Ռազմագերիների հարցը ՀԱՊԿ օրակարգում

5 ր.   |  2020-12-07

Ա րցախում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկը գերիների և զոհվածների աճյունների փոխանակումն է։ Այդ առնչությամբ հայտարարության 8-րդ կետն ասում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում»։

Հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան երեք շաբաթ, սակայն գերիներին և զոհվածների աճյունները վերադարձնելու հարցում լուրջ առաջընթաց չկա։ Խնդիրն է՛լ ավելի է բարդանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հայտարարության մեջ հիշյալ խնդրի առնչությամբ ժամկետներ սահմանված չեն։

Ինչպես մյուս, այնպես էլ գերիների և զոհվածների աճյունների փոխանակման մասին պայմանավորվածության իրականացման հարցում մեծ է Ռուսաստանի դերը՝ որպես եռակողմ հայտարարության միջնորդ երկիր, որը նվազագույնը՝ հայ հասարակության շրջանում ընկալվում է որպես հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր։

Այդ է պատճառը, որ ՀՀ իշխանությունները ինչպես երկկողմ հարաբերությունների ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում բարձրացնում են գերիների և զոհվածների աճյունների փոխանակման հարցը։

ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը, օրինակ, նոյեմբերի 30-ին ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինին։ Նամակում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում»։

Բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հաստատություններից մեկն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ)։ Քանի որ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի այս կառույցում, ՀՀ իշխանությունները փորձում են գերիների և զոհվածների աճյունների փոխանակման հարցը բարձրացնել նաև այս հարթակում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել կառույցի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ ՀՀ ԱԳ նախարար Ա. Այվազյանն իր ելույթում որպես Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման առաջնահերթ քայլ ընդգծել է մարդասիրական խնդիրների լուծումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակումը, անհետ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտումը։ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Դեկտեմբերի 1-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Հարությունյանն իր ելույթում, հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի Դաշնության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծելով մարդասիրական բնույթի գործունեությունը, կարևորել է զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով։ Իր ելույթում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ամենաառաջնային և անհետաձգելի խնդիրն է համարել ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումը և անհետ կորածների ճակատագրի պարզումը։ «Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ խնդիրը գտնվում է նաև հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգում. ՌԴ նախագահի հետ սերտ աշխատանք է տարվում այնպիսի խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը դեկտեմբերի 1-ին՝ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսում, անդրադառնալով գերիների և զոհվածների աճյունների փոխանակման խնդրին, հայտնել է հարցի շուտափույթ լուծմամբ պաշտոնական Մոսկվայի շահագրգռությունը։ Այնուամենայնիվ, նա խնդրի լուծումը կապել է առարկայական դժվարությունների հետ։ «Պահվող անձանց և մարմինների արդյունավետ փոխանակման համար անհրաժեշտ է իրականացնել իրավիճակի գույքագրում այդ ոլորտում։ Երկու կողմերի զորահրամանատարները պետք է ունենան անհետ կորած անձանց ճշգրիտ ցուցակները, որպեսզի հնարավոր լինի առարկայորեն և կոնկրետ զբաղվել դրանով։ ... Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվար էր դրանց դադարից անմիջապես հետո զբաղվել այդ հարցերով, առավել ևս՝ անհետ կորած համարվողների հստակ ցուցակների բացակայության պայմաններում։ ...Դժվար է խոսել այդ գործընթացի ձգձգման դիտավորյալ քայլերի մասին»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը[1]։

Ս. Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրել ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակման գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ներգրավելու համար։ Նոյեմբերի 17-ին Մոսկվայում ԿՄԽԿ նախագահ Պ. Մաուրերի հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում կառույցն իր տարհանված աշխատակիցներին հետ է ուղարկել Արցախ։ ԿԽՄԿ-ն նախատեսում է իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Երևանում, Բաքվում և հենց Արցախում հասցնել մինչև 400 մարդու։ Նախատեսվում է նաև էապես՝ մինչև 45 մլն. շվեյցարական ֆրանկ, մեծացնել ԿԽՄԿ-ի գործունեության ֆինանսավորման հայտը։

Հասկանալի է, որ գերիների, պատանդների փոխանակման, անհետ կորածների և զոհվածների մարմինների հայտնաբերման խնդիրը կապված է առարկայական դժվարությունների հետ։ Այնուամենայնիվ, հիմնազուրկ չեն նաև հայկական կողմի մտահոգությունները հարցի լուծման արհեստական ձգձգման վերաբերյալ։ Ադրբեջանը որպես ավելի բարենպաստ իրավիճակում գտնվող երկիր կարող է իրեն թույլ տալ չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իրեն վերաբերող պարտավորությունները կամ ձգձգել դրանք և վերածել խաղաքարտի՝ այլ հարցերում լրացուցիչ զիջումներ կորզելու համար։ Այդ մասին է անուղղակիորեն վկայում նաև հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը։ Ադրբեջանի նման վարքագիծը պետք է անթույլատրելի լինի միջազգային կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և նրա առանցքային դերակատար Ռուսաստանի համար։


[1] Մեջբերումն արվել է ոչ բառացի։