ է, որ այս պատերազմով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դուրս է արցախա-ադրբեջանական դիմակայության, հայ-ադրբեջանական դիմակայության տրամաբանությունից։ Կարող ենք վստահաբար ասել, որ այն անգամ չի տեղավորվում ռուս-թուրքական հակամարտության սահմաններում․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող լայնածավալ ռազմական գործողություններում ներգրավված են միջազգային ու տարածաշրջանային առաջատար խաղացողները։

Եվ այս ամենում Թուրքիան ձգտում է շարժվել փորձված սցենարով, ինչ տեղի է ունենում ավելի քան մեկ տասնամյակ Սիրիայում, այժմ էլ՝ Լիբիայում։ Հրահրելով ռազմական գործողություններ և ապակայունացնելով տարածաշրջանը, Անկարան ձգտում է ուժի դիրքերից փոխել այս կամ այն երկրում ու տարածաշրջանում ձևավորված նախկին ուժային հարաբերակցությունը, ստատուս քվոն, թելադրել սեփական օրակարգը։ Փորձ է կատարվում դա տեղայնացնել նաև Հարավային Կովկասում։

Այս առիթով խորհրդանշական էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ուղղված կոչը՝ ռազմական գործողությունների ընթացքն ու հակամարտության կարգավորման հետագա հարցը դարձնել երկկողմ կոնսենսուսի առարկա․ հարցը լուծել, այսպես ասած, ասիական տարբերակով, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայի դեպքում, ինչպես դա տեղի է ունենում Լիբիայում։ Թուրքիայի համար սա, ըստ էության, շահավետ տարբերակ է․ նախ՝ հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է հանում արևմուտքին, քաղաքական ապտակ է հասցնում Վաշինգտոնին, երկրորդ՝ խաղում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների վրա։

Ինչպես հայտնի է, Մոսկվան այս անգամ մերժեց այդ առաջարկը․ Էրդողանը միգուցե այնքան էլ լավ չէր հաշվարկել․ Ռուսաստանի համար մի բան է Մերձավոր Արևելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում Անկարայի հետ գնալ իրավիճակային համաձայնության՝ հակամարտությունների կարգավորման գործընթացը երկկողմանի ձևաչափով տանելու հարցում, լրիվ այլ է, երբ խոսքը վերաբերում է հետխորհրդային տարածքին, առավել ևս՝ Հարավային Կովկասին, որը Ռուսաստանի կենսական շահերի գոտի է։

Հասկանալի է, որ Անկարայի առաջարկը մերժելու առաջին իսկ պահից, Մոսկվան հարկադրված էր առաջ քաշել սեփական քաղաքական օրակարգը։ ՌԴ նախագահ Պուտինին անձնական միջնորդությամբ հետևեց Մոսկվայում Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպումը, որտեղ ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առայսօր միակ գործող ձևաչափի անփոփոխ մնալու փաստը։

Այս փաստաթղթի ուղիղ հասցեատերը Թուրքիան է, որը ռազմական գործողություններով ձգտում է ամեն գնով փոխել բանակցային ձևաչափը։ Ուստի, սպասելի էր, որ եռակողմ հանդիպմանը հումանիտար հրադադարի շուրջ ձեռքբերված համաձայնությունը խախտվելու էր Բաքվի ձեռքով, բայց թերևս՝ Անկարայի թելադրանքով։ Արդյունքում, Մոսկվային հասկանալի դարձավ, որ Ալիևը խաղում է Էրդողանի խաղադաշտում․ Մոսկվային տվյալ պահին այլ բան չէր մնում, քան ակտիվացնել արդեն երկկողմ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական առարկայական խորհրդակցությունները, ինչին հետևեց Լավրով-Մնացականյան հանդիպումը։

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական ջանքերի տապալումից հետո Մոսկվայում ակտիվացավ պաշտպանական գերատեսչության թևը․ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես եկավ հայտարարությամբ․«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը»։ Ռուսաստանի ՊՆ-ն իր մտահոգությունը հայտնեց նաև Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման շուրջ․ այդ մտահոգությունը նախարար Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում ուղիղ տեսքով փոխանցեց Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին։