«Օրբելի» կենտրոնը զարգացնում է համագործակցությունը Հնդկաստանի գործընկեր կազմակերպությունների հետ
3 ր. | 2026-02-16Փետրվարի 12-13-ին ՀԿՏԿ տնօրենի խորհրդական Էլյա Հարությունյանը և «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը երկօրյա այցով եղել են Հնդկաստանում՝ քաղ․ Նյու Դելիում։ Նրանք հանդիպումներ և քննարկումներ են ունեցել հնդկական ուղեղային կենտրոններում, գիտահետազոտական ինստիտուտներում։
Փետրվարի 12-ին «Վիվեկանանդա» հիմնադրամում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել հիմնադրամի նախագահ Արվինդ Գուպտայի, Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների ու ներքին անվտանգության ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռ. Կ. Սոհնիի և այլ գիտաշխատողների հետ։


Համապարփակ քննարկում է ծավալվել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների օրակարգի շուրջ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի շուրջ տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, կարգավորման գործընթացները, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա ենթաճյուղերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել «Օրբելի» կենտրոնի և «Վիվեկանանդա» հիմնադրամի միջև համագործակցությունը, այդ նպատակով դիտարկվել է փոխայցերի, քննարկումների ու համատեղ ուսումնասիրությունների անցկացման հնարավորությունը։


Փետրվարի 13-ին ՀԿՏԿ պատվիրակությունն այցելել է «ՆաթՍտրատ» ուղեղային կենտրոն։ Հանդիպել է կենտրոնի նախագահ Պանկաջ Սարանի, խորհրդական Շանթանու Մուխարջիի և մյուս գիտաշխատողների ու վելուծաբանների հետ։
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները, Հրվ․ Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է երկու կենտրոնների միջև համագործակցության հաստատումն ու զարգացումը՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների։


«Մանոհար Փարիքար» պաշտպանական ուսումնասիրությունների և վերլուծությունների ինստիտուտ այցի շրջանակում գիտաշխատողներ Սմրութի Պաթթանաիկի և Ռաջորշի Ռոյի հետ քննարկման ժամանակ կարևորվել են երկու կենտրոնների միջև արդեն իսկ առկա կապերը և իրականացված նախաձեռնությունները, քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները։ Ընգրկուն քննարկում է ծավալվել Հայաստանի և Հնդկաստանի շուրջ տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Նյու Դելի այցի շրջանակում հայկական պատվիրակությունը ճանաչողական հանդիպում է ունեցել նաև «Չինթան» վերլուծական կենտրոնի նախագահ Շիշիր Փրիյադարշիի հետ։ Երկուստեք ներկայացվել են կենտրոնների աշխատանքների հիմնական ուղղությունները, ձեռք է բերվել համագործակցության հնարավորություններ դիտարկելու պայմանավորվածություն։
