Զարգացումներ Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ

5 ր.   |  2021-02-15

Թ եհրանում ուշադիր հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրարշավին՝ հույսով, որ Սպիտակ Տունը կունենա նոր առաջնորդ, որը Իրանի միջուկային հիմնահարցի և առհասարակ Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում կորդեգրի առավել կառուցողական ու փոխզիջումային դիրքորոշում, ինչը դժվար էր ասել նախագահ Թրամփի կառավարման ժամանակաշրջանի մասին։ 2021-ի փետրվարի սկզբին նորընտիր նախագահ Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի վերադարձել 2015-ի ստորագրված հայտնի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին․ սա հիմք էր տալիս որոշ մասնագետների հաստատել, որ Բայդենը միգուցե շարունակելու է Իրանի ուղղությամբ նախկին նախագահ Թրամփի վարած կոշտ քաղաքականությունը:

CBS News-ին տրված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահը մասնավորապես նշեց, որ Վաշինգտոնը ընդառաջ կգնա իրանական կողմին՝ միջուկային ծրագրի հարցում վերջինիս բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու նպատակով, սակայն միայն այն բանից հետո, երբ Իրանի կառավարությունը կհամաձայնի զարգացնել իր միջուկային ծրագիրը համաձայնագրով նախատեսված կանոնակարգով՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Հիշեցնենք, որ դեռևս նախագահական քարոզարշավի ընթացքում Բայդենը հայտարարել էր, որ հույս ունի վերադառնալ Իրանի միջուկային գործարքին և Թեհրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, որը գնալով ավելի հաճախ է խախտում ուրանի հարստացման և պաշարների սահմանները:

Սակայն, ինչպես նկատում են փորձագետները, պաշտոնը ստանձնելուց ի վեր նրա վարչակազմը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել: Ելնելով այդ հոռետեսական սցենարից՝ նշվում է, որ ամերիկյան կողմի բանագնացները չեն համագործակցի իրանցի գործընկերների հետ, քանի դեռ Թեհրանը չի վերադառնում համաձայնագրով ձեռքբերված նախկին պարտավորություններին: Այլ փորձագիտական գնահատականով, սակայն, Բայդենի վարչակազմի այս դիրքորոշումը միգուցե կարող է պայմանավորված լինել վերջինիս նկատմամբ Իսրայելի կառավարության, ինչպես նաև ԱՄՆ հրեական լոբբինգի կողմից որոշակի ճնշումների ուժեղացմամբ, ինչը նկատելի է դարձել ԱՄՆ նախագահական ընտրարշավի ընթացքում և հատկապես հետընտրական փուլում։ Մյուս կողմից, սակայն, թերևս տրամաբանական ու օրինաչափ պետք է համարել, որ նախագահ Բայդենը գալով իշխանության, կփորձի նորովի վերադիրքավորվել Իրանի հետ բանակցություններում՝ նշաձողը բարձրացնելով և փորձելով ստանալ առավելագույնը։ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն, Reuters լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում նշել է, որ «ԱՄՆ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը հետ գա համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին»[1]:

Պ աշտոնական Թեհրանը նույնպես բավական անզիջող դիրքորոշում է որդեգրել Սպիտակ Տան նորանշանակ ղեկավարի ու նրա վարչակազմի հետ բանակցություններում։ Վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին Բայդենի պաշտոնը ստանձնելուց ի վեր ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր առաջին մեկնաբանություններում հայտարարեց․ «եթե նրանք ցանկանում են, որ Իրանը վերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին, ԱՄՆ-ն պետք է ամբողջությամբ վերացնի սահմանված պատժամիջոցները: Եվ ոչ միայն բանավոր, այլև թղթի վրա: Նրանք գործնականում պետք է չեղարկեն պատժամիջոցները, և մենք դա կհաստատենք»:

Ըստ Խամենեիի, Միացյալ Նահանգները նախևառաջ պետք է վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, որից հետո Թեհրանը կփորձի ընդառաջ գնալ և վերսկսել կառուցողական բանակցությունները։ Նրա խոսքով, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, որոնք ԱՄՆ-ի հետ միասին ստորագրեցին միջուկային գործարքը, նույնպես այլևս իրավունք չունեն պայմաններ դնելու։ Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հոգևոր առաջնորդը հայտարարեց․ «գործարքից հետո նրանք ժամանակավորապես վերացրեցին պատժամիջոցների մի մասը, բայց հետո նորից շրջվեցին և նույնիսկ ավելացրին պատժամիջոցները»[2]:

2021-ի փերտվարի սկզբին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հանդես եկավ առաջարկությամբ, որ Եվրամիությունը կարող է համակարգել այսպես կոչվող «համաժամանակյա» վերադարձը գործարքին: Ավելին, վերջերս ՄԱԿ-ի ատոմային գործակալության կողմից ներկայացված գաղտնի զեկույցի համաձայն, Իրանը սկսել է արտադրել այնպիսի նյութեր, որոնք արգելվել են 2015-ի միջուկային համաձայնագրով։ Այդ հանգամանքը մեծացրել է մտահոգությունը նաև եվրոպական ճակատում: Պաշտոնական Բրյուսելը կոչ է արել Թեհրանին դադարեցնել համաձայնագրի խախտմանն ուղղված գործողությունները և Վաշինգտոնի հետ համատեղ վերադառնալ բանակցություններին։

ԵՄ-ն շարունակում է կարևոր միջնորդական առաքելությամբ հանդես գալ Վաշինգտոն-Թեհրան սառը հարաբերութուններում՝ փորձելով ելք գտնել միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Իհարկե, դժվար չէ նկատել, որ ԵՄ-ի գործադրած ջանքերը թեև խիստ կերպով անհրաժեշտ են կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, երբ դիմակայող կողմերից ոչ մեկը չի պատրաստվում առաջին քայլը կատարել, այդուհանդերձ, դրանք այնքան էլ բավարար չեն բանակցությունները վերսկելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։

Ս պիտակ Տան նորանշանակ առաջնորդի ու նրա վարչակազմի հետ ակտիվացրել է իր քաղաքական, դիվանագիտական աշխատանքները, այդ թվում՝ Թել Ավիվը, որը կարևորություն է տալիս Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականությանն ու Իրանի շուրջ նրա հնարավոր դիրքորոշմանը։ 2021-ի փետրվարի սկզբին վարչապետ Նեթանյահուն հանդես եկավ հայտարարությամբ․ «Այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բայդենը դեռ չի զանգահարել վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չի վկայում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների թուլացման կամ առավել ևս՝ վատթարացման մասին։ Ես խոսեցի նախագահ Բայդենի հետ նրա հաղթանակից անմիջապես հետո: Բայդենը զանգահարում է առաջնորդներին՝ ըստ կանոնակարգի, պարզապես հերթը դեռ չի հասել Մերձավոր Արևելքին։ Մեր դաշինքն, անկասկած, ամուր է: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի շուրջ համաձայն ենք, բայց դաշինքն ամուր է, և այդպիսին է նաև գրեթե 40 տարվա մեր բարեկամությունը»:[3]

Փորձագետների մասը, հիմնվելով այդ հայտարարության տողատակերի վրա, նախնական ենթադրություններ է կատարում, որ միգուցե Բայդենի և Նեթանյահուի միջև հարաբերությունները, այդ թվում և անձնական, բավական հեռու են Իսրայելի գործող վարչապետի՝ նախկին նախագահ Թրամփի հետ ունեցած հարաբերություններից։ Հիշեցնենք, որ նախագահ Բայդենը հունվարի 20-ին իր երդմնակալությունից ի վեր խոսել է աշխարհի ութ երկրների ղեկավարների հետ, որոնցից ոչ մեկը Մերձավոր Արևելքում չէ:

Փետրվարի առաջին հատվածում Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ Պետքարտուղարության հետ բանակցություններում իր հերթին անդրադարձավ Իրանի միջուկային ծրագրին ու դրա շուրջ ընթացիկ զարգացումներին․ «Քննարկվել են նաև համատեղ ջանքերը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել և խաթարելու տարածաշրջանային կայունությունը»[4]։ Փորձագետները նկատում են, որ Իրանի հետ Սպիտակ Տան առաջիկա բանակցությունները, դրանց հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են Բայդենի վարչակազմի ձևավորման գործընթացից ու կադրային քաղաքականությունից։

Ասել է թե, նախագահի նորանշանակ վարչակազմում մերձավորարևելյան քաղաքականության ուղղությամբ հնարավոր թեկնածուները կլինեն պահպանողական թե լիբերալ ճամբարներից։ Առանցքային հիմնահարցերից մեկն էլ վերաբերում է Իրանի ուղղությամբ Միացյալ Նահանգների բանագնացի առաջադրած հնարավոր թեկնածությանը, որից թերևս կարող է զգալի չափով կախված լինել Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու արդյունավետությունը։ Այս հարցում նույնպես փորձագիտական կանխատեսումները խիստ հակասական են։


[1] https://www.aljazeera.com/news/2021/2/7/us

[2] https://www.aljazeera.com/news/2021/2/7/irans

[3] https://www.jpost.com/israel-news/netanyahu

[4] https://www.jpost.com/israel-news/netanyahu