Նոյեմբերի 9-ի հայտարարությունը

4 ր.   |  2020-11-13

Պաշտոնական Մոսկվայի արձագանքները 

2 020թ. նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ստորագրեցին համատեղ հայատարարություն, որի 1-ին կետով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվում էին։ Նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի տեղակայում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խաղաղապահների գործունեության ժամկետը հինգ տարի է՝ հերթական հնգամյա ժամանակահատվածների համար ինքնաբերական երակարացմամբ, եթե կողմերից մեկը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չի հայտարարում տվյալ դրույթի կիրառման դադարեցման մտադրության մասին։ 8-րդ կետը նախատեսում է գերիների, և այլ պահվող անձանց և զոհվածների աճյունների փոխանակում։

1-ին և 3-րդ կետերով նախատեսված վերոհիշյալ դրույթներն կյանքի կոչվեցին հայտարարության հրապարակումից անմիջապես հետո։

Մյուս դրույթների գործնականում կյանքի կոչումը, առավել ևս՝ այդքան կարճ ժամկետներում, որոշակիորեն խնդրահարույց է՝ պայմանավորված բազմաթիվ առարկայական հարցերով։

Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ նոյեմբերի 10-ին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլ. Պուտինը՝ այն գնահատելով հետևյալ կերպ. «Ելնում ենք նրանից, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ արդարացի հենքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի երկարաժամկետ և լիաչափ կարգավորման համար»։

Նոյեմբերի 10-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի միջև։ Համաձայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրել է թուրք գործընկերոջը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների էության մասին։ Հատուկ նշվել է կրակի լիակատար դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերման կարևորությունը, որը թույլ է տվել կանգնեցնել արյունահեղությունը։ Կողմերը պայմանավորվել են նաև հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման համատեքստում հետագա սերտ փոխգործակցության մասին։

Համաձայն Կրեմլի հաղորդագրության՝ Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար։

ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժ.-Ի. Լե Դրիանի նոյեմբերի 11-ի հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Ս. Լավրովն իր Ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է սույն թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի մասին։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք ընկած են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների հիմքում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախյան խնդրի շուրջ ռուս-թուրքական հեռակա բանավեճը համալրվեց ևս մեկ՝ խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության խնդրով։ Թեև հայտարարության մեջ ոչինչ չկա այդ մասին, սակայն թուրքական կողմը պնդում էր, որ իրենք մասնակցելու են խաղաղապահ գործողություններին։ Ինչպես ՌԴ ԱԳ նախարարությունը, այնպես էլ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը հերքել են այդ պնդումները։

Խոսքն իրականում եռակողմ հայտարարության 5-րդ կետի մասին է, որտեղ նշվում է, որ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն։ Վերջինս, սակայն, գտնվելու է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հուշագիր է ստորագրվել նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև։

Հուշագիրը, որով սահմանվում են համատեղ դիտարկման կենտրոնի խնդիրներն ու սկզբունքները, ստորագրվել է տեսակապով տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Կենտրոնը պետք է իրականացնի հակամարտող երկրների կողմից հրադադարի դրության պահպանման և պայմանավորվածությունները խախտելու վերաբերյալ տեղեկատվության հավաքման ու ստուգման գործառույթներ[1]։

Նոյեմբերի 12-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը նշել է. «Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի Հանրապետության որևէ խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի։ Այդ մասին հստակ նշվել է առաջնորդների հայտարարության մեջ»։ Լավրովը նաև հավելել է, որ «թուրքական դիտորդների տեղաշարժի սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համար։ Դա Ադրբեջանի այն տարածքն է, որը մոտ չէ Ղարաբաղին և հավելյալ կհամաձայնեցվի»։

Ըստ Լավրովի՝ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը շարունակվելու է Արցախյան հակամարտության կարգավորման գործում։

Ինչ վերաբերում է հրադադարի վերահսկողության կենտրոնի աշխատանքներին, ապա ՌԴ ԱԳ նախարարի հավաստմամբ. «Կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով, օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, այդ թվում անօդաչուներ և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հողում, առաջին հերթին շփման գծում, և որոշել՝ կողմերից որն է հետևում և որը կարող է խախտել կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանները»:

Պաշտոնական Մոսկվայի արձագանքները ամփոփ կերպով կարելի է ներկայացնել հետևյալ դրույթների տեսքով.

  • Ստորագրված եռակողմ հայտարարությունը ոչ թե հակամարտության վերջնական լուծում է, այլ իրավիճակի լիցքաթափում (դեէսկալացիա),
  • Հակամարտության վերջնական լուծումը թողնվում է առաջիկային,
  • Դրանում շարունակում է անփոխարինելի մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը,
  • Արցախում խաղաղապահ առաքելությունն իրականացնում են և իրականացնելու են բացառապես ռուսական ուժերը. թուրքական ուժերի մուտքն Արցախ բացառված է։

[1] Ռուսաստան ու Թուրքիա յուշագիր ստորագրեցին, Նոր Մարմարա, 12.11.2020։