Վաշինգտոնյան եռակողմ բանակցությունները
6 ր. | 2025-08-09Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլի մասին լրատվամիջոցները սկսեցին գրել հուլիսի կեսերին։ Թեև երկու երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն համաձայնեցված են, սակայն գործընթացը կարծես թե, հանգրվանին չէր հասնում։
Անցած ամիս հայ-ադրբեջանական բանակցություններին մի քանի անգամ անդրադարձավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը հավանաբար հաջող ավարտ կունենա։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հարկ է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունների մասին պաշտոնական տեղեկությունները շատ սուղ էին։ Մինչ քաղաքական վերլուծաբանները տարբեր տեսակետներ էին հայտնում, կողմերը ձեռնպահ էին մնում պաշտոնական մեկնաբանություններից։
Օգոստոսի սկզբին Kyiv Post-ի Վաշինգտոնում գործող ազգությամբ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլին տեղեկություն տարածեց, թե ուրբաթ օրը՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ուկրաինական կայքը նաև նշել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստվում են հայտարարել խաղաղություն հաստատելու իրենց մտադրության մասին։
Մեկ օր անց պաշտոնապես հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, սակայն գլխավոր հարցը՝ թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Վաշինգտոնում, դեռևս անհայտ էր։
Օգոստոսի 6-ին և 7-ին լրատվամիջոցներում հայտնվեցին Վաշինգտոնյան բանակցությունների մանրամասների վերաբերյալ առաջին տեղեկությունները, որոնք թեև ոչ պաշտոնական էին, սակայն մասնագետների կարծիքով բավականին մոտ էին իրական բովանդակությանը։ Օգոստոսի 7-ին Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդեց, որ ուրբաթ օրը ստեորագրվելիք փաստաթղթով Հայաստանը «Միացյալ Նահանգներին երկարաժամկետ հիմունքներով շնորհելու է հատուկ զարգացման իրավունքներ այն տարանցիկ միջանցքի համար, որը կկրի «Դոնալդ Թրամփի Միջազգային Խաղաղության և Բարգավաճման Ճանապարհ» անունը՝ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity)»։
Ուշագրավ էր նաև այն հավելումը, որ ճանապարհը գործելու է «Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալությամբ կհանձնի ենթակառուցվածքների և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին։ «Առևտրային միջոցներով այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա թշնամական գործողությունները»,- ըստ Ռոյթերսի՝ ասել էր պաշտոնյաներից մեկը։
Հրապարակային դաշտում առկա տեղեկությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, արտատարածքային «միջանցքի» հարցը ստորագրվող համաձայնագրով դուրս է գալիս օրակարգից։ Հայաստանն իր իրավազորության շրջանակներում բացում է հաղորդակցության ուղիները։ Հայաստանն ու Ադրբեջանը օգտվում են ապաշրջափակված ուղիներից՝ պահպանելով նախկինում քննարկված և ներկայացված հիմնական՝ ինքնիշխանության, փոխադարձության, իրավազորության սկզբունքները։
Հարկ է նաև նշել, որ նման բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը լիովին համընկնում է երկու տարի առաջ Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Հայաստանը երկաթուղային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային հաղորդակցություն է ստանում Իրանի, Ռուսաստանի Դաշնության և հարևան մյուս պետությունների հետ։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները, ինչպես երկրի մյուս բոլոր շրջաններում, գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավական կարգավորումների շրջանակներում։
Ամերիկյան միջնորդությամբ պայմանագրի ստորագրումը ընդհանուր առմամբ ունի դրական տրամադրվածություն։ Այս իմաստով պատահական չէր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 8-ին արած գրառումը, որտեղ նշված է. «Ես անհամբեր սպասում եմ Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին հյուրընկալելուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները միասին հետապնդելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով՝ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ճիշտ բան անելու համար։ Պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար»։
Թրամփի եւ Փաշինյանի հանդիպումը
Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ գրառումներ արեցին սպասվող հանդիպման և համաձայնագրերի մասին։ Նրանք բոլորը նշում էին, որ հաղորդակցության ուղիները բացվելու են և բոլոր նախագծերն իրականացվելու են Հայաստանի իրավազորության ներքո։ Այս նույն միտքը հաստատել էր նաև Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելնին. «Սա թույլ կտա երկու երկրների միջև հաստատել անխոչընդոտ հաղորդակցություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Սպիտակ տունը հաստատել է, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության շրջանակներում։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվում են մի շարք փոխըմբռնման հուշագրեր։ Փաստաթղթերից մեկով ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները ներդրումներ է անելու այս ոլորտում, նպաստելու է Հայաստանի սահմանապահ և մաքսային կարողությունների զարգացմանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հուշագրից բխող 3 փաստաթուղթ. «Առաջինը և առանցքայինը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ ԱՄՆ-ն ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ըստ էության, փաստաթղթով նախագիծն ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։ Երկրորդը վերաբերում է էներգետիկային. ԱՄՆ-ն աջակցելու է ՀՀ-ին էներգետիկ անվտանգության ոլորտում, մասնավորապես, առանձնացվում է քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացումը։ Դա նշանակում է, որ հետագայում ԱՄՆ-ն ատոմակայանի կառուցման հարցում զգալի աջակցություն է ցույց տալու։ Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը»։
Եռակողմ հռչակագիրը

Օգոստոսի 8-ին երկկողմ հանդիպումներից ու համաձայնագրերի ստորագրությունից հետո տեղի է ունենում եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվում է համատեղ հռչակագիրը։ Հայաստանի վարչապետի ձևակերպմամբ՝ պատմական համարվող այս փաստաթղթում ամրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները դիմում են ԵԱՀԿ-ին՝ «ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և կից կառուցակարգերը լուծարելու» խնդրանքով։ Հռչակագրի մյուս դրույթները ամբողջությամբ համապատասխանում էին նախապես տարածված տեղեկություններին։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածում է հայտարարություն, համաձայն որի կողմերը նախաստորագրել են ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Նախաստորագրման պաշտոնական արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տալիս հայ լրագրողներին։ Նա նշում է, որ համաձայն Հռչակագրի՝ բացվող ներպետական և միջազգային հաղորդակցության ուղիներից Հայաստանն ու Ադրբեջանն օգտվելու են փոխադարձաբար։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները իրավունք են ունենալու անխոչընդոտ երթևեկել Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները նույն կերպ գնալու են Նախիջևան։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» ծրագիր է, ապա այն բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է նախագիծը և հետաքրքրված է ներդրումներ անելու հարցում։
Ձեռք բերված պայմանավորվածությունները ձեռնտու են նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագծով Իրանը երկաթուղային կապի հնարավորություն է ձեռք բերում Պարսից ծոցից մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանը հաղորդակցության ուղիներ է ստանում դեպի Իրան։ «Թրամփի ուղի» նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այստեղ առանցքային նշանակություն ունեն պոտենցիալ խողովակաշարերը՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, որոնք անցնելու են Հայաստանով։
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը տարածաշրջանի և Հայաստանի զարգացման մեծ հեռանկարներ են խոստանում, որոնք ամբողջապես իրականություն դարձնելու համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն։