Ամփոփվեց «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» կլոր-սեղան քննարկումը
4 ր. | 2026-04-28Կայացավ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի, Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը համախմբել էր պետական, փորձագիտական և միջազգային շրջանակների ներկայացուցիչների՝ քննարկելու տարածաշրջանային կապակցվածության, տնտեսական զարգացման և Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների առանցքային հարցերը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Օրբելի վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ընդգծելով տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի և մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման համատեքստում։

Առաջին պանելային քննարկումը նվիրված էր միջազգային տրանսպորտային նախագծերին Հայաստանի ներգրավվածության քաղաքականությանը՝ որպես տնտեսական կայունության և ռազմավարական առաջնահերթության հիմք։ Բանախոսները անդրադարձան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ռազմավարական նշանակությանը, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապակցվածության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև էներգետիկ բաղադրիչին և ներառական տնտեսական աճի հնարավորություններին։

Քննարկման շրջանակում տեղի ունեցավ նաև Օրբելի վերլուծական կենտրոնի և Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, ինչը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

Երկրորդ պանելային քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում տրանսպորտային համակարգի զարգացման խնդիրներն ու հեռանկարները։ Մասնակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության դինամիկան, տրանսպորտային համակարգի ներկա վիճակը բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ կապակցվածության համատեքստում։

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած երրորդ պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացմանը՝ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Բանախոսները ներկայացրին գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում, ինչպես նաև բեռնափոխադրումների հոսքերի դինամիկան և այլընտրանքային կապուղիների զարգացման հեռանկարները։
