«Ձեռնարկատիրության գլոբալ մոնիթոր». Հայաստան
11 ր. | 2025-08-06Ձեռնարկատիրությունը կարևոր դերակատարություն ունի ինչպես անհատի զարգացման, այնպես էլ հասարակության և երկրի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: Այն ստեղծում է նոր աշխատատեղեր, նպաստում ազատ շուկայական մրցակցությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Այս համատեքստում կարևոր է ձեռնարկատիրական միջավայրի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև վերջինիս զարգացման համար քայլերի հաջորդականության և քաղաքականության արդյունավետ մշակումն ու իրագործումը:
«Ամերիա» ՓԲԸ-ն և Global Entrepreneurship Monitor (GEM) համաշխարհային կոնսորցիումը հրապարակել են ձեռնարկատիրության երկրորդ համատեղ ուսումնասիրությունը՝ «Գործարարության գլոբալ մոնիթոր Հայաստան 2024/2025թթ.» (GEM) զեկույցը: Այն ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999թ.-ից ամեն տարի հավաքում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
2024թ. զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր՝ նախորդի (2019թ.) 49-ի փոխարեն։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:
ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները.
ցուցանիշներ և գնահատականներ
«Գործարարության գլոբալ մոնիթոր Հայաստան 2024/2025թթ.» զեկույցի համաձայն՝ 2024թ. Հայաստանը շարունակել է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր մակարդակ: Մասնավորապես, «Արևելյան Եվրոպա+» տարածաշրջանում ՀՀ-ն առաջատար է, իսկ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» 51 երկրների ցանկում` 5-րդ երկիրն է, որտեղ ձեռնարկատիրությունը դիտարկում են որպես ցանկալի կարիերա։
Հայաստանի վերաբերյալ զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների[1]: Զեկույցում անդրադարձ է կատարվել ձեռնարկատիրությանն ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ՀՀ-ում ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին:
«Հետազոտությունն ունի ինչպես ակադեմիական, այնպես էլ գործնական մեծ նշանակություն։ Բավական է ասել, որ ըստ Google Scholar-ի տվյալների միայն 2025թ. GEM տվյալների բազաների օգտագործմամբ արդեն 788 անգլալեզու գիտական հրապարակում է իրականացվել»,- նշել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը։
Անդրադարձ կատարելով ՀՀ-ի ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրի գնահատմանը՝ նշենք, որ այն չափվում է Ազգային ձեռնարկատիրական ինդեքսով (NECI), ինչը 2024թ. բարելավել է. 2019թ. 4.63-ից բարձրացել է մինչև 4.85, և Հայաստանի համաշխարհային դիրքը 27-րդից դարձել է 20-րդը: Միաժամանակ, 2024թ. տվյալներով՝ «Արևելյան Եվրոպա+» տարածաշրջանում ՀՀ-ն 4-րդն է: Դիրքի բարելավումն արտացոլում է ինչպես ներքին առաջընթացը, այնպես էլ մի քանի ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրներում գրանցված անկումները:
Քանի որ ձեռնարկատիրական գործունեության իրականացումն ուղղակիորեն առնչվում է տնային տնտեսությունների եկամտի մակարդակի հետ, զեկույցում անդրադարձ է կատարվել նաև վերջինիս գնահատմանը, ըստ որի՝ 2024թ. ՀՀ-ում տնային տնտեսությունների միջին եկամուտն աճել է 2019թ. համեմատ, զուգահեռաբար աճել է նաև եկամուտների բևեռացումը։ ՀՀ-ում տնային տնտեսությունների միջին ամսական եկամուտը կազմել է 270 հազ. դրամ, ինչը 36%-ով աճել է 2019թ. ցուցանիշի համեմատ։
Թեև 2024թ. 2019թ. համեմատ Հայաստանում գրանցվել է տնային տնտեսությունների եկամտի աճ, սակայն հարցվածների սուբյեկտիվ գնահատականը եկամտի փոփոխությունների վերաբերյալ 2024թ. նախորդ տարվա (2023թ.) համեմատ ցույց է տվել միջին մակարդակի ընդհանուր նվազում։ Մասնավորապես, 2024թ. բնակչության 35.8%-ը հայտնել է եկամտի մակարդակի անկման մասին նախորդ տարվա համեմատ, մինչդեռ միայն 16.4%-ը՝ աճի մասին։ 2019-2024թթ. տնային տնտեսությունների եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է եղել 2022-2023թթ. Ռուսաստանից դեպի Հայաստան բնակչության, բիզնեսի և կապիտալի ներհոսքով։ Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն, ՀՀ-ում ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում:
Երկրում ձեռնատիրական միջավայրի ձևավորման և զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև վերջինիս նկատմամբ սոցիալական և մշակութային վերաբերմունքը: Այլ կերպ ասած՝ թե ինչպես են անհատներն ընկալում ձեռնարկատիրական կարիերան և ազդում բիզնեսի ստեղծման հասարակական օրինականության վրա։ Ուստի, յուրաքանչյուր երկրում բիզնես սկսելու դրդապատճառներն արտացոլում են սոցիալ-տնտեսական պայմանների, մշակութային արժեքների և անձնական ձգտումների դինամիկ փոխազդեցությունը։ Որոշ ձեռնարկատերեր առաջնորդվում են ավելի բարձր եկամտի և հարստության ձգտումով, մինչդեռ մյուսները ոգեշնչվում են նորարարություններ մտցնելու, հասարակական մարտահրավերներ լուծելու ցանկությամբ։
Ընդհանուր առմամբ, 2024թ. միտումները ցույց են տալիս, որ ձեռնարկատիրական գործունեությունը շարունակում է զգալի դեր խաղալ ՀՀ-ի տնտեսական համակարգում։ Բացի այդ, 2024թ. ՀՀ բնակչության 74.2%-ը համաձայնել է պնդմանը, որ ձեռնարկատիրությունը հիմնականում ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը։
Ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ իրականացմանն օժանդակում է նաև բնակչության սոցիալական ընկալումը վերջինիս նկատմամբ: Ընդհանուր առմամբ, 2024թ. ՀՀ բնակչության 47%-ը կարծում է, որ «երկրում բիզնես սկսելը հեշտ է»։ Երբ դիտարկում ենք բնակչության գենդերային տարբերությունը, պարզ է դառնում, որ տղամարդիկ շարունակում են երկրում բիզնես սկսելը համարել հեշտ, ընդ որում՝ նրանց մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնացել (52.6%՝ 2019թ. և 53.3%՝ 2024թ.)։ Միևնույն ժամանակ, այս տեսակետը կրող կանանց մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է՝ 46.1%-ից հասնելով 41.1%-ի՝ պայմանավորված 2018թ. ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից հետո ի հայտ եկած լավատեսական սպասումներով, որոնք մինչև 2024թ. «դարձել են ավելի հավասարակշռված»։
Ձեռնարկատիրական գործունեությունը մեծապես որոշվում է նրանով, թե ինչպես են անհատներն ընկալում իրենց սեփական կարողությունները և բիզնես սկսելու ռիսկերը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ինքնաընկալման ցուցանիշների ուսումնասիրությանը, որը ևս ուղղակի ազդեցություն ունի ձեռնարկատիրական գործունեության իրականացման տեսանկյունից: Եթե անգամ արտաքին միջավայրը բարենպաստ է թվում բիզնես սկսելու համար, հիմնական գործոնը մնում է անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետելու ներքին վստահությունը, ինչպես նաև հնարավոր ձախողումները կառավարելու ունակությունը:
2024թ. ՀՀ բնակչության 59.6%-ը հաստատել է, որ ունի բիզնես սկսելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և փորձը: Այս ցուցանիշը 2019թ. համեմատ (70%) նվազել է 10.4 տոկոսային կետով, ինչը հանգեցրել է նրան, որ ՀՀ-ն 2019թ. GEM-ի 50 երկրներից 12-րդ հորիզոնականից դարձել է 24-րդը՝ 51 երկրների շարքում: Մինչդեռ 2019թ. ՀՀ քաղաքացիների վստահությունն իրենց ձեռնարկատիրական հմտությունների նկատմամբ զգալիորեն գերազանցել է GEM-ի միջին ցուցանիշը (70% ընդդեմ 58.3%): 2024թ. իրավիճակը փոխվել է. համաշխարհային միջին ցուցանիշն աճել է մինչև 60%, մինչդեռ ՀՀ ցուցանիշը նվազել է՝ մոտենալով համաշխարհային մակարդակին: Ձեռնարկատիրական հմտությունների նկատմամբ վստահության անկմանը նպաստող հնարավոր գործոններից մեկը, թերևս, բիզնես միջավայրի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունն է: 2019թ. ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից հետո ձեռնարկատիրության նկատմամբ լավատեսության ալիք էր նկատվում, ինչը, հնարավոր է, հանգեցրել է բիզնես կարողությունների գերագնահատման, քանի որ մարդիկ ընկալել են ավելի բաց և մատչելի ձեռնարկատիրական միջավայր: Մինչդեռ 2024թ. այդ ազդեցությունը թուլացել է, և ձեռնարկատիրության մասին ընկալումները դարձել են ավելի իրատեսական, ինչը, հնարավոր է, հանգեցրել է ձեռնարկատիրական կարողությունների ավելի քննադատական ինքնագնահատման։
Հետաքրքիր է, որ չնայած 2024թ. GEM երկրների շրջանում ձախողման վախի միջին մակարդակը վերջին 5 տարիների ընթացքում աճել է՝ 43.6%-ից հասնելով 48.6%-ի, ՀՀ-ում գրանցվել է փոքր-ինչ անկում: 2024թ. ՀՀ բնակչության 47.2%-ը նշել է, որ չի սկսի բիզնես՝ ձախողման վախի պատճառով, ինչը վիճակագրորեն աննշան անկում է գրանցել 2019թ. համեմատ (50.8%): Արդյունքում, 2019թ. ձախողելու վախը գերազանցել է GEM միջին ցուցանիշը (50.8%՝ 43.6%-ի դիմաց), 2024թ. այն արդեն փոքր-ինչ ցածր է եղել համաշխարհային միջինից (47.2%՝ 48.6%-ի դիմաց), և ՀՀ-ն GEM երկրների շարքում 10-րդ հորիզոնականից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական՝ ցույց տալով ավելի մեծ համապատասխանություն համաշխարհային միտումներին: Այնուամենայնիվ, ձախողման վախի նվազումը պարտադիր չէ, որ մատնանշի ձեռնարկատիրության նկատմամբ վստահության աճ, այլ արտացոլում է ռիսկի ընկալման փոփոխությունը:
Ձեռնարկատիրական հաջողությունը կախված է ոչ միայն անհրաժեշտ հմտությունների առկայությունից կամ ձախողվելու վախի ցածր մակարդակից, այլև ձեռնարկատիրական տաղանդից, որը որոշում է բիզնես հնարավորությունները ճանաչելու, դրանց հիման վրա գործելու և օգտագործելու ունակությունը: Վերջինս կարևոր դեր է խաղում ինչպես բիզնես սկսելու որոշման, այնպես էլ երկարաժամկետ հաջողության հասնելու ձգտման ձևավորման գործում:
2024թ. ձեռնարկատիրական տաղանդի հիմնական բնութագրերի ընկալման զգալի փոփոխություններ են գրանցվել: Մինչ 2019թ․ տվյալները ցույց էին տալիս զգալի կապ (0.49) բիզնեսի հնարավորությունները տեսնելու և դրանց նկատմամբ գործողություն ձեռնարկելու միջև, 2024թ. կապը թուլացել է՝ հասնելով 0.26-ի և դարձել վիճակագրորեն աննշան։ Բացի այդ, ռազմավարական տեսլականն այլևս չի աջակցում նախաձեռնողական վարքագծին, ինչպես նախկինում, քանի որ 2019թ. նկատված տեսլականի և նախաձեռնողականության միջև կապը 2024թ. վերացել է։ Այսպիսի փոփոխությունները կարող են վկայել ձեռնարկատերերի շրջանում կարճաժամկետ որոշումների կայացման, այլ ոչ թե երկարաժամկետ ռազմավարական պլանավորման անցման մասին։ Այս միտումը մեծապես կարող է պայմանավորված լինել COVID-19 համավարակի հետևանքներով, տարածաշրջանային հակամարտություններով, համաշխարհային տնտեսական անկայունությամբ, որոնք մեծացրել են անորոշությունը և բարդացրել երկարաժամկետ պլանավորումը՝ զուգորդվելով ռիսկերից խուսափելու միտումներով։
Ընդհանուր առմամբ, ձեռնարկատիրությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսական և սոցիալական դաշտի առանցքային բաղադրիչներից մեկը։ Սակայն դրա հետագա աճը կախված է երկրի ներքին և արտաքին փոփոխություններին արդյունավետ արձագանքելու կարողությունից։ Թեև ձեռնարկատիրության հիմնական արժեքները շարունակում են մնալ ուժեղ, հասարակական ընկալումներում նկատվում է ավելի զգուշավոր մոտեցում՝ պայմանավորված հետպատերազմյան անցումային շրջանի, աշխարհաքաղաքական լարվածության և աճող անորոշությունների համակցմամբ։ Միաժամանակ, տեղի է ունենում հստակ սերնդափոխություն. ավելի մրցունակ և թվային կապ ունեցող միջավայրում ձևավորված երիտասարդներն ավելի ու ավելի են կարևորում անձնական հաջողությունը, նորարարությունը և հարմարվողականությունը՝ եկամտի հավասարության և աշխատանքի կայունության ավանդական պատկերացումների փոխարեն: Այսպիսի զարգացող մտածելակերպն ամրապնդվում է լրատվամիջոցների կողմից ձեռնարկատիրության նկատմամբ ավելի մեծ ուշադրության, բիզնեսների կողմից սոցիալական խնդիրների լուծման ավելի ամուր սպասումների և ձախողման վախի չափավոր նվազման շնորհիվ, հատկապես ավելի կրթված և ֆինանսապես ապահովված խմբերի շրջանում: Այս ի հայտ եկող ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար ՀՀ-ն պետք է ամրապնդի ինստիտուցիոնալ աջակցությունը, ընդլայնի կրթության և ֆինանսավորման հասանելիությունն ու խթանի ներառական պատմություններ, որոնք կցուցադրեն ձեռնարկատիրական հաջողությունը բոլոր շրջաններում և սոցիալական խմբերում:
Ձեռնարկատիրական գործունեության կազմն ըստ տնտեսական ոլորտների յուրաքանչյուր երկրում տարբեր է և կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել նաև երկրի ներսում՝ արտացոլելով տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունները։ Այդ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ ներառյալ ռեսուրսների հասանելիությունը, շուկաների մատչելիությունը, տեխնոլոգիական առաջընթացը, պետական քաղաքականությունը և սպառողների փոփոխական պահանջները։
2024թ․ ՀՀ ձեռնարկատիրական միջավայրը 2019թ․ համեմատ զգալի փոփոխությունների է ենթարկվել։ ՀՀ-ում գյուղատնտեսությունն ու առևտուրը շարունակում են մնալ առաջատար ոլորտներ, սակայն դրանց մասնաբաժինը ձեռնարկատիրական գործունեության ընդհանուր ծավալում նվազել է։ Եթե 2019թ․ գյուղատնտեսական գործունեությունն ապահովել էր ձեռնարկատիրական գործունեության վաղ փուլի ընդհանուր ցուցանիշի (TEA)[2] 29%-ը և հաստատված բիզնեսների սեփականատերերի (EBO)[3] 42%-ը, ապա 2024թ․ այդ մասնաբաժինները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 21% և 40%։ Ավելին, գյուղատնտեսության ոլորտում TEA-ի և EBO-ի միջև եղած տարբերությունը ենթադրում է, որ ձեռնարկատիրական ոլորտում գյուղատնտեսության մասնաբաժնի նվազման միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Այս անկումը կարող է վկայել տնտեսության կառուցվածքային վերափոխումների մասին, որոնք պայմանավորված են գյուղատնտեսության ցածր արտադրողականությամբ, ինչպես նաև համաշխարհային և ռեգիոնալ միտումներով, ինչպիսիք են ուրբանիզացիան, ենթակառուցվածքային դժվարությունները, արդյունաբերականացումը և ծառայությունների ոլորտի դերի աճը։
2024թ․ GEM-ի տվյալներով՝ ՀՀ մեծահասակ բնակչության 17.6%-ը ներգրավված է ձեռնարկատիրական գործունեության վաղ փուլերում (TEA), իսկ 10.8%-ը՝ հաստատված բիզնեսների սեփականատերերի (EBO) կարգավիճակում։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում 18-ից 65 տարեկան բնակչության թիվը մոտ 1.8 մլն է, սա նշանակում է, որ, ըստ զեկույցում կատարված հաշվարկների, 2024թ․ կա ավելի քան 300 հազ. TEA և շուրջ 194 հազ. EBO։
Այսպիսով, ամփոփելով ՀՀ-ում ձեռնարկատիրության գլոբալ մոնիթոր զեկույցի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, միանշանակ, կարող ենք պնդել, որ ՀՀ-ում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակը մնացել է համեմատաբար կայուն, ընդ որում՝ հաստատված բիզնեսների սեփականատերերի (EBO) ակտիվության աճը փոխհատուցել է ձեռնարկատիրական գործունեության վաղ փուլի ընդհանուր ցուցանիշի (TEA) անկումը: 2019թ. ի վեր համաշխարհային տնտեսությունում արձանագրված գլոբալ կառուցվածքային փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունեցել ՀՀ ձեռնարկատիրական միջավայրի վրա: Մասնավորապես, ներկայում տնային տնտեսսությունները խուսափում են երկարաժամկետ ռազմավարական պլանավորում իրականացնել՝ առաջնորդվելով կարճաժամկետ որոշումների կայացմամբ։
Զեկույցի շրջանակում վերլուծելով Հայաստանի բնակչության տարբեր խմբերում բիզնես սկսելու դրդապատճառները, ակնհայտ է դաձել, որ «աշխատատեղերի սակավության պատճառով ապրուստ վաստակելն» ամենատարածված շարժիչ գործոնն է բոլոր խմբերի շրջանում։ Այն ավելի մեծ մասնաբաժին ունի Երևանից դուրս գտնվող տարածքներում, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում աշխատանքային ավելի շատ հնարավորություններով՝ ի տարբերություն մարզերի։ Այսպիսով, ՀՀ-ում աշխատատեղերի սակավությունը ձեռներեցության հիմնական շարժիչ ուժն է, քանի որ բոլոր դեպքերում «կենսաապահովումը» հանդիսանում է գերիշխող դրդապատճառ բիզնես սկսելու համար: Միաժամանակ, պարզ է դարձել նաև, որ սկսնակ բիզնեսների մեծ մասը (44%) և գործող բիզնեսների մեծամասնությունը (53%) Հայաստանում աշխատատեղեր չեն ապահովում, կամ այլ կերպ ասած՝ «մեկ մարդուց բաղկացած բիզնեսներ» են, սակայն 2019թ. համեմատ այդ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 21 և 22 տոկոսային կետերով: Այսպես, ընդհանուր բնակչության միայն 9.9%-ն է բիզնես սկսում աշխատատեղերի ստեղծման նպատակով, ինչը, բնականաբար, խնդրահարույց փաստ է այնպիսի երկրի համար, ինչպիսին է ՀՀ-ն, որտեղ արտագնա աշխատանքը լայնորեն տարածված երևույթ է։ Աշխատատեղերի թվի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր TEA ստեղծում է 4 աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր EBO՝ 3.9 աշխատատեղ:
Մյուս կողմից, ՀՀ-ում միկրոբիզնեսի բարձր մասնաբաժինն ունի իր դրական և բացասական կողմերը։ Փոքր բիզնեսները ստեղծում են մրցակցային միջավայր՝ հավասարակշռելով ապրանքների և ծառայությունների գները երկրում։ Ավելի քիչ աշխատակիցներ ունեցող ձեռնարկություններն ավելի ճկուն են և կարող են արագ հարմարվել շուկայի փոփոխություններին և սպառողների կարիքներին։ Այդ տեսակի բիզնեսները նպաստում են զբաղվածությանը, հատկապես գյուղական և ոչ քաղաքային բնակավայրերում։ Մյուս կողմից, միկրոբիզնեսի գերիշխանությունը կարող է խոչընդոտել ուժեղ, արտահանման վրա կենտրոնացած արդյունաբերությունների զարգացմանը։ Դրանք ունեն ավելի քիչ արտադրողականություն՝ առաջադեմ տեխնոլոգիաների և հետազոտությունների ու զարգացման հասանելիության բացակայության պատճառով։ Այս համատեքստում ՀՀ-ում առանձնանում է ՏՏ ոլորտը, որն, իր արագացված աճով, ցույց է տալիս տեխնոլոգիական ներուժի կարևորությունը։ Այնուամենայնիվ, ձեռներեցների կողմից արհեստական բանականության օգտագործումը դեռևս ընկալվում է ավելի ցածր՝ համեմատած աշխարհի և տարածաշրջանի հետ:
Այս ամենին զուգահեռ, ներկայում Հայաստանը դանդաղ, սակայն կայուն քայլերով զարգացնում է ձեռնարկատիրության էկոհամակարգը՝ հնարավորություն տալով ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ձեռնարկատերերին իրենց գաղափարները կյանքի կոչել: Չնայած առկա են մի շարք մարտահրավերներ՝ տնտեսական անորոշություն, շուկայի փոքր չափեր, ֆինանսական որոշ սահմանափակումներ, սակայն զուգահեռաբար ստեղծվում են աջակցող ծրագրեր, բարեփոխվում է իրավական դաշտը, զարգանում է ձեռնարկատիրական մշակույթը: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ձեռնարկատիրության նկատմամբ հետաքրքրության աճ, նորարարական մտածողության խթանում, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածություն բիզնես ոլորտում:
Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանում ձեռնարկատիրությունն ունի զգալի ներուժ՝ դառնալու տնտեսական կայունության և զարգացման հենասյուն: Պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել ձեռնարկատիրության այնպիսի միջավայր, որն էականորեն կբարձրացնի երկրի մրցունակությունը, հետևաբար նաև հասարակության բարեկեցությունը:
[1] ՀՀ-ում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ չափահաս (18-64 տարեկան) 2 հազ. բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետներիի հետ:
[2] Ձեռնարկատիրական գործունեության վաղ փուլի ընդհանուր ցուցանիշ (TEA) – Մեծահասակ բնակչության այն մասնաբաժինը, որն ակտիվորեն ներգրավված է նոր բիզնես սկսելու (սկսնակ ձեռներեցներ) կամ նոր բիզնես վարելու (նորաստեղծ բիզնեսի սեփականատեր-կառավարիչներ) գործընթացում:
[3] Հաստատված բիզնեսի սեփականատերեր (EBO) – Մեծահասակ բնակչության այն մասնաբաժինը, որն ունի և ղեկավարում է կայուն/հաստատված բիզնես: